Էնթոնի Բյորջեսը անգլիացի գրող էր, լրագրող, թարգմանիչ, կոմպոզիտոր, մանկագիր և գրականագետ, իսկ ամենակարևորը՝ 20-րդ դարի կարևորագույն երգիծական հակաուտոպիաներից մեկի՝ «Լարովի նարինջ»-ի հեղինակը:
- Էնթոնի Բյորջեսը ծնվել էր Մանչեսթերում, անապահով ընտանիքում: Իր մորը՝ էստրադային երգչուհուն երբեք չի հիշել. կինը մահացել է, երբ Էնթոնին երկու տարեկան էր: Տղայի դաստիարակությամբ զբաղվել են ուրիշները:
- Ի տարբերություն իր հասակակիցների՝ առաջին դասարան գնալուց Բյորջեսը արդեն գիտեր կարդալ: Դրանով իսկ արդեն տարբերվում էր համադասարանցիներից և ենթարկվում է դաժան բուլինգի:
- Համալսարանական ուսումն ու ռազմական ծառայությունն ավարտելուց հետո Բյորջեսը ամուսնանում է իր ընկերուհու՝ Լուելա Այշերվուդ Ջոնսի հետ: Սակայն երջանիկ կոչել զույգի համատեղ կյանքը չի կարելի. չորս տղամարդ ծեծի է ենթակում և բռնաբարում հղի կնոջը, ինչի արդյունքում նա կորցնում է երեխային: Այդ միջադեպը մեկընդմիշտ փոխում է ամուսինների կյանքը, և դրդում Բյորջեսին պատկերել նմանատիպ բռնության տեսարան իր ամենահայտնի վեպում:
- Գրողի առողջական վիճակը կայուն չէր. մի օր դասավանդելու ժամանակ նա ուշագնաց է լինում: Բժիշկները հայտնում են չարորակ ուռուցքի մասին: Սակայն այդ ախտորոշմամբ նա ապրում է ևս 33 տարի:
- Բյորջեսը կայծակնային արագությամբ ստեղծագործող գրականագետ-գրող էր. իր հրատարակիչները անգամ խորհուրդ էին տալիս ստեղծագործել կեղծանունների տակ, որպեսզի նմանատիպ տեմպը չվանի ընթերցողներին:
- Իր ամենամեծ և առանցքային «Լարովի նարինջ» վեպի ստեղծումից առաջ Բյորջեսը այցելում է խորհրդային Լենինգրադ և ծանոթանում «ստիլյագաների» հետ: Վեպի լեզուն ավելի կենդանի դարձնելու համար նա ավելացնում է որոշակի ռուսերեն բառեր, որոնք գրվում են լատինատառ և կիրառվում են բրիտանացի դեռահասների կողմից իբրև փողոցային սլենգի մի մաս, օրինակ՝ «droog», «malchik», «korova», «moloko».
- «Լարովի նարինջ» անվանումը վեպը ստացել է լոնդոնյան քոքնիներից՝ Իսթ-Էնդ աշխատանքային թաղամասում ապրող բնակիչներից: Ավագ սերնդի քոքնիները տարօրինակ երևույթները կոչում էին «ծուռ, ինչպես նարինջը»: Սակայն Բյորջեսը 7 տարի ապրել է հայրենիքից հեռու՝ Մալայզիայում, որտեղ «orange» նշանակում էր «մարդ»:
- Բյորջեսը շուրջ 50 գրքի հեղինակ է, հետազոտել է Շեքսպիրի և Ջոյսի ստեղծագործությունները:
- Սթենլի Կուբրիկի հանրահայտ էկրանավորումից բացի մեկ այլ մեծանուն ռեժիսոր՝ իտալացի Ֆրանկո Ձեֆիրելին էկրանավորել է Բյորջեսի ստեղծագործություններից ևս մեկը: Խոսքը «Հիսուսը Նազարեթից» հեռուստաֆիլմի մասին է: Չորս մասին բաղկացած մինիսերիալ-էկրանավորումը ծավալուն է և միասին կազմում է 371 րոպե, հեռուստաֆիլմի տարբերակը 237 րոպե է: Հիսուսի դերում բրիտանացի դերասան Ռոբերտ Փաուելն է: