fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Դանտեսը բոլոր իրերը դրեց սեղանի վրա և գլուխը կախեց՝ աբբայի համբերության ու մտքի կարողության վրա ապշած:

-Դա դեռ բոլորը չէ,-ասաց Ֆարիան,-քանզի պետք չէ ունեցած բոլոր գանձերը մի տեղ թաքցնել: Գոցենք այս գաղտնարանը:

Նրանք քարը խոթեցին առաջվա տեղը. աբբան դրա վրա փոշի ցանեց՝ ոտքով փոշին տրորեց, որպեսզի քարի հանված լինելը չնկատվեր, ապա մոտեցավ մահճակալին ու այն կողմ քաշեց:

Սնարի հետևը մի անցք կար, որ գրեթե հերմետիկորեն ծածկված էր քարով: Այդ անցքի մեջ մոտ երեսուն ոտնաչափ երկարությամբ պարանասանդուղք կար: Դանտեսը փորձեց ու տեսավ, որ այդ սանդուղքը կարող է դիմանալ ամեն մի ծանրության:

-Որտեղի՞ց եք պարան ճարել այս հիանալի սանդուղքի համար,-հարցրեց Դանտեսը:

-Պատրաստել եմ նախ իմ շապիկներից և ապա սավաններից, որ զոլահան եմ արել երեք տարի շարունակ՝ Ֆենեստրելում նստածս ժամանակ: Երբ ինձ տեղափոխեցին այստեղ, հնար գտա պատրաստի թելերը հետս բերելու և այստեղ աշխատանքը շարունակեցի:

-Եվ ոչ ոք չէ՞ր նկատում, որ Ձեր սավանների եզրերը կարված չեն:

-Ես նորից էի կարում:

-Ինչո՞վ:

-Ահա այս ասեղով:

Եվ աբբան իր հագուստի ցնցոտիների տակից հանեց ձկան մի երկար փուշ, որը ծակած ու թելած էր:

-Բանն այն է,-շարունակեց Ֆարիան,-որ սկզբում ես ուզում էի վանդակացանցը սղոցել և լուսամուտից փախչել: Լուսամուտը, ինչպես տեսնում եք, Ձերինից մի քիչ լայն է. փախչելու պահին կարող էի ավելի լայնացնել, բայց նկատեցի, որ բացվում  է ներքին բակի վրա, ուստի և այդ մտքից ձեռք քաշեցի: Սակայն սանդուղքը պահեցի, որպեսզի օգտագործեի, եթե, ինչպես Ձեզ արդեն ասել եմ, չկանխատեսված փախուստի հնարավորություն ներկայանար:

Բայց, զննելով սանդուղքը, Դանտեսը մտածում էր բոլորովին այլ բանի մասին: Նրա գլխում մի նոր միտք ծագեց: Գուցե այդ մարդը, որ այդպես խելոք է, հնարամիտ ու գիտուն, կարողանա պարզել իր դժբախտության պատճառը, որն իր համար միշտ խավարով էր պատած:

-Ինչի՞ մասին եք մտածու,-հարցրեց աբբան ժպտալով՝ Դանտեսի մտախոհությունը համարելով ծայրաստիճան հիացմունքի նշան:

-Նախ այն մասին, թե մտքի որքան վիթխարի ուժ եք վատնել Ձեր նպատակին հասնելու համար: Ինչե՜ր կանեիք Դուք, եթե ազատ լինեիք:

-Գուցե, ոչինչ: Միտքս կվատնեի մանր-մունր բաների վրա: Միայն դժբախտությունն է բացահայտում մարդկային մտքի հարստությունները. որպեսզի վառոդը պայթի, հարկավոր է ճզմել: Բանտարկությունս կենտրոնացրեց իմ բոլոր ընդունակությունները, որ ցրված էին տարբեր ուղղություններով. նրանք բախվեցին անձուկ տարածության մեջ, իսկ Դուք գիտեք, որ ամպերի բախումից առաջանում է էլեկտրականություն, էլեկտրականությունից՝ կայծակ, կայծակից՝ լույս:

-Ոչ, ես ոչինչ չգիտեմմ-պատասխանեց Դանտեսը՝ իր տգիտությունից ճնշված: -Ձեր խոսքերից մի քանիսն ինձ համար զուրկ են իմաստից: Ինչպիսի երջանկություն է Ձեզ պես գիտուն լինելը:

Աբբան ժպտաց:

Հեղինակային իրավունքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության

Հատվածը բացառիկ իրավունքով տրվել է VNews-ին՝ կայքում տեղադրելու համար: Հատվածի պատճենահանումն ու տարածումը խստիվ արգելվում է:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

3 սոնետ Շեքսպիրից

Հունական դիցաբանություն. Աքիլլես

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Պաուլու Կոելյու՝ «Մատիտի մասին»

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Էկրանավորվում է «Երեք հրացանակիրների» ժամանակակից տարբերակը

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված