fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ամերիկահայ գրող Արա Գրիգորյանն իր գրքերի, ներշնչանքի, Հայաստանի ու ավելիի մասին

Բացառիկ հարցազրույց

For English see: Armenian-American Writer Ara Grigorian About His Books, Inspirations, Armenia And More

Պատկերացրեք՝ «ուսումնասիրում» եք Goodreads կայքն ընթերցելու նոր գիրք ընտրելու համար ու մեկ էլ բախվում եք մի անգլերեն գրքի, որի հեղինակի ազգանունը պարզապես «բղավում» է՝ «ԵՍ ՀԱՅ ԵՄ»: Իսկապես զարմանալի է: Ոչ այն պատճառով, որ թերագնահատում եմ հայերի մտավոր կարողությունները, ավելին՝ եթե անկեղծ խոսենք, ապա իմ կարծիքով մենք՝ հայերս, աշխարհի ամենախելացի ազգերից մեկն ենք: Զարմացա, որովհետև ամեն օր չէ, որ կգտնես անգլերեն ժամանակակից  ռոմանտիկ ստեղծագործություն, որի հեղինակը հայ է: Գրքի անունը, որ գտա “Game of Love” էր («Սիրային խաղ»), իսկ հեղինակինը՝ Արա Գրիգորյան

-Դե,- մտածեցի,- պետք է անհապաղ կարդալ այս գիրքը, քանի որ ա)նկարագրությունն իսկապես հետաքրքիր է, և բ) ՀԵՂԻՆԱԿԸ ՀԱՅ Է: Հպարտությունը դեռ երակներումս հոսելով` սկսեցի «գրքային իմ ճանապարհորդությունը» և այդպես առավոտյան ժամը 3-ին ինձ գտա Արա Գրիգորյանի “Game of Love”-ը կարդալիս: Այո, այն լավն էր ու աշխարհի ընթերցասերներն էլ գիտեն դա, քանի որ 2016-ի “IAN Book of the Year” մրցանակաբաշխությանն այն արժանացել է «Լավագույն ռոմանտիկ ստեղծագործություն» մրցանակին, իսկ 2015թ.-ին հաղթել “International Book” մրցանակաբաշխության «Ընթերցասերների համակրանք» անվանակարգում: 

Կարճ ասած, մտածեցի, որ հայ ընթերցասերը նույնպես կցանականա իմանալ այս հայ հեղինակի ու նրա գրքերի մասին և զրուցելու համար կապվեցի նրա հետ: Բարեբախտաբար ինձ չմերժեց: 

Ինչպիսի՞ն էր գրելու Ձեր առաջին փորձը: Հիմա, երբ վերհիշում եք այն, հպա՞րտ եք դրանով:

Առաջին գրվածքս ահավոր էր: Իհարկե այդ ժամանակ այսպես չէի կարծում. գրեթե հպարտ էի, քանի որ տասնյակ էջեր էի կարողացել գրել: Բայց երբ խնդրեցի կնոջս կարդալ գրածիս առաջին գլուխը, նրա արձագանքից հասկացա, որ շատ բան ունեմ փոխելու: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի սովորել գրելու արվեստը: Գրքեր գնեցի, ամսագրեր, սեմինարների մասնակցեցի: Այդ պրոցեսի ընթացքում էլ հասկացա, թե ինչու առաջին գործս լավը չէր: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է լավ ու վատ դարձնում պատմությունդ:

Որո՞նք են այն 3 հատկանիշները, որ նկարագրում են Ձեզ որպես հեղինակի:

Նվիրված, նախապես պլանավորող և չհոգնող: Իսկապես սիրում եմ գրել: Երբ մի պատմության միտք է ծնվում, միանգամից նվիրվում եմ դրան ու այդ պատմությունը կենդանացնում: Չեմ հանձնվում:

Ստեղծագործություններիս մեջ գրեթե ամեն ինչ կանխամտածված է, այսինքն՝ նախապես պլանավորող եմ: Ոչ մի գլուխ, իրավիճակ, պարագրաֆ չեմ գրում տող լրացնելու համար: Ամեն բան, որ գրում եմ պատճառ ունի ու նպատակ:

Երբեք չհոգնող հեղինակներից եմ ու չեմ թողնի, որ ինչ-որ պատճառաբանություններ կանգնեն ճանապարհիս: Գիշերն եմ գրում, սովորաբար 10-ից 1ն ընկած ժամանակահատվածում: Իհարկե հոգնում եմ, բայց գիրքն ինքն իրեն չի գրվի: Երբ էներգիայի կարիք եմ ունենում, միշտ օգնության են հասնում էսպրեսո սուրճն ու Nutella-ն: Հաճախ հարցրել են՝ ինչո՞ւ եմ էսպրեսո խմում հայկական սուրճի փոխարեն: Բանն այն է, որ շատ ալարկոտ եմ հայկական սուրճ պատրաստելու համար, իսկ էսպրեսոյի դեպքում ուղղակի սարքիս կոճակն եմ սեղմում ու վերջ:

Գիրքն ինքն իրեն չի գրվի

Ո՞ր հեղինակներն են քեզ ամենից շատ ներշնչում:

Երկու հեղինակ կա, որոնք իսկապես ոգևորում ու մոտիվացնում են ինձ: Առաջինը Սթիվեն Քինգն է: Նա այն հեղինակներից է, որոնք ստեղծում են կարևոր նպատակներ ու առաքինություններ ունեցող բարդ կերպարներ: Նրա յուրահատկությունն այն է, որ ստիպում է իր ընթերցողնին հավատալ, որ իսկապես ճանաչում է կերպարներին: Քինգը կապ է ստեղծում ընթերցողի ու կերպարների միջև, ինչն իմ կարծիքով կախարդական է: Մյուս հեղինակը, որ ոգեշնչում է ինձ պապս է՝ Մանվել Մարությանը: Նա հայ գրող էր, պոետ, ցեղասպանություն վերապրած մարդ, որը նաև դերասան էր ու պարզապես մի հսկա բեմի վրա: Որպես երեխա սովորություն ունեի հետևել, թե ինչպես է իր տպագրիչ մեքենայով նոր պատմություններ ստեղծում ու գրում նաև Հայոց ցեղասպանության դաժան իրականության մասին: Նա սիրված էր հազարավոր մարդկանց կողմից, ովքեր կարդում էին իր գործերը, և այնուամենայնիվ մնում էր աշխարհի ամենահամեստ մարդկանցից մեկը:

Պարոն Գրիգորյան, ինքներդ շատ մրցանականեր ունեք: Դրանցից ո՞րն է Ձեզ համար ամենաարժեքավորը:

Իրականում, մրցանակները շատ թանկ են ինձ համար, բայց ամենակարևորը ընթերցողներիս  էլ. հաղորդագրություններն են, կամ մի հասարակ հրապարակումը թվիթերում կամ ֆեյսբուքում, երբ խորհուրդ են տալիս իրենց ընկերներին կարդալ գրքերիցս որևէ մեկը: Ես կարդացողներիս համար եմ գրում, իսկ մրցանակները պարզապես օգնում են ընթերցասերներին ռիսկի դիմել ու գրքերիս մի հնարավորություն տալ: Կշարունակեմ էսպրեսո խմել ու գրքեր գրել այնքան ժամանակ, որքան ընթերցողներս կկարդան գրքերս:

Որպես երեխա սովորություն ունեի հետևել, թե ինչպես է պապս իր տպագրիչ մեքենայով նոր պատմություններ ստեղծում ու գրում նաև Հայոց ցեղասպանության դաժան իրականության մասին

Ըստ Ձեզ ո՞րն է գրելու ամենաբարդ գործընթացը:

Հավատալը, որ կարող եմ ևս մեկ լավ պատմություն գրել: Առաջին դատարկ էջը լրացնելն ամենաահավորն է: Այս մասին խոսել եմ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր գրողների հետ ու շատերը համաձայն են այն տեսակետիս հետ, որ յուրաքանչյուր դատարկ էջ կասկածի տեղիք է տալիս. կարո՞ղ ես ևս մեկ լավ գիրք գրել: Չնայածս ինքս երբեք չեմ կարծում, որ լավ եմ գրում, հետևաբար փորձում եմ ամեն օր ավելի բարելավել «ձեռագիրս»: Վստահ եմ՝ շուտով ինչ-որ մեկը կհասկանա, որ այն, ինչ գրում եմ, հիմարություն է: Բայց կգրեմ այնքան ժամանակ, մինչև չհասկանան դա:

Ձեր գրքերից երկուսը հրատարակվել են՝ “Game of Love”-ը և “Ten Year Dance”-ը: Ինչպե՞ս կնկարագրեք դրանք այն մարդկանց համար, որոնք դեռ չեն կարդացել այդ գրքերը:

Բոլոր գրքերս երկրորդ հնարավորություն տալու ու ստանալու մասին են: Հավատացած եմ, որ ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ  մյուս մարդիկ արժանի են կյանքում ու երջանիկ լինելու հարցում երկրորդ հնարավորությունը ստանալ: Երբեմն այն, ինչ ուզում ես, այն չէ, ինչ քեզ պետք է: Այս հարցն եմ փորձում բարձրացնել: “Game of Love”-ը տաղանդավոր պրոֆեսիոնալ թենիս խաղացող մի աղջկա մասին է, որը փորձում է ապացուցել աշխարհին, որ արժանի էր իր տաղանդին: Նրան ընկած հրեշտակ եմ համարում, որը փորձում է ինքն իրեն գտնել: Իսկ  “Ten Year Dance”-ն այն ընթերցասերների համար է, որոնք ուզում են հիշողությունների գիրկն ընկնել ու հիշել թե որքան անփույթ ու երբեմն անխելք են եղել երիտասարդ տարիքում, թե ինչպես են կայացրել այն որոշումները, որոնք ազդեցություն են ունեցել իրանց կյանքի վրա: Այս գիրքը հարցնում է ընթերցողին՝ «եթե հնարավորություն ունենայիր ինչ-որ բան փոխել, կօգտագործեի՞ր այդ շանսը»:

Ինչպե՞ս եք սովորաբար վերնագրեր ընտրում Ձեր գրքերի համար:

Սիրում եմ այնպիսի վերնագրեր, որոնք երկու իմաստ ունեն: Վերնագրեր ընտրում եմ գրքի կարևոր մասը՝ «սիրտը», գտնելուց ու այն գրելուց հետո: Վերջին գրքիս դեպքում “Ten Year Dance” ընտրեցի, քանի որ “dance”-ն այստեղ երկու իմաստ ունի. պարել՝ նրանք միասին շատ համահունչ են պարում, և խուսափել՝ նրանք խուսափում են ու շրջանցում շատ հարցեր: «Խուսափել» այսպիսի իմաստ ունի “dance around” անգլերեն արտահայտությունը:

Հավատացած եմ, որ ինչպես հայ ժողովրդը, այնպես էլ  մյուս մարդիկ արժանի են կյանքում ու երջանիկ լինելու հարցում երկրորդ հնարավորությունը ստանալ

Ի՞նչ գույներով կբնութագրեք այս երկու գրքերդ: 

“Game of Love”-ի համար կընտրեմ կանաչը՝ Ուիմբլդոնի կանաչ խոտի նմանությամբ: Իսկ “Ten Year Dance”-ի համար՝ մուգ նարնջագույնը՝ շապիկի գույնի պես:

Արդեն սկսե՞լ եք նոր գիրք գրել:

Իրականում վերջերս ավարտեցի երիտասարդների համար նախատեսված առաջին գործս: Այն երեք դեռահասների մասին է, որոնք գնում են 15-օրյա շրջագայության: Դեռ շատ բան չեմ կարող ասել դրա մասին, բայց փետրվարի վերջին այն կուղարկեմ գործակալիս ու հույս ունեմ՝ կհավանի:

Երբևէ փորձել եք գրել հայերեն:

Միայն ավագ դպրոցում, սակայն երբեք հայերեն պատմվածքներ չեմ գրել: Այն գեղեցիկ, պոետիկ ու շատ մարտահրավերներ նետող լեզու է, և քանի որ պապս այդքան լավ կարողացել է ստեղծագործել հայերենով, իմ կարծիքով ավելի լավ է ես մեկ այլ լեզվով գրեմ:

Իսկ Հայաստանում երբևէ եղել եք:

Դեռ ոչ: Ես ու կինս սպասում ենք, որ մեր երեխաները մեծանան, որպեսզի հասկանան ու գնահատեն տեսածը: Ինքս շատ եմ ուզում տեսնել Վանը. այնտեղ է պապս ծնվել: Այնտեղ է 14 տարեկանում զենք վերցրել ու փորձել պաշտպանել իր տունը: Կարծում եմ բավականին էմոցիոնալ ճանապարհորդություն կունենանք:

Ուզում եմ տեսնել Վանը 

Ի՞նչ խոհուրդ կտաք սկսնակ հեղինակներին:

Սովորեք գրելու արվեստը. գրքեր կարդացեք, այլ հեղինակների հետ խոսեք, սեմինարների գնացեք: Կարդացեք տարբեր ժանրի գրքեր, ամեն օր գրեք՝ 100 բառ, 1000 բառ, 10.000 բառ, կամ նույնիսկ 10 բառ: Միայն փորձն է մեզ ավելի հմուտ դարձնում: Երբեք վստահ մի եղեք, որ շատ լավ եք գրում, անընդհատ փորձեք ավելին սովորել: Գրողները հավատացած են, որ աշխարհին իրենց պատմությունները պատմելու առաքելություն ունեն, և եթե դու էլ այդպիսի զգացողություն ունես, ուրեմն սա քոնն է. սովորիր պատմել այդ պատմությունը:

Ինչ-որ բան կցանկանա՞ք ասել ձեր ընթերցողներին:

Շնորհակալ եմ: Շնորհակալ եմ գրքերս կարդալու ու ինձ գրելու համար: Շնորհակալ եմ, որ ավելի շատ պատմությունների եք սպասում ինձանից: Չեք պատկերացնի, թե որքան ոգևորող է դա:  Ինձ համար պատիվ է այն փաստը, որ ծախսում եք ձեր ժամանակն ու գումարն ինձ հետ «ճանապարհորդության» գալու համար: Շնորհակալություն:

Զրուցեց՝ Մելանի Սարգսյան 


Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Բուքենհեմյան պալատը նոր բանաստեղծ ունի

Բրոդսկին ասել է… [մաս 2]

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Շառլ Բոդլերն ասել է…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Հայտնի գրքերի 5 հայկական էկրանավորում

Կհրապարակվեն Սելինջերի չհրապարակված գործերը

Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

QUIZ. Գուշակիր՝ ո՞ր հայ հեղինակի գործն է

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…