fbpx

Ամերիկաբնակ հայ արվեստագետ Տիգրան Ծիտողձյանն իր մասին նկարահանվող ֆիլմի, «Թավշյա հեղափոխության» և ավելիի մասին

«American Mirror». այսպես է կոչվում 2009թ.-ից Նյու Յորքում բնակվող հայ նկարիչ Տիգրան Ծիտողձյանի արվեստի մասին նկարահանված ֆիլմը, որը կթողարկվի այս տարի:

Տիգրան Ծիտողձյանի աշխատանքները հավանաբար տեսած կլինեք տարբեր սոցիալական կայքերում: Նա մի հայ նկարիչ է, որը նկարում է իրականին շատ մոտ իրական կյանք ու մարդիկ:  La Reppublica-ն նրա՝ վերջին շրջանում հայտնի «Հայելիներ»/ “Mirrors” դիմանկարների շարքի մասին գրել է. «Առաջին հայացքից թվում է, որ նկարներն արված են Photoshop-ով, սակայն իրականում դրանք հսկայական յուղանկարներ են»: Մենք կհավելենք՝ ոչ միայն նրա այս շարքն է նման տպավորություն ստեղծում, այլ նրա գրեթե բոլոր աշխատանքները. այդքան բնական են դրանք: Ծիտողձյանի մասին գրել են մի շարք արտասահմանյան կայքեր, նրա արվեստին անդրադարձել են շատ արվեստասերներ, սակայն մեր զրույցից պարզվեց, որ այս ամենը նրա գլուխը չի «պտտեցրել»:

Այս հայ նկարչի հետ մեկ ամսից ավելի հարցազրույցի էինք պատրաստվում. Նյու Յորքի և Երևանի ժամերը տարբեր են, ուստի այդքան էլ հեշտ չէր հայտնվել նույն պահին՝ նույն վայրում… այս դեպքում՝ կայքում: Այս փոքր խնդիրը, սակայն, կարողացանք հաղթահարել, քանի որ մենք պատրաստ էինք լսել ու փոխանցել, իսկ նա՝ կիսվել իր փորձով ու արվեստով:

-Արդեն 10 տարեկանում հասցրել էիք սեփական աշխատանքների ցուցահանդեսն ունենալ Հայաստանում, ապա նաև այլ երկրներում: Հիշո՞ւմ եք առաջին ցուցահանդես: Գիտակցո՞ւմ էիք, որ դա կարևոր քայլ է Ձեզ համար: 

-Առաջին ցուցահանդեսս մի քանի կտավ էր, որ որոշել էի ներկայացնել հանրությանը, բայց շատ բան չէի սպասում: Զարմացած էիր, երբ գրեթե ողջ Երևանը եկել էր ցուցահանդեսին: Քանի որ փոքր էի, չէի գիտակցում, որ ինչ-որ կարևոր քայլ է: Մարդիկ էլ այն ժամանակ չէին հավատում, որ ես եմ հեղինակը: Ոմանք էլ հավատում էին, ապա մեկնաբանությունների համար նախատեսված գրքույկում գրում`«Այս երեխան գիժ է»:

Հիշում եմ նաև՝ այդ ցուցահանդեսից հետո «Огонёк» ամսագրի 2 համարի համար շապիկը ես էի կազմել և համարներից մեկում կար նկարս ու դպրոցիս հասցեն: Դրանից հետո ողջ ԽՍՀՄ-ից ինձ բազմաթիվ նամակներ էին գալիս աղջիկներից՝ հենց դպրոցի հասցեով: Բայց ինձ համար ամենակարևորն աղմուկը չէր, որ ստեղծվել էր իմ շուրջ, այլ այն, թե ուր եմ «շարժվում»: Շատ մարդիկ ասում էին, որ տաղանդս տարիքի ընթացքում կարող եմ կորցնել, և ես զբաղված էի սրանից վախենալով:

-Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր ոճը: 

-Անկեղծ ասած չեմ սիրում նկարագրել որևէ բան՝ այն կաղապարի մեջ դնելով, հետևաբար իմ ոճը նկարագրելուց էլ կխուսափեմ:

