Հաճախ օրվա լավ տրամադրությունը կարող են ապահովել լավ ֆիլմերը. մենք առանձնացրել ենք այնպիսի ֆիլմեր, որոնց դիտումից հետո զգացողություն է մնում մեր սրտերում, որ կյանքն,իսկապես հիասքանչ է:
1+1//Intouchables

2001 թվականին հանդիսատեսի դատին հանձնվեց Օլիվյե Նակաշի ու Էրի Տոլեդանոյի «1+1» դրաման: Գլխավոր դերերում են ֆրանսուա Քլյուզեն ու Օմար Սին: Դժբախտ պատահարից տուժած ու անդամալույծ հարուստ տղամարդ Ֆիլիպն իրեն որպես օգնական աշխատանքի է վերցնում Դրիս անունով մի սևամորթի: Դրիսին հաջողվում է Ֆիլիպի տրամադրությունը միշտ բարձր պահել: Շատ շուտով նրանց ծանոթությունը վերափոխվում է ամուր ընկերության:
The King’s Speech

Այս ֆիլմի կենտրոնում է բրիտանացի Գեորգ 6-րդ թագավորը, որը համաձայնում է ստանձնել թագավորական աթոռն այն բանից հետո, երբ նրա եղբայրը հրաժարվում է գահից: Գեորգը մի մեծ խնդիր ուներ. թագավորը կակազում էր և ամեն անգամ, երբ պետք է ելույթ ունենար ամբոխի առաջ, նա կորցնում էր խոսելու ունակությունը: Թագավորը դիմում է հայտնի լոգոպեդ Լայնել Լոգի օգնությանը:
2011 թվականին ֆիլմը հաղթել է Օսկարի 4 անվանակարգերում:
Knockin’ on Heaven’s Door

Այս «անվանակարգի» գլուխգործոցներից մեկն է։ Մարտինն ու Ռուդին հիվանդ են: Հերոսները ծանոթանում են հիվանդանոցում և ընկերանում են, քանի որ ճակատագրի բերոումով երկուսն էլ միևնույն խնդրի առաջ են կանգնած. նրանց ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել: Նրանք փախչում են հիվանդանոցից և ճանապարհ ընկնում՝ վայելելով իրենց կյանքի վերջին օրերը:
The Help

Քեթրին Սթոքեթի համանուն գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ, որի դեպքերը տեղի են ունենում նախորդ դարի 60-ականներին:
Գլխավոր հերոսուհի Սքիթերը վերադառնում է հարազատ Ջեքսոն քաղաք: Սքիթերը երազում է հայտնի գրող դառնալու մասին, սակայն քաղաքում կա թյուր կարծիք, որ կինը միայն տնային տնտեսության համար է, և չի կարող հաջողություններ ունենալ կարիերայում:
Մյուս կողմից սևամորթների հանդեպ վերաբերմունքն ու նրանց ծանր կյանքը անտարբեր չի թողնում ֆիլմի հերոսուհուն….
Eat Pray Love

Էլիզաբեթ Գիլբերթի համանուն գրքի հիման վրա էկրանավորված ֆիլմը սիրո և անվերջ փնտրտուքի մասին է: Հենց գլխավոր հերոսուհին՝ Էլիզաբեթը, մի գեղեցիկ օր հասկանում է, որ չի ապրում այն կյանքով, որի մասին միշտ երազել է: Եվ հենց այդ պահից էլ նա որոշում է փոխել իր կյանքը: Նա մեկնում է ճանապարհորդության: