10 գաղտնիք անգլերեն սովորողներին Լուսինե Հայրապետյանից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 գաղտնիք անգլերեն սովորողներին Լուսինե Հայրապետյանից

Անգլերենն այսօր շատ կարևոր լեզու է ամենուր։ Ցանկացած բնագավառում լավ մասնագետ լինելու համար պարտադիր պայման է անգլերենի լավ իմացությունը։

Ինչպե՞ս հեշտ սովորել այս լեզուն, կա՞ն գաղտնիքներ ու բանալիներ, որ կօգնեն ձեզ:

Այս հարցերով զրուցել ենք ԳԻՆԿՈ ուսումնական կենտրոնի հիմնադիր, անգլոամերիկագետ Լուսինե Հայրապետյանի հետ։ Նա անգլերենի դասավանդման երկարամյա փորձ ունի և սիրով առանձնացրեց այս 10 կետերը բոլորիս համար․

 

1. Իրատես եղիր, ամեն ինչ միանգամից չի լինում։ Անգլերեն սովորելուդ ընթացքը բաժանիր փուլերի։ Ընտրիր ամենից կիրառական 100 բառերն ու այդպես հաջորդիվ, մաս առ մաս ավելացրու բառապաշարդ։

 

2. Նախ վերցրու հեռախոսդ, փոխիր լեզուն անգլերեն և սոցիալական կայքերում հետևիր ամերիկյան ու բրիտանական թերթերի, լավագույն հաղորդումների ու հայտնի անձանց պաշտոնական էջերին։ Միջազգային անցուդարձին տեղյակ լինելու ցանկությունը մեծ խթան կլինի անգլերեն սովորել համար։

 

3. Փորձիր հաղթահարել միշտ ճիշտ խոսելու բարդույթը, սակայն նկատիր սխալներդ, մտապահիր ու աստիճանաբար ձերբազատվիր դրանցից։ Միայն խոսելով ու սխալվելով է հնարավոր ճանաչել լեզվական իմացությանդ թերի ու կողմերն ու շտկել դրանք։

 

 

4. Հետ վերադարձ բոլոր ժամանակների քո սիրելի ֆիլմերին, երգերին ու գրքերին։ Նորից դիտիր քո սիրած ֆիլմերը, սակայն այս անգամ արդեն անգլերեն, կարդա լսածդ երգերի բառերը ու մտապահիր բառերի թարգմանությունը, իսկ գրքերի դեպքում կարող ես սկսել ադապտացված տարբերակներից՝ կրկին աստիճանաբար բարձրացնելով լեզվական բարդության մակարդակը։

 

5. Մի տառապիր չիմացության ամոթից, բնավ պարտադիր չէ, որ հասկանաս գրքի բոլոր բառերը, կամ դիտածդ ֆիլմում արտաբերված բոլոր մտքերը։ Փորձիր զարգացնել լեզվական տրամաբանությունդ և համատեքստում հասկանալ բառի կամ արտահայտության կիրառական նշանակությունը։

 

6. Հրաժարվիր տողատակերով հաղորդումներ կամ ֆիլմեր դիտելուց։ Գիտեմ, սկզբում դրանք այնքան են հեշտացնում լսածի ընկալումը և սեփական գիտելիքների մի այնպիսի թարմ ալիք են բարձրանցում, որ թվում է, թե անգլերենին արդեն լիովին տիրապետում ես։ Սակայն հերիք է մի պահ անհետանա տողատակն ու խարխափում ես անընկալելի բառերի լաբիրինթոսում։ Սովորցրու ականջիդ լսել․․․շատ լսել․․․ու մի օր ոչ շատ ուշ, կլսես ու կընկալես այն, ինչ նախկինում լսեսելիս բնավ չէիր հասկանում։

 

7. Միշտ ունեցիր բառատետր։ Այո՛, գրի առ այն բոլոր անծանոթ բառերը, որոնց հանդիպում ես։ Որոշ ժամանակ անց կունենաս քո իսկ բառապաշարն ամփոփոխ «բառարան»։ Շնորհիվ սրա քաջատեղյակ կլինես իմացությանդ մասին և կմոտիվացվես էլ ավելի շատ բառեր սովորելու։

 

8.Հավատա, ճիշտ են ասում, որ կրկնությունը գիտության մայրն է։ Անգլերեն սովորել գրեթե անհնար է, եթե պարբերաբար չվերհիշես իմացածդ մեկանգամյա գերազանդ իմացությունն այնքան արագ կմոռացվի, որ չես էլ հասցնի նկատել, թե ինչպես թուլացավ լեզվական գիտելիքներդ։

 

9. Կոտրիր բոլորդ կարծատիպերդ։ Անգլերեն սովորելու համար և քսան տարեկան լինելն է ճիշտ, և քառասունը, և յոթանասունը։ Ընդամենը պետք է հաստատակամ որոշում կայացնել և որևէ թերացում չկապել ո’չ տարիքի, ո’չ զբաղվածության հետ։ Դրանք ականջին հաճելի արդարացումներ են, որոնք մեր իսկ կամքով դեմոտիվացնում են մեզ։

 

10. Սիրի՛ր անգլերենը, զգա այն անսահման հնարավությունների ալիքը, որ իր հետ բերում է այս լեզվի իմացությունը։ Դիմի՛ր երազանքներիդ համալսարանը, թարմացրու մասնագիտական գիտելիքներդ, կարդա լավագույն միջազգային մասնագիտական հրապարակումները, լսիր սիրածդ դերասանների իրական ձայնը, վայելիր սիրելի երգիդ բառերը, բնօրիկանով կարդա սիրելի հեղինակիդ և վերջապես, ճամփորդիր ու անկաշկանդ հումորներ արա արձակուրդիդ ընթացքում։