Ամենատարածված դժվարությունները և դրանց հաղթահարումը անգլերեն սովորելիս [խորհուրդներով օգնում է Լուսինե Հայրապետյանը] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ամենատարածված դժվարությունները և դրանց հաղթահարումը անգլերեն սովորելիս [խորհուրդներով օգնում է Լուսինե Հայրապետյանը]

Զրուցել ենք ԳԻՆԿՈ ուսումնական կենտրոնի հիմնադիր, անգլոամերիկագետ Լուսինե Հայրապետյանի հետ։ Նա անգլերենի դասավանդման երկարամյա փորձ ունի և սիրով առանձնացրեց այս 10 կետերը բոլորիս համար։

«Եթե պարբերաբար փորձել եք սովորել անգլերեն, սակայն տարաբնույթ լեզվական բարդությունները խանգարել են ձեզ, ապա եկեք միասին փորձենք բացահայտել դրանք ու հասկանալ, թե ինչպես հաղթահարենք», – ասում է Լուսինեն։

Ամենից հաճախադեպ խնդիրը․․․

․․․որ տարածված է անգլերեն սովորողներ մոտ, լսողական, մեղմ ասած, թույլ հմտություններն են։ Սակայն այս հարցում փոքր ինչ հանդուրժողական պետք է լինեք ինքներդ ձեր հանդեպ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում, ցավոք, և՛ հանրակրթական դպրոցներում, և՛ բուհերում անգլերենը դասավանդվում է առանց տարրական լսողական հմտություններ զարգացնելու, պետք չէ այս առումով գերագնահատված ակնկալիքներ ունենալ։ Այո՛, բարդ է, երբեմն՝ հոգնեցնող, շարունակաբար լսել օտար լեզվով կառուցված մտքեր, որոնք ոչ մի կերպ չեք հասկանում։ Իսկ հետո կրկնակի նյարդայնացնող է տեսնել, թե որքան հեշտությամբ եք հասկանում նույն շարադրանքի գրավոր տարբերակները։ Սա մեր իրականության ամենատարածված խնդիրներից մեկն է, որի հաղթահարման միակ լուծումը ճիշտ ուսումնական ծրագիրն է՝ միտված զարգացնելու լսողական հմտությունները։ Պետք չէ կարծել, թե ի սկզբանե BBC և CNN լսելը լավագույն մեկնարկն են NETFLIX – ի ֆիլմերը հասկանալու համար։ Անհրաժեշտ է շարժվել քայլ առ քայլ  և աստիճանական բարդացման ճանապարհով։

անգլերենի ժամանակաձևերի ճիշտ կիրառումը

Առաջին հայացքից հեշտ թվացող, սակայն իրականում  խորքային բարդություն պարունակող,  մեկ այլ հարց է անգլերենի ժամանակաձևերի ճիշտ կիրառումը։  Ժամանակաձևերի հստակ պատկերացումը ամենից վճռորոշ փուլերից է անգլերենի ուսուցման մեկնարկային փուլում։ Խոսքն այստեղ քերականական կառույցների յուրացման մասին չէ։ Սրանք մեխանիկական քայլեր են, որոնց իմացությունը բնավ չի երաշխավորում ժամանակաձևերի ճիշտ կիրառումը։ Անհրաժեշտ է ժամանակաձևերն ուսումնասիրել  առավելագույն  գործնական տեսանկյունից՝ հենց հավանական գործողության մեջ։ Ժամանակաձևերի իմացության ճիշտ կիրառումը խստագույնս կարևոր փուլ է, որի հաղթահարումից հետո շատ ավելի է հեշտանում անգլերենի մյուս լեզվական գիտելիքների ավելացումը։ Այսօր, ճիշտ քերականական կառուցվածքով խոսելը ոչ թե քմահաճույք կամ լեզվական ճոխություն է, այլ առաջնային անհրաժեշտություն՝ մտքի լիարժեք փոխանցման ու թյուրըմբռնումներից խուսափելու նպաակով։ Դե՛, իսկ լավ տպավորություն թողնելն էլ թող ձեր բոնուսային ձեռքբերումը լինի։

բառապաշարի հարստացում

Հաջորդ բարդությունը անգլերենի խոսակցական բառապաշարի հարստացումն է։  Բազմաթիվ  են դեպքերը, երբ անգլերեն սովորողը տասնապատիկ անգամ առավել մեծ բառապաշարի է տիրապետում, քան կարողանում է գործնականում կիրառել  անգլերեն խոսքի շարադրման ընթացքում։ Պարզունակ շարադրանք, սեղմ բառաքանակ և ահա ձեր ամբողջական գիտելիքների  հետքն անգամ խոսելիս չի նկատվում։ Բանավոր խոսքում ուշադրությունն ուղղվում է ասելիքի փոխանցման վրա և, քանի որ նման պահերին միտքը կենտրոնանում է իմացած բառերն արագ հիշելու և վերարտադրելու վրա, տուժում է խոսքի բովանդակությունը և շարադրանքի սահունությունն ու հստակությունը։  Այս նյարդայնացնող խնդիրը հաղթահարելու լավագույն տարբերակն մասնագետի վերահսկողությամբ բառապաշարի շարունակական ակտիվացումն է։ Անհրաժեշտ է պարբերական վերաշարադրման ու նոր սովորած կամ ոչ վարժ իմացած բառերի «ստիպողական» կիրառմամբ ակտիվացնել նոր բառապաշարը։ Ժամանակի ընթացքում այդ բառերը կդառնան ձեր ակտիվ բառապաշարի մասը և արագ խոսքի ժամանակ ստիպված չեք լինի ջանք գործադրել վերհիշելու համար։

ոչ ճիշտ ընտրված նյութերի կիրառություն

Հաճախ հանդիպող խնդիր է ոչ ճիշտ ընտրված նյութերի կիրառությունը։ Ուսումնական նյութերերի ոչ սահուն անցումներն ու թեմաների միջև թույլ տրամաբական ներքին կապերը պատճառ են դառնում գիտելիքի «վաղանցիկության» համար։ Չտպավորվելու, շղթայական տրամաբանական ու իմաստային կապ չունենալու հետևանքով՝ սովորածը կամ լավ չի ամրապնդվում կամ հեշտ մոռացվում է։ Սովորելու ընթացքում այս փաստը գուցե շատ ակնառու չէ, սակայն արդյունքներն ամփոփելիս միանգամից բախվում  ենք ուսումնական ծրագրի արդյունավետության թերի կամ ոչ բավարար լինելու խնդրին։ Անհրաժեշտ է շատ լուրջ վերաբերվել ուսումնական նյութերին և դրանց մշակումներին։ Ցանկացած միջազգային ուսումնական ծրագիր ունենում է և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր և անհրաժեշտ է թիրախավորել ամեն ծրագրի ուժեղագույն կողմն ու ճիշտ համադրություններ կազմել։

ուսումնական ընթացքի դադարներ

Դե՛, իսկ վերջին և կարևորագույն բարդությունը, որի հետ բախվում են շատ շատերը, ուսումնական ընթացքի դադարներն են՝ կապված այս կամ այն հանգամանքով։  Անթիվ են դեպքերը, երբ որոշակի ոգևորեցնող արդյունքի հասնելուց հետո, մարդիկ տարաբնույթ պատճառներով դադարեցնում են դասընթացը՝ կիսատ թողնելով գիտելիքների ամրապնդումը։ Եվ ահա որոշ ժամանակ անց շատ արագ մոռացվում է ձեռք բերված գիտելիքների մեծ մասը։ Այս իրավիճակն այնքան հուսահատեցնող է, որ ոմանք անգամ հապաղում են երկրորդ փորձն անելուց։ Նմանատիպ խնդրի չբախվելու համար անհրաժեշտ է նվազագույնը մեկ ամբողջական շեմ հաղթահարել առանց դադարի։ Կան հստակ քերականական թեմաներ որոնց հաջորդաբար սովորելը շատ կարևոր է լեզվական հիշողության և օտար լեզվի սխեմատիկ կառուցվածքը ըմբռնելու համար։ Բառապաշարի զարգացումը ևս ունի տրամաբանական փուլային ընթացք, որի հիմքում ուսուցման արդյունավետության բարձրացումն է։ Այսպիսով՝ շոշափելի արդյունքի հասնելու համար խիստ անհրաժեշտ է պահպանել անգլերենի ուսուցման ընթացքի շարունակականությունը։

Դե ինչ, մեզ «սպառնացող» մարտահրավերներին ծանոթանալուց հետո, իսկը ժամանակն է անցնել հաղթահարման հաջող մեկնարկին։

Լուսանկարը՝ wnews.am-ի

կարդացեք նաև՝

 


QUIZ. ստուգեք ձեր English-ը

10 գաղտնիք անգլերեն սովորողներին Լուսինե Հայրապետյանից

5 հավելված անգլերեն սովորելու համար

10 խորհուրդ անգլերեն սովորելու համար