ԱՆՈՒՇ ԲԵՐԴ [Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…] - VNews

ԱՆՈՒՇ ԲԵՐԴ [Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…]

անուշ - ԱՆՈՒՇ ԲԵՐԴ [Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…]

ԱՆՈՒՇ ԲԵՐԴ

Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…

Եկբատանից դեպի Տիզբոն տանող ճանապարհի մի կողմում բարձրանում է մի սեպաձև քարաժայռ: Նրա լայն, վիմային ստորոտը բռնում է բավական ընդարձակ տարածություն, որի վրա, որպես մի հաստահիմն պատվանդանի վրա, բնությունը դրել է հիշյալ քարաժայռը: Մի ափ հող անգամ անկարելի է գտնել նրա լերկ, ապառաժային մակերևույթի վրա: Մի հատ բույս անգամ չէ բուսնում նրա ամուր, քարեղեն կողքերի վրա: Հարավային բոցակեզ արեգակը այրել, թրծել է նրան, որպես մի անոթ, որ դրած է բրուտի մշտավառ քուրայի մեջ:

Այդպես էր այդ քարաժայռը դարերով, անհիշելի շատ դարերով առաջ:

Եղավ որ, մի անգամ բրիչը ուսին դրած, այդ լեռան ստորոտով անցնում էր Ֆարհադը` Պարսկաստանի մեծ քանդակագործը: Հանկարծ փողերի խառնաձայն հնչյուններ արթնացրին նրան յուր խորին մտահուզությունից, որի մեջ ընկղմված էր այդ րոպեում: Նա կանգ առեց: Երևացին որսորդական բարակներ, երևացին բազեակիր ձիավորներ, և ուրախ, անհոգ ասպախումբը փոթորկի նման հայտնվեցավ, և փոթորկի նման անցավ նրա մոտով…

Մեկի պատկերի աղոտ ստվերագիծը մնաց նրա սրտում…

Այդ պատ կերր խլեց նրա հանգստությունը: Ամեն անգամ, նույն օրը, նույն ժամին, նա կանգնած էր լինում այդ ճանապարհի վրա: Սպասում էր, յուր հոգու ամենաքաղցր զգացմունքներով սպասում էր, մինչև հայտնվում էր սիրելի պատկերը և, մի թեթև հայացք ձգելով նրա վրա, կայծակի նման անցնում էր:

Նա կորցրեց յուր սրտի խաղաղությունը, թողեց արհեստը, թողեց ճարտարությունը և սկսեց խելագարի նման թափառել այդ լեռների ամայության մեջ:

Անցան օրեր, անցան շաբաթներ, անցան ամիսներ,.. Մի անգամ նստած էր նա և դարձյալ սպասում էր: Հայտնվեցավ նա: Բայց այս անգամ ոչ որսորդական բարակներ կային նրա հետ և ոչ բազեակիր ասպետներ: Միայնակ էր նա, մի խումբ նաժիշտների հետ: Ձին քշեց, մոտեցավ Ֆարհադին:

— Ողջու՛յն քեզ, ո՜վ մեծ վարպետ, — ասաց նրան: — Ի՞նչն է կապել քեզ այդ լեռների, այդ անապատների ամայության հետ: Ես քեզ միշտ այստեղ եմ տեսնում…

— Այն բախտավորությունը, — պատասխանեց Ֆարհադը, — որ երբեմն մի աննման պատկեր լուսավորում է այդ անապատների ամայությունը:

— Միթե այդքան վա՞ռ է քո մեջ սերը… — հարցրեց նա ժպտալով:

— Ո՞վ չի սիրի նրան, որ անմահների մեջ յուր հավասարը չունի… Ո՞վ չի սիրի նրան, որի շունչը կյանք է բաշխում, որի մի հայացքը պարգևում է հավիտենական երջանկություն…Միթե դու կարծո՞ւմ ես, որ միշտ քարի և քերիչի հետ գբաղված արհեստավորի սիրտը այն աստիճան քարացած է, որ գեղեցկության համար տեղ չունի:

— Այդ ես չեմ կարծում: Նա, որ անձև քարին ձև և կյանք է տալիս, նա, որ սառն մարմարիոնից ստեղծագործում է գեղեցկության տիպարներ, ինքը չի կարող չսիրել գեղեցկությունը: Բայց լսի՜ր, վարպետ, արյաց արքայադստեր սիրտը գրավելու համար մե՛ծ զոհեր են հարկավոր…

— Այդ ես գիտեմ…մեծ աստվածուհիները մեծ զոհեր են պահանջում…

— Ես անկարելին չեմ պահանջի քեզանից. ես միայն պետք է փորձեմ քո սերը: Նայի՜ր, Ֆարհադ, տեսնո՞ւմ ես այդ ապառաժը, — նա ձեռքը տարավ դեպի սեպաձև քարաժայռը, — դու պետք է այդ ապառաժից ինձ համար ապարանքներ հրաշակերտես, որ ես նրանց բարձրությունից նայեմ և սքանչանամ, թե ի՜նչպես Տիգրիսը արծաթափայլ պտույտներով գծում է Ասորեստանի գեղեցիկ դաշտավայրերը, կամ ի՜նչպես մեղմ հողմի շնչելուց ծածանվում են Բաղիստանի բարձրադիտակ արմավենիները: Եվ ապառաժի սրտում պետք է իմ գանձերի համար մթերանոցներ փորես, իսկ նրա ստորոտում` իմ նժույգների համար օթևաններ: Երբ այդ բոլորը պատրաստ կլինի, այն ժամանակ ես քոնը կլինեմ…

Ասաց և հեռացավ:

Այն օրից անցան տարիներ, քարաժայռի անխորտակելի ամրության մեջ գործում էր անխոնջ վարպետի մուրճն ու քերիչը: Գիշեր և ցերեկ լսելի էր լինում ծանր հարվածների անլռելի ձայնը: Գործը հաջողությամբ առաջ էր գնում: Սերը ուժ էր տալիս մեծ արհեստավորի հանճարին, իսկ արյաց արքայադստեր գեղեցկությունը բորբոքում էր նրա եռանդը: Կերտեց սենյակներ, կերտեց դահլիճներ, կերտեց պատկերազարդ սրահներ և միակտուր քարից սքանչելի ապարանք ստեղծեց: Դահլիճների և սրահների պատերը կենդանացրեց բարձրաքանդակ նկարներով: Մի տեղ պատկերացրեց Իրանի հին հսկաների և փեհլևանների կռիվները դևերի և չար ոգիների հետ: Մի տեղ պատկերացրեց Իրանի վաղեմի արքաների փառքն ու մեծությունը և նրանց քաջությունների ու հաղթությունների հանդիսավոր տոնախմբությունները: Գծեց քարը և նրա վրա արձանագրեց նախնական թագավորների մեծագործությունները: Նրանց առաքինությունները և նրանց պարգևած բարօրությունները Արյաց աշխարհին: Այդ հրաշալիքները կատարեց նա այն էակի համար, որին նվիրված էր յուր սիրո բոլոր ջերմությամբ: Այդ հրաշալիքները կատարեց նա, որ միշտ հիշեցնեին նրան Իրանի փառավոր անցյալը, որ միշտ գգվեին նրա սիրտը այն վսեմ հպարտությամբ, թե ինքը սերունդ է մի մեծ տոհմի, որ շառավիղում է աստվածներից և աստվածանման գործեր է կատարել:

Նա եկավ և տեսավ բոլորը:

— Այդ բոլորը շատ գեղեցի՛կ է, — ասաց նա, — բայց այստեղ ջուր չկա, այստեղ ծառեր չկան: Շինի՜ր ինձ համար շատրվաններ, որ ամպերից բարձր ցայտե ջուրր, տնկիր ինձ համար ծառեր, որոնց հովանիի ներքո հանգչեի ես, և հանգչեի քո գրկում…

Ասաց և հեռացավ:

Ամենահեռավոր վտակների ընթացքը փոխեց նա և ստորերկրյա ջրմուղներով բարձրացրեց մինչև ապառաժի գագաթը: Կոփեց քարը, փորեց ավազաններ, կերտեց արծաթափայլ շատրվաններ: Անսպառ ջուրը տիվ և գիշեր դուրս էր վիժում շատրվաններից և մարգարտյա կաթիլներով ցողում էր չորեքկողմի կանաչազարդությունը: Կտրեց վեմը, հարթեց ապառաժը և, հեռու տեղերից հող բերելով, ածեց նրա վրա: Այդ հողի մեջ տնկեց ծառեր և. ստեղծագործեց բարձր, կախաղանավոր պարտեզներ, որոնք, կարծես, օդի մեջ բուսած լինեին: Տարիներ անցան, աճեցին ծառերը և պտուղ տվեցին: Ծաղկեցին ծաղիկները և սրտապարար անուշահոտությամբ լցուցին բուրաստանը: Հավաքվեցան թռչունները և իրանց ուրախ ձայներով կենդանացրին շրջակայքը: Իսկ նա, որ այդ գեղեցիկ դրախտի զարդն ու թագուհին պետք է լիներ, չհայտնվեցավ…:

Մի օր, ձեռքը ծնոտին դրած, նստել էր վարպետը յուր կառուցած ապարանքի ստորոտում և տխուր կերպով նայում էր դեպի մեծ ճանապարհը:

Երգելով անցավ մի շինական, որը, տեսնելով նրան մոտեցավ, նստեց նրա մոտ մի փոքր հանգստանալու:

— Որտեղի՞ց ես գալիս, — հարցրեց վարպետը: — Երանի՛ քեզ, որ այդպես ուրախ ես:

— Տիզբոնից, — պատասխանեց շինականը: — Ինչո՞ւ ուրախ չլինել, երբ ամբողջ աշխարհը ուրախանում է:

— Ի՞նչ է պատահել:

— Միթե չգիտե՞ս, որ քաղաքում արդեն յոթն օր է, յոթն գիշեր է, որ հարսանիք է: Գինին հոսում է վտակների պես, անուշահամ խորտիկները չափ չունեն: Ուտում են, խմում են և ուրախանում: Ամբողջ քաղաքը թնդում է նվագներով, և պարողների ոտները չեն հոգնում: Ես էլ իմ բաժինը վայելեցի: Այնքան կերա, այնքան խմեցի և այժմ այնքան էլ տուն եմ տանում, որ մի քանի շաբաթ իմ կնոջ և երեխաներիս համար բավական կլինի:

— Ո՞ւմ հարսանիքն է:

— Թագավորի:

— Ո՞ւմ հետ:

— Անուշի հետ:

Նա այլևս չխոսեց, շանթահարի նման ցնցվեցավ և մնաց անշարժ: Հետո վեր կացավ և անզոր, դողդոջուն ոտներով սկսեց բարձրանալ դեպի յուր հրաշակերտած ապարանքը: Նայեց յուր շուրջը, վերջին անգամ յուր թախծալի հայացքը դարձրեց այն բոլոր շինվածքների վրա, որ արդյունք էին ջերմ սիրո և գեղեցիկ արհեստի: Եվ ապա մտավ յուր արհեստանոցը: Այնտեղ դրած էին նրա գործիքները: Վեր առեց մի ծանր մուրճ և դուրս եկավ փոքրիկ հրապարակի վրա: — «Նա ինձ դավաճանե՛ց…», — ասաց և նետեց մուրճր օդի մեջ: Մուրճը պտույտվեցավ և ընկավ ուղիղ նրա գլխի վրա: Տաք արյունը սրսկեց այն սքանչելիքները, որ նրա ճարտար ձեռքի գործն էր…

Ֆարհադը չհասավ յուր նպատակին, բայց նրա սիրելի Անուշի անունը մնաց այդ քարեղեն ամրոցի վրա և կոչվեցավ Անուշի բերդ:

Այդ վիմափոր, կոփածո ապարանքը, որ պատրաստված էր սիրո և հավիտենական երջանկության տաճար լինելու համար, հետո դարձավ արտասուքի և մշտական հեծության մի դժոխք: Պարսից վերջին թագավորները աքսորում էին այնտեղ իրանց ձեռքը գերի ընկած մյուս թագավորներին:

Կեսօր էր, բայց Անուշ բերդի վիմափոր նկուղներից մեկը, օրվա պայծառ լուսավորության ժամանակ, դեռ պահպանում էր յուր մեջ խորին մռայլ և մթություն: Վերևից, առաստաղի մոտ, բացված էր մի նեղ պատուհան, որ ավելի ծակի նմանություն ուներ, քան թե լուսամուտի: Արեգակի բարակ շողքը, որ երկչոտ կերպով ներս էր ցոլացել այդ ծակից, կարծես, վախենում էր ներսի խավարից և չէր համարձակվում փոքր-ինչ ավելի տարածվել: Նկուղը ներկայացնում էր մի քառակուսի, փոքր-ինչ երկայնաձև արկղ, քան թե սենյակ, — բայց քարեղեն արկղ: Քար էր հատակը, քար էր առաստաղը, քարից էին չորեքկողմի պատերը, — միակտուր և միապաղաղ քարից: Մի այլ նյութ խառնված չէր նրա վիմային կազմության մեջ, բացի երկաթյա ծանր դռնից, որ դարևոր ժանգից սևացել, մրճոտել էր և նույն քարի մույգ–աղյուսագույն երանգն էր ստացել:

Երկաթյա դռան հակառակ կողմում, հատակի մեջ, ամրացած էր նույնպես երկաթյա հաստ ցից: Դա նույն ցիցերի նմանությունն ուներ, որոնցից ծովեզերքում կապում են նավակներին: Բայց դրանից կապված էր մի մարդ: Ցցի գլխին կար մի շարժական օղակ, որ միանում էր ծանր շղթայի ծայրի հետ: Իսկ շղթայի մյուս ծայրը փակված էր երկաթյա ստվար անուրի հետ, որ անց էր կացրած այդ մարդու պարանոցով: Շղթայի երկարությունր չափում էր այն սահմանը, որի մեջ կարող էր այդ մարդը շրջել, առանց թույլ տալու նրան մինչև դուռը հասնել: Այդ դրության մեջ նա նմանում էր մի առյուծի, որ փակված էր երկաթյա գառագղի մեջ: Երկու ձեռքերի բազուկները կապված էին շղթայով: Ոտները նույնպես ազատ չէին երկաթյա կապանքներից:

Այդ մռայլ նկուղի մեջ, նույն շղթան, նույն երկաթյա ստվար անուրը մի ժամանակ կրում էր յուր պարանոցին հռոմայեցոց Վալերիանոս կայսրը, որ գերի էր ընկած Շապուհ Ա-ի ձեռքում: Երկնքի և արեգակի որդին վարվում էր յուր օգոստափառ գերիի հետ որպես մի բարբարոս: Ամեն անգամ, երբ նա որսի էր գնում, դուրս էին բերում դժբախտ բանտարկյալին, լվանում էին, օծում էին, հագցնում էին կայսերական ծիրանին և հանդիսավոր կերպով կանգնեցնում էին արքունիքի դռան մոտ: Դուրս էր գալիս արևի որդին, կայսրը մեջքը խոնարհեցնում էր, և նա յուր ոտքը դնելով նրա մեջքի վրա, հեծնում էր ձին: Եվ այդպես, ամեն անգամ նա յուր գոռոզ ոտքի տակ խոնարհեցնում էր Հռոմը… Այդ բոլոր անարգանքներից հետո, սպանել տվեց նրան և, կաշին տկահան անելով, լցրին խոտով և, ի ցույց ամենեցուն, կախեցին Տիզբոնի մեծ տաճարի պատից:

Շապուհ Ա-ն այդ երկաթյա անուրը դրեց Վալերիանոս կայսրի պարանոցին: Իսկ Շապուհ Բ-ը նույն անուրը դրեց մի այլ թագավորի պարանոցին, որ այժմ գտնվում էր նույն քարեղեն նկուղի մեջ:

Այնտեղ կար և մի այլ մարդ, որ մի անկյունում, անշարժ արձանի նման, կանգնած էր քարե պատվանդանի վրա և անթարթ աչքերով նայում էր առաջինի վրա: Ոչ մի մկնակ, ոչ մի նշույլ կենդանության չէր շարժվում նրա ցամաք դեմքի վրա, որ դեղնել և մագաղաթի գույն էր ստացել: Մեջքին կրում էր սպարապետական ոսկեպատյան սուրը, որի կոթը բռնել էր աջ ձեռքով և որով այնպիսի մի տպավորություն էր գործում, կարծես, ամենայն պատրաստականությամբ հսկում էր բանտարկյալ արքայի կյանքի վրա:

Արքան ոտքի վրա էր, խռովյալ կերպով անցուդարձ էր անում յուր նեղ սահմանի մեջ, և ամեն անգամ նրա շղթաները աղմկում էին նկուղի խորին լռությունը: Պարանոցի շղթան այնքան կարճ էր, որ նա չէր հասնում ոչ այն անձնավորությանը, որ արձանի նման կանգնած էր քարե պատվանդանի վրա, և ոչ երկաթյա դռանը, որ փակում էր նրա արգելանի մուտքը: Դա մի հաղթանդամ, հսկայատիպ և թավամազ տղամարդ էր, որի մորուքի և գլխի մազերը այս բանտի մեջ ավելի անկարգ կերպով աճելով, տալիս էին նրա կերպարանքին ահռելի արտահայտություն: Նա անցավ դեպի նկուղի անկյունը, նստեց հարդի վրա, որ ծառայում էր թե՜ իբրև օթոց և թե՜ իբրև անկողին:

Այդ միջոցին երկաթյա ծանր դուռը ճռնչալով բացվեցավ, ներս մտավ բանտապետը և նրա հետ մի ծառա: Շապիկի և պատմուճանի թևքերը մինչև արմունկները ծալած, բազուկները հոլանի, հողաթափները առանց գուլպաների հագած, գլխին գիշերային թասակ դրած, միայն տակի հագուստով, — այսպես անփույթ և անպատշաճ կերպով ներկայացավ նա բանտարկյալ թագավորին, կարծես, նրան ավելի վիրավորելու համար: Նա գլուխ տվեց և, կանգնելով դռան մոտ, կիսահեգնական և կիսածաղրական եղանակով ասաց.

— Ողջո՛ւյն հայոց արքային: Հուսով եմ, որ իմ տեր թագավորը խաղաղ քնով և անուշ երազներով վարած լինի գիշերային խավարը: Եվ թո՜ղ փարատեն նրանից բարի ոգիները Ահրիմանի խոլական անուրջները.,.

Բանտարկյալը արհամարհական կերպով նայեց նրա վրա և ոչինչ չպատասխանեց:

— Ինչո՞ւ չես խոսում, տեր արքա, — առաջ տարավ նա ավելի ստահակությամբ: — Հայերը եթե ձեռքի քաջության մեջ խիստ ժլատ են, գոնե լեզվի քաջության մեջ բավական առատ են:

Նա դարձյալ ոչինչ չպատասխանեց:

— Երևի, իմ տեր թագավորը դժգոհ է յուր նվաստ ծառայից, — ասաց նա, մի քայլ դեպի առաջ փոխելով: — Ես կաշխատեմ ավելի հաճելի լինել իմ տեր թագավորին: Ահա այս րոպեիս փոխել կտամ քո փառավոր անկողինը և անուշահոտ փափկությամբ հորինել կտամ քո արքայական մահիճը, այնպես որ դու կմոռանաս Հայաստանի գեղեցիկ մետաքսն ու ասրը:

Նա դարձավ դեպի յուր հետ եկած ծառան, հրամայեց, որ անկողինը փոխե:

Ծառան մոտեցավ, հավաքեց անկյունում տարածված հարդը, որը խոնավությունից տամկացել էր և թաղիքի նման կպել էր հատակին: Նրա փոխարեն դրեց նոր և ավելի ցամաք հարդ:

— Անուշահամ խորտիկներով կճոխացնեմ այսօր իմ տեր թագավորի սեղանը, — ասաց նա, կրկին դառնալով դեպի բանտարկյալը: — Թո՜ղ նա չմտածե, թե արիք (պարսիկները) անհյուրասեր են, թո՜ղ նա մոռանա այն բոլորը, ինչ որ կորցրել է յուր արքունիքում:

Ծառան դրեց հարդյա անկողնի մոտ մի կտոր գարեհաց և մի կոտրած խեցեղեն անոթի մեջ ջուր:

— Բարի ախորժակ եմ ցանկանում, ողջ լերու՜ք, տեր արքա, — ասաց նա և, գլուխ տալով, հեռացավ:

— Լի՛րբ… — այս անգամ միայն մռնչաց բանտարկյալը:

Երկաթյա դուռը կրկին փակվեցավ, և նա մնաց միայնակ յուր քարեղեն նկուղի մեջ:

Մի քանի անգամ լռությամբ անցավ նա մի անկյունից դեպի մյուսը, հետո կանգ առեց և դարձավ դեպի քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ արձանը,

— Լսո՞ւմ ես, Մամիկոնյան տեր, ինչպե՛ս ամեն րոպե խոցոտում են քո թագավորին, ինչպե՛ս ամեն վայրկյան դառնացնում են նրա սիրտը: Պարսիկը, ամեն վեհանձնությունից զուրկ պարսիկը,սովոր է յուր տան մեջ վիրավորել յուր հյուրին: Ինչո՞վ է մեղավոր այդ ողորմելի զեռունը, որ ամեն անգամ այստեղ մտնելիս` լրբենի բերանով լուտանքներ է կարդում: Նրան հրամայել են, նրան պատվիրել են: Ցա՛ծ և անա՛րգ Շապուհ, մինչև ա՜յդ աստիճան վատություն: Ես չնկա քո ձեռքը պատերազմի դաշտում, դու իմ քաղաքները պաշարելով գերի չվարեցիր ինձ: Դու ինձ հրավիրեցիր քո մոտ իբրև հյուր և քո ասպնջակությունը խաբեությամբ պսակեցիր: Դավաճա՛ն… Մի՞թե դրա մեջն է թագավորի և արքայից արքայի մեծությունը` նենգավոր բարեկամությամբ պատրել յուր դրացուն և դաշնակցին և նրան որոգայթի մեջ ձգել,.. Ինչե՛ր չէիր առաջարկում դու ինձ, ինչե՛ր չէիր խոստանում դու ինձ: Առաջարկում էիր քո դուստրը կնության տալ ինձ, խոստանում էիր իմ պետության սահմաններից մինչև քո մայրաքաղաքը Տիզբոն յուրաքանչյուր իջևանում մի-մի պալատ կառուցանել ինձ համար, որպեսզի ես, մոտ գալու ժամանակ, ճանապարհին իմ սեփական պալատները մեջ իջևանեի: — Ահա՜ քո խոստմունքը, այդ քարեղեն նկուղը նվիրեցիր ինձ այն պալատների փոխարեն… Թո՜ղ հավիտենական անեծքով ծածկվին իմ նախարարները… թո՛ղ ամոթը և մշտական ապաշավանքը լինի նրանց բաժինը… որ ինձ այս դրության մեջ դրեցին… Եթե նրանց անմիաբանությունը չլիներ, ես երբեք չէի ընկնի քո ծուղակի մեջ, նենգավո՜ր Շապուհ…

Նա խոսում էր, նա թափում էր զայրացած սրտի դառնությունը, բայց Մամիկոնյան տերը չէր լսում: Նա ընկողմանեցավ նոր սփռած հարդի վրա և շարունակեց նայել դեպի անշարժ արձանը: Տխուր հիշողությունները զարթեցրին նրա մեջ վաղեմի դեպքը: Երբ մի անգամ ինքը մտավ Շապուհի ասպաստանը արքայական նժույգները տեսնելու, այն ժամանակ ախոռապետը, պարսկական լրբությամբ, վեր առեց մի խուրձ խոտ և, առաջարկելով նրան, ասաց. «Հայոց այծերի արքա, եկ նստի՜ր այս խոտի վրա»: Լրբությունը իսկույն պատժվեցավ: Այդ հզորը, որ այժմ յուր քարե պատվանդանի վրա կանգնած խորին սառնասրտությամբ լսում էր բանտապետի դառն պարսավները, քաշեց սուրը և ախոռապետի գլուխը երկու մասն բաժանեց: Այժմ դարձյալ նա ձեռքը նույն սրի վրա էր դրել, բայց ձեռքը չէր շարժվում…

— Ծա՛ղր… խիստ կծո՛ւ կատակ… — բացագանչեց բանտարկյալը խորին վրդովմունքով և վեր կացավ նստած տեղից: — Իմ աչքի առջև դրել են Հայաստանի զորությունը.., նրա զինվորական և պատերազմական ներկա յացուցչին… իմ աչքի առջև դրել են այն հերոսին, որ մշտական սարսափի մեջ էր պահում ամբողջ Պարսկաստանը… Դրել են, որ նա, իբրև հարաժամ հանդիմանություն, ամեն րոպե, ամեն վայրկյան հիշեցնե ինձ, թե ի՛նչ եմ կորցրել ես.., Բայց մի՞թե այդ քաջը իմ պես պարսկական ստոր նենգավորության զոհը չդարձա՞վ… միթե նա ընկավ պատերազմի՞ դաշտում…

Նա ձեռքերը տարածեց, մի քանի քայլ փոխեց, աշխատում էր գրկել անշարժ արձանը: Բայց շղթաները արգելեցին:

— Սիրելի՛ Վասակ, — գոչեց նա գորովալի ձայնով, — ամենքը դավաճանեցի՛ն ինձ, ամենքը թողեցին ինձ, բայց դու չբաժանվեցար քո թագավորից… Դու մասնակից էիր նրա փառքին, մասնակից եղար և նրա դժբախտությանը… Պարտքը, պատիվը, հայրենիքի սերը մղեցին քեզ դեպի անձնազոհություն… Եվ, իբրև ճշմարիտ հերոս, դու հերոսի պես պսակեցիր քո վախճանը…

Անշարժ արձանը, որին դիմում էր նա այդ խոսքերով, հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանն էր-Սամվելի հորեղբայրը և Մուշեղի հայրր: Իսկ նրա հետ խոսողը — Հայաստանի արքան-Արշակ թագավորը: Երբ Շապուհը երկուսին ևս խաբեությամբ հրավիրեց յուր մոտ, թագավորին աքսորեց այդ քարեղեն բերդում, իսկ սպարապետին, սպանել տալով, հրամայեց` կաշին տկահան անել, լցնել խոտով և մշտապես դնել յուր թագավորի աչքի առջև: Այժմ սպարապետի պաճուճապատանքն էր այդ, որ կանգնած էր քարե պատվանդանի վրա: Ոչինչ ցավ, ոչինչ դառնություն այնքան չէր խոցոտում գահազուրկ թագավորի սիրտը, որքան այդ լուռ, անմռունչ ուրվականը, որ յուր լռությամբ ավելի ազդու լեզվով հիշեցնում էր նրան յուր կորցրած փառքը: Իբրև սպարապետ, ներկայացնում էր նա Հայաստանի զինվորական զորությունը ընկճված, առաթուր կործանված պարսկական նենգության ներքո: Իսկ իբրև մի քաջ զորավար, յուր փայլուն հաղթություններով, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում շարունակ կատարել էր պարսից դեմ, հիշեցնում էր նա յուր թագավորի մեծությունը, որին ինքն ևս փառակից էր և բաժանորդ: Բոլորը կորա՛վ, բոլորը խորտակվեցավ,., Դառն արհավիրք, մշտական տանջանք և տխուր հիշողություններ միայն մնացին իբրև անբաժան կենակից դժբախտ թագավորին, որ շղթայակապ Արտավազդի նման կաշկանդված էր այդ մռայլ, քարեղեն նկուղի մեջ, որ գերզմանի պես ամեն րոպե ճնշում էր, խեղդում էր նրան:

Նա չդիպավ աղքատիկ ճաշին, որ բերել էին նրա համար, միայն վեր առեց խեցեղեն ամանը, խմեց ջուրը, փոքր-ինչ զովացնելու սրտի տապը: Հետո անցավ, ընկողմանեցավ յուր հարդյա անկողնի վրա:

Նա դարձյալ շարունակեց նայել անշարժ արձանի վրա: Թավամազ դեմքը արտահայտում էր և զայրույթ, և ապաշավանք: Զայրո՜ւյթ, որ այնպես տմարդի կերպով վարվեցավ յուր հետ արյաց արքան: Ապաշավա՜նք, որ ինքը հարթեց յուր կործանման ճանապարհը: Խիղճը հանգիստ չէր: Ամեն անգամ, որ վերջին միտքը ծագում էր նրա մեջ, նա ամբողջ մարմնով դողում էր, որպես մի հանցավոր, որ ինքն ևս դեռ ոչ բոլորովին համոզված էր յուր հանցանքի մեջ:

Նա դեռ նայում էր արձանի վրա: Նա դեռ մաքառում էր յուր սրտի և զգացմունքների հետ:

— Ո՜չ… հազար անգամ ո՜չ… ես մեղավոր չեմ.., — բացագանչեց նա, և կատաղության կրակը վառվեցավ մռայլ աչքերի մեջ: – Իմ նախարարների անդադար խռովությունները, վերջապես, ձանձրացրին ինձ,.. Ես, իրա՜վ է, պատերազմ հայտնեցի նրանց դեմ, ցանկանում էի պատժել ընբոստ անհնազանդությունը, ցանկանում էի ոչնչացնել նրանց, որպեսզի ի մի ձուլեմ հայոց բաժան-բաժան եղած ուժերը և նրանցից ստեղծեմ մի հզոր, միահեծան պետություն: Ես ավելի բարձր էի դասում Հայաստանի ամբողջությունը, քան հարյուրավոր առանձնացած իշխանություններ, որոնք, իմ նախորդների անհոգությունից, այն աստիճան բռնացել էին, որ ամեն անգամ ամբարտավանությամբ եղջյուր էին թոթափում իրանց արքայի դեմ… Ես կամեցա չափի և սահմանի մեջ դնել նրանց կամայականությունները… Իսկ նրանք միաբանվեցան և ապստամբվեցան իմ դեմ… Այդ բավական չէր, նրանք ներքին, ընտանեկան կռվի մեջ հրավիրեցին օտարի միջամտությունը… Պարսկի՜ն, մեր դարևոր թշնամուն գրգռեցին իմ դեմ… Ես միայնակ մնացի և ստիպվեցա թշնամու դուռը գնալ և նրա հետ հաշտության ղաշն կապել… Իսկ թշնամին ինձ ուղարկեց այստեղ…

Նա դարձյալ վեր կացավ և, գլուխը խոնարհեցրած մի քանի անգամ անցավ նկուղի մեջ: Ներքին վրդովմունքը ալեկոծում էր նրան: Կրկին դիմեց դեպի անշարժ արձանը այդ խոսքերով.

— Դու վկա ես, Մամիկոնյան տեր, թե ո՜րքան անկեղծ էին իմ ցանկությունները, թե ո՜րքան բարձր էի դասում ես հայրենիքի բախտավորությունը… Իմ հարաբերությունները իմ նախարարների հետ այն աստիճան լարվեցան, որ երկուսից մեկը պետք է զոհվեր, կամ թագավորությունը նախարարության, կամ նախարարությունը թագավորության: Ես բարվոք համարեցի վերջինը: Ինձ համար սուրբ էր հայոց գահի հաստատությունը, որ ժառանգել էի իմ նախնիներից: Բայց եթե իմ ձեռքով չկործանվեցավ նախարարությունը, անշուշտ կկործանվի նա պարսկի ձեռքով, որի թեկնածությունը մի հզոր պաշտպանություն համարեց յուր թագավորի դեմ պատերազմելու… Այդ քարեղեն նկուղի անթափանցիկ թանձրության միջով տեսնում եմ ես, Մամիկոնյան տեր, թե ի՜նչ է անում Շապուհը Հայոց աշխարհում.., Նա կտրեց գլուխը, այժմ պետք է սկսե հոշոտել անդամները… Գլուխը աքսորեց այստեղ… իսկ Սագաստանի մթին բանտերը կլցնե հայոց նախարարներով… Եվ անտեր Հայաստանը կմնա պարսկական բարբարոսության մի արձակ ասպարեզ… Նրանց կանայքը և աղջիկները կբազմացնեն պարսից արքունիքի հարճերի և աղախինների թիվը… Նրանց դեռահաս որդիները կսկսեն ավել ածել պարսից արքունիքի մարմարյա սալահատակի վրա… Բայց իմ կի՛նը… իմ որդի՛ն…

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին նրա ամուր ձայնը դողդողաց, դողդողացին և ծնկները, և նա հազիվհազ կարողացավ յուր հսկայատիպ իրանը բաց թողնել հարդի կույտի վրա: Երկու ձեռքով բռնեց աչքերը, և արտասուքը ջերմ հոսանքով թանում էր դժբախտ թագավորի շղթայակապ ձեռքերը…

Քանի՜ քանի՜ այդպիսիները այդ վիմափոր բերդի մթին խորշերում նույն տառապանքների մեջ մաշվում, տրորվում էին: Ո՜րքան թագավորներ, ո՜րքան թագավորազներ կլանել էր այդ բերդը և, անհագ վիշապի նման, երբեք չէր կշտացել: Ո՜րքան ևս հեծում, հառաչում էին նրա անգութ, քարեղեն սրտում: Մի անգամ այնտեղ ընկնողը կորչում, անհետանում էր հավիտենական մոռացության մեջ: Իզուր չվաստակեց նա Անհուշ անունը, որ անհիշելի խավարի մեջ, որպես մթին գերեզմանում, թաղում էր յուր դատապարտյալների տխուր հիշատակը…

Միևնույն քարեղեն նկուղի մեջ, միևնույն շղթաներով, որ այժմ կապված էր որդին, մի ժամանակ կապված էր հայրը — հայոց Տիրան թագավորը: Որդին գոնե արևի մի նշույլը տեսնում էր յուր բանտի նեղ պատուհաններից: Բայց հայրը այդ ևս չէր տեսնում: Պարսից արքան զրկել էր նրան թե աչքերից և թե լույսից: Կուրացյալ թագավորը յուր խավար շրջապատի մեջ տանում էր խավարի իշխանության դառն տանջանքները…

Որպես մի այլանդակ հրեշ, լի ամենայն զարհուրանքով, կանգնած էր Անուշ բերդը յուր բարձր, քարեղեն ստորոտի վրա: Նա տարածում էր յուր շուրջը մահ և սարսափ: Թունավոր էր նրա շունչը, սպանիչ էր սպառնական հայացքը: Ոչ ոք համարձակություն չուներ մոտենալ նրան, ոչ ոք չէր հանդգնում նայել անգամ նրա վրա: Մարդիկ մի քանի մղոն հեռվից էին անցնում, և ուղևորը շեղվում էր յուր ճանապարհից: Ամեն հաղորդակցություն խզված էր: Եվ նա, որպես մի կղզիացած պատիժ ու պատուհաս, ապրում էր յու մռայլ, դժոխային առանձնության մեջ:

Բայց ահա՜ մի անսովոր երևույթ գրավեց պահակների ուշադրությունը: Մի խումբ ձիավորներ ուղիղ մոտենում էին բերդին: Աչքները վառվեցան, աղեղները լարվեցան և սրերը զգացվեցան իրանց պատյաններում: Ովքե՞ր էին այդ ստահակները: Բայց ասպախումբը լուռ մոտենում էր, և որքան մոտենում էր, այնքան ավելի փութացնում էր յուր համարձակ ընթացքը: Շփոթված բանտապետն անգամ բարձրացավ յուր դիտանոցի վրա, սկսեց նայել: «Գուցե մի նոր հյուր են բերում… » — մտածեց նա և այլայլված դեմքը փայլեց դիվական ուրախությամբ:

Երեկո էր, արևը բավական խոնարհվել էր և մտնելու մոտ էր: Ձիավորները, որպես երևում էր, շտապում էին, որ դեռ արևը չմտած հասնեն բերդը, որովհետև գիշերը անհնար էր այնտեղ մուտք գործել: Բոլոր դռները փակվում էին և ոչ ոքի համար չէին բացվում:

Բանտապետը դեռ շարունւսկում էր նայել: Երբ ձիավորները բավական մոտեցան, նկատեց նա, որ նրանցից մեկի, որը բոլորից առաջ էր ընկած, գլխի փակեղի մեջ ցցված էր մի ինչ-որ բան, որ արևի ճառագայթների առջև փայլում էր: Նա լարեց յուր ուշադրությունը: Տեսածը գալարված փողի ձև ուներ և մագաղաթի փաթոթի էր նմանում: «Հրովարտա՛կ…» — բացականչեց նա մի առանձին ակնածությամբ, և շտապով իջավ դիտանոցից:

Անցնելով բերդի բակը, հրաման տվեց յուր պաշտոնյաներին` ընդառաջ գնալ և հանդիսավոր կերպով ընդունել եկվորներին: Մի քանի րոպեի մեջ ամենքը պատրաստվեցան և դուրս եկան բերդից: Երբ բավական մոտեցան, ամբողջ խումբը ծունր դրեց գետնի վրա և գլուխը լռությամբ խոնարհեցրեց արքայական հրովարտակի առջև:

Հրովարտակը յուր ոսկյա նկարներով դեռ փայլում էր յուր բարձրության վրա, բերողի ճակատին կապած: Նա ձեռքով նշան տվեց. երկրպագուները վեր բարձրացան և սկսեցին առաջնորդել նրան դեպի բերդը: Երբ հասան գլխավոր դռանը, եկվորները ցաձ իջան ձիերից: Այդ ժամանակ միայն նա առեց հրովարտակը և, երկու ձեռքով բռնած, մատույց բանդապետին: Վերջինը կրկին ծունր իջավ և, երկու ձեռքերը մեկնելով, խորին երկյուղածությամբ ընդունեց մագաղաթը: Նախ համբուրեց, հետո գլխի վրա դրեց և, ապա բաց անելով, վեր կացավ, սկսեց բարձր առոգանությամբ կարդալ:

Երբ ընթերցումը վերջացած էր, հրովարտակը կրկին հանձնեց բերողին, ասելով.

— Իմ տեսչությանը հանձնված բերդի դռները բաց են քո առջև, ներքինապետ տե՜ր:

Ամենքը ներս մտան:

Մինչև այցելուներին պատշաճավոր իջևաններ տվեցին, մինչև նրանց ձիաները տեղավորեցին, արևը մտավ, մութը պատեց, ճրագները վառվեցան:

Այդ ժամանակ բանտապետը մտավ յուր հյուրի սենյակը և, գլուխ տալով, ասաց.

— Ես հուսով եմ որ տեր ներքինապետը այս գիշեր կհանգստանա ճանապարհի հոգնածությունից և առավոտյան լուսով կտեսնե յուր թագավորին:

— Ոչ, բանտապետ տե՜ր, ես այս գիշեր պետք է տեսնեմ իմ թագավորին, — պատասխանեց նա անհանգիստ կեպով, — և, եթե կարելի է, հենց այս րոպեիս:

— Տեր ներքինապետի համար անկարելի ոչինչ չկա, երբ նա արքայից արքայի օրհնյալ հրովարտակովն է ներկայանում, — ասաց բանտապետը անվճռական ձայնով: — Միայն տեր ներքինապետին պետք է հայտնի լինեն այդ բերդի կարգերը… պետք է փոքր– ինչ…

— Հասկանում եմ… դու կամենում ես փոքր-ինչ վայելուչ դրության մեջ ցույց տալ ինձ իմ թագավորին, բայց ես կցանկանայի տեսնել նրան նույն դրության մեջ, որպես միշտ ապրել է այստեղ: Այո՜, այդ բերդի կարգերը ինձ բավական հայտնի են… Դու քաշվելու ոչինչ չունես, բանտապետ տե՜ր, եթե ես նրան ամենագժբախտ վիճակի մեջ կտեսնեմ:

Բանտապետը դարձյալ տատանվում էր անվճռականության մեջ և, որպես մի հանցավոր, խղճահարությունից գլուխը ցած էր գցել:

— Այնուամենայնիվ, — ասաց նա, — ինձ խիստ ծանր է քո սիրտը ցավեցնել… ներքինապետ տե՜ր:

