Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները - VNews

Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Ինձ համար արվեստի բոլոր ճյուղերը փոխկապակցված են՝ երաժշտությունը, պլաստիկան, մնջախաղը, թատրոնը, կինոն, պոեզիան.  այն ամենն, ինչում կա շարժում, դինամիկա, կամ ինչին նայելիս քո մեջ ինչ-որ բան է շարժվում, քեզ ինչ-որ ուրիշ տեղ է տանում։

Այստեղ՝ վերևում Կոմիտասի աշխատանքային երգերից մեկն է՝ «Գութանը հաց եմ բերում», ներքևում գյուղն է. այստեղ տաք արևն է, որն արդեն մայր է մտել…

Հաճախ եմ անդրադառնում սրբապատկերներին, որովհետև հավատքով մարդ եմ, շատ անձնական եմ համարում այդ տարածքը իմ կյանքում։ Ինձ մոտ կուտակվել էին նկարների բազմաթիվ շրջանակներ, որոնք էլ հումք հանդիսացան թագերը պատկերելու համար։ Գիտե՞ք, կարևոր է էմոցիան, հույզն ու ապրումը փոխանցել, իսկ նյութը երկրորդական է, կարելի է անպիտան իրերը վերամշակել ու երկրորդ կյանք տալ դրանց։

Եթե ուշադիր նայենք այս ճնճղուկին, կարող ենք տեսնել, որ այն պատկերված է շախմատի քարերով։ Վերջիններս շատ հին են, կեսն արդեն իսկ կոտրված էին ու ենթակա չէին վերանորոգման։ Այսպիսով, դրանք երկրորդ կյանք ստացան։

Արհեստանոցում, որը վարձակալել էի, մի պապիկ էր ապրում. նախկինում նա ակորդեոններ է վերանորոգել ու իր տանը պահպանվել են հին, անպիտան ակորդեոնների մասեր։ Այստեղ իմ քաղաքն է՝ Երևանը, որն աշխարհի չափ սիրում եմ,  ու այն ամբողջությամբ ակորդեոնի միջուկից է։

Ինչպես արդեն նշեցի, ինձ համար առավել կարևոր է հույզը, քան՝ նյութը։ ՈՒ նաև կարևոր է օգնել բնությանը՝ օգտագործելով այնտեսակ նյութեր, որոնք անմարսելի են վերջինիս համար։ Աղջիկների հաճախ եմ պատկերում, նրանցից շատերը հենց կարմրամազ են։ Նրանք ինձ համար տրամադրություն են, կարող եմ նրանցից յուրաքանչյուրի մեջ ինձ գտնել՝ հենց փոխանցած հույզի ու էմոցիայի մեջ։ Առհասարակ, բոլոր պատկերներս եռաչափ են, սա՝ նույնպես։ Աղջկա մազերն ամբողջությամբ հին, ժանգոտած գալարաձև մետաղալարերերից է։

Կրկին հոգևոր թեմատիկայով գործ է, օգտագործել եմ հին շրջանակներ ու բանալիներ։ Այս գործը շատ թանկ է ինձ համար։

Այս գործը կրկին ակորդեոնի մասնիկներից է. պատկերել եմ վառված ամառային դաշտերը՝ չորացած ծաղիկներով։

Այս փոքր-փոքր աղջիկները անդադար կրկրնվում են իմ գործերում. սա այն դեռահասն է, այն փոքր մարդուկը, որը կա յուրաքանչյուրիս մեջ, որը մի քիչ աշխարհից խռոված է, որը անսահման անձնական ու թանկ է։ Սա ավելի գրաֆիկական գործ է, որտեղ միայն փուչիկներն են պլաստիկից։

Ձկների պատկերները նույնպես շատ են հանդիպում իմ գործերում։ Սա իմ ամենասիրելիներից մեկն է։ Ամբողջը մետաղյա թիթեղներից է։ Ես նրան պատկերել եմ, որպես մարդ, որին կյանքը բզկտել է, կերել է, ուրիշ ձկներն են կերել, իսկ նա ասում է՝ «ես դեռ ողջ եմ», «ես դեռ կամ»։

Այս կոլաժը մի շարքից է, որտեղ աշխատել եմ ապակու վրա։ Մասնավորապես այս դեպքում օգտագործել եմ ապակի և մետաղ։ Իմ ձկնիկներից մեկն է, որը պատին կախված՝ կարծես օդում լինի։ Իսկ շրջանակի մի մասը չկա, ինչն էլ «ազատության» խորհրդանիշն է։


Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Անահիտ Կիրակոսյանը

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Իննա Խոջամիրյանը

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Նարեկ Մարգարյանը

Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ

Դիալոգ. Ծով alizé Բանուչյանի հետ

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Չաթ անե՞նք Էվա Ոսկանյանի հետ [երաշտության ու Երևանի մասին]

Գոռ Սուջյան. Does God Listen…

Ուզում եմ նորից ծանոթանալ Հայաստանի հետ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Ժակլին Բաղդասարյանի հետ [LADANIVA]

Իմ դեղին, մի քիչ հեթանոսական ու գյումրիաշատ կոլաժները. Կրիստինա Ավագի

«Իմ 5 աստղային լուսանկարներն ու դրանց պատմությունները». Ասատուր Եսայանց

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Մի երկու միտք կարանտինի մասին. Սամվել Թոփալյան