Օրվա տերմինը. սիմվոլիզմ - VNews

Օրվա տերմինը. սիմվոլիզմ

սիմվոոոլիզզմ min - Օրվա տերմինը. սիմվոլիզմ

Ի՞նչ է սիմվոլիզմը

Սիմվոլիզմն արվեստի տարբեր ճյուղերում՝ գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ տարածված ուղղություններից մեկն է։ 19-20 դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած այս հակառեալիստական ուղղության գեղարվեստական մեթոդն է սիմվոլների, խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի էության պատկերումը: Սիմվոլիստները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել մարդու հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները՝ արվեստի իրենց ճյուղում։

Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս…

Սիմվոլիզմն առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։ Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ ֆրանսիացի հայտնի բանաստեղծ Ստեֆան Մալարմեն և նրա գործընկերները որոշեցին միավորել իրենց նկրտումները և ստեղծել նոր ուղղություն արվեստում: Առաջին փոփոխությունները արվեցին գրականության ոլորտում: Սիմվոլիզմի բնութագրական առանձնահատկությունները, ինչպիսիք են ունիվերսալիզմը, խորհրդանիշների և երկու աշխարհների առկայությունը, արտացոլվեցին Պոլ Վերլենի, Շառլ Բոդլերի, Արթուր Ռիմբոյի և շատ ուրիշների ռոմանտիկ ստեղծագործություններում: Այնուհետև սիմվոլիզմը մուտք գործեց գեղանկարչություն. ոլորտի ներկայացուցիչների մի մասը սկսեց նկարել խորհրդանիշներով: Սիմվոլիզմը չդադարեց տարածվել արվեստի տարբեր ճյուղերի վրա. փոփոխությունների մեծ ալիք բարձրացավ անգամ թատրոններում: Դրամատուրգ Ուգո ֆոն Հոֆմանշթալի, գրող Մորիս Մետերլինկի և բանաստեղծ Հենրիկ Իբսենի շնորհիվ հանդիսատեսը սկսեց մասնակցել ներկայացումներին, տեղի ունեցավ արվեստի տարբեր ճյուղերի միաձուլում: Դրամայում հայտնվեց գաղտնի ենթատեքստ, քանի որ նոր դպրոցի գրողները չէին խուսափում դրանից՝ ի տարբերություն իրենց նախորդողների: Երաժշտությունը նույնպես անմասն չմնաց նորարարություններից. Ռիչարդ Վագների, Մորիս Ռավելի և Գաբրիել Ֆորեի գործերում սկսեց նկատվել սիմվոլիզմի հետքը:

Այնուհետև, սիմվոլիզմը դուրս եկավ Ֆրանսիայի սահմաններից և սկսեց տարածում գտնել ողջ Եվրոպայում…

Տերմինը…

Սիմվոլիզմ տերմինը գործածության մեջ է դրել ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»: Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է: Ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից:

Նշանակությունը

Սիմվոլիզմը ստեղծագործություններին հաղորդում է խորություն, հիպերտեքստայնություն, երաժշտականություն: Սիմվոլիզմի շնորհիվ ի հայտ եկան նոր, նախկինում անհայտ տեխնիկաներ: Սիմվոլիստ բանաստեղծներն ու այլ արվեստագետներ «որդեգրեցին» մի նոր լեզու, որով կարողացան իրենց մտքերն ու զգացմունքները արտահայտել նորովի: Ստեղծագործողների ոճերը դարձան ավելի զարդարված, ինքնատիպ և խորհրդավոր: Այլաբանությունը, ժամանակի հետ, այնքան ընդունվեց արվեստասերների կողմից, որ այս ուղղությունը ապրում ու զարգանում է  մինչ օրս: