1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ - VNews

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողներին. և՛ ՀՀ, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը: Այդուհանդերձ, առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։

1920թվականի սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ 

Սեպտեմբերի 28-ին՝ ուղիղ մեկ դար առաջ, թուրքական կողմը սկսեց ծավալել վճռական ռազմական գործողությունները։

Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։ Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։

Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։

[նախապատմություն]

Դեռևս 1920 թվականի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։

Այդ ժամանակ պատերազմի գաղափարը չէր սատարում Խորհրդային Ռուսաստանը։ 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց Հայաստանի Հանրապության վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։

Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Ռուսական կառավարությունը 1920-ի օգոստոսի 2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին և նույնիսկ զգալի օգնություն ցուցաբերեց Թուրքիային. 10 միլիոն ռուբլի ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք։

Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ 1920-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպագանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսամետությունից և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։

Թուրքերը Ալեքսանդապոլում

Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Թուրքական և բոլշևիկյան պրոպագանդայի պատճառով քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։

1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ…

…քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու վնաս։

Աղբյուրներ՝akunq.net, yerkir.am, wikipedia.org

 


5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները