13 փաստ Վանո Սիրադեղյանի մասին - VNews

13 փաստ Վանո Սիրադեղյանի մասին

վանո - 13 փաստ Վանո Սիրադեղյանի մասին

1. Վանո Սմբատի Սիրադեղյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13-ին Կոթիում՝ Նոյեմբերյանի շրջան։ Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ էր։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

2. 1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

3. 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։

4. 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։

5. 1988 թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։

6. 1990-1991 թվականներին աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

7. 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։

8. 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

9. 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

10. Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիրներից մեկը։

11. Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

12. Վանո Սիրադեղյանն ամուսնացած էր, ուներ 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանի տնօրենն է։

13. Վանո Սիրադեղյանը եղել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»։

աղբյուր՝ Wikipedia.org