Զրուցել ենք Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանի հետ - VNews

Զրուցել ենք Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանի հետ

Անի Մինասյանը, որը վերջերս ստանձնել էր Արցախի հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը, սեպտեմբերի 26-ին՝ Արցախ տեղափոխվելուց հետո առաջին անգամ, Երևանում էր: Մանրամասնում է.

«Սեպտեմբերի 26-ը՝ Արցախ տեղափոխվելուցս հետո առաջին շաբաթն էր, որ որոշեցի ու կարողացա Երևան գնալ՝ ծնունդի։ Նախատեսել էի՝ մեկ օրով։ Նախատեսել էի սեպտեմբերի 27-ի ցերեկը Երևանից դուրս գալ։ Առավոտյան 7 անց էր Ստեփանակերտից աշխատակիցներիցս զանգեցին.

«Անի՛, կռիվ ա սկսվել, խփում են Ստեփանակերտին»։

Առաջին պայթյունը տեսել ու լսել եմ հեռվից՝ Երևանից՝ տեսագրություններով։ Ամսի 27-ի երեկոյան արդեն Ստեփանակերտում էի…

Հասանք ու կտրվեցինք աշխարհից՝ բառիս ուղիղ ու փոխաբերական իմաստով. հեռախոսային կապ չկար, չկար ինտերնետ, չկար ոչ մի բան, մի պահ լույս էլ չկար։ Կյանքումս առաջին անգամ զգացի, որ կապի բացակայությունը հնարավոր է և վտանգավոր լինի։ Գիշերը խաղաղ անցավ, անցկացրի տանը։ Ու դրան հաջորդող երկու գիշերները։

Հետո սկսվեցին քաղաքի վրա հարվածները»։

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք արցախցու համար այդ ռմբակոծությունների ձայներն ինչ-որ չափով «սովորական» էին դարձել՝ պատերազմական տարիների բերումով…

«Իմ տեսած արցախցիների մեծ մասը հիմա Երևանում են. կանայք երեխաներին են տարել ու մնացել։ Տղամարդիկ էստեղ են, ու տարեցները, հիմնականում։ Երիտասարդները քիչ են։ Մարդիկ տարբեր են, տարբեր են արձագանքում մահվանը, մահվան վտանգին։ Իմ շրջապատում, որն էս պահին փոքր չէ, ամենաքիչը վախեցողը ես եմ։ Բայց ես ոչ արցախցի եմ, ոչ էլ «սովորական» էին ինձ համար այս ձայները:

Ապաստարան տեղափոխվեցի պատերազմի 7-րդ օրը, արդեն 5-րդ օրն է ապաստարանից ապաստարան ենք գնում՝ աշխատանքի ապաստարան, տան ապաստարան, ընկերների ապաստարան»…

Հարցին, թե ինչ տրամադրություններ են ապաստարաններում, Անին պատասխանեց՝ ներկայացնելով երկու փոքրիկ բայց խոսուն դրվագ՝ «պադվալակիցների առօրյայից»…

««Հարգելի՛ պադվալակիցներ»,- Իզաբելն ասում է արդեն չգիտեմ որերորդ անգամ ու չի թողնում, որ աջձախ անենք: Էստեղ իրար դիմում ենք հարգելի պադվալակիցներով, որովհետև մեր՝ իրարից տարբեր ու հեռու կյանքերը, էս նեղ պադվալի չափով միանում են: Հենց ձայները լսվում են, սովորաբար սկսում ենք բարձր երգել: Սովորական մարդկանց, սովորական բնազդ. չես ուզում երբեք մահվանը հանդիպել:

Կանք: Ու լավ ենք: Հիմա խոսում ենք՝ պատմությունից, սեղանին՝ գարեջուր»:

***

«Հիմա իմ հարգելի պադվալակիցների շարքում իտալացիներ կան՝ լրագրող ու լուսանկարիչ:

Երկար-երկար խոսելուց հետո, ասում եմ. «Շատ սուբյեկտիվ էր խոսքս, գիտեմ, գիտեմ նաև, որ ոչ պրոֆեսիոնալ պահվածք եմ ունենում երբեմն, բայց ես մի մասն եմ էս պատերազմի, ու երբ ամեն վայրկյան զգում ես, որ վերջինը կլինի, օբյեկտիվության մասին չես մտածում: Ապրել ես ուզում»:Լսեցին: Չպատասխանեցին: Ես աշխատում էի էդ ընթացքում: Մեկ էլ. «Ձեր ընկերներից հիմա սահմանում կա՞ն»,-շատ ցածր ձայնով ինձ հարցնում են, երբ տեսան, որ Իզաբելը Արմինեի Երվանդի մահվան լուրը աչքերը լցրած ինձ հասցրեց: «Չկա մեկը, որ սահմանին ծանոթ չունենա, հասկանո՞ւմ ենք, մենք մերոնց հատ-հատ գիտեք, իրենք չգիտեն, ու դրա համար մենք տարբեր ենք, մեր կռիվը տարբեր է»,- ասում եմ ու մտածում Սաշայի մասին, որ ընկերներիցս ամենավիրավորն ա, ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոցում հիմա, անգիտակից, ասում եմ ու մտածում պարոն Հաջյանի մահացած երկրորդ տղայի մասին, մեկին Ապրիլյանին էր կորցրել, ասում եմ ու մտածում տնօրենիս մասին, որ սահմանին հիմա կռիվ ա տալիս, հեռու-հեռու, ուժեղ-ուժեղ կռիվ, ասում եմ ու մտածում Լևոնի մասին, որ պատերազմի առաջին օրվանից լուր չունենք:Չկա լուր:

Մենք բոլորին գիտենք դեմք-դեմք, ձայն-ձայն, ժպիտ-ժպիտ:

Էլի մի քանի րոպե մենակ տագնապի ձայներ էին, ու գըմփ-գըմփ-գըմփ… «Էս ֆոտոպատմության անունը պարզ ա. «Պատերազմի հայկական ռազմաճակատը. նրանք ուզում են ապրել»»,-իրար մեջ խոսում են հայերին շատ նման էս իտալացիները: Հետո ավելի ուժեղ ձայն: Շատ ուժեղ: Մարտան եկավ, նստեց կողքիս: Լույսերն անջատեցին: Սկսեց լաց լինել: Ձայներից չէ, վախից էլ չէ. իմ՝ պատերազմի հանդեպ անտարբերությունից: Ինքն ասաց, որ դրանից: Որովհետև քարի պես, քար դեմքով նստել եմ: Լացն էլ խնայել ա պետք: Չեն լացում պատերազմում: Ես ապրում եմ՝ իմանալով պատերազմը մի առաստաղ բարձրությամբ: Մոտ, հստակ, բարձր: Գըմփ: Նորից: Պատերազմը ձայնի մասին ա: Կյանքը՝ մի քանի անգամ ավելի բարձր: Սկսում ենք երգել «Գինի լից»-ը, հետո անցնում «Բելլա չաո»-ին՝ հայ-իտալական էս պադվալում:

Արցախ, Հայաստան/ 2020-10-07»

 

լուսանկարը՝ Արեգ Բալայանի

 

 

 


Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան

Տիգրանակերտ…

Արցախցի երեխաների խաղաղության թռչունները