20-րդ դարի «Ջոկոնդան». Դավիթ Պետրոսյան - VNews

20-րդ դարի «Ջոկոնդան». Դավիթ Պետրոսյան

«Անկասկած, դա այն սրբապատկերն է, որը պարոնայք ֆուտուրիստներն առաջարկում են մադոննաների և անամոթ վեներաների փոխարեն»: Ալեքսանդր Բենուայի այս տողերը 20-րդ դարի «Ջոկոնդայի»՝ «Սև քառակուսու» մասին են:

Շրջադարձային պատահականությու՞ն, թե՞ նկարչի չհաջողված կտավ, գիտակցականի՞, թե՞ ենթագիտակցականի դրսևորում, մտածված գաղափարի ներդրում համաշխարհային արվեստու՞մ, թե՞ ծաղրանք արվեստակից ընկերներին, ամեն ինչից ոչի՞նչ, թե՞ ոչնչից ամեն ինչ… Դեռևս ուսումնասիրողներին չի հաջողվել պարզել ազգությամբ լեհ, ռուս նկարչի գլխի եղածը: Միգուցե, թվարկվածից և ո՛չ մեկը, բայց մի բան հստակ է. Կազիմիրն աշխարհին ցույց տվեց, թե որն է արվեստի կառավարումը (արթ-մենեջմենթը), ինչը մեր օրերում այդքա՜ն անհրաժեշտ է ստեղծագործողի համար:

Նկարչին հաջողվել է համոզել մեզ, որ իր քառակուսին արժեքավոր է: Կտավը կա՛մ գամում է դիտողին՝ խորասուզելով թանձր քսվածքի մեջ, կա՛մ էլ թողնում է անտարբեր: Բայց վերջինի պարագայում էլ, միևնույն է, մտածել է տալիս իմաստի մասին:

Կարծում եք՝ իմաստ ունի՞ իմաստ փնտրել այդ ուղղանկյան ներկվածքի շերտերում: Պատասխանը մենք չգիտենք: Այն հայտնի էր միայն Մալևիչին կամ սկզբում նրան էլ հայտնի չէր, բայց, եթե նա այդպես էլ իմաստ չգտներ, չէր հեղինակի «Սև քառակուսու» ևս երեք օրինակ:

Ամեն դեպքում հեղինակը սև գույնով թողեց գունավոր անուն: «Սև քառակուսին» ուղենիշ դարձավ նրա ողջ ստեղծագործության համար: Այն, անգամ, հեղինակի հոգեհանգստի արարողության ընթացքում որպես հանգուցյալի դիմանկար ծառայեց:

Եվ վերջում չմոռանանք «Սև քառակուսու» առաջին օրինակի ստեղծման տարեթիվը: Միգուցե, այն 1915 թվականի, գիտակցված կամ չգիտակցված, նկարագրությունն է, որն արդեն դարից ավելի հանգիստ չի տալիս իմաստ որոնողներին…