— Լսի՜ր, բանտապետ, — ասաց այցելուն, բավական խրոխտ ձայնով: — Քեզ, կարծեմ, հայտնի եղավ արքայից արքայի հրովարտակի բովանդակությունը: Իմ թագավորի վիճակը վայելուչ դրության մեջ դնելը և նրա վշտերը թեթևացնելը — այդ բոլորը իմ գործը պետք է լինի: Դու միայն հրամայիր, որ այս րոպեիս ինձ առաջնորդեն դեպի նրա կացարանը:

— Ես ինքս կառաջնորդեմ, ներքինապետ տե՜ր, — ասաց բանտապետը հոժարվելով:

Տանջանքի մատակարարը վերջապես խոնարհվեցավ բարձրագույն հրամանի առջև: Այն օր, որպես մեզ հայտնի է, նա ավելի հանդգնությամբ էր վարվել դատապարտյալ թագավորի հետ, ցանկանում էր ` յուր մեղքը ո՛րևէ կերպով քավել, չնայելով, որ այգ իսկ մեղքի մեջն էր նրա պաշտոնի առաքինությունը:

Մութ էր դրսում: Բոլոր դռները փակված էին: Պահակները, սանդարամետական չար ոգիների նման, ամենուրեք հսկում էին: Երկնքի թռչունն անգամ գիշերային այդ պահուն չէր համարձակվի բերդի մոտով անցնել: Ոչ ոք չէր շարժվում, ոչ ոք չէր երևում: Տիրում էր խորին, մահահրավեր լռություն:

Մի ծառա, լապտերը ձեռին, գնում էր առջևից և լուսավորում էր ապառաժի քարակոփ սանդուղքները, որ տանում էին դեպի վեր, դեպի բերդի բարձրությունը: Լույս-ցերեկով անգամ այդ ոլորապտույտ սանդուղքներով գնացողը կարող էր ամեն րոպե մոլորվել; Մի փոքրիկ սխալ, մի թեթև սայթաքումն կտաներ նրան դեպի ցած, դեպի անդունդը,.. Ծառայի ետևից գնում էր բանդապետը, իսկ նրա ետևից` նորեկ ներքինապետը: Տըխո՛ւր էր նա, որպես մի սգավոր, որին տանում էին ցույց տալու յուր սիրելու անհայտ գերեզմանը: Ինչպե՛ս պետք է տեսներ նրան, ինչպե՛ս պետք է հանդիպեր նրան: Արդյոք նա կունենա՞ր այնքան ուժ, այնքան սրտի զորություն, որ կարողանար զսպել յուր հոգու ամենադառն զգացմունքները:

Նրանք կանգ առին մեզ ծանոթ նկուղի դռան հանդեպ:

— Այստեղ է… ներքինապետ տե՛ր, — ասաց բանտապետը, դուռը ցույց տալով:

— Բաց արա՜, — հրամայեց նորեկը: — Բայց ես կխնդրեի քեզանից՝ ինձ միայնակ թողնել իմ թագավորի մոտ:

Բանտապետի դեմքի վրա դարձյալ երևացին անվճռականության նշաններ: Նորեկը նկատեց այդ և հանգստացնելով նրան, ասաց

— Դու կարող ես ապահով լինել, որ դրանից քեզ ոչինչ չարիք չի ծագի:

— Թո՜ղ տեր ներքինապետի կամքը կատարված լինի, — պատասխանեց բանտապետը բռնի հոժարությամբ: — Բայց թո՜ղ ներե ինձ տեր ներքինապետը ասել, երբ նա ցանկություն ունի յուր թագավորի հետ միայնակ լինել, ես ստիպված կլինեմ դուռը փակել նրա ետևից:

— Կարող ես: Բայց ես պետք է վեր առնեմ ինձ հետ այդ լապտերը, անտարակույս, այնտեղ լույս չպիտի լինի:

Բանտապետը ջոկեց յուր գոտիից քարշ ընկած բանալիների ծանր փնջից մեկը, մոտեցավ երկաթյա դռանը և, բաց անելուց հետո ասաց.

— Ներս համեցիր, ներքինապետ տե՜ր: Դու կարող ես մնալ քո թագավորի մոտ, որքան քո կամքն է: Երբ կցանկանաս դուրս գալ, բավական է ներսից փոքր-ինչ բախել. իմ պահապաններն այստեղ պատրաստ են. ինձ իմացում կտան, և ես կգամ, կրկին բաց կանեմ:

Նա ցույց տվեց պահապանների խումբը, որ կանգնած էին հատկապես այդ նկուղի պահպանության համար:


Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Րաֆֆիի ընտանիքի հետագա ճակատագիրը…

ՐԱՖՖՈՒ ԱՂԲՅՈՒՐԸ, ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ [ավանդազրույցներ Արցախի աղբյուրների մասին]

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Շահան Շահնուր | Նահանջ առանց երգի [մեջբերումներ]

Վարդանանաք [Փառանձեմ տիկինը շարունակում էր ապրել միանձնուհու կյանքով] հատված վեպից

Հայ պատմավեպերի լավագույն սիրավեպերը [Սամվել – Աշխեն] Արտասուքի աղբյուրը

Րաֆֆի [Կուսագրություն]

Վերջին ուսուցիչը [հատված վեպից Վարդգես Պետրոսյանի] Իրարանցում

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Դոստոևսկի. Կարամազով եղբայրներ [հատված] Գիրք առաջին։ Մի ընտանիքի պատմություն

Վիլյամ Սարոյան․ Մարդկային կատակերգություն [հատված]

Րաֆֆին ասում է…

Հավերժ քոնը [հատված վեպից]

Ջոջո Մոյես. ԵՍ ՄԻՆՉ ՔԵԶ [Հատված վեպից]

Բարոն Մյունխհաուզենի արկածները [հատված]