5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ - VNews

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը հայտնի է թե՛ հայ թատերասերներին, թե՛ կինոսերներին: Նա իր թատերական գործունեությունը ծավալել է Հայաստանի մի քանի շրջաններում, իսկ իր սցենարներով և դերակատարմամբ ֆիլմերը շրջել են ամբողջ ԽՍՀՄ-ով: Vnews-ն առանձնացրել է այն ֆիլմերը, որտեղ Մանարյանի դերակատարումը կամ սցենարական աշխատաքը ոչ ոքի անտարբեր չեն թողել:

«Հարսնացու հյուսիսից»

Անխոս կարելի է ասել, որ Ներսես Հովհաննիսյանի ֆիլմը հայերի ամենասիրելիներից է 1975 թվականից մինչև օրս: Կատակերգությունն այն մասին է, թե ինչպես են հայկական գյուղի բնակիչները հարսնացու բերելու համար մեկնում ռուսական հեռավոր մի գյուղ… թեև, կա՞ մեկն, ով ֆիլմը չի տեսել: Երկար ճամփա անցած բարեկամ-հարևանների մեջ առանձնանում է Երվանդի՝ գյուղի դպրոցի ֆրանսերենի ուսուցչի կերպարը: Այն սիրվեց, իսկ հերոսի հնչեցրած արտահայտությունները դարձան թևավոր խոսքեր: Երվանդ Մանարյանը՝ հայտնվելով նույն նկարահանման հրապարակում այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Վերջալույս Միրիջանյանը, Արմեն Ջիգարխանյանն ու  Մուրադ Կոստանյանը, կարողացել է վարպետորեն միաձուլվել ֆիլմի կոլորիտին ու յուրահատուկ երանգ տալ այս հայ-ռուսական պատմությանը:

«Չափահաս մարդ մը, որ այդտեսակ արգահատելի վերաբերմունք ունի ջութակի նման ազնվագույն գործիքի նկատմամբ, ես այդտեսակ մարդու հետ ճամփա չեմ գնա»: 

Երվանդ 

«-Սերոբ, ո՞ւր կերթաս:
-Կաստյումս պիտի հագնեմ, կաստյումս պիտի հագնեմ: 
-Կոստյո՞ւմն է, որ պիդի գեղեցկացնե քեզ: 
-Այսինքն, ճիշտ ես ասում»:

Երվանդ և Սերոբ 

«Նորից ամառ եկավ»…

Ֆիլմը նկարահանվել է 1975 թվականին: Ռեժիսորներն են  Բորյանը, Ռոբերտ Սարգսյանը ու Երվանդ Մանարյանը, վերջինս նաև ֆիլմի սցենարի համահեղինակն է ու հերոսներից մեկի՝ Սողոյի դերակատարը: Այս շատ հայկական պատմությունն այն մասին է, թե ինչպես են հայկական գյուղերից մեկում մի խումբ երեխաներ որոշում օդապարիկ պատրաստել: Դե իսկ ի՞նչ է սովորաբար երեխաներին խանգարում ինչ-որ բան անել. իհարկե, մեծահասակաները, այդ իսկ պատճառով նախապատրաստական բոլոր աշխատանքները երեխաները խիստ գաղտնի են պահում նրանցից: Ի վերջո պատանիները սեփական ուժերով պատրաստում են փոքր օդապարիկ, սակայն այն օդ բարձրացնելու փորձը ձախողվում է։

«Խոհարարները եկել են մրցույթի»

Ֆիլմը նկարահանվել է 1977 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից: Սա Երվանդ Մանարյանի սցենարական ու դերասանական ևս մի աշխատանքի արդյունքն է: Ֆիլմի ռեժիսորը Ներսես Հովհաննիսյանն է: Դերասանական կազմը կրկին քաջածանոթ է հայ հեռուստադիտողին. Արմեն Ջիգարխանյան, Ստեփան Հարությունյան, Արա Բաբաջանյան և իհարկե Երվանդ Մանարյան:

Հետաքրքիր է, որ այս ֆիլմում նույնպես Մանարյանը ներկայանում է իրեն անվանակից հերոսի դերում: Այս հետաքրքիր ու հումորային կինոնկարը պատմում է այն մասին, թե ինչպես են մի խումբ հայաստանցի խոհարարներ գնում Մոսկվա՝ մասնակցելու խոհարարական մրցույթի: Արդյունքում, տեղի ունեցած թյուրիմացությունների պատճառով հայ խոհարարները չեն արժանանում գլխավոր մրցանակին: Մենք ականատեսն ենք լինում խոհարարների փոխհարաբերություններին, կոլորիտային շփմանը, տեղ-տեղ անմիտ վիճաբանություններին, իսկ այս ամենն ուղեկցվում է, իհարկե, համով կատակներով, որոնք նաև Մանարյանի մտքի ծնունդն են:

«Տժվժիկ»

1961 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանեց «Տժվժիկ» կարճամետրաժ՝ 21 րոպե տևողությամբ ֆիլմը: Ռեժիսորը Արմեն Մանարյանն էր, որն իր ֆիլմի սցենարը վստահեց ավագ եղբորը՝ Երվանդ Մանարյանին: Սա Մանարյանի առաջին աշխատանքն էր կինոոլորտում և կարելի է ասել, որ այն որոշիչ դեր խաղաց դերասանի ու սցենարիստի հետագա գործունեության մեջ: «Տժվժիկ»-ի սցենարը ծնվել է Ատրպետի համանուն վեպի հիման վրա: ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է Նիկողոս աղան կովի լյարդ գնում Ներսես աղբարի համար՝ բարեգործություն անելով վերջինիս ընտանիքին, իսկ հետագայում ամեն առիթով պատմում  իր այդ մեծահոգի արարքի մասին։ Ֆիլմում իրենց դերակատարությունն են ունեցել այնպիսի անվանի դերասաններ, ինչպիսիք են Հրաչյա Ներսիսյանը, Ցոլակ Ամերիկյանը և Արման Կոթիկյանը:

«Տերն ու ծառան»

Մանարյանի հաջորդ սցենարական աշխատանքն էր Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված «Տերն ու ծառան» կարճամետրաժ կինոնկարը: Ֆիլմի ռեժիսուրան Դմիտրի Կեսայանցինն է, իսկ փայլուն դերակատարմամբ հանդես են եկել Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը և Թադևոս Սարյանը: Կինոնկարի սյուժեն հետևյալն է. Մաթոսն անխղճորեն աշխատեցնում ու առանց վարձը տալու վռնդում է իր ծառային, վերջինիս եղբայրը՝ Սիմոնը, ծառայության է անցնում նույն տիրոջ մոտ։ Իր հնարամտության շնորհիվ Սիմոնը կարողանում է բարկացնել տիրոջն ու շահել գրազը… թեև, դիտեք ինքներդ:

 

 

 

 

 


5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

5 տաք սիրո խոստովանություն. կինո

Հեղափոխական կինո. 5 ֆիլմ

5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին

5 ֆիլմ աշնան մոտիվներով

5 ֆիլմ տարբերվող ուսուցիչների մասին

2019թ.-ի լավագույն ֆիլմերից 5-ը

10 փաստ Երվանդ Մանարյանի մասին, որ գուցե չգիտեք

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 ամառային ֆիլմ

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը