10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան - VNews

 10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

коллаж 2 -  10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

Շատ կանացի թեմաներով զրուցել ենք Լյուսի Քոչարյանի հետ: Ինքնավստահության, վերջինիս կարևորության, հասնելու ճանապարհների ու միջոցների, ինչպես նաև թեմային առընչվող մի շարք կարծրատիպերի մասին՝ ստորև:

 10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին

Գեղեցկությունը՝ ինքնագնահատականի կոմպոնենտ

IMG 0177 2 960x1440 -  10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

Աղջկա/կնոջ գեղեցկությունը սեփական ինքնագնահատականի ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է: Ընդ որում, իմ ընկալմամբ՝ գեղեցկությունը միայն դիմագծերի կամ վիզուալ պատկերի մասին չէ, այն արտացոլվում է ամեն տեղ՝ դեմքի արտահայտության, ժեստերի, քայլվածքի կամ, ասենք, ձայնի ինտոնացիայի մեջ: Գեղեցկությունը շատ ավելի խորը էսթետիկ ընկալում է, հետևաբար այն ոչ մի կերպ քթի ձևի կամ շրթունքի հաստությանը չի վերաբերում:

«Քո գեղեցկությունը քննարկման ենթակա չէ»

Ես այն համոզմունքին եմ, որ աղջկա/կնոջ՝ սեփական գեղեցկության գիտակցումը պետք է ձևավորվի շատ վաղ տարիքում: Ձևավորողը, անշուշտ, մայրն է, քանի որ մինչև 3 տարեկանը թե՛ ֆիզիկապես, թե՛ կենցաղում, թե՛ հոգեբանորեն երեխան շատ ավելի կապված է մոր հետ: Սեփական գեղեցկության ընկալման առաջին սաղմնային զգացողությունները ձևավորում է հենց մայրը: «Քո գեղեցկությունը քննարկման ենթակա չէ», «թույլ տուր ինքդ քեզ գեղեցիկ զգալ, անկախ նրանից, թե ինչ դիմագծեր ունես». սրանք այն հիմնասյուներն են, որոնք անհրաժեշտ է ստեղծել երեխայի հոգեբանության մեջ դեռ մանկուց:

Ցածր ինքնագնահատականն ու կողմնակի էֆեկտները

IMG 0084 2 01 960x1440 -  10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

Եթե վերոնշյալ տարբերակով արդեն իսկ չի ստացվել, որովհետև հաճախ մայրն ինքն իրեն սիրուն չի զգում, ուր մնաց երեխայի մեջ դա սերմանի, ապա հետագայում արդեն գործ ենք ունենում չափահաս աղջկա, հասուն կնոջ մոտ ինքնագնահատականի լուրջ խնդրի հետ: Այն իր հետ շղթայաբար բերում է մի շարք այլ խնդիրներ. դու խանդում ես, դու անառողջ մրցակցության մեջ ես մտնում քո սեռակիցների հետ, չես կարողանում գրավել այն մարդու սիրասեքսուալ ուշադրությունն, ումն ուզում ես, և այլն: Այս պարագայում արդեն մնում է աշխատանքներ տանել այն ինքնագնահատականի հետ, որն ունես: Այստեղ օգնության է հասնում 21-րդ դարում առավել քան երբևէ  հասանելի օգնությունը՝ հոգեբանի հետ համագործակցությունը:

«Վախենում եմ երեխաս ինձ նման տգեղ ծնվի»

IMG 0164 2 01 960x1440 -  10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

Հիշում եմ մի նամակագիր կնոջ, ով սեփական գեղեցկության հետ խնդիրներ ուներ, իմ ուղղորդմամբ այցելեց հոգեբանին, լուծեց ինքնագնահատականի հետ կապված իր խնդիրներն ու արդյունքում գրեց ինձ՝ «վերջապես բաժանվեցի ամուսնուցս»: Պատճառաբանեց, որ քանի դեռ ինքն իրեն տգեղ էր զգում ամուսինն անվերջ շահարկում էր իր արտաքինը, էմոցիոնալ ստրկության մեջ պահում իրեն, իսկ երբ ազատվեց այդ բարդույթից, հասկացավ, որ նման տղամարդ իրեն հարկավոր չէ: Նաև հակառակն է պատահում. վերջերս մի կին պնդում էր, որ վախենում է ամուսնանալ, քանի որ չի ուզում, որ իր երեխան իր պես տգեղ լինի: Դա բավականին բարդ իրավիճակ է: Կրկին հոգեբանական օգնության, ինքնագնահատականի հետ վերլուծական աշխատանքի շնորհիվ՝ այդ կինը հասավ նրան, որ «համարձակվեց» ամուսնանալ ու անգամ մտածել հղիության մասին:

Կինն իրավունք ունի իր դեմքի հետ անել այն ամենն, ինչ ուզում է

IMG 0189 2 02 960x1440 -  10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

Ինչ վերաբերում է վիրահատություններին, վիրահատական տարբեր տեսակի միջամատություններին, ներարկումներին, ձգումներին. քննարկման ենթական չէ, թե ինչ միջամտությունների է կինը դիմել, նա իրավունք ունի իր դեմքի և մարմնի հետ անել բացարձակապես այն ամենն, ինչ ճիշտ է գտնում: Ես կարող եմ ունենալ իմ անձնական կարծիքն այս հարցի շուրջ, որը ոչ մի կերպ չի տարածվում մնացած բոլոր կանանց վրա: Ժամանակի հետ ես եկա այն եզրակացությանը, որ մեր արտաքինի՝ լավը կամ վատը լինելը շատ ավելի կապված է մեր հոգեկան ընկալման հետ: Այսպիսով, այդ գեղեցկության հոգեբանական ընկալմանը հասնելու 2 ճանապարհ կա. կամ հասնել ցանկալի արդյունքին վիրահատական միջամտությունների շնորհիվ, կամ ինքնագնահատականի վրա աշխատելով: Քանի որ վիրահատական միջամտությունները բավականին թանկ արժեն, ես նախընտրեցի երկրորդ տարբերակը: Ավելի լավ է այդ գումարը տրամադրել հոգեբանին ու աշխատել սեփական գեղեցկության զգացողության վրա:

Այնուամենայնիվ, ամեն կին ինքն է որոշում՝ վիրահատական միջամտությամբ ստանա այդ «գեղեցկությունը», թե ինքնագնահատականի վրա աշխատելով:

Մտերմություն մի արեք նրանց հետ, ովքեր չեն հիանում ձեզնով

IMG 0167 2 01 960x1440 -  10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

Իսկ ինչ, եթե այնուամենայնիվ ուզում ես ինքդ գլուխ հանել քո խնդիրներից: Այստեղ շատ կարևոր մի ֆակտոր կա. անհրաժեշտ է գտնել, հայտնաբերել ու մաղել մեր շրջապատը այն մարդկանցից, որոնք ստաբիլ բացասաբար են անդրադառնում մեր ինքնագնահատականի վրա: Անխտիր բոլորիս շուրջն այդպիսիք կան, նրանք առիթը բաց չեն թողնում ասելու՝ «ոնց-որ երեկ լավ չես քնել», «այսօր կարծես չես շպարվել», «հիվանդ տեսք ունես, հո բան չի՞ եղել». հարկավոր է ուղղակի հնարավորինս մեծ դիստանիցիա պահել նրանցից, անգամ բացառել նրանց հետ շփումը: Մի վատնեք ձեր ժամանակն ու էներգիան այն մարդկանց վրա, ովքեր «չեն հիանում ձեզնով», ովքեր համակիր չեն ձեզ, և ընդհակառակը, շատ շփվեք նրանց հետ, ովքեր թրծում, օծում և սատարում են ձեր ինքնագնահատակը:

Գեղեցիկ և ինտելեկտուալ. այսպես լինում է

IMG 0151 2 01 960x1440 -  10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

Հաճախ մարդիկ փորձում են արհեստական հակասության մեջ դնել քո խնամված գեղեցկությունը քո ինտելեկտի ու նման այլ որակների հետ: Սա շատ հին կարծրատիպ է: Չենք կարող հերքել, որ կան աղջիկներ, որոնց ի բնե տրված է ավելի համատարած ընդունելի արտաքին, ու նրանց մի զգալի մասը շահարկում է այդ արտաքինը՝ անտեսելով կյանքի մնացած ոլորտները. չի զարգանում, չի կրթվում, այլ սոցիալական դերեր չի ստանձնում: Նա ուղղակի գեղեցիկ է: Երևի թե հենց նրանց մեջ է հարկավոր փնտրել այս կարծրատիպի հիմքերն ու պատճառները:

Ստացվում է՝ եթե դու խնամված ու սիրուն ես, քեզ ինքնաբերաբար մտցնում են վերոնշյալ խմբի մեջ, ու դու չես կարող գաղափար ունենալ, օրինակ, ֆեմինիզմից կամ ծնողավարությունից: Առհասարակ, շատ արդյունավետ է, երբ կինն ակտիվորեն զբաղվում է իր կյանքի այլ ոլորտներով, ոչ թե ամբողջ ներուժը ծախսում արտաքինի վրա: Որովհետև  ճգնաժամային պահերին ինչ-ինչ պատճառներով սեփական անձը գեղեցիկ չզգալու դեպքում հենվելու այլ տեղ կլինի: Կինը կգիտակցի, որ հասարակության լիարժեք անդամ է, կամ լավ ծնող, կամ արժեքավոր մասնագետ, ու դա կսատարի նրա ինքնագնահատականը և կօգնի հաղթահարել ճգնաժամային փուլը:

Ծերանալը գեղեցիկ է

IMG 0079 2 01 960x1440 -  10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

Մեկ այլ տարածված խնդիր է, երբ կանայք ծերությունն ասոցացնում եմ տգեղության հետ: Շատ կարևոր է գիտակցել, որ 35 տարեկանում, 40-ում ու 50-ում դու տարբեր իմաստնության կնիքներ ես ունենալու քո դեմքին, ցանկալի է հաշտ լինել դրանց հետ ու սիրել դրանք: Կարծում եմ, այս հարցում մեր կանայք լուրջ խնդիր ունեն. չի կարելի ծերությունը հակադրել գեղեցկությանը:

Ավելորդ քաշն անառողջ է

Ուզում եմ նաև անդրադառնալ կնոջ քաշին. Body Shaming-ի ոչ մի երանգ չներառելով՝ ես, այնուամենայնիվ, հակված եմ սննդաբանների կողմից հաստատված քաշի սանդղակի մեջ մնալուն: Խնդիրը ոչ թե արտաքին էսթետիկան է, այլ առողջությունը: Մեր կանանցից շատերը պատրաստ են օրվա մեծ մասն անց կացնել գեղեցկության սրահներում՝ անխնա հարդարելով մազերն ու եղունգները, սակայն ժամանակ կամ ցանկություն չունեն ավելորդ քաշից ձերբազատվելու համար:

Հաճախ, ավելորդ քաշի մասին խոսելիս, կինն այն արդարացնում է հղիությամբ ու ծննդաբերությամբ.  մարզիչներն ու դիետոլոգները պնդում են, որ ծննդաբերությունից հետո նախկին քաշին վերադառնալը օբյեկտիվորեն հնարավոր է, ես դա իմ կողմից հաստատում եմ:

Հղիությունը չի գեղեցկացնում

IMG 0122 2 960x1440 -  10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

Վերջում անդրադառնամ ևս մի տարածված կարծրատիպի: Ասում են՝ ամեն հաջորդ հղիություն ավելի է գեղեցկացնում կնոջը. սա միանգամայն սուտ է: Հղիությունը թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիոլոգիական սթրես է կնոջ համար, որը սովորաբար բազմաժանր խնդիրների է հանգեցնում՝ քաշի ավելացումից, կրծքերի դեֆորմացիայից, ներքին օրգանների առողջական խնդիրներից՝ մինչև հետծննդաբերական դեպրեսիա: Դու այլևս երբեք չես լինելու այնպիսին, ինչպիսին եղել ես հղիությունից առաջ: Վերոնշյալ խնդիրներն, իհարկե ,հնարավոր է հաղթահարել, բայց միմյայն հետևողական լինելու ու այդ ինքնախաբեությանը չտրվելու պարագայում:

 

Լուսանկարները՝ Աննա Շաշիկյան