-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում է գտնվում Ամարաս վանքը։ Այն Հայտնի է նաև Աղօղլան, Ամարազ, Ամարեն, Արմարաս, Մարաս անուններով։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ։
Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դ սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։
5-րդ դ սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։
5-րդ դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։
821 թվականին վանքն ասպատակում են արաբները։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության՝ 1293 թվականին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը՝ որպես ավար տիրանալով Սբ. Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին։
Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թվականին՝ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։ 15-16-րդ դդ այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ 17-րդ դ 3-րդ քառորդին նորոգվում է Գանձասարի Պետրոս կաթողիկոսի կողմից։
19-րդ դ. 2-րդ քառորդին Ամարասի վանքային համալիրը, որն ուներ 17-րդ դ. կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–47 թթ՝ ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն։ 1848 թվականին վանքը հանձնվել է Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարին։
Խարխլված եկեղեցին վերականգվել է 1858 թվականին՝ շուշեցի հայերի օժանդակությամբ, 1898 թվականին շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից պատրաստվել է Գրիգորիսի նոր տապանաքար։ 19-րդ դ վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է։ Վերաբացվել է 1992 թվականին որպես Արցախի թեմի գործող վանք։ Ամեն տարի հարյուրավուր այցելուներ է ունենում Ամարաս վանքը։ Այժմ կատարվում են պարիսպների վերականգնողական աշխատանքներ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո