Արամ Պաչյան. Հայր Վիլիկը - VNews

Արամ Պաչյան. Հայր Վիլիկը

Փորձում էի քնել: Բարակ ձայն էր երկու վայրկյանը մեկ: «Գուցե անկողնուս տակ ինչ-որ մեկը կա, բայց ո՞վ պիտի լինի, ես ապրում եմ հորս հետ, իսկ ջրի ծորակները ամուր փակ ենե: Մթության մեջ խարխափելով մոտեցա բաց պատուհանին: Լռություն էր: Բակի տաղավարը դատարկ էր: Կտուրից կախված էլեկտրական լամպը` տեղ-տեղ հալված, ծռմռված լարով միայնակ վառվում էր: Այդ լամպը տեղադրման օրվանից երբեք չի մարում: Սեղանին նարդի էր դրված, բլոտի խաղաթղթեր: Ձայնը նորից լսվեց: Քըրտնեցի: Ձայնը տաղավարի կողմից էր գալիս: Սառնարանից կոլա վերցրի ու ագահորեն խմեցի: Կոկորդս բռնվեց, շատ պաղ էր: Նստեցի փայտե աթոռին, մեջքս հենեցի ճաղերին: Կոլայի շշում լսվող պղպջակների ճտճտոցները մի պահ շեղեցին ուշադրությունս, հետո կրկին հեռվից լսվեց հարազատ դարձած ձայնը: Հիմա մանկան լացի էր նման՝ մանկան լացի, կատվի մլավոցի, բարակ, բարակ, կամացուկ: Ոտքերս ու ձեռքերս փայտացել էին, լավ չէի զգում: Հայրս տեղերի մեջ շարժվեց, փռթկացրեց: Օրորվելով մտա նրա սենյակ: Օղու հոտը այնքան ուժեղ էր, որ գլուխս միանգամից ծանրացավ: Նա փռված էր երկտեղանոց մահճակալին, առանց վերմակի, մի ոտքը` կիսածալ վիճակում, շրթունքները սոսնձված իրար, փրփրոտ: Չորս մատներով թեթև դիպա ծնկին, կարճ խռռոց, ու թեքվեց հակառակ կողմ, «ինչ անեմե: Որոշեցի ձայն տալ:
– Պա՛պ:
– …
– Պա՛պ:
Նա քնի մեջ կռիվ էր անում, չէր արձագանքում: Ինձ խոսել էր պետք, անհապաղ: Սկսեցի ուժգին հրել մարմինը, մի փոքր բացեց աչքերը, կարծես նայում էր ինձ, բայց չէր տեսնում:
– Պա՛պ:
– Վայ, ձեր մերը…
– Պա՛պ, լսո՞ւմ ես:
– Դու գիտե՞ս՝ ես ով եմ…
– «Երևի երազ է տեսնումե:
– Պա՛…
– Երեք կիլո կշռի…
– Լավ չեմ,- ձայնս խեղդվեց:
Ննջարանից դուրս եկա: Լռություն էր: Ուզում էի ծիծաղս պահել, բայց սկսեցի ծիծաղել մտքիս մեջ, (հետո կպատմեմ, թե ինչու) պարապել էի, պրկվում էի ողջ մարմնով, հենվում պատին, սեղմում էի բռունցքներս ու ծիծաղից մեռնում էի: Մեկ-մեկ, շըրթունքներիս արանքից բարակ սուլոց էր թռչում, շատ փափուկ, «գուցե սա այն ձայնն է, որն արթնացրեց ինձե: Երբ հանգստացա, հագնվեցի, թուղթ ու մատիտ վերցրի, սկսեցի գրել:
… Ինձ չեն հասկանում, որովհետև շատ եմ ուզում հասկանան… Երեկ սիրտս բանջարեղեն ուզեց, բայց միս կերա… Ես ամեն օր թղթի վրա գրում եմ՝ «դուրս եմ գալիս աշխատանքից, վաղվանից չեմ գնալուե… Ես չեմ կարողանում ընկերություն անել, չգիտեմ, ինչու եմ նեղացնում բոլորին… Ոչինչ չի գոհացնում ինձ… ես ընդունակ եմ միայն չարիքի… Ուզում եմ բևեռախույզ դառնալ… կարոտում եմ լեզուդ, մաշկդ, վալերյանից դեղնած դեմքդ, կատվիդ… երեկ խնձոր էի ուտում, բերանս թթվեց, միջուկի միջի որդն էի ծա… Մատիտը կոտրվեց: Դանակով փորձեցի սրել՝ չստացվեց, նեղվեցի, մի կողմ գցեցի թուղթը. արդեն լուսացել էր: Հորս համար թունդ, դառը սուրճ եփեցի: Մի քանի անգամ լավ եռացրի: Նա այդպես է սիրում: Ուռած դեմքով հազիվ վեր կացավ:
– Բարև, ախպե՛ր…
– Բարև…
– Դեհ, կոֆեն բեր…
Նա սուրճը մի թափից քաշեց գլուխը, հետո հագնվեց, գրպանից գումար հանեց, դրեց սեղանին ու ծանր-ծանր փակեց դուռը: Ես վերջնականապես որոշել էի, չնայած որոշումը այնքան էր հասունացել, որ կարծես բաժանված լիներ մարմնիցս: Փողկապս կապեցի տիկնիկի վզին, հագա ծաղկավոր վերնաշապիկս ու դուրս եկա: Շատ շոգ էր: Ոտքով իջա քաղաք: Դանդաղ քայլերով շրջանցեցի մարդկանց, փողոցները, ծառերը, մեքենաները: Մոտեցա եղեցուն: Հով էր: Կիսատ-պռատ խաչակնքելով ներս մտա, մոտեցա մոմավաճառին: Նա տարեց կին էր, ճարպիկ առևտրականի դեմքով մի կույս, լուրջ կուլ տված, կարծես աստվածահաճո գործ էր անում:
– Մոմ տվեք,- գլուխս կախ ասացի ես:
– Քանի՞ հատ:
– Մեկ:
Նա մոմը տվեց, բայց երբ վերցրի, վարանեց, դեմքի կնճիռները բազմացան, մոմը ձեռքից լրիվ բաց չթողեց:
– Գումարը, տղա՛:
– Չունեմ,- զայրացա ես:
– Ուրեմն մոմ էլ չկա,- փորձեց ետ քաշել, բայց մատներով ձիգ բռնել էի: Գազարագույն մոմը փխլվեց ափիս մեջ:
Կինը դիվոտեց, սկսեց հիշոցներ տեղալ գլխիս, նույնիսկ խնդրում էր, չգիտես ում, ոստիկան կանչել: Այդ պահին ուզում էի սպանել պառավին, որը միակ խելամիտ ելքը կլիներ: Նա խոսում էր, բղավում, շարական էր երգում, մեղա էր կանչում. ինձ համար ներողություն էր խնդրում Տիրոջից: Լավ է այդ պահին եկեղեցում մենակ մենք էինք. ես, պառավը, նրա ներվեր սղոցող ձայնը:
– Հռիփսիմե՛, ի՞նչ է պատահել,- նոր ձայն էր` տղամարդու:
Շուռ եկա: Քահանա էր` միջահասակ, սև երկար, փայլուն սքեմով: Նա երիտասարդ ագռավի էր նման, դեմքը ծածկված էր խիտ շագանակագույն մորուքով, դնչի մազերը պուտիկավոր սպիտակ էին, կարծես ձյան փաթիլներ լինեին, «տեսնես ինչպես է հաց ուտումե, մտածեցի ես, «բերանի տեղը հազիվ թե գտնիե: Աչքերը խոշոր էին ջրոտ, սպիտակուցների մեջ կարմիր մազանոթներ էին աղեղված, բիբերը դանդաղ լայնանում էին` մեղմ էին ու քննող: Կինը քահանայի ձայնից հանդարտվեց:
– Տե՛ր հայր, նեռի ծնունդ է, մոմի փողը չի տալիս, ես ինչ անեմ, հետո միանգամից մեջքը բռնեց, սկսեց կուտակված աղերից դժգոհել:
Քահանան դարակից մոմ վերցրեց, լուռ մեկնեց ինձ, բայց ես չվերցրի, շուռ եկա, գնացի նստեցի, նեղացել էի: Չգիտեմ ինչու եկա այստեղ: «Իրոք չգիտեմ, լինում է, երբ հենց այնպես եկեղեցի ես գալիս, հոգնում ես սրճարաններից, ռեստորաններից: Ես նըստեցի երկար, հետևս կոշտացել էր: Որոշ ժամանակ անց նկատեցի, որ մենակ եմ մնացել: Մթնում էր: Մոմավաճառը աչքի պոչով անիծում էր ինձ: Ուղղում էր գլխաշորը: Նստարանը կրկին կքվեց: Քահանան էր:
– Եկեղեցին փակվում է, տղա՛ս,- քահանայի ձայնը ամոթխածությունից անվստահ հնչեց:
– Նստած եմ:
Քահանան տեղից չշարժվեց, «մտքի մեջ աղոթո՞ւմ էե: Ես անզգայացել էի, «երևի գործի տեղից զանգ են տվել տուն, ասել են, որ չեմ ներկայացելե, «նա կսպանի ինձ… տուն վերադառնալն անիմաստ էե:
– Դու լավ չես զգում,- քահանայի ձայնը թրթռաց:
– …
– Կուզենա՞ս մի քիչ խոսենք:
– Ի՞նչ խոսենք, խոսելու բան չկա,- բորբոքվեցի ես:
– Աստված ամենազոր է, տղա՛ս:
– Ես չեմ հավատում Աստծուն, եկել եմ մոմախավ տուֆի քարերին նայելու, ասում են առողջարար է:
– Լավ է: Ես Վիլիկն եմ,- նա ձեռքը պարզեց ինձ:
– Արա՛մ,- առանց ձեռքս պարզելու կոպտեցի ես, հետո չգիտեմ ինչու սկսեցի խոսել:
– Դուք առավոտից մինչև երեկո եկեղեցո՞ւմ եք լինում, արդեն անգիր գիտեք բոլոր մշտական այցելուներին, բակի քոռ, հոտած մուրացկանները ձեզ տեսնելիս խոնարհում են գլուխները, համբուրում են զգեստի փեշերը: Հա, Ձեր շորերին խնկի հոտ է կպել: Ես միանգամից լռեցի:
– Իմ տունը եկեղեցու հետևամասում է, գնանք միասին, կինս ճաշ է պատրաստել:
Ես գնացի: Ծիծաղս նորից բռնեց: Բայց կուլ տալ էր պետք, որովհետև փողոցում մի անգամ ոստիկանի կողմից ծեծ էի կերել, ատամս կոտրվել էր, վերևի շրթունքս բազուկի պես կարմրել էր: Սարյանով քայլելիս փոքրիկ տղայի տեսա, որը երկու ձեռքով ձմերուկի հյութեղ միջուկ էր խժռում, այնքան մանրակրկիտ ու ախորժակով էր ուտում, որ ծիծաղս եկավ: Փռթկացի: Նույն պահին դիմացս ցցվեց մի հաղթանդամ ոստիկան: Նա գրպանից թուղթ ու գրիչ հանեց ու դիմեց ինձ:
– Ծիծաղելու համար դուք ակտավորվում եք, մեր երկրի նոր օրենքով բարձրաձայն ծիծաղելը արգելվում է, միայն մտքի մեջ, եթե ուզում եք, այն էլ տանը: Հիմա զանցանքի համար դուք պետք է պատիժ կրեք, այսինքն՝ ըստ մեր երկրի օրենքի, փողոցում բարձրաձայն ծիծաղելու համար ձեր դիմացի ատամը պիտի կոտրեմ: Այդ ասելուն պես նա գոտուց արձակեց փայտե մահակը և բութ մասով ուժգին հարվածեց բերանիս: Ատամս կոտրվեց: Մինչև ես ցավից նվում էի, ոստիկանը մանրամասնորեն ակտն էր լրացնում: Վերջում նա հաջողություն մաղթեց ինձ և սիրալիր հրաժեշտ տվեց:
Հայր Վիլիկի տունը փոքրիկ նկուղի էր նմանվում, որտեղ կարելի էր ձմեռվա պահածոներ պահել: Տանը մի քանի իրեր կային: Սեղան, աթոռներ, գրապահարան, ժամացույց և մահճակալ: Լվացարանը և զուգարանը դրսում էին: Մեզ դիմավորեց միջին տարիքի մի կին:
– Սյո՛ւզ, ծանոթացիր, ընկերս է՝ Արամը:
– Շատ ուրախ եմ, Սյուզի,- նա տեղից ելավ, աթոռները մոտեցրեց մեզ: Նստեցինք: Սյուզին փափուկ ձայն ուներ: Ես նրա դեմքին ուշադրություն չդարցրի, բայց նա շատ գեղեցիկ էր:
Հայր Վիլիկը գրպանից դրամներ հանեց, դրեց սեղանին:
– Մի հատ կնունք ունեի, Սյո՛ւզ, էսօր ոչինչ, էլի մի բան ստացվեց,- դեհ, ինչ ես պատրաստել: Սյուզին կարմրեց: «Երևի ամաչում է ինձնիցե: Նա տապակած բանջարեղեն բերեց, հաց, գինի: Նստեց մեր կողքին: Ես ոչինչ չկերա: Հայր Վիլիկը և Սյուզին վատ զգացին, տխրեցին:
– Համարիր մեզ քո ընկերները, Արա՛մ ջան, եթե կարող ենք ինչ որ բանով քեզ օգնել, պատրաստ ենք,- ասաց Հայր Վիլիկը:
Ես զգացի՝ Հայր Վիլիկը կնոջը շատ էր սիրում, որովհետև երկար մատներով շոյում էր նրա ձախ թիակի կորագիծը: Ես, ես պատմեցի: Ասացի, որ այսօր աշխատանքից դուրս եմ եկել: Վախենում եմ տուն դառնալ: Եթե հայրս իմանա այդ մասին, ինձ ներս չի թողնի: Հետո ես լռեցի ու պատառաքաղով բանջարեղեն կերա:
– Բոթասներս բեր, Սյուզի՛,- ասաց Հայր Վիլիկը,- դու էլ պատրաստվիր, գնում ենք,- բայց չասաց, թե ուր: Վիլիկը դուրս եկավ: Մի փոքր անց վերադարձավ` հագուստները փոխած: Նա վերնաշապիկ էր հագել` վրան անգլերեն բառեր` «with loveե, և մանուշակագույն տաբատ: Հայր Վիլիկը տաքսի կանչեց:
– Դե, գնացինք:
Մենք երեքով դուրս եկանք, նստեցինք մեքենան:
– Դուք ո՞ր հասցեում եք ապրում, Արա՛մ ջան,- մեղմ ասաց Հայր Վիլիկը:
– Բանջարանոցային…
– Վարպե՛տ ջան, գնացինք Բանջարանոցային…
… և մենք գնում էինք, գնում էինք մեր տուն` Հայր Վիլիկը, Սյուզին, ես… Ճանապարհին Հայր Վիլիկը իջավ, կիսաքաղցր գինի գնեց: Մենք տեղ հասանք: Ես դողում էի: Կանգնեցինք բնակարանի դռան առջև: Զանգը հնչեցրի: Ներսից տարօրինակ ձայներ էին գալիս: Դուռը բացվեց: Հորս աչքերը շաղվում էին: Նա մի կերպ բռնվել էր դռնից:
– Ես քո տիրոջ մերը, գո, գործից դուրս ես եկել հա՞:- «Զանգել, տեղյակ էին պահելե: Ես ընկճվեցի:
– Բարև ձեզ, ես Վիլիկն եմ՝ Արամի ընկերը, ո՞նց եք:- Հայրս ընկնում էր, բայց Հայր Վիլիկը չթողեց, քնքշորեն բռնեց նրա թևը:
– Դու Ջեկ Լոնդոն կարդացել ես…
– Ծովագայլը…
