2020-ի կարևորագույն վավերագրականները. մաս 1 - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

2020-ի կարևորագույն վավերագրականները. մաս 1

2020-ը լի էր նորահայտ ֆիլմերով, որոնց մեծ մասը, հասկանալի պատճառներով, հասանելի էր ավելի շուտ Netflix-ում և ոչ կինոթատրոնների էկրաններին։ Առհասարակ բարդ է պատկերացնել, թե ինչպես է նորաթուխ, առանց որևէ հայտնի մեդիադեմքի մասնակցության վավերագրական ֆիլմը հայտնվում երևանյան կինոթատրոններում և կարողանում արդարացնել իր՝ Հայաստան հասած օրինակի ծախսը։ Այնպես որ մինչ մեր երկրում վավերագրականները մեծ պահանջարկ կունենան, ինչի շնորհիվ դրանք հնարավոր կլինի տեսնել մեծ էկրաններին՝ անկախ տեղական փառատոների անցկացման փաստից, խորհուրդ ենք տալիս օգտվել տանը ֆիլմեր նայելու կոմֆորտ հնարավորությունից և անպայման ծանոթանալ անցած տարվա ժանրի լավագույն ֆիլմերից 5-ի հետ։ Դրանք կա՛մ արդեն հասանելի են սթրիմինգային հարթակներում, կա՛մ շատ շուտով կլինեն։

 

«Արյունոտ քիթ, դատարկ գրպաններ» / “Bloody Nose, Empty Pockets” 

Ֆիլմի անվանումն ինքնին հուշում է, թե ինչ կյանքի ականատես մենք կարող ենք դառնալ մոտակա ժամ ու կեսի ընթացքում։ 2016 թվական, Լաս Վեգասի ծայրամասերում գտնվող մի փոքր փնթի, մի փոքր հնաոճ բարի, որտեղ ամեն օր հավաքվում են տեղացիները՝ ավելի շուտ ոչ թե դասական հարբեցողներ, որոնք խմիչքի միջոցով ուզում են պարզապես անջատվել, այլ մարդիկ, որոնք կարիք ունեն խոսելու և լսվելու, պատմելու իրենց կյանքի պատմությունը։ Հաճախորդների անկաշկանդ շփումը, սրամիտ և հմայիչ բարմենի կատակները, մեկ-երկու բաժակից հետո անկեղծացող և հուզվող ամերիկացիների առօրյան հիշեցնում է տարբեր հարցերի շուրջ անհամաձայնվող և փիլիսոփայող 100 տարվա հարևանների, որոնք, չունենալով սեփական ընտանիքները, գտնում են միապաղաղ կյանքը շարունակելու իմաստը հենց այդ տեսակ սրտագին շփման մեջ։

Ամերիկան առանց արհեստական ֆիլտրների և դեկորատիվ սնդուսի՝ իր ամբողջ գավառական հմայքով։

«Տրյուֆելներ որսողները» / “The Truffle Hunters”

Գուրմաններն ու խոհարարները լավ պատկերացնում են, թե որքան բարդ, մանրակրկիտ և երակարտև եռանդ ու ջանքեր է պահանջում աշխարհի ամենահազվագյուտ ուտելու սնկերը՝ դելիկատես համարվող տրյուֆելները գտնելու գործընթացը։ Իտալո-հունական արտադրության այս վավերագրականը ոչ միայն լույս է սփռում թանկարժեք սնկազգիների հայթհայթման որս-արկածի վրա, այլ մեզ է պարգևում անցած տարվա ամենամթնոլորտային, գեղագիտական առումով հարուստ և շքեղ ֆիլմերից մեկը, որը հագեցած է սիմետրիկ, նրբաճաշակ կոմպոզիցիաներով, գողտրիկ ընտանեկան դրվագներով և ջերմ անձնական հարաբերություններով։ Իսկ գլխավոր հերոսների կերպարները, հանդերձանքն ու կադրերը տեղ-տեղ ավելի նման են Վերածննդի գեղանկարիչների կտավներին, քան սունկ հավաքող տարեց տղամարդկանց ժամանակակից առօրյային։ Բացի այդ, այս մարդիկ ոչ թե պարզապես թանկ մթերքի որոնմամբ են զբաղվում կոմերցիոն շահի համար, այլ ապրում են գեղեցիկ, բնության համերաշխ հարաբերությունների մեջ գտնվող կյանքով, որտեղ իրենց որսորդ շներին լողացնելը կամ անուշաբույր տրյուֆելի քերուկ ստանալը կյանքից հաճույք ստանալու ամբողջ գունապնակի կարևորագույն խիտ և վառ բաղադրիչներից են։ Նմանատիպ գեղագիտական, հարմոնիկ և կլանող ճամփորդություններ հաճախ չեն հանդիպում։

 

«Խլուրդ-գործակալը» / “The Mole Agent”

Չիլիական արտադրության այս պատմությունը դյուրին ըմբռման համար կարելի է որակել իբրև կատակերգական դետեկտիվ։ Տեղական մասնավոր խուզարկուն հայտարարություն է տալիս թերթում՝ փնտրվում է 80-90 տարեկան տղամարդ։ Տղամարդը հայտնվում է. պարզվում է, որ գործի բնույթով պետք է սպասարկող անձնակազմից թաքուն՝ քողարկված, այցելի ծերանոցներում բնակվող կանանց. նպատակը հաստատությունների մաքրությունը, կարգուկանոնը և տատիկների նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքը սեփական աչքերով տեսնելն ու արձանագրելն է։ Հերոսը սկսում է փայլուն կատարել իրեն հանձնարարված պատասխանատու առաջադրանքը, սակայն կանայք, որոնց հետ նա շփվում է, սկսում են իրենից ակնկալել ավելի ակտիվ՝ սիրային դաշտ տանող քայլեր։

Իսպանալեզու ու հերոսների տարիքի հաշվին մի քիչ ռետրո աուրայով՝ պարզ խորամանկության վրա կերտած կատակերգական երանգներով ֆիլմը մի փոքր միամիտ է, մի քիչ հուզիչ և բավականաչափ զավեշտալի։

 

«Գունդա» / “Gunda”

2020-ի կարևորագույն վավերագրականներից մեկը, որի մասին ակտիվ խոսում են անցած տարվա Բեռլինի 70-րդ կինոփառատոնից սկսած։ Զարմանալի չէ, քանի որ ֆիլմի հեղինակը մեր օրերի ամենատպավորիչ և վիզուալ տեսանկյունից կարկառուն ռեժիսոր-վավերագրող Վիկտոր Կոսակովսկին է, իսկ պրոդյուսերական աթոռին օսկարակիր Խոակին Ֆենիքսը, ով ոչ միայն հայտնի դերասան է, այլ նաև ակտիվ կենդանապաշտպան։ Իսկ Գունդան խոզամայր է, ով պատկերված է գյուղական կյանքի, աչք շոյող հրապուրիչ բնության և նորածին ձագուկների հետ կոկիկ գոմում թարմ դեզի վրա պառկած իրականության ամենաէսթետիկ իմաստով։ Բառացի էսթետիկ, առանց մի գրամ չափազանցությունների, որքան էլ թերահավատ լինեն այդ մասով Նոր տարուն խոզի բուդ վայելող հայաստանաբնակ մսի սիրահարները։ Կոսակովսկին ստեղծել է սև ու սպիտակ բնաշխարհի խոսուն խոշոր կտավ, որտեղ ամեն ինչ պարզ է և հասանելի առանց որևէ երկխոսությունների՝ պարզապես խռռոցներով, որոնց միանում են կովերի և թռչունների ոչ պակաս նվագուն պատմությունները։

 

«76 օր» / “76 days”

2020-ը գլոբալ առումով բնորոշ և պատկերող ամենադիպուկ ֆիլմը՝ Քովիդ-19-ի հիվանդանոցային մեկնարկի մասին։ 2020 թվականի հունվարի 23-ին չինական Ուխանում հայտարարվեց խիստ կարանտին, որպեսզի տեղական կառավարությունը հնարավորինս արագ ճնշի նորահայտ պանդեմիան։ Գալիք 76 օրը, մինչև առաջին կարանտինի ավարտը, ֆիլմի ռեժիսոր Վեքսի Չենն ու իր անանուն գործընկերը տեսագրել են շոկային, նատուրալիստական և գերիրական կադրեր՝ ուղիղ հիվանդանոցային պալատներից։ Դատարկված քաղաքը, վառվռուն երանգների հատուկ պաշտպանիչ հանդերձանքը, գիշերային կամրջով սլացող շտապօգնության մեքենան, կարանտինային իրականության մեջ ծնվող երեխաներն ու իրար քաջալերող հուսահատված և ուժասպառ քաղաքացիները՝ Ուխանի ողբերգական պատմությունը հաջողվել է ներկայացնել բավականաչափ համափարպակ և բազմանկյուն դիրքերից։