-Նկարելու համար Ձեզ ոգեշնչող որևէ բան անհրաժե՞շտ է: 

-Իրականում ինձ ամեն ինչն էլ ոգեշնչում է: Ոգեշնչվում եմ կյանքից, մարդկային հարաբերություններից ու զգացմունքներից:

– Պատեկարցնենք, որ Ձեր արվեստը մարդ է, ի՞նչ սեռի կլինի այն ու ի՞նչ անուն կունենա: 

-Հետաքրքիր հարց եք տալիս… եթե մարդ լիներ, կարծում եմ իգական սեռի կլիներ, իսկ անունն էլ հավանաբար հենց Արվեստ էլ կթողնեի:

-Իսկ եթե գույն լինի… 

-Գույնի դեպքում չեմ կարող հստակ պատասխան տալ. կարծում եմ բոլոր գույները միասին վերցված: Չեմ ուզում որևէ գույն բաց թողնել:

-Այսօր առավել հայտնի է Ձեր «Հայելիներ» շարքը՝ դիմանկարներ, որտեղ կանայք դեմքը ձեռքերով փակել են: Ի՞նչպես կմեկնաբանեք այդ աշխատանքները: 

-Այս շարքն իմ արվեստի մի մասնիկն է, որի միջոցով փորձում եմ ցույց տալ կանացի գեղեցկությունը և հարցադրել նրանց ով լինելը: Սելֆի ֆենոմենի հետ կարող եմ համեմատել այս ոճի նկարներս, քանի որ չեմ նկարում այն գեղեցկությունը, որ ես եմ տեսնում, այլ այն ֆիլտրված գեղեցկությունը, որ բնորդուհիները կցանկանան տեսնել հայելու մեջ: Անունը հենց այս կոնցեպտից է գալիս:

-Բնորդուհիներին ի՞նքներդ եք ընտրում:  

-Այո և նրանք հիմնականում ինձ ծանոթ կանայք են: Ես ամաչկոտ տղամարդ եմ և չեմ կարող փողոցում տեսած անծանոթուհիներին դիմել բնորդուհի լինելու խնդրանքով (խմբ. ծիծաղում է):

-Շուտով ֆիլմ կթողարկվի Ձեր արվեստի մասին: Հե՞շտ էր այն գլուխ բերելը: 

-Ֆիլմը նկարել ենք 2 տարվա ընթացքում՝ հիմնականում Նյու Յորքում, ապա Մայամիում ու Հայաստանում: Մանուկ հասակումս նկարահանված դրվագներ էլ կան: Սա արթհաուս, էքսպերիմենտալ ոճի ֆիլմ է, որտեղ Սյուզն Սարանդոնի հետ խոսում ենք անձի գեղեցկության մասին, կիսվում մեր մտքերով: Ֆիլմի սաունդթրեքը հայտնի կոմպոզոտիր Մարկ Փեթրին է գրել: Վերջինս սաունդթրեքներ է գրել նաև «Վրիժառուները. Անվերջության պատերազմ», «Վենոմ», «Շերլոկ Հոլմս. Շողքերի խաղ» և այլ ֆիլմերի թրեյլերների համար: Վիզուալ մասի ամբողջականացման գործընթացին, մոնտաժին ինքս ակտիվ մասնակցություն եմ ունեցել: Սա նրա համար չէր, որ չէի վստահում թիմին, այլ ուղղակի ուզում էի, որ ֆիլմը համապատասխանի իմ նկարների կոնցեպտին ու իմ սկզբունքներին: Կարծում եմ հաջողված ֆիլմ է ստացվել:

-Նշեցիք, որ աշխատել եք Սյուզն Սարանդոնի հետ: Ինչպե՞ս էր օսկարակիր այդ դերասնուհու հետ աշխատելը: 

-Արդեն որոշ ժամանկ է, ինչ ընկերներ ենք ու ֆիլմը նկարահանելու ընթացքում պարզապես զրուցում էինք: Չունեինք սցենար կամ նախապես մտածված ինչ-որ բան, նկարում էի նրան ու ընթացքում զրուցում հետը տարբեր բաների շուրջ:

-Ֆիլմի թրեյլերում նշված չէ, թե երբ լույս կտեսնի այն: Կարո՞ք եք թողարկման մոտ ժամանակ նշել: 

-Քանի որ գրեթե ամեն ամառ գալիս եմ Հայաստան, ապա կարծում եմ, որ հնարավոր է պրեմիերան լինի այս տարվա «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ընթացքում, բայց ավելի հստակ ոչինչ չեմ կարող ասել:

– Տիգրան, ասացիք, որ ամեն ամառ գալիս եք Հայաստան: Վերջին ժամանակներս Հայաստանում տեղի ունեցող «Թավշյա հեղափոխության» մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Ես սկզբից մինչև վերջ եղել եմ ժողովորդի կողմից ու անգամ պատրաստվում էի գալ, սակայն որոշ հանգամանքներ թույլ չտվեցին: Կարևոր եմ համարում, որ ժողովուրդը համախմբված ոտքի կանգնեց և պայքարեց իր ապագայի համար: Ինքս շատ եմ կարոտում Հայաստանը և ուրախ եմ, որ շուտով կվերադառնամ:

-Եվ վերջում, ինչ-որ խորհուրդ ունե՞ք երիտասարդ նկարիչների համար:

-Քանի որ շատ եմ մասնակցում միջազգային մասշտաբով տեղի ունեցող միջոցառումների, նկատում եմ, որ հայազգի շատ նկարիչներ այժմ չկան համաշխարհային նկարչության մեջ: Սա ինձ ցավ է պատճառում: Խորհուրդ կտամ, որպեսզի ավելի շատ աշխատեն ու զարգացնեն իրենց տաղանդը: Ես էլ քանի որ ամռանն իմ հայաստանյան տանն ու արվեստանոցում եմ լինելու, կփորձեմ օգնել նրանց, եթե կարիք ունենան ինչ-որ խորհրդի, թեկուզ զրույցի ու ուղղության, կարող են դիմել ինձ: Եթե գոնե մեկ հոգու կարողանամ ոգեշնչել շարունակել զբաղվել նկարչությամբ, ապա շատ հիանալի կլինի:

Տիգրան Ծիտողձյանին ու նրա աշխատանքները կարող եք գտնել՝ 

Կայք՝ այստեղ

Facebook՝ այստեղ

Instagram՝ այստեղ

Wikipedia` այստեղ

Զրուցեց՝ Մելանի Սարգսյան 


Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Տարբեր տարիների «Օսկար» մրցանակաբաշխության առաջին և երկրորդ պլանի լավագույն դերասան-դերասանուհիները (լուսանկարներ)

#mustwatch list. աշխարհի լավագույն սերիալներից 10-ը

“The Death and Life of John F. Donovan”. պրեմիերա

Շերլոկի ոխերիմ թշնամին՝ Մորիարտին նոր սերիալի գլխավոր հերոսն է լինելու

Երկրպագուն 43 անգամ կինոթատրոնում դիտել է «Անվերջության պատերազմ» ֆիլմը

Բենեդիկտ Քամբերբաչը փրկել է մի անծանոթի

Բենեդիկտ Քամբերբաչը չի նկարահանվի այն ֆիլմերում, որտեղ խաղընկերուհին իրեն հավասար գումար չի ստանա

«Վրիժառուները. Անվերջության պատերազմ»-ն արդեն 2 ռեկորդ է սահմանել

Շերլոկն ասում է…

Հայկական կերպարներ հայտնի և սիրված ֆիլմերում

10+ փաստ «Շերլոկ» սերիալի մասին

5 դետեկտիվ սերիալ-գլուխկոտրուկ

2017-ի լավագույն 15 սերիալները

10 հետաքրքրաշարժ սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

Կյանքի և մահվան արանքում. 5 ֆիլմ ամենածանր թեմաներով