5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել - VNews

5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

IMG 0325 - 5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Վալենտինի օրվա կապակցությամբ հիշվեցին բոլոր հնարավոր դասական հին ու նոր ֆիլմերը, որոնք այս կամ այն կերպ ձոնում են սերը, խոսում վեհ զգացմունքների մասին, պատկերում երջանիկ կամ տառապող սիրահարված հերոսներին։ Եթե Ժան-Պիեր Ժենեի «Ամելի»-ն կամ սուրբծննդյան բրիտանական «Իրական սերը» բոլորն արդեն անգիր գիտեն, ապա այս ֆիլմացանկի 5 ռոմանտիկ ֆիլմերն այդքան էլ մասսայական առումով հայտնի չեն, սակայն արժանի են ձեր ուշադրությանը։

Ali: Fear Eats the Soul / «Վախը խժռում է հոգին», Ռայան Վենդեր Ֆասբինդեր, 1974թ.

unnamed 1 2 - 5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Գերմանական կինեմատոգրաֆի կարևորագույն հեղինակ Ֆասբինդերի ամենաակնառու ֆիլմերից մեկը՝ տարեց հավաքարար Էմմիի և իրենից մի քանի տասնամյակ երիտասարդ մարոկացի տղամարդ Ալիի մասին։ Գիշերային բարում արաբական երաժշտության ներքո էքսպրոմտով ծնված պարի արդյունքում զույգը սկսում է երջանիկ ապրել այրի Էմմիի տանը։ Սակայն հարմոնիկ կեցությունն երկար չի տևում. ոչ ավանդական և կողքից անգամ տարօրինակ թվացող զույգի հանդեպ ծնված և ձնագնդի պես աճող ուշադրությունը սերմացնում է ոչ հանդուրժողականության և ատելության ավերիչ ալիք։

Ալին և Էմմին կապվում են իրար հետ ամենապարզունակ և անխորամանակ ձևով, նման մեկնարկն անգամ կարող է սկեպսիս առաջացնել բարդ և խճճված սիրավեպերի սիրահարների մոտ։ Սակայն Ֆասբինդերի դասական դարձած դրաման վկայում է վեհության մասին, որը կարող է փրկել ձանձնրալի կենցաղի և միայնության տարիներից ամենաանսպասելի՝ կենարար կերպով։

Medianeras / «Կողային պատեր», Գուստավո Տարետո, 2011թ.

unnamed 2 1 960x600 - 5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Բուենոս Այրես, մեր օրեր։ Մարտինը միայնակ վեբ-դիզայներ է, ով ունի հոգեբանական բարդույթներ իր համար պահի տակ քաոտիկ և կլաուստրաֆոբիկ թվացող մայրաքաղաք-մեգապոլիսում։ Մարիանան անգործ ճարտարապետ է, որը նույնպես առանձնապես երջանիկ չէ. վերապրում է վերջին սիրային բաժանումը։ Երիտասարդ տղամարդն ու աղջիկը ապրում են կողք կողքի, դեմ դիմաց, սակայն չեն նկատում միմյանց մեծ քաղաքի գորշ առօրյայում։

Տարետոյի ֆիլմը նկարագրում է ռոմանտիզացված սերը ուրբանիստիկայի և անվերջ շտապող աշխարհի խենթ դարաշրջանում. պատկերված հաստ բետոնե պատերը խոսում են մարդկանց պատսպարված և առանձնացված կարգավիճակի մասին, որը շատ հաճախ խանգարում է երջանկությանը և ոչ թե պաշտպանում արտաքին աշխարհից։ Մետաֆորիկ մելոդրաման կպարգևի ոչ միայն լույսը ներս թողնելու մաստեր-կլաս, այլ նաև կպտտի հանդիսատեսին աշխարհի ամենահմայիչ քաղաքներից մեկը փողոցներով։

Before Midnight / «Կեսգիշերից առաջ», Ռիչարդ Լինքլեյթեր, 2013

unnamed 3 1 960x640 - 5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Ռիչարդ Լինքլեյթերի եռապատման ամենահայտնի նմուշն առաջինն է՝ «Արևաձագից առաջ»-ը, որտեղ գնացքում պատահաբար ծանոթացած Ջեսին և Սելինն անց են կացնում մի հիանալի օր Վիեննայում՝ թափառելով քաղաքի գողտրիկ և գեղատեսիլ վայրերով, ճանաչելով միմյանց և սիրահարվելով իրար։ Սակայն պակաս հուշագրավ չեն մյուս երկու ֆիլմերը՝ «Մայրամուտից առաջ» (2004 թ.) և «Կեսգիշերից առաջ»-ը (2013 թ.), որտեղ ամերիկացի տղամարդն ու ֆրանսուհին կրկին հանդիպում են և խոսում ամեն ինչի մասին։ Լինքլեյթերին հաջողվել է համեստ բյուջեով ստեղծել պոետիկ կինո՝ դրա հետ մեկտեղ ներառելով դերասաններ Իթեն Հոուքի և Ժյուլի Դելպիի իրակապ կենսագրություններից որոշ փաստեր՝ ադապտացնելով դրանք էկրանային կերպարներին։ «… առաջ» եռապատումը ամենանուրբ, համեստ և միաժամանակ հմայիչ սիրային ճամփորդություններից է, որոնք կարելի է վայելել նուրբ և թեթև երկխոսությունների նվագակցությամբ։

Punch-Drunk Love / «Սեր, որը հարվածում է ոտքերին», Փոլ Թոմաս Անդերսոն, 2002

unnamed 4 1 960x616 - 5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Ամերիկյան հեղինակային կինեմատոգրաֆի, որն այնուամենայնիվ հասու է լայն հանդիսատեսին կամ մասնագիտական տերմինալոգիայով այդպես կոչված արտ-մեյնսթրիմի կարևորագույն ժամանակակից ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի ամենաբարի (ամերիկացիները կասեին՝ cute) ֆիլմը։ Անդերսոնն Անդերսոն չէր լինի, եթե այս ֆիլմում տեղ չլիներ դրամատիզմի համար, որը պարուրում է գլխավոր հերոս Բարրիին (Ադամ Սենդլեր), ում անդադար հեգնում և նվաստացնում են հարազատ քույրերը։ Տղամարդու կյանքն ու ներաշխարհը կտրուկ փոխվում են, երբ նա պատահաբար հանդիպում է իր քրերից մեկի ընկերուհուն՝ Լենային (Էմիլի Ուոթսոն), ով արթնացնում է Բարրիի մինչ այդ խորը քնով քնած կողմը։

Անդերսոնի ֆիլմը մասամբ ռուսական գրականության մեջ արմատացած «փոքր մարդու» ողբերգություն է, որը վերջիվերջո վերածվում է ամերիկյան love-story-իի։

Three Times / «Երեք անգամ», Հոու Սյաոսյան, 2005

unnamed 5 1 960x643 - 5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Երեք անգամ՝ 1911-ին, 1966 թվականին և 2005-ին. այդքան են հանդիպում Մեյը և Չենը ֆիլմում՝ դառնալով տարբեր խրոնոլոգիկ իրականություններում ապրող սիրահար զույգեր։ Սյաոսյանի կերտած անշտապ թայվանական էսթետիկան, երկար կադրերը, կոլորիտային աութենտիկան, ազգային դետալները, լիրակական նյուանսներն ու ռոմանտիզացված կենցաղն իսկական ֆոն է աչքերի և հոգու համար։ Լինելով վանգարդիստ և համարվելով ասիական կինեմատոգրաֆի կարևորագույն ռեժիսորներից մեկը՝ Հոու Սյաոսյանը կերտել է վերջին տասնամյակների ամենապոետիկ, քնքուշ, զգայուն և միաժամանակ պարզ սիրային պատումներից մեկը, որը զրկված է հիշվող կամ հնարամիտ երկխոսություններից։ Փոխարենը հերոսների փոխարեն խոսում է իրենց զգացմունքները պարուրող մինիմալիստական նարատիվը, գեղատեսիլ և նրբաճաշատ մթնոլորտն ու տպավորիչ ֆոնային երաժշտությունը։

 


Տերյանի երեք կանայք…

Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր լսել «սեր» բառը

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

10 պարզ ճշմարտություն սիրո մասին

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Սերն ըստ… գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար

Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում…

Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն]

Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․