Անտուան դը Սենտ-Էքզյուպերի` «Գիշերային թռիչք». Հատված - VNews

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի` «Գիշերային թռիչք». Հատված

Ռոբինոն հանեց նրան իր մենությունից.

-Պարո՛ն տնօրեն, մտքովս անցավ… գուցե կարելի է փորձել…

Ռոբինոն ոչ մի առաջարկ չուներ, բայց ուզում էր վկայել իր պատրաստակամության մասին: Այնքան կուզեր ինչ-որ լուծում գտնել ու փնտրում էր այդ ելքը՝ գլուխկոտրուկի պատասխանի պես: Միշտ էլ գտնում էր լուծումներ, բայց Ռիվիերն իրեն երբեք չէր լսում. «Հասկանո՞ւմ եք, Ռոբինո՛, կյանքում լուծում չկա: Կան շարժուն ուժեր. ընդամենը պետք է արթնացնել դրանք, ու լուծումները կհետևեն»: Ու դրանով էր սահմանափակվում Ռոբինոյի դերը. արթնացնել այդ շարժուն ուժը մեխանիկների անձնակազմի մեջ: Համեստ մի ուժ, որ պտուտակի կունդերը փրկում էր ժանգոտվելուց:

Բայց գիշերվա դեպքերից հետո Ռոբինոն իրեն զինաթափ էր զգում: Տեսուչի՝ իր պաշտոնը ոչ մի իշխանություն չուներ ո՛չ ամպրոպի վրա, ո՛չ էլ ուրվականային այն անձնակազմի, որն այդուհետ պայքարում էր ոչ թե հանուն ինչ-որ պարգևատրման, այլ ընդամենը փորձում էր խուսափել այն միակ պատժամիջոցից, որն ի չիք էր անում Ռոբինոյի բոլոր հրամանները. ընդամենը խուսափել մահվանից:

Եվ այլևս անօգուտ՝ Ռոբինոն անգործ թափառում էր աշխատակազմի գրասենյակներով:

Հայտնեցին, որ Ֆաբիենի կինն այդտեղ է: Անհանգիստ սրտով քարտուղարների սենյակում սպասում էր, որ Ռիվիերն իրեն ընդունի: Քարտուղարները թաքուն հայացքներ էին գցում կնոջ դեմքին: Կինը մի տեսակ ամաչում էր դրանից ու երկյուղած իր շուրջն էր նայում. այդտեղ ամեն ինչ մերժում էր իր ներկայությունը: Այդ մարդիկ, որ հանգիստ շարունակում էին աշխատանքը՝ ասես ինչ-որ մեկի մարմինը տրորելիս, այդ թղթապանակները, որոնցում մարդկային կյանքից, մարդկային տառապանքից չոր թվերի այդ կմախքներն էին մնում սոսկ: Կինը նշաններ էր փնտրում, որոնք կվկայեին Ֆաբիենի մասին: Տանն ամեն ինչ նրա բացակայությունն էր մատնում. չհարդարած անկողինը, իր մատուցած սուրճը, ծաղկեփունջը… Բայց ոչ մի նշան չէր գտնում: Այստեղ ամեն ինչ դեմ էր խղճահարությանը, ընկերությանը, հիշողությանը: Եվ որովհետև ոչ ոք իր ներկայությամբ ձայնը չէր բարձրացնում, կնոջ լսած միակ խոսքն իր տեղեկանքը պահանջող աշխատակիցներից մեկի հայհոյանքն էր. «…Սանտոս առաքվող մեքենաների տեղեկանքը, գրո՜ղը տանի…»: Կինը հայացքը բարձրացրեց՝ անսահման զարմանքի արտահայտությամբ նայելով այդ մարդուն: Ապա աչքերը դարձրեց պատին, որի վրա մի քարտեզ էր փակցված: Շուրթերը հազիվ նկատելի դողում էին:

Կինը կաշկանդված գլխի էր ընկնում, որ ինքն այդտեղ թշնամական մի ճշմարտություն է արտահայտում, ափսոսում էր գրեթե, որ եկել է, կուզեր թաքնվել ու մի կերպ զսպում էր իրեն, որ չհազա, լաց չլինի՝ վախենալով, որ այդպիսով բոլորի ուշադրությունն իր վրա կբևեռի: Բացահայտում էր, որ իր ներկայությունն այդտեղ արտառոց է, անպատեհ, ասես մերկ լիներ: Բայց կնոջ ճշմարտությունն այնքան հզոր էր, որ թռուցիկ հայացքները նրա կողմն էին դառնում՝ թաքուն, անձանձիր՝ դեմքի վրա այդ ճշմարտությունը կարդալու:

Կինը շատ գեղեցիկ էր: Նա օգնում էր այդ մարդկանց երջանկության սրբազան աշխարհը բացահայտել: Օգնում էր բացահայտել, թե ամեն անգամ գործելիս ինչ փառահեղ նյութի են դիպչում: Այդ բոլոր հայացքների ճնշման տակ կինը փակեց աչքերը: Նա ցույց էր տալիս այդ մարդկանց, թե ինչպիսի խաղաղություն է հնարավոր ոչնչացնել՝ առանց այդ գիտակցելու:

Ռիվիերն ընդունեց նրան:

Կինը երկչոտ քայլերով եկել էր իր ծաղիկների, իր մատուցած սուրճի, իր մատաղ մարմնի դատը պաշտպանելու: Առանձնասենյակում, որտեղ է՛լ ավելի սառն էր, նրա շուրթերի թեթև դողը վերսկսվեց: Հայտնվելով այդ մյուս, օտար աշխարհում՝ կինը նույնպես իր ճշմարտությունն էր հայտնագործում, իր անարտահայտելի ճշմարտությունը: Իր ներսում ապրող ողջ նվիրումը, ողջ սերը, որն այնքա՜ն կրակոտ էր, գրեթե վայրի, այդ աշխատասենյակում թվում էին անպատեհ, եսասիրական: Կուզեր փախչել.

-Երևի խանգարում եմ Ձեզ…

-Տիկի՛ն,-ասաց Ռիվիերը,- Դուք ինձ չեք խանգարում: Դժբախտաբար, լավագույն բանը, որ ես և Դուք կարող ենք անել, տիկի՛ն, սպասելն է:

Կինը հազիվ նկատելի թոթվեց ուսերը, և Ռիվիերը հասկացավ այդ շարժումի իմաստը. «Ի՞նչ իմաստ ունեն վառվող լապտերը, պատրաստածս ընթրիքն ու ծաղիկները, որ սպասում են ինձ այնտեղ…»: Երիտասարդ մի մայր մի օր խոստովանել էր Ռիվիերին. «Ես դեռ չեմ ընկալել… որդուս մահը: Ամենից ծանրն աննշան բաներն են. նրա շորերը, որ տեսնում եմ նորից, ու այն քնքշանքը… գիշերով, երբ արթնանում եմ քնից, քնքշանք, որ, միևնույն է, բարձրանում է ներսում՝ այլևս անօգուտ դարձած մայրական կաթի պես…»:

Այդ կնոջ համար նույնպես Ֆաբիենի մահը վաղն էր սկսվելու, այլևս ապարդյուն դարձած յուրաքանչյուր առարկայի, յուրաքանչյուր գործողության հետ: Ֆաբիենը դանդաղ կլքեր տունը: Ռիվիերը լռում էր՝ թաքցնելով իր զգացած խոր խղճահարությունը:

-Տիկի՛ն…

Երիտասարդ կինը հեռացավ՝ գրեթե խոնարհ մի ժպիտով, չգիտակցելով իր ունեցած իշխանությունը:

Ռիվիերը նստեց՝ փոքր-ինչ ծանրացած:

«Բայց այդ կինն ինձ օգնեց բացահայտել այն, ինչ ես փնտրում էի…»:

Ցրված՝ հյուսիսային կայանների պաշտպանությանը վերաբերող հեռագրերն էր տպում: Ու շարունակում էր մտածել. «Մեր ուզածը հավերժությունը չէ, պարզապես մենք չենք ուզում տեսնել՝ ինչպես են մեր աչքի առջև իմաստազրկվում գործողություններն ու երևույթները: Հենց այդ ժամանակ է գլուխ բարձրացնում մեզ շրջապատող դատարկությունը…»:

Հեղինակային իրավունքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության
Հատվածները բացառիկ իրավունքով տրվել են VNews Culture-ին՝ կայքում տեղադրելու համար
Հատվածների պատճենահանումն ու տարածումը խստիվ արգելվում է


Տաղանդի մութ կողմերը. Էքզյուպերի, Վուլֆ և Սելինջեր

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

«Փոքրիկ իշխանը». Արտասովոր ֆոտոնախագիծ LEGO կոնստրուկտորներով

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ քայլերի արվեստը

Ի՞նչ կարդալ ամռանը. խորհուրդ է տալիս Գրքամոլը

Փոքրիկ իշխանն ասում է…

Սենտ-Էքզյուպերի. Մարդկանց երկիր. հատված վեպից

Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ

Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ

Անտուն դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության մասին