Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ - VNews

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

AE78D822 B668 4F60 BB48 E0BDECE25932 - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Vnews-ը շարունակում է պատմել իսպանական կինեմատոգրաֆի կարևորագույն նմուշների մասին, որոնք ավելի քիչ են հայտնի հայաստանյան լայն հանդիսատեսին, քան, օրինակ՝ ռեժիսոր և սցենարիստ Պեդրո Ալմոդովարի ֆիլմերը։ Բոլոր ռեժիսորները, որոնց ֆիլմերն առկա են այս ցուցակում, կարևոր տեղ են զբաղեցրել իսպանական կինոյի ստեղծման, զարգացման և տարածման մեջ։ Այնպես որ կարող եք դիտել ոչ միայն այս նմուշները, այլ ինքնուրույն ծանոթանալ հեղինակների մյուս աշխատանքների հետ։

0E5DBCE7 930C 47A1 B0AD 4D9023EBC149 960x396 - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

“Piedras” / «Քարեր» (2002) ռեժիսոր Ռամոն Սալասար

Ռամոն Սալասարը ժամանակակից իսպանական կինեմատոգրաֆում զբաղեցնում է շատ ավելի համեստ՝ աննկատ տեղ, քան իր մյուս գործընկերները, որոնք հաճախակի դիմում են մի պատմության բազմանկյուն դիտարկմանը։ “Piedras”-ը ռուսական վարձույթում թարգմանվել է իբրևЛюбовь, которая жмет” (հենց այդ թարգմանությամբ որոնեք ֆիլմն ինտերնետում). թարգմանությունն ամբողջապես բացում է «Քարեր»-ի սիմվոլիկ, այլաբանական իմաստը։ Պատմությունը 5 տարբեր կանանց մասին է, որոնց հետ ծանոթությունը սկսվում է յուրաքանչյուրի կրած կոշիկներից, իսկ քարերը ներբանի տակ հայտնված խոչընդոտներն են, որոնք խանգարում են կանանց ապրել լիարժեք կյանքով։ Հերոսուհիներից ամեն մեկն ունի սայթաքելու սեփական պատճառը, որը Սալասարը ներկայացնում է մեզ ամենաինտիմ դիտանկյունից՝ առանց որևէ գաղտնիքից խորշելու։

 

0D66D3DE A962 48E8 9B6D 1DBB7402C620 960x540 - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

“El espíritu de la colmena / «Փեթակի ոգին» (1973) ռեժիսոր Վիկտոր Էրիսե

Վիկտոր Էրիսեն, ինչպես և Կառլոս Սաուրան, ժամանակակից իսպանական կինոյի հենասյուներից է, ռեժիսոր, ով 70-ականներին եթե չփոխեց ուղղությունը, ապա նոր ընթացք տվեց ազգային կինեմատոգրաֆին՝ դարձնելով այն ավելի պոետիկ, մեղմ և զսպված։

Պատերազմը պատկերելու համար պարտադիր չէ նկարահանել մարտի դաշտն ու արյունաթաթախ զինվորներին. կարելի է ամբողջ սյուժեն տեղավորել դաշտերի մեջ կորած հեռավոր գյուղակ, որը, կարծես, կտրված է արտաքին աշխարհից։ Միակ կամուրջը, որը կապում է այն Իսպանիայում ծավալվող մասշտաբային իրադարձությունների հետ, գնացքն է, որով տեղափոխվում են ունայնացած զինվորներն ու հուսահատված դասալիքները։ Վերջիններից մեկը փախչում է և հայտնվում դաշտերի մեջ կորած գյուղակում, իսկ փոքրիկ Անան, որը վերջերս դիտել է «Ֆրանկենշտեյնը», մտածում էոր տղամարդը ֆիլմի հրեշն է, որն ունի խնամքի և սիրո կարիք։

 

C1E37B76 A79F 413E 9D07 0456CE953B92 - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

“Las Hurdes, tierra sin pan” / «Լաս Ուրդես. երկիր առանց հացի» ( 1933) ռեժիսոր Լուիս Բունուել

Իսպանական և մեքսիկական կինոյի գլխավոր սյուրռեալիստ Լուիս Բունուելն ունի բազմաթիվ այլաբանական, աբսուրդիստական և սատիրիկ պատումներ, որոնք պատկերում են բուրժուազիայի կենցաղն ու հոգեբանական խնդիրները։ Սակայն մինչ ֆրանսիական և իսպանական ինտերիերային պատումների շրջանը՝ Բունուելը ստեղծել է հայրենի՝ իսպանական հողի մասին առանցքային կարճամետրաժ վավերագրական, որը 30-ականների համար չափազանց ռադիկալ էր՝ առանց շղարշների մերկացնելով սովամահ գյուղացիների կյանքը։ Ֆիլմն ընդունվել է ոչ միանաշանակ՝ այդ թվում նաև Բունուելի դաժան՝ բեմադրված տեսարանների պատճառով (օրինակ՝ հատուկ տեսարանի համար մեղրով պատված էշի վրա հարձակվում են մեղուները), սակայն այդ գործողությունները դառնում են երկրորդական, երբ հանդիսատեսի գիտակցության մեջ տեղավորվում են հարուստ կահավորած եկեղեցիներն ու դրանց հետ նույն իրականության մեջ ապրող գյուղացիները, որոնք քնում են հողի վրա և մահանում փողոցի մեջտեղում։

 

D73D4D10 2B1D 4B59 82AE BA82E4972F9B 960x540 - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

«Կովեր» / “Vacas” (1992), ռեժիսոր Խուլիո Մեդեմ

Խուլիո Մեդեմի առաջին լիամետրաժ ֆիլմը, որի ենթաթեմաներից մի քանիսը կապրեն ռեժիսորի հաջորդ ֆիլմերում՝ հող, հարևան ընտանիքներ, մրցման հասնող վեճեր, կիրք և արգելված «պտուղներ»։ Իրիգիբել և Մենդիլուսե ընտանիքները սերնդեսերունդ փոխանցում են երեխաներին իրար հանդեպ տածող ատելությունը՝ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսեր։ Բլրակի տարբեր կողմերում ապրող տոհմերը պատկերված են էրոտիզմի, զայրույթի, պատերազմի և մրցակցության ենթատեքստով պատված կծիկի թելերի միջոցով։ Լարված մթնոլորտը կախված է բասկյան օդում առաջին իսկ վայրկյաններից, երբ թիկնեղ և լսացիկ փայտահատը բոկոտն կանգնած է ընկած ծառի վրա՝ հմտորեն մասնատելով այն իր սուր կացինով։

Մեդեմը դեռ չի օգտագործում իր հեղինակային՝ հանդիսատեսին հերոսի մտքերի ու դիտանկյան շնորհիվ մի իրականությունից մյուսը տեղափոխող հնարքները, սակայն արդեն այստեղ կովերն ու մարդիկ պահի տակ միաձուլվում են՝ ապրելով նույն հողի վրա և ունենալով հավասար իրավունքներ։

 

B44B8B55 C035 47B9 A12F B618A1026304 960x562 - Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

“Muerte de un ciclista” / «Հեծանվորդի մահը» (1955) ռեժիսոր Խուան Անտոնիո Բարդեմ

Ռեժիսոր Խուան Անտոնիո Բարդեմը առավել ակտիվ էր 50-ականներին՝ ներկայացնելով Իսպանիան համաշխարհային կինոհարթակներում։ Այդպես, օրինակ՝ իր այդ շրջանի ամենամեծ ֆիլմերից մեկը՝ «Հեծանվորդի մահը», արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնում կինոքննադատների FIPRESCI մրցանակի։

Այս քրեական դրաման համեմված է ինչպես նեոնուարային հնարքներով, այդպես էլ որոշ չափով ունի նեոռեալիզմի էլեմենտներ (Իտալիան հանդես է գալիս համարտադրող երկրի կարգավիճակում): Բայց ֆիլմի մթնոլորտը և որոշակի տեսարաններ հատկապես խիստ աուտենտիկ են՝ ազգային երաժշտության և պարի փաթեթավորմամբ։ Մարիան դավաճանում է ամուսնուն համալսարանական պրոֆեսորի հետ։ Տան ճանապարհին զույգը պատահաբար մեքենայի տակ է գցում հեծանվորդի, սակայն ստիպված փախչում է, որպեսզի ոստիկանությունը չհայտնաբերի իրենց միասին։ Դեպքը կարող էր ավարտվել առանց հետևանքների, սակայն պրոֆեսորին սկսում են ներսից խժռել խիղճն և անհանգիստ մտքերը։


10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք

Ժան-Ժակ Աննոյի նոր ֆիլմը՝ Նոտր Դամի հրդեհի մասին

Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]