fbpx

Հեծանվով տղան, 2011

2011 թ. Կաննի կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակի հաղթող ֆիլմն է Ժան-Պիեր Դարդենի և Լյուկ Դարդենի «Հեծանվով տղան» ֆիլմը:
12-ամյա տղան ապրում է մանկատանը. հայրը նրանից հրաժարվել է, իսկ թե ուր է մայրը, հայտնի չէ:  Պատահաբար նա ծանոթանում է Սամանտա անունով մի տիկնոջ հետ, ով օգնում է տղային և թույլ է տալիս իր տանն ապրել շաբաթ և կիրակի օրերին:
Եղբայրները ուղիղ մեկ տարի ծախսել են սցենարը գրելու վրա, և արդյունքում ստացվել է հուզիչ և մինչև սրտի խորքը խոցող ֆիլմ մի տղա երեխայի մասին, ով այս մեծ և դաժան աշխարհում կարիք ունի սիրված լինելու, կարիք ունի զգալու, որ իր հայրը կողքին է:
Ֆիլմը նկարահանվել է 55 օրվա ընթացքում, և եթե ուշադիր լինեք, կարող եք զգալ եղբայրների այս և մնացած ֆիլմերի տարբերությունները. այս ֆիլմը ամռանն է նկարահանվել, այդ իսկ պատճառով ստացվել է չափից շատ վառ և արևային:
Բացի Կաննի կինոփառատոնից, եղբայրները 2011 թ. հաղթել են նաև Եվրոպական կինոակադեմիայի «Սցենարիստի լավագույն աշխատանք» անվանակարգում:
Մասնագետները ֆիլմը համեմատել են Վիտտորիո դե Սիկայի «Հեծանիվ հափշտակողները//Ladri di biciclette» 1948 թ.  ֆիլմի հետ, որտեղ հայրը և որդին փնտրում են իրենց հեծանիվը հափշտակողին: Եթե Սիկայի ֆիլմում հայրը և որդին են փնտրտուկերի մեջ, ապա Դարդենների մոտ տղան է փնտրում իր  հորը և հեծանիվը, որը գողացել են:
Ֆիլմի գլխավոր դերերում են Սեսիլ դե Ֆրանսը և Տոմա Դորեն, ում համար այս ֆիլմը դեբյուտային էր: