Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ռուփի Քոուր՝ «Մեղր ու կաթ» - VNews

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ռուփի Քոուր՝ «Մեղր ու կաթ»

Ռուփի Քոուր՝ «Honey and Milk» | «Մեղր ու կաթ»

ուզում եմ ներողություն խնդրել այն բոլոր կանանցից,

ում սկզբում անվանել եմ գեղեցիկ, 

ապա նոր խելացի կամ խիզախ:

ներողություն եմ խնդրում, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել,

որ այդպիսի հասարակ բանը, ինչն ի ծնե է տրվել ձեզ, 

ամենամեծ բանն է, որով կարող եք հպարտանալ, 

մինչդեռ ձեր ոգին սարեր է ոտքի տակ տվել: 

այսուհետ ես ձեզ կասեմ այնպիսի բաներ, ինչպիսիք են 

դու առաձգական ես, կամ դու յուրահատուկ ես:

սա այն պատճառով չէ, որ կարծում եմ՝ գեղեցիկ չեք, 

այլ նրա համար, որ դուք ավելին եք, քան դա: 

***

թո՛ղ, 

թո՛ղ, որ հեռանան, 

թո՛ղ, որ լինի այն, ինչ լինում է, 

ոչինչ 

այս աշխարհում 

քեզ միևնույն է 

չէր խոստացվել 

կամ պատկանել:

դու միայն ինքդ քեզ ունես: 

***

դու ասում ես, որ լռեմ, քանի որ

իմ կարծիքն ինձ տգեղ է դարձնում, 

բայց ես չեմ ծնվել կրակն իմ ներսում, 

որ կարողանան ինձ հանգցնել, 

ես չեմ ծնվել քաղցր լեզվով, 

որպեսզի կարողանան ասածներս հեշտորեն կուլ տալ, 

իմ մի մասը ծանր ածելիից է, մյուսը՝ մետաքսից, 

ինձ դժվար է մոռանալն ու բարդ մտքերս հասկանալը: 

***

«ի՞նչ եմ ես նշանակում քեզ համար» հարցնում է նա, 

ես դնում եմ ձեռքերս նրա ծնկներին ու շշնջում՝

«դու այն բոլոր հույսերն ես, 

որ երբևէ ունեցել ես՝ անձնավորված ու մարդու տեսքով»: 

***

ես չեմ ուզում կողքիս լինես, 

որպեսզի լրացնես իմ դատարկությունը:

ես ուզում եմ ամբողջական լինել ինքս ինձնով,

ես ուզում եմ այնքան ամբողջական լինել, որ

կարողանամ մի ողջ քաղաք լուսավորել:

և միայն հետո ուզում եմ, որ կողքիս լինես, 

քանի որ երկուսս միավորվելով 

կարող ենք այդ քաղաքը կրակի մատնել: 

***

չգիտեմ՝ ինչ է նշանակում հավասարակշռված 

կյանքով ապրելը:

երբ տխրում եմ, 

լաց չեմ լինում, ես հոսում եմ:

երբ երջանիկ եմ, 

չեմ ժպտում, ես շողում եմ: 

երբ բարկացած եմ, 

չեմ բղավում, ես այրվում եմ: 

չափազանց շատ բան զգալու 

լավ կողմն այն է, 

որ երբ սիրում եմ, ես նրանց թևեր եմ տալիս, 

բայց գուցե դա այդքան էլ լավ բան չէ, 

քանի որ նրանք բոլորն էլ սովորաբար հեռանում են, 

և պետք է տեսնես ինձ, երբ սիրտս կոտրված է լինում, 

ես չեմ սգում, 

ես փշրվում եմ: 

***

գուցե ամենատխուր մարդիկ նրանք են, 

ովքեր ապրում են՝ սպասելով մեկին, 

որը վստահ չեն, որ գոյություն ունի: 

***

կարծո՞ւմ էիր ես մեծ քաղաք էի, 

որտեղ կարող էիր հանգստյան օրերդ անցկացնել:

ես այդ քաղաքը շրջապատող փոքր քաղաքն եմ, 

այն մեկը, որի մասին չես լսել, 

բայց միշտ անցել ես կողքով: 

այստեղ չկան նեոնային լույսեր, 

երկնաքերեր կամ արձաններ, 

բայց կա կայծակ, որովհետև ես ստիպում եմ 

կամուրջներին դողալ, 

ես փողոցում հանդիպող ուտելիք չեմ, 

ես տանը պատրաստված ջեմ եմ, 

այնքան քաղցր, որ կարող եմ դառնալ

ամենաքաղցր բանը որին շուրթերդ երբևէ դիպչել են: 

ես ոստիկանական ազդանշան չեմ, 

ես բուխարու ածուխն եմ: 

ես կարող եմ այրել քեզ, 

և դու միևնույն է չես կարողանա աչք կտրել ինձնից,

քանի որ ես այնքան գեղեցիկ կլինեմ դա անելիս, 

որ դու կկարմրես:  

ես հյուրանոցային սենյակ չեմ, ես տուն եմ, 

ես ուզածդ վիսկին չեմ, ես ջուրն եմ, որի կարիքն ունես:

մի՛ արի այս քաղաք սպասելիքներով լի

և մի՛ փորձիր ինձ դարձնել արձակուրդ: 

Թարգմանությունը` VNews

Երիտասարդ հեղինակ Ռուփի Քոուրի պոեմների այս հավաքածուն՝ «Մեղր ու կաթ»-ը հրատարակվել է 2014թ.-ին և 77 շաբաթ շարունակ մնացել New York Times-ի բեսթսելերների ցանկում: Հեղինակի ինքնա-հրատարակած այս գրքում ընդգրկված ստեղծագործությունները բռնության, սիրո, կորստի ու սեփական եսդ գտնելու մասին է: Այստեղ կարող եք գտնել նաև յուրաքանչյուր ստեղծագործությանը համապատասխանող իլուստրացիաներ, որոնք հենց ինքը՝ հեղինակն է նկարել: Հավաքածուն թարգմանվել է 25 լեզվով: 


Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

Վահագն Դավթյան [պոեզիա բոլորիս մասին, բոլորիս համար]

17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

«Դուք նկատե՞լ եք»… Մհեր Արշակյան

Ժամանակակից պոետները՝ հայրենիքի մասին, հայրենիքի համար

Խիստ ժամանակակից. խոհեր/տողեր Սաթեն Գրիգորյանից

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Գարնան պոեզիա…

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Ավ․ Իսահակյան [սիրային պոեզիա․ անուշ, քնքուշ]

Համո Սահյան [սիրային]

«Քյուրքչյան» հրատարակչություն