– Վայ, ես քո ցավը տանեմ, լուրջ ես ասում, Գայլ Լարսենին գիտե՞ս, ես Լարսենի նման տղա եմ, ուրեմն ներս համեցեք, Արա՛մ ջան, ինչի՞ ներս չես հրավիրում, համեցե՛ք, համեցե՛ք:
Հայրս էլի ընկնում էր, բայց Հայր Վիլիկը նրա կողքին էր: Մենք նըստեցինք: Ես սեղան գցեցի: Հայր Վիլիկը հանեց գինին: Հորս շատ դուր եկավ: Նա բռնեց ու պինդ համբուրեց Վիլիկի թուշը: Սյուզին եկավ ինձ օգնելու, լոլիկ ու վարունգ կտրատեց, դրեց սեղանին: Բաժակները լցրեցինք: Հայրս կենաց ասաց:
– Շատ ուրախ եմ, Վի՛լ ջան, շատ, որ Արամիս ընկերներն եք,- հայրս թեքվեց իմ կողմը,- վայ, ես քո տիրոջ… գործից դուրս ես եկել, հա՞…
– Ոչինչ, ուրիշ գործ կգտնի, ոչինչ,- պաշտպանեց ինձ Հայր Վիլիկը…
– Դե լավ, որ ասում ես, ու որ Ջեկ Լոնդոն ես կարդացել, խնդիր չկա…
Մենք խմեցինք, հաց կերանք: Հայրս, Վիլիկին պատմում էր, որ վիրաբույժ է, պատերազմի ողջ ընթացքում այնտեղ է եղել, հետո անկեղծացավ, ասաց, որ մեծ հաճույքով կվիրահատեր Վիլիկին: Ստացավ նրա համաձայնությունը: Հետո էլ ինձ նկատողություն տվեց, որ Սյուզիին միրգ չեմ հյուրասիրում: Որոշ ժամանակ անց հայրս, Վիլիկը և Սյուզին Սայաթ-Նովա էին երգում: Ես հրճվանքից գլուխս կորցրել էի: Դուրս եկա միջանցք, սկսեցի վազել աջուձախ, նորից հետ դարձա: Արդեն լուսանում էր: Հայրս նստած տեղը քնել էր: Սյուզին վերմակով ծածկեց նրան: Տաքսի կանչեցինք: Ես իջա ճանապարհելու:
– Հայրդ աշխարհի ամենաբարի մարդկանցից մեկն է, Արա՛մ ջան, ուրախ եմ, որ ձեր պես ընկերներ ունեցա, բարի գիշեր, կհանդիպենք,- Հայր Վիլիկը համբուրեց ճակատս: Ես ծաղկամանից մի յասաման էի հանել, նվիրեցի Սյուզիին: Նա շատ ուրախացավ: Ձեռքով հրաժեշտ տվեց ինձ:
Տաքսին շարժվեց: Սյուզին գլուխը հենել էր Հայր Վիլիկի ուսին:
Այդ օրը Բանջարանոցայինում բարձր ծիծաղի ձայներ էին լսել:

Աղբյուրը՝ grakantert.am


Նար-Դոս [Կապը կտրած կինը] հեքիաթ այն մասին, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում

Փաստեր Արամ Պաչյանի մասին, Արամ Պաչյանի կյանքից

QUIZ. Ժամանակակից արձակ

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Արամ Պաչյանն ասում է…

հողեղեն արև [պատմվածք]

Սաադիի վերջին գարունը [Ավ․ Իսահակյան]

Ավ․ Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

Րաֆֆի [Կուսագրություն]

Սիրադեղյան արձակագիրը…

Մի շնչով «ապրած տարիներ»…Վարդգես Պետրոսյան

Ավետարան ըստ Հավլաբարի [Աղասի Այվազյան]

Մաճառ Անդոն ու սերը

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ [Սելինջեր]

Գուրգեն Խանջյան [Հայրը]

Ես Լևոն Շահնուրն եմ…