10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Թվում է՝ մեր մայրաքաղաքում «Ա» կետից «Բ» կետ հասնելը բարդ բան չէ, հատկապես եթե ժամանակդ ճիշտ հաշվարկես, հաշվի առնես խցանումներն ու … դե ու մեքենա վարես: Իսկ եթե ոչ՝ բարի գալուստ երևանյան հասարակական տրանսպորտի դառը, նեղ, անհարմար դիրքավորված ու հավերժ մանր չունեցող իրականություն:

Այսօր կանդրադարնանաք տրանսպորտում ամենահաճախ հանդիպող ուղևորների (և ոչ միայն) տեսակներին…

«Աղչի, բա չիմացա՞ր»

Նա ունի անսահմանափակ փաթեթ՝ «երթուղայինից՝ այլ մարզեր. անվճար», բայց քանի որ անվճար պանիրը միայն թակարդում է, ուստի, դրա համար թանկ են վճարում երթուղայինի մյուս ուղևորների խեղճ ականջները։ Նրանց քննարկելիքը, սովորաբար, բաժանվում է մի քանի ենթաթեմաների. «սկեսուր-հարս պատերազմական հարաբերություններ», «օձ տեգոր կինն ու նրա անդաստիարակ երեխաները», «աշխատանքային ինտրիգները՝ աշխատանքից տուն գնալու ընթացքում», «նոր ընկերը, ընկերոջ նախկիններն ու իր սեփական նախկինների՝ ընկերուհիներ»… նրանք արժանանում են ամբողջ երթուղայինի քննադատական հայացքներին, սակայն դա չի փոխում նրանց հայացքները՝ երթուղայինում խոսելու վերաբերյալ։

«Վառեմ-մարեմ»

«Էդ պատուհանը կփակե՞ք», «էդ պատուհանը կբացե՞ք»… հանգստացե’ք, տիկնայք, երկուսդ էլ ճիշտ չեք։ Այս տեսակների մարդիկ իսկական սիամական երկվորյակներ են. քանզի, նրանցից որևէ մեկը չի կարող գոյություն ունենալ երթուղայինում՝ առանց մյուսի։ Սակայն, ի տարբերություն սիամական երկվորյակների, նրանք ունեն տարբեր զգայունություն՝ եղանակի հանդեպ. մինչդեռ նրանցից առաջինը վստահ է, որ շուտով կցարտահարվի, մյուսը՝ անողոք մաքրում է ճակատի քրտինքը։ Արդյունքում տուժում են կոնտրաստային օդափոխության տակ մնացած մյուս ուղևորները։

«Music On = World Off»

Երթուղայինների ամենաանմեղ տեսակը. ականջակալները նրա կյանքի անբաժան մասն են կազմում։ Նա չի նկատում ոչինչ, անգամ, պատուհանի բաց կամ փակ լինելու համար մղվով ահեղ ճակատամարտը դուրս է մնում նրա ուշադրությանից։ Թվում է՝ նա ոչ թե տուն է գնում 58 համարի կարմիր ավտոբուսով, այլ թռչում է Մարս Իլոն Մասկի կարմիր Տեսլայով՝ լսելով «Starman»-ը։

Երթուղային-արագ սննդի կետ

«Հանկարծ իմ քթին դիպավ տաք հոթ-դոգի բույրը, հետո ականջներիս հասավ պոլիէթիլենային տոպրակի հաճելի ճռճռոցը, ես դանդաղ պտտվեցի՝ ինձ զգալով ամերիկյան ֆասթ-ֆուդ գովազդների հերոս, ու հանկարծ… բախվեցի երթուղային իրականության հետ, որտեղ մեր քաղցած ուղևորը անխռով վայելում էր իր բաժին ընթրիքը։

«Կանգնիր ՝ նստեմ»

Եթե դու երիտասարդ աղջիկ ես՝ պիտի կանգնես, եթե դու ցանկացած տարիքի տղամարդ ես՝ պիտի կանգնես, եթե դու միջին տարիքի երեխա ես՝ պիտի կանգնես. դեռ կհասցնես նստել… կարճ ասած՝ եթե դու հղի չես և տեսանելի առողջական խնդիր չունես դու ուղղակի պարտավոր ես կանգնել այս տեսակի ներկայացուցչի համար, և բացարձակապես կարևոր չէ, որ դու հոգնած ես, կամ ցավում է գլուխդ, կամ ոտքերդ են հոգնել աշխատանքային օրվա ընթացքում։ Կանգնի’ր։

«40 տարվա մանկավարժ»

Արդեն լսեցի՞ք ձեր հասցեին հնչեցրած նկատողությունը, զգացի՞ք նրա յասամանի բույրով օծանելիքը, տեսա՞ք նրա կոկիկ կոստյումը՝ 80-ականներից, կոշիկները՝ քառակուսի-կարճ կրունկներով, լսեցի՞ք նրա խոսվածքի շեշտադրված «ուԹյուն»-ները… այո, այո, խոսքը հենց նրա մասին է, այն միակի, ով չի զլանում բոլորին նկատողություն անել երթուղայինում, ու անգամ կարողանում է ստիպել վարորդին՝ երթուղայինի արքային, իջեցնել երաժշտության ձայնն ու հանգցնել ծխախոտը։ Երբեմն էլ տպավորություն է ստեղծվում, որ նա, շուտով, կհանի մատյանն ու բոլորին երկուսներ կշարի։

Ֆեյք Շանել

Ի՞նչ եք կարծում, քանի՞ երթուղային կարելի է գնել Շանելի մեկ պայուսակի գումարով… Արի ու տես, որ մեր երթուղայիններում հանդիպում են նաև ամենազիլ բրենդամոլները։ Նրա բլուզի վրա փայլում է Versace-ի լոգոտիպը, շարֆը պատված է Burberry-ի պրինտով, իսկ արհեստական կաշվից պայուսակի վրա իր տեղն էլ գտել Կոկո Շանելի փիլիսոփայությունը։ Նրա բարձրակրունկներն ավելի են ճկում նրա մեջքը, սակայն նրա քիթը միշտ բարձր է… չէ՞ որ նրա պայուսակի գումարով կարելի է 10 երթուղային գնել։

Մարդ-կանխիկ փոխանցում

Երթուղայինների ամենապետքական տեսակը. նրան բոլորը վստահում են՝ առանց ճանաչելու։ Նա միշտ կփոխանցի ձեր թղթադրամը վարորդին, իսկ մանրը կհասցնի ձեզ՝ առանց պահումների։ Թվում է՝ նա կես ժամով կամավորական աշխատանքի է անցնել։ Այս տեսակին մնում է միմիայն շնորհակալություն հայտնել։

Հին ու բարի խմող

Երթուղայինների ամենաուրախ տեսակը։ Տեղը նե՞ղ է, ինչ-որ մեկը շնչում է ուղիղ ձեր դեմքի՞ն, մեկ ուրիշը տրորում է ձեր ո՞տքը. այս ամենը սովորական մահկանացուների խնդիրներն են, իսկ հին ու բարի խմողներն ընտրում են «հարձակումը լավագույն պաշտպանությունն է» ստրատեգիան։ Նրանք ինքներն են կանգնում վերոնշյալ «Ֆեյք Շանել» տեսակի աղջիկների կոշիկներին, ինքներն են սպիրտ արտաշնչում ձեր դեմքին, իսկ հարկ եղած դեպքում նաև մի կարգին կռիվ են սարքում՝ առաջին պատահածի հետ։

Վարորդն ապրած կենա

Առհասարակ, մեզ մոտ երթուղայինները մինի թագավորություններ են, որտեղ վարորդը, ներեցեք՝ թագավորը «20 տարի ա՝ էս գծի վրա ա» ու հպարտ է դրանով, ավելի հպարտ, քան այն փաստից, որ «ծերը ծերին հասցնելով տղեքին ուսման ա տվել», իսկ տղաներից մեկն ուզում էր ոսկերիչ դառնալ, մյուսն էլ դեռ մանկուց սիրում էր դերասանություն անել ընտանեկան խնջույքներին. ռեպերտուրան անփոփոխ՝ նախագահներից մինչև առաջին հարկի հիսունամյա օրիորդի կերպարները նրան տրվում էին մեկից մեկ, բայց ներկայացման զարդը միշտ մնում էր փնփնթան տատի դժգոհ մոնոլոգը։ Իսկ թագավորի տեղը տաք լիներ ու փորը՝ կուշտ, երեխաները՝ բարձրագույնի դիպլոմով, կինը՝ անդավաճան ու հակաճառելու անկարող, ուղևորն էլ մանրադրամ ունենար ու կարգին ձայնալարեր, որ Թաթուլի կլկլոցի ֆոնին վարորդին հասներ «կանգառում կանգնեք» արտահայտությունը, մեկ էլ երթուղայինի դուռը ծածկեր այնքան ուժեղ, որ փակվի, բայց այնքան կամաց, որ երկաթներն իրար աղմուկով չառնեն։

 

 

 


5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Գայլերի ոհմակի տեղաշարժման մարտավարությունը