10 գաղտնիք չինարեն սովորողներին Հռիփսիմե Մարգարյանի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 գաղտնիք չինարեն սովորողներին Հռիփսիմե Մարգարյանի

Ինչպե՞ս հեշտ սովորել այս լեզուն, կա՞ն գաղտնիքներ ու բանալիներ, որ կօգնեն ձեզ:

Այս հարցերով զրուցել ենք Հայ-ռուսական համալսարանի չինարենի դասախոս, չինարենի դասավանդման մեթոդիկայի և մասնագետների համակարգման պատասխանատու` Հռիփսիմե Մարգարյանի հետ։ Նա ունի չինարենի դասավանդման տասնամյա փորձ և սիրով առանձնացրեց այս 10 կետերը բոլորիս համար․

 

  1. Եթե որոշել ես սովորել չինարեն, զինվիր համբերությամբ, իմ առաջին և երևի ամենակարևոր խորհուրդը:

 

  1. Եթե դու տիրապետում ես այլ օտար լեզուների, դա դեռ ոչինչ չի նշանակում, չինարեն սովորել սկսելուց առաջ պետք է հարմարվես այն մտքին, որ այն նման չէ նախկինում ուսումնասիրած քո լեզուներին /անգամ եթե օրինակ ասիական մեկ այլ լեզու ես սովորել/ և չփորձես ընդհանրություններ գտնել, դա ոչ մի տեղ չի տանի: Այս լեզուն յուրահատուկ վերաբերմունք և մոտեցում է պահանջում:

 

  1. Չինարեն սովորելը ներառում է 3 տարբեր գործընթաց, և յուրաքանչյուրին անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն և ժամանակ տրամադրել: Առաջին հայացքից կարող է թվալ թե պետք է սովորել 3 տարբեր լեզու մեկ լեզվում, բայց դա միայն առաջին, շատ կարճ տևող փուլն է լինելու, պարզապես անհրաժեշտ է հարմարվել լեզվի յուրահատկություններին:

 

  1. Սկզբնական շրջանում սկսիր հնչյուններից, ի դեպ, մեզ` հայերիս, հնչյունների արտասանությունը բավականին հեշտ է տրվում, քանի որ մեր հնչյուններով հարուստ այբուբենը թույլ է տալիս արտաբերել չինարենի գրեթե բոլոր հնչյունները: Այնպես որ մի քանի օրվա աշխատանքը բավարար կլինի նախնական արտասանության յուրացման համար:

 

  1. Երբ հնչյուններն արդեն հաղթահարված լինեն, դու կկարողանաս գրել և կարդալ Փինինով, սա ինչպես հասկացար հիերոգլիֆները չեն, Փինինը լատինատառ վանկեր են, որոնք կօգնեն սկզբնական շրջանում կարդալ հիերոգլիֆները, սա բավականին արագ և հեշտ գործընթաց է` առավելագույն ցանկության դեպքում կպահանջվի մեկ օր: Սակայն շատ շտապել նույնպես խորհուրդ չեմ տա, հիշենք որ սա հիմք է, իսկ լավ արդյունք տալիս է միայն ամուր հիմքը:

 

  1. Հաջորդ կետը տոներն են. չինարենը տոնային լեզու է: Չինարենում կա 4 տոն, ինչպես նաև 5-րդ` չեզոքը: Այս փուլն, անկեղծ ասած, ամենադժվարն է տրվել ինձ, հաճախ դժվարանում եմ մինչ օրս, ուստի ամենակարևոր խորհուրդը` ի սկզբանե ճիշտ սովորելն է: Կրկնեք ճիշտ տոնով վանկը 10 անգամ, եթե պահանջվի` 100 անգամ, մինչև ենթագիտակցության մեջ ավտոմատ կերպով ֆիքսվի ճիշտ տոնը, որ ամեն անգամ արտաբերելիս մտածել և վերհիշելու կարիք չլինի:

 

  1. Հասանք երևի քեզ ամենաշատ հետաքրքրող հատվածին` հիերոգլիֆներին: Չեմ հերքի, սա չինարենի ամենահետաքրքիր և իմ կարծիքով ամենագեղեցիկ հատվածն է: Հիերոգլիֆն իրենից տառ չի ներկայացնում, կամ նախադասություն, ինչպես հաճախ եմ լսում: Հիերոգլիֆը վանկ է, չինարենում, ինչպես նույն հայերենում կան միավանկ և բազմավանկ բառեր /հիմնականում երկվանկ/ այսինքն բառերը չինարենում բաղկացած կարող են լինել մեկ կամ ավել հիերոգլիֆից: Հիերոգլիֆներ սովորելու հիմնական սկզբունքը պետք է լինի ԳՐԵԼԸ, այնքան գրելը մինչև տվյալ հիերոգլիֆն անգիր անեք և փակ աչքերով պատկերացնեք:

 

  1. Դե ինչ, եթե վերոնշյալ բոլոր խորհուրդներից օգտվես, կգա հաջորդ փուլը, որտեղ դու պետք է կիրառես արդեն իսկ սովորածդ: Արտասանության սխալներից խուսափելու համար, հատկապես տոների պարագայում, միանշանակ խորհուրդ կտամ դիմել լեզվի կրողի օգնությանը: Երկար տարիներ ապրելով Չինաստանում, սովորելով չինարեն լեզվով, այնուհետև դասավանդելով և ոլորտի տարբեր մասնագետների ճանաչելով` հստակ կարող եմ ասել, անթերի չինական արտասանություն ունեն միայն լեզվի կրողները, այնպես որ արտասանության հարցը ցանկալի է վստահել հենց նրանց:

 

  1. Հիերոգլիֆներ սովորելն ի սկզբանե հետաքրքիր է թվալու, հետո հոգնեցնող, հետո բարդ, բայց այս ամենն անցողիկ է, մնայուն վտանգ է միայն այն փաստը, որ հիերոգլիֆները շատ դժվար է սովորել և շատ հեշտ մոռանալ: Դրան էլ լուծում կա, կլինեն հիերոգլիֆներ որ պասիվ կիմանաք, այսինքն կկարողանաք կարդալ, կհասկանաք իմաստը, բայց գրելիս կդժվարանաք, կմոռանաք, սա ընդհանրապես սարսափելի չէ, ասեմ ավելին, շատ տարածված երևույթ է անգամ հենց չինացիների մոտ: Այդ պահերին խնդրում եմ չհուսահատվեք:

 

  1. Վերջին խորհուրդը կտամ` վերադառնալով սկիզբ: Չինարեն սովորելու համար պետք է շատ սիրել այս լեզուն: Սիրել ասելով՝ ի նկատի չունեմ հեռակա սերը, ի նկատի ունեմ անվերջ աշխատանքն ու ուշադրությունը, ինչու չէ նաև հիասթափությանն ու կոտրվելուն դիմակայելը, բավարար ժամանակ տրամադրելն ու և երբեք չհանձնվելը: Իմ փորձը թույլ է տալիս հստակ ասել. չինարեն ուսումնասիրողներից հաջողում են միայն համբերատարներն ու աշխատասերները, մնացած բոլոր ունակությունները միֆ են:

 


Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Չինաստան]

Չինաստանը կորոնավիրուսի ճիրաններում [լուսանկարներով]

Ինչ դիտել տանը վիքենդին. 2019-ի լավագույն տրագիկոմեդիաներից մեկը՝ «Հրաժեշտը»

19 լուսանկար, որ դուր չի գալիս չինական կառավարությանը. Lu Guang

Չինաստանի ու այնտեղ ապրող հայերի մասին [Մելանի Սարգսյանը պատմում է]

5 բառ չինական մշակույթը հասկանալու համար…

10 փաստ Չինաստանի մասին

Շշմելու փաստեր Չինաստանից

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը

Աշխարհի ամենակեղտոտ քաղաքները [10 քաղաք]

10 փաստ չինական խոհանոցի մասին, որ գուցե չգիտես

Աշխարհի ամենաերկար կամուրջը չինական է

Airbnb ծառայության առաջարկը ռոմանտիկներին

Դեպի Չինաստան` վայելելու սակուրայի հմայքը. հեքիաթային տեսանյութ

Պեկին. Ուր գնալ ու ինչ անել