Անտոնիո Լուչիո Վիվալդի - VNews

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Մի շարք աղբյուրներ վկայում են, որ 1678 թվականի մարտի 4-ին Վենետիկում երկրաշարժ է տեղի ունեցել: Կինը, որը պատրաստվում էր ծննդաբերել այդ օրը, ուխտ է անում, որ եթե երեխան առողջ ծնվի, ապա նրան հետագայում կուղղորդի Աստծո ծառայությանը:

Ծնվում է տղա, շատ տկար: Բժիշկները խորհուրդ են տալիս ծնողներին հնարավորինս շուտ նրան կնքել, քանի որ վստահ էին, որ փոքրիկը չի կարողանա պայքարել մահվան դեմ: Սակայն, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, երեխային հաջողվում է ողջ մնալ:

Անտոնիո Լուչիո Վիվալդի, մարդ որն ապրեց իր ժամանակների համար երկար կյանք՝ 63 տարի, ստեղծեց արժեքավոր երաժշտություն, որը մինչ օրս հնչում է աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերից:

Անտոնիոն

Ծնվել է Ջիովաննի և Կամիլիա Վիվալդիների ընտանիքում: Հայրը հայտնի ջութակահար էր, նվագում էր տեղի եկեղեցում: Համատեղության կարգով հետաքրքրվում և զբաղվում էր վարսավիրությամբ: Սերը երաժշտության նկատմամբ Վիվալիդիի մոտ առաջացել է դեռ մանուկ հասակում, երբ հայրը նվագում էր եկեղեցում: Որդին էլ է բռնում նրան ուղին: Բայց սրա հետ մեկտեղ՝ նա կարծես թե կատարում է նաև մոր խոստումը. ուսումնասիրում է աստվածաբանություն և դառնում է Վենետիկի տեղի եկեղեցու քահանան: Սակայն թույլ առողջության՝ ասթմայի պատճառով, նրան չի հաջողվում երկար ժամանակ պատարագներ անցկացնել:

Ասում են, որ մի օր Վիվալդին կիսատ է թողել ժամերգությունը՝ հանկարծակի լքելով սրահը, քանի որ այդ պահին մտքում գտել է ստեղծագործություններից մեկի՝ ջութակի պարտիայի համար նոտաները: Այս դեպքը ճակատագրական է դառնում Վիվալդիի համար, և նրան արգելում են այլևս պատարագներ անցկացնել:

Արդեն իսկ 25 տարեկանում

Երիտասարդ Վիվալդին դասավանդում է վենետիկյան կոնսերվատորիայում: 1723-1724 թվականներին Վիվալդին ստեղծում է իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Տարվա չորս եղանակները»: Ջութակի համար գրված այս գործը՝ նվիրված գարնանը, ձմռանը, ամռանը և աշնանը: Հատկանշական է, որ քննադատների կարծիքով «Տարվա չորս եղանակները» Վիվալդիի երաժշտական արվեստի գագաթնակետն է:

Այս ամենի հանճարեղությունը նրանում է, որ մարդկային ականջը պարզ տարբերում է մեղեդու հնչերանգների մեջ այս կամ այն եղանակին հատուկ երևույթները, որոնք նույնքան բնական փոխանցվել են նոտաների միջոցով:

Առաջին համերգի ժամանակ Վիվալդին անձամբ է նվագել ջութակի պարտիան: Ի դեպ, «Տարվա չորս եղանակներ»-ից յուրաքանչյուրը բաղկացած է երեք մասից: Ենթադրություններ կան, որ Վիվալդին է նաև այս ստեղծագործության համար գրված բանաստեղծությունների հեղինակը:

Իր կյանքի ողջ ընթացքում Վիվալդին սիրված ու ճանաչված էր. նրա տաղանդի մեծ երկրպագու էր Ավստրիայի կայսեր Կառլ 6-րդը, որի հրավերով էլ Վիվալդին տեղափոխվում է Վիեննա: Սակայն կայսեր մահվան պատճառով նա մոռացության է մատնվում և ստիպված է լինում գրոշներով վաճառել իր երաժշտությունը, որ օրվա հաց վաստակի:

Ինչպես և Մոցարտը՝ Վիվալդին նույնպես կվախճանվի ամբողջովին չքավորության մեջ: Դա տեղի կունենա 1741 թ. հուլիսի 27-ին: Մահից հետո նրա չնչին կարողությունը կհատկացվի պարտքերի մարմանը: Իսկ որպես գերեզման՝ նա կարժանանա աղքատների համար նախատեսված գերեզմանատանը:

ԱՆՆԱ…

Վիվալդիի անձնական կյանքից շատ տեղեկություններ չկան, քանի որ նա ընդունվելով աստվածանաբության բաժին և իրեն նվիրելով եկեղեցուն՝ կուսակրոն քահանա էր դարձել: Սակայն լուրեր էին պտտվում, որ նա սիրային հարաբերությունների  մեջ էր կոնսերվատորիայի իր ուսանողուհիներից մեկի՝ Աննա Ժիրոյի հետ: Աննան հայտնի օպերային երգչուհի էր, իսկ Վիվալդին ջանք չէր խնայում և նրա համար արիաներ էր գրում: Նրանք հաճախ էին շրջագայում միասին: Աննան ինչ-որ չափով դարձել էր կոմպոզիտորի օգնականն ու նրան խնամողը, քանի որ կյանքի վերջին տարիներին Վիավալդին դժվար էր տեղաշարժվում:

Հոգևոր հայրերը այս կապը մեղք համարեցին և 1738 թվականի կապզմակերպված պարահանդեսին արգելեցին մասնակցել Վիվալդիին: Ավելին՝ նրանց քաղաքի դարպասներից ներս չթողեցին անցնել և կոմպոզիտորի մեղսավոր կապերի համար նույնիսկ պատարագ մատուցեցին…

Ահա այսպիսին էր բոլոր ժամանակների ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի կյանքը… Պարզ, բարդ, անարդար, բայց միևնույն ժամանակ հիշարժան…

Կարդացեք նաև՝


Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

Միասին Հանուն Երաժշտության

Օրվա մեղեդի

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

Աշխարհի բժիշկները կամ արտակարգ մարդիկ… [ֆոտոշարք]

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…