5 վեպ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական արդի գրականությանը - VNews

5 վեպ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական արդի գրականությանը

իրանական գրականություն - 5 վեպ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական արդի գրականությանը

Զրուցել ենք Իրանագիտության ամբիոնի մագիստրոս, երիտասարդ թարգմանիչ Արեգ Բագրատյանի հետ և խնդրել ենք առանձնացնել 5 վեպ, որոնցով կարելի է պատկերացում կազմել իրանական ժամանակակից գրականության մասին:

Արեգը պատմում է…

Գիտե՞ք՝ չափազանց դժվար է իրանական ժամանակակից արձակից առանձնացնել ընդամենը հինգ գիրք։ Եթե, օրինակ, խոսում ենք պարսից դասական գրականության մասին, փոքր-ինչ հեշտ է ընտրություն կատարել, քանի որ որոշ ստեղծագործություններ և հեղինակներ իրենց մեծությամբ արդեն համաշխարհին ժառանգություն են համարվում։ Հարցն այն չէ, թե իրանական արդի արձակը թույլ է, այլ հիմնական դժվարությունն այն է, որ թե՛ հեղինակները, թե՛ ստեղծագործությունները շատ-շատ են, և չափազանց դժվար է ընտրություն կատարել այդքանի մեջ։ Սակայն կփորձենք առանձնացնել այնպիսի գրքեր, որոնք, իմ կարծիքով, հայ ընթերցողին «կստիպեն» ավելի մոտիկից ճանաչել Իրանը, սիրել, զգալ այնտեղի մարդկանց։

1. Սադեղ Հեդայաթ – «Քոռ բու»

148885309 4101773006502036 943713961799428356 n - 5 վեպ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական արդի գրականությանը

Այս վեպը Հեդայաթի ստեղծագործության թագ ու պսակն է։ Այն երկար ժամանակ արգելված է եղել Իրանում, և այժմ էլ նրա վերաբերյալ հաճախ վերապահումներով են խոսում։ Սա ինչ-որ առումով էկզիստենցիալ, ինչ-որ առումով սյուրռեալիստական, ինչ-որ տեղ աբսուրդի գրականություն է։ Մահ, դիակներ, մութ ճանապարհներ, կորսված Ես-ի փնտրտուք, անթիվ-անհամար սիմվոլներ, հին իրանական, հնդկական առասպելներ․․․ Անթիվ կարելի է բնութագրել այս վեպին բնորոշ հատկանիշները։ Այս վեպը, իրոք, բարձր գրականության յուրատիպ նմուշ է։ Գիրքը դեռ 1992-ից թարգմանվել է հայերեն՝ թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի կողմից։

 

2. Գոլի Թարաղի – պատմվածքներ և վեպեր

148296910 1335267780207717 725142163889768352 n - 5 վեպ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական արդի գրականությանը

Երբ ինչ-որ մեկն ինձնից հարցնում է՝ ինչ կարդամ իրանական գրականությունից, միանգամից միտս են գալիս իրանցի մեծ արձակագիր, ֆրանսաբնակ արձակագիր Գոլի Թարաղիի պատմվածքները՝ «Մի տուն երկնքում», «Անար Բանուն և իր որդիները», «Շեմիրանի ավտոբուս» և այլն։ Թարաղիի թե՛ վեպերը, թե՛ պատմվածքները հոգեհարազատ կլինեն ցանկացած ընթերցողի։ Անհնար է գտնել թեկուզ մի հոգու, որը իր կյանքից մի մասնիկ չի գտնի այս կնոջ ստեղծագործություններում։ Բարեբախտաբար կարող ենք նշել, որ հայ ընթերցողը քաջածանոթ է Թարաղիի արձակին։ Նրա պատմվածքները հրապարակվել են գրական զանազան կայքերում ու ամսագրերում և շատ սիրվել (հատկապես վերևում նշվածները)։ Մի փոքր անհամեստություն անեմ և նշեմ, որ իմ թարգմանությամբ վերջերս լույս տեսավ հեղինակի «Վերադարձ» վեպը, որ երկ է հոգեբանական և ֆիզիկական փախուստների ու վերադարձների, Ես-ի փնտրտուքի, կարոտների ու սիրո մասին։ Ընթերցողների արձագանքից կարելի է ենթադրել, որ այն սիրվել է հայ հասարակության կողմից։

3. Շահրիար Մանդանիփուր – «Իրանական սիրավեպի գրաքննությունը»

149101647 246649220235354 9080967021075273463 n 960x1485 - 5 վեպ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական արդի գրականությանը
Շատ հետաքրքիր արձակագիր է Մանդանիփուրը։ Նրա այս ստեղծագործությունը ինչ-որ տեղ գեղարվեստական երկ է, ինչ-որ տեղ՝ գիտական գրականություն՝ իրար շղթայված թեթև հումորով, Իրանին բնորոշ հետաքրքիր համ ու հոտով։ Վեպի հիմքում ընկած է  սիրային հասարակ մի պատմություն, որը հեղինակ-հերոսը գրում է և միևնույն ժամանակ իր վեպի հիման վրա ընթերցողին ներկայացնում, թե ինչպես է տեղի ունենում իրանական գրաքննությունը, խոսում արդեն մշակույթի վերածված այդ երևույթի մասին։ Սա ինտելեկտուալ վեպ է, կարդալով այն՝ հայ ընթերցողը կիմանա շատ նորություններ, ինչ-որ տեղ տաբուներ այդ զարմանահրաշ երկրի ու նրա ժողովրդի մասին։

 

4. Մարջանե Սաթրափի – «Պերսեպոլիս»149446243 4979850355422833 5230540074070171183 n - 5 վեպ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական արդի գրականությանը

Համաշխարհային գրաֆիկ նովելների շարքում իր ուրույն տեղն ամրագրած «Պերսեպոլիսը» պատմություն է փոքրիկ մի աղջկա՝ Մարջիի մասին, որի կյանքի վրա այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն են ունենում Իսլամական հեղափոխությունը, Իրան-Իրաքյան պատերազմը, իր արտագաղթը։ Հեղինակը թեթև հումորով է ներկայացրել մարդկային ապրումները, հույզերը այդ ծանր օրերին։ Գրքին հավասար՝ մարդիկ սիրում են նաև «Պերսեպոլիս» մուլտֆիլմը, որի ռեժիսորը ևս Մարջանե Սաթրափին է։

5. Մահբոդ Սերաջի – «Թեհրանի տանիքները»

148983104 525697058393816 7980579347730507016 n 960x678 - 5 վեպ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական արդի գրականությանը

Մեր շարքը թերևս եզրափակենք ամերիկաբնակ արձակագիր Մահբոդ Սերաջիի «Թեհրանի տանիքները» վեպով։ Այն պատմում է շահական վերջին տարիներին իրենց կյանքը գտնել փորձող չորս ընկերների մասին, որոնք անցնում են անասելի փորձությունների միջով, սիրում, հուսալքվում, բայց երբեք չեն կորցնում հավատն իրենց ընկերության նկատմամբ։ Քաղաքական թեթև նրբերանգով, յուրօրինակ երգիծանքով համեմված այս վեպը շատ տարիներ եղել է բեսթսելլեր արտասահմանյան մի շարք երկրներում։ Իսկ շատ շուտով այն կհայտնվի նաև հայ ընթերցասերի գրասեղանին և հուսով ենք՝ ևս շատ կսիրվի։

 

տես նաև՝