3 սիրո պատմություն հայ դասականներից - VNews

3 սիրո պատմություն հայ դասականներից

Սիրո պատմություններ, որոնք կհուզեն, կոգեշնչեն, սիրել կտան․․․ Այսօր կանդրադառնանք հայ մեծանունների սիրային պատմություններին։ Ինչպիսի՞ն էին Իսահակյանի, Կապուտիկյանի ու Սպենդիարյանի սիրո պատմությունները՝ ստորև:

Սպենդիարյան և Վարվառա

895թ.-ին Ալեքսանդր Սպենդիարյանը Թեոդոսիայում կազմակերպված բարեգործական մի համերգի ընթացքում հանդիպում է Հովհաննես Այվազովսկու բարեկամուհուն՝ Վարվառա Մազիրովային: Երիտասարդ կոմպոզիտորն անմիջապես հրապուրվում է սիրուն Վարվառայով: Սպենդարյանը երկչոտ էր, ինչն էլ ստիպում է սեր խոստովանելու փոխարեն լրիվ այլ, անսպասելի որոշում կայացնել. «Վարվառայի հետ կամուսնանա եղբայրս՝ Լեոնիդը»:

Սպենդիարյանի եղբայրը հայտնի երկրաբան էր, մինչդեռ ինքը՝ Ալեքսանդրը, հոր խորհրդով ընդունվել էր Մոսկվայի կայսերական համալսարան նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում:Լեոնիդ Սպենդիարյանը և Վարվառա Մազիրովան ամուսնանում են, ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկ որդին:

Շուտով Լեոնիդը հանկարծամահ է լինում…

«Միայն երաժշտական պարապմունքներն են, որ ինձ ցրում են ծանր մտքերից»,- գրում էր Ալեքսանդրը եղբոր այրուն:

Ալեքսանդրի և Վարվառայի նամակներն ավելի պարբերական են դառնում, դրանց պարունակությունն՝ ավելի մտերմիկ: Կարծես՝ Սպենդիարյանի մոտ երկրորդ շնչառություն են ստանում նախկինում ապրած զգացմունքները: Նա նաև հայրական սեր էր զգում եղբոր որդու նկատմամբ, ում նվիրված է «Արևելյան օրորոցային» երգի մշակումը:1900 թվական, հորը հասցեգրված նամակում Սպենդիարյանը խնդրում է նրան համոզել Վարիային ընդունել իր ամուսնության առաջարկությունը:

«Ես սիրում եմ նրան իսկական խորը սիրով, և չափազանց դժվար կլինի նրանից մերժում ստանալը»,- գրում է Սպենդիարյանը հորը:

Վարվառան ասում է՝ «հա» , բայց «հնազանդ եմ» ասելու հնարավորություն չի ունենում

Վարվառան տալիս է իր համաձայնությունը: Սակայն Սպենդիարյանի սիրո պատմությունը կրկին կիսատ մնալու եզրին էր. հայ առաքելական եկեղեցին արգելում էր ամուսնությունը եղբոր այրու հետ:Բանն այն է, որ Սպենդիրյանը կապված էր եկեղեցուն, առաքելական կրոնն իր կյանքում միշտ մեծ դեր էր ունեցել: Այդժամ կոմպոզիտորը երկընտրանքի մեջ էր՝ կրկին հրաժարվել անձնական երջանկությունից թե այդքան հարազատ եկեղեցուց…

1901 թվական, փետրվարի 27

Պսակադրությունը տեղի ունեցավ բողոքական եկեղեցում: Նորապսակները Սպենդիարյանի հոր կողմից առանձնատուն ստացան Յալթայում, այն ժամանակին եղել էր սերբ թագուհու նստավայրը, իսկ շուտով դառնալու էր տեղի հայերի մշակութային ու մտավորական կենտրոնը, ինչպես նաև լցվելու էր Սպենդիարյանի և Վարվառայի երեխաների ձայներով: Այդ տունը հյուրընկալեց ժամանակաշրջանի մի շարք ականավոր գործիչների՝ Մաքսիմ Գորկի, Վարդգես Սուրենյանց…

Սպենդիարյանը և եկեղեցին

Հետագայում Սպենդիարյանը բազմաթիվ անգամ դիմեց եկեղեցուն կրկին առաքելական հավատք ընդունելու խնդրանքով, 20 տարի շարունակ մի շարք մերժումներից հետո վերջապես Սպենդիարյանին ետ ընդունեցին առաքելական եկեղեցի:

1928 թվական, մայիսի 7

Սպենդիարյանը վախճանվեց, կառավարական մակարդակով անցկացված հուղարկավորությանը այդպես էլ հոգեհանգստյան շարական չհնչեց և միայն 80 տարի անց՝ կոմպոզիտորի մահվան տարելիցին նրա շիրիմին տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:

 

Հովհաննես Շիրազ և Սիրլվա Կապուտիկյան

Նրանք հանդիպեցին, երբ սովորում էին Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1936 թվականն էր: Նրանք համակուրսեցիներ էին: Ամուսնանում են 4 տարի անց՝ 1940 թվականին, ամուսնությունից ծնվում է նրանց միակ որդին՝ հայտնի քանդակագործ Արա Շիրազը:

Շիրազի և Կապուտիկյանի համատեղ կյանքը հարթ չէր ընթանում: Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, չհասկացված և չսիրված լինելու երկուստեք զգացողություններ: Եվ այս ամենի տրամաբանական հետևանքը այն է լինում, որ զույգը բաժանվում է 4 տարի տևած ամուսնությունից հետո: Որդին, որը բանաստեղծուհու խոսքով օրհնություն էր, մեծ նվեր, մնաց մոր հետ:  Իհարկե, հետագայում նրան մեծացնելու հետ էլ բանաստեղծուհին բախվում է տարբեր դժվարությունների, որոնք իրենց արտացոլանքն են գտնում բանաստեղծուհու տողերում:

Բաժանումից հետո

Կապուտիկյանը տարիներ անց՝ 1961 թվականին, հորդորում է մարդկանց, ընկերներին, հարազատներին մեղավորներ չփնտրել, քանի որ նա փորձել է փակել կյանքի իր այդ էջը: Եվ ոչ մի կերպ չի ուզում վիրավորած լինել ազգի մեկ այլ հարգարժան գրող և իր նախկին ամուսին Հովհաննես Շիրազին:

Մի փնտրեք սիրո իմ տողերի տակ

Մարդկանց անուններ կորած ու հայտնի

Թվում է՝ ինձ էլ անհայտ են նրանք.

Դուք զուր մի՛ փնտրեք, նրանց չե՛ք գտնի: 

Սիլվա Կապուտիկյանն այդպես էլ անձնական երջանկություն չունեցավ: Փոխարենը նրան սիրեց մի ամբողջ ազգ՝ նրան խորհրդանիշ դարձնելով  մայրական սիրո, հայրենիքի և արդարության հետ:

Մի առիթով Վահագն Դավթյանն ասել է.

«Սիլվա Կապուտիկյանից առաջ ոչ ոք հայ պոեզիայում հոգեբանական խորությամբ ու այդպիսի ուժով չի բացել սիրող, երազող, սիրուց երջանկացող ու տառապող կնաջ հոգին»:

Իսահակյան և Շուշանիկ

1891 թվական, ապրիլ

Իսահակյանը վերադարձավ հայրենի Ալեքսանդրապոլ, որտեղ, բացի հայրենիքի կարոտի փարատումից ու մտերիմներից, նրան էր սպասում իր կյանքի մեծագույն, մի քիչ կործանարար ու անսահման արգասաբեր սերը: Նա Շուշանիկ Մատակյանն էր՝ Իսահակյանի հեռավոր ազգականուհին, մոր՝ Ալմաստի քրոջ թոռը:Մանուկ հասակում Ավետիքն ու Շուշանիկը հաճախ էին հանդիպել ընտանեկան խնջույքներին, ո՞վ գիտի, գուցե անգամ տունտունիկ էին խաղացել… թեև, ավելի շուտ՝ կռիվ-կռիվ:

1891 թվական, հունիս

Ավետիք Իսահակյանը հյուրընկալում է իր մորաքրոջ որդիներին, հենց նրանց՝ Կարապետ և Հովհաննես Կոստանյանների տանն էլ առաջին անգամ հանդիպում է նրան՝ այն միակին: Այս հանդիպման մասին տեղեկանում ենք հենց բանաստեղծի հուշագրություններից, Իսահակյանը գրում է՝
«Կ-ների տանը պատահեցա օր. Շ-ին, ողջունեցի և նստեցա մոտը, նա ասեղնագործությամբ էր պարապում, մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձ գրավում, չափազանց գեղեցիկ է. սև և կլոր աչքեր, վառվռուն և խելոք հայացք, վարդագույն շրթունք, դալկանար դեմք, պարզ, որոշ ձայն, այո, սա մի հրեշտակ է, մի գերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես և նա երկար խոսեցինք աոանձին, մաքուր հայերեն էր խոսում: Նա երևի ինձ համակրեց. գոնե համակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էր Սահականուշյան դպրոցի պես ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, րայց չհաջողվեց, ես գերազանցեցի: 0՜, նա խորամանկ է, փորձող է: Ա խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ… Որքան ես դյուրաթեք, շուտ խաբվող և ընկճվոդ եմ կուսական սրտի առաջ. ահա իմ բնավորության մի թույլ կողմն ել… Նա իսկապես «ջադու պառավ» է… Նա ինձ գերեց: Իմ սիրտը շատ րնդարձակ տարածություն է. «Մեծ է երկինք, մեծ է երկիր, սիրտս մեծ է հորանից», բոլորն էլ  կարող են նրա սիրաբողբոջ խորշերում ապաստան գտնել, դու էլ, սիրելի Շ., գրավիր նրա կենտրոնը»…

Այս հանդիպումը սկիզբ է տալիս մեկը մյուսից սիրուն, մեկը մյուսից սիրառատ սիրային բանաստեղծությունների: Իսահակյանի քնարերգությունը ամբողջովին զավթված էր Շուշանիկի կողմից: Շուշանիկը Իսահակյանի ամեն մի տողում էր: Եվ ահա 1891 թվականի օգոստոսին Իսահակյանը որոշում է տեղափոխվել Էջմիածին ու շարունակել ուսումը:

Բանաստեղծը ստանում է Շուշանիկի համաձայնությունն առ այն, որ նրանք նամակագրական կապ կպահեն: 1891-1893 թվականներին գրողի ու Շուշանիկի միջև չի դադարում նամակագրությունը, նամակների հաճախականությունից ու պարունակությունից կարելի է ենթադրել, որ աղջկա սրտում նույնպես զգացմունք էր ծագել: Շուշիկն իհարկե ավելի զուսպ էր իր սիրո արտահայտչամիջոցներում, սակայն փոխադարձությունը կարծես ուրվագծվում էր. ավելի ասել չենք կարող: Որոշ ժամանակ անց Շուշանիկն ամուսնանում է հայտնի ու կայացած մի մանկավարժի հետ…

Իսահակյանը մի քիչ կնամոլի համբավ ուներ, շատերն էին խոսում նրա տարբեր սերերի մասին: Սակայն ի՞նչ էր դա, եթե ոչ փնտրտուք ու միակի տեղը լրացնելու միամիտ ցանկություն: Այսպիսով, Իսահակյանի հուշագրություններն ու նամականին վկայում են, որ թեև արդեն ամուսնացած, Իսահակյանը չի դադարում սիրել այն առաջինին՝ Շուշանիկին: Չի դադարում գրել նրա մասին, չի դադարում գրել նրան:

Տարիներ անց

Իսահակյանը ևս մեկ անգամ է թակում Մատակյանների դուռը. այս անգամ նա փնտրում էր իր նոր սիրո առարկային՝ Աննային, Շուշանիկի քրոջը…

Արդեն հասցրել ենք տեղեկացնել, որ գրողը Շուշանիկի ընտանիքի հետ հեռավոր ազգակցական կապեր ուներ, ուստի անգամ Շուշիկի ամուսնությունից հետո շարունակում էր երբեմն-երբեմն այցելել նրանց: Հենց այդ նույն տանն էլ նա պարբերաբար տեսնում էր մեկ այլ գեղեցկուհու՝ Աննիկին:

Թեև սկզբում Աննան գրողի համար ուղղակի երեխա էր, սակայն ժամանակ անց նա սկսում է աղջկան նայել ուրիշ աչքով՝ իբրև մեկի, ում կարելի է սիրել: Բանաստեղծի՝ քաղաքից հեռանալու հետ մեկտեղ մեկնարկում է Իսահակյանի և Աննայի նամակագրությունը: Այն սկզբում ավելի բարեկամական բնույթ է կրում, թվում է՝ գրողը փորձում է ամեն կերպ զսպել իր զգացմունքը, սակայն ավելի ուշ այդ նամականին դառնում է միալար սիրո խոստովանություն:

«Ասա, ինչ կարող է անել սիրող սիրտը, ինչի առաջ կանգ կառնի սիրող սիրտը. Ես անկարելին կարելի կդարձնեմ քեզ համար, ես անմահության խնձորը կբերեմ քեզ համար, ես արևը, աստղերը, ամբողջ աշխարհը կնվիրեմ քեզ, ես իմ կյանքը կտամ քեզ: Ուրիշ ինչ ես ուզում, միթե այսուհետ կարող ես տատանվել, կասկածել դեպի ինձ…»,-գրում էր Իսահակյանն Աննային:

Գուցե իրականում Իսահակյանը Աննայի մեջ տեսնում էր նրա քրոջը՝ Շուշանիկին, գուցե հենց դա նկատելով էլ Աննան ընթացք չի տալիս այդ հարաբերություններին, ու դրանք այդպես էլ մնում են թղթերի վրա:

 

 

 


Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մնամ համբույրներով [Իսահակյանի նամակը Թումանյանին]

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան