Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն - VNews

Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն

Հատված «Ամունդսեն» պատմվածքից

— Մյուս շաբաթ օրը,— համբույրը զետեղելուց առաջ ասված բժշկի բառերն էին: Ուստի, ես նորից սպասեցի շքապատշգամբում, ու նա չուշացավ: Մեքենայով հա­սանք տուն, ես նորից կողքի սենյակում սպասեցի, մինչև նա կրակը վառեց: Սենյակում փոշոտ էլեկտրական ջե­ռուցիչ նկատեցի:
—  Առաջարկս չընդունեցիր,— ասաց,— կարծում ես՝ լուրջ չէի՞ ասում: Միշտ լուրջ եմ ասում, ինչ ասում եմ:
Ասացի, թե Մարիին հանդիպելու վախից էր, որ քա­ղաք չէի գալիս:
—  Ներկայացումը բաց թողնելուս պատճառով:
—  Հա՛, եթե պատրաստվում ես կյանքդ Մարիին հա­մապատասխան դասավորել,— ասաց:
Ճաշացանկը համարյա նույնն էր, ինչ նախորդ ան­գամ: Խոզի կոտլետներ, կարտոֆիլ, ոլոռի տեղ՝ եգիպ­տացորեն: Այս անգամ թույլ տվեց օգնել իրեն, նույնիսկ խնդրեց սեղանը դնել:
—  Հետն էլ տեղերը կսովորես: Չնայած՝ ամեն բան իր տրամաբանական տեղում է ոնց որ:
Այդպես կարող էի նայել նրան, թե ինչպես է աշխա­տում վառարանի մոտ: Նրա՝ կենտրոնացած լինելու դյու­րությունը, խնայողական շարժումները վրաս կայծերի ու սարսուռի հերթագայություն էին շարում:
Նոր էինք նստել ուտելու, երբ դուռը ծեծեցին: Նա վեր կացավ, սողնակը քաշեց, ու ներս ընկավ Մարին: Հետը ստվարաթղթե արկղիկ ուներ, դրեց սեղանին: Հե­տո վերարկուն վրայից նետեց, ու տակից դուրս ընկավ կարմիրուդեղին բեմազգեստը:
—  Ուշացումով շնորհավո՜ր Վալենտինի օրը,— ասաց նա,— դուք համերգ չեկաք ինձ տեսնելու, ես էլ համերգը բերեցի ձեզ: Ու արկղի մեջ ձեզ նվեր եմ բերել: Նրա՝ գերազանց հավասարակշռությունը թույլ տվեց, որ թաթի վրա կանգնի ու ոտքերից նետի սկզբից մի սա­պոգը, հետո՝ մյուսը: Ապա ճամփից դեն քշեց դրանք ու սկսեց սեղանի շուրջը ոստոստել ու ջահել ձայնով սրտաճմլիկ, բայց հուժկու երգել.

Ես ծաղիկ եմ, բանբուսիկ եմ,

Փոքրիկ, նախշուն բանբուսիկն եմ,

Ինչու այդպես՝ ես չգիտեմ,

Բայց ասում են՝ բանբուսիկն եմ,

Փոքրիկ, խեղճուկ բանբուսիկն եմ,

Նախշուն, սիրուն բանբուսիկն եմ:

Ես…

Բժիշկը նրա երգելուց առաջ էր վեր կացել: Կանգ­նել էր վառարանի գլխին ու թավայի տակը կպած մսի մնացուկներն էր քերում:
Ես ծափ տվեցի: Ասացի.
—  Ի՜նչ նախշուն բեմազգեստ է:
Իսկապես՝ էր: Կարմիր շրջազգեստ՝ տակից վառ դե­ղին շղարշածալ, թռթռան սպիտակ գոգնոց, ասեղնա­գործ սեղմիրան:
—  Մամաս է արել:
—  Ասեղնագործությո՞ւնն էլ:
— Հա բա՛: Մինչև գիշերվա չորսը նստել է, որ հասցնի:

Զգեստը ցուցադրելու համար էլի շատ ցատկռտոց ու պտույտներ եղան: Ամանները շխկշխկում էին դա­րակների վրա: Ես նորից ծափ տվեցի: Երկուսս էլ միայն մի բան էինք ուզում: Ուզում էինք՝ բժիշկը շրջվի ու դադարի անտեսել մեզ: Որ թեկուզ դժկամորեն, բայց մի քաղաքավարի բառ ասի:
—  Ու տեսեք՝ էլ ինչ եմ բերել Վալենտինի համար,— ասաց Մարին: Արկղի երեսը պատռեց, մեջը Վալենտինի սրտաձև բլիթներ էին՝ պատված հաստ կարմիր սառցաշաքարով:
—   Ի՜նչ սիրուն են,— ասացի ես, ու Մարին նորից սկսեց ցատկոտել:

Ես Փինաֆորի նավապետն եմ,

Ու լավ նավապետ եմ ես,

Շատ–շատ լավն եմ, ու իմացած լինեք,

Շատ լավ անձնակազմ ունեմ:

Բժիշկը շրջվեց վերջապես, ու Մարին ողջույններ ուղարկեց նրան:

—  Լավ,— ասաց,— հերիք է: Մարին բանի տեղ չդրեց:

Խմի՛ր երեք կենաց, մի կենաց էլ՝ վրան,
Փինաֆորի սրտոտ նավապետի համար…

—  Ասացի՝ հերի՛ք է:
—  «Փինաֆորի ազնիվ նավապետի համար…»:
—  Մարի՛: Մենք ճաշում ենք: Իսկ դու հրավիրված չես: Հասկանո՞ւմ ես: Հրավիրված չես:
Մարին hանդարտվեց, բայց միայն մի պահ:
—  Ուրեմն թո՛ւ ձեզ: Զզվելի եք:
—   Ու կարող էիր նաև առանց էդ բլիթների յոլա գնալ: Եվ, ընդհանրապես, պիտի դադարես բլիթներ ուտել: Մսացու խոզի չափ չաղանալու վրա ես:
Մարիի դեմքն ուռել էր, կարծես լալու էր պատրաստ, փոխարենն ասաց.
—  Տեսեք՝ ով է խոսում: Քո մի աչքը մյուսի վրա է ելած:
—  Բավակա՛ն է:
—  Մեկ է՝ ելած է:
Բժիշկը վերցրեց սապոգներն ու դրեց նրա դիմաց:
—  Հագի՛ր:
Հագավ՝ աչքերը լցրած, չռռացող քթով: Թափով քիթը քաշեց: Բժիշկը բերեց նրա վերարկուն, բայց չօգ­ նեց, քանի դեռ նա իրեն վերարկուի մեջ էր խցկում ու ափլփում էր կոճակները:
—  Լավ է: Հիմա ասա՝ ոնց ես էստեղ հասել: Չպատասխանեց:
—  Ոտքով, չէ՞: Որտե՞ղ է մայրդ:
—  Խաբլան:
—  Քեզ մեքենայով տուն կտանեմ, որ քեզ ձնակույ­տերի մեջ չնետես ու ինքդ քեզ խղճալուց սառցակալես:

Ես ոչ մի բառ չասացի: Մարին ոչ մի անգամ իմ կողմը չնայեց: Իրավիճակը շատ էր ցնցող, որպեսզի հրաժեշտ տալ կարողանայինք:

Երբ մեքենան գործի գցեց, սկսեցի սեղանը հա­վաքել: Աղանդերին չէինք հասել դեռ, որն էլի խնձորով թխվածք էր: Հավանաբար այլ տեսակի թխվածքներից տեղյակ չէր, կամ էլ փուռը միայն դա էր թխում:

Սրտաձև բլիթներից մեկը վերցրի, կերա: Սառցաշա­քարն անտանելի քաղցր էր: Ոչ բալի, ոչ էլ կեռասի համ ուներ. միայն շաքար ու կարմիր սննդաներկ: Կերա ու կերա: Գիտեի, որ գոնե ցտեսություն պիտի ասած լի­նեի: Պիտի ասած լինեի շնորհակալություն: Բայց կապ չէր ունենա, ասում էի ինձուինձ, կապ չէր ունենա, միևնույն է: Ներկայացումն ինձ համար չէր: Կամ դրա մի փոքր մասն էր ինձ համար միայն:

Նա կոպիտ էր: Ցնցված էի, որ այդչափ կոպիտ էր: Մեկի հետ, ով այդքան կարիքի մեջ էր: Բայց ինչ էլ լինի, ինձ համար էր այդպես արել: Որ ինձ հետ անցկացվող իր ժամանակը չխլվի: Այս միտքը շոյում էր ինքնասիրու­թյունս, ու միևնույն ժամանակ ամաչում էի, որ այդպես է: Չգիտեի՝ ինչ էի ասելու նրան, երբ հետ գար:

Չուզեց, որ որևէ բան ասեմ: Ինձ անկողին տա­րավ: Տեղի ունեցածը սպասելի՞ էր, թե՞ ինձ պես նրա համար էլ էր անակնկալ: Բայց կուսության իմ վիճակը գոնե չզարմացրեց նրան — սրբիչ տվեց, նաև պահպա­նակ — ու շարունակեց հնարավորինս զգույշ: Երկուսիս համար էլ անակնկալ զարմանք իմ կիրքը կարող էր լի­նել: Երևակայությունը, ինչպես պարզվեց, կարող է նույն­քան լավ ուսուցիչ լինել, որքան փորձը:
—  Ես մտադիր եմ ամուսնանալ քեզ հետ,— ասաց:
Մինչև ինձ տուն տանելը բոլոր բլիթները՝ բոլոր այդ կարմիր սրտերը, դուրս նետեց ձյան վրա՝ թռչուններին կեր:

Որոշված էր: Մեր անակնկալ նշանվելը — այս բառի հանդեպ զգուշավոր էր — փակ անձնական եղելություն դարձավ: Ինձ ասված էր ոչ մի բառ չգրել մեծ ծնողնե­րիս: Հարսանիքը տեղի կունենար, երբ կարողանար մի քանի իրար հետևից ազատ օր գտնել: Նեղ հարսանիք, ասաց: Ես պետք է հասկանայի, որ մեծ արարողությունը նրանց ներկայությամբ, ում գաղափարները չէր հարգում, և ովքեր մեզ վրա էին շաղ տալու այդ ամբողջ քչփչոցն ու կեղծ ժպիտը, ավելին էր, քան նա պատրաստվում էր գլուխ դնել:

Նաև, որ ադամանդե մատանիների հավես չուներ: Ասացի՝ երբեք մատանի չեմ ուզել, ու ասածս ճշմարտու­թյուն էր, որովհետև դրանց մասին երբեք չէի մտածել: Նա ասաց՝ լավ է, ու որ գիտեր, որ ես աղջիկների այդ ավանդական հիմար տեսակից չեմ:

Ավելի լավ էր դադարեցնել միասին ընթրելը՝ ոչ միայն խոսակցությունների պատճառով, այլև որովհետև մեկ սննդային քարտով երկու մարդու համար բավարար միս ստանալը դժվար էր: Իմ քարտը հասանելի չէր, քանի որ տրվել էր խոհանոցի ղեկավարությանը՝ Մարիի մորը, հենց Սեն գալուս օրը:

Ավելի լավ էր ուշադրություն չգրավել…

շարունակությունը գրքում

Թարգմանությունը՝ Աննա Դավթյանի

«Զանգակ» հրատարակչություն, 2016

 


Նար-Դոս [Կապը կտրած կինը] հեքիաթ այն մասին, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Հայտնի են Նոբելյան մրցանակակիրների անունները

Ալֆրեդ Նոբել. 10 փաստ

հողեղեն արև [պատմվածք]

Սաադիի վերջին գարունը [Ավ․ Իսահակյան]

Ավ․ Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

Րաֆֆի [Կուսագրություն]

Պետեր Հանդկե՝ ավստրիացի Նոբելյան մրցանակակիրը

Յորղոս Սեֆերիս [նոբելյան մրցանակի արժանացած առաջին հույն պոետը]

Ավետարան ըստ Հավլաբարի [Աղասի Այվազյան]

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Մաճառ Անդոն ու սերը

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ [Սելինջեր]