Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց]

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը մեզ հետ հարցազրույցում պատմում է Գյումրու, Գյումրիում նկարահանված և Գյումրու բարբառով ու համ ու հոտով «Թղթե երազանքի», թատրոնի և իր մասին:

Ինչի՞ մասին է «Թղթե երազանքը»:

Սա մի մոտիվացնող պատմություն է սեփական ուժերին վստահելու և դեպի երազանքներ տանող ճանապարհը ճիշտ պահին որսալու մասին:

 

Արսեն, դու մարմնավորում ես «Թղթե երազանք» սերիալի հերոսին՝ գյումրեցի փոքրիկ Հայկին՝ արդեն մեծ տարիքում. կերպարի և Արսենի միջև ընդհանրություններ կա՞ն:

Հայկը նպատակասլաց ու ինքնավստահ անհատականություն է, որը վստահում է իր ուժերին և սովոր չէ նահանջել դժվարությունների առջև։ Կարծում եմ՝ կյանքի հանդեպ հստակ դիրքորոշումը նրան օգնում է ճշգրիտ որոշումներ կայացնել անվերջանալի ընտրությունների խառնաշփոթում, ինչն ինձ մոտ հաստատ ավելի բարդ է ստացվում։ Որոշակի ընդհանրություններ կան կերպարի հետ, բայց բնավորության հիմնական հատկանիշներով մենք խիստ տարբեր ենք:

 

Քեզ ավելի շատ կհիշեն «Երկնագույն շան աչքերը», «Ոչինչ չի մնա» և այլ թատերական ներկայացումներից. սերիալում նկարահանվելու փորձ կա՞ր, թե սա առաջինն է:

Սերիալներին միշտ անվստահությամբ եմ մոտեցել՝ հաշվի առնելով հեռուստատեսային շուկայում տիրող խառնաշփոթը։ Բայց այս դեպքում թիմը՝ ռեժիսոր Գարրի Զաքարյանի գլխավորությամբ, վստահություն ներշնչեց։ Առաջին հանդիպումից արդեն պարզ էր, որ գործ ունեի լուրջ ու պրոֆեսիոնալ ռեժիսորի հետ, որի հետ աշխատելու պրոցեսն իսկապես ստեղծագործական աշխատանք էր։ Բոլորը ոգևորված էին նախագծով: Սկսած նկարահանող հեռուստաընկերությունից վերջացրաց տեխնիկական հարցերով զբաղվող աշխատակիցներով։ Լիքը սիրուն ու գունավոր հիշողություններ մնացին։ Արժեր:)

 

Եվ, այնուամենայնիվ, թատրոն, թե՞ կինո:

Թատրոն… Բայց կինոն էլ իրեն բնորոշ միստիկան ունի, ինչն ինձ հաստատ հետաքրքրում է:

 

Ո՞րն է «Թղթե երազանքի» առաքելությունը Արսենի կարծիքով:

Նախ այս ժապավենը կստիպի մարդկանց սիրահարվել Գյումրուն։ Հետո այն խոսում է քաղաքի խոցելի խավի խնդիրների ու դժվարությունների մասին, որոնք ցավոք դեռ արմատախիլ չեն եղել քաղաքի կենսագրությունից, և, ի վերջո, այս պատմությունը մարդկանց լավատեսություն ու հավատ կներարկի վաղվա օրվա ու սեփական ներուժի նկատմամբ:

 

Ինչո՞ւ էր կարևոր նկարահանել «Թղթե երազանք» սերիալը:

Այն ուրիշ որակ է բերում հայկական հեռուստատեսային շուկա և սահմանում նոր ու որակյալ չափանիշներ։ Այս հեռուստաֆիլմից սովորելու և ընդօրինակելու շատ բան կա:

 

«Թղթե երազանքն» ի՞նչ տվեց քեզ:

Տվեց շատ շնորհալի ու լավ ընկերներ, իսկ մարդկանց տեսքով ձեռքբերումներն ամենակարևորն են:

 

Իսկ Արսենն ունեցե՞լ է կամ ունի՞ «թղթե երազանք»:

Ոչ:


Ի՞նչ դիտել տանը…

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Գնա՞նք Գյումրի…

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

Նոր սերիալներ. 2020

Մի լուսանկարի պատմություն

Օսկարի լավագույն լուքերը

Օսկար 2020

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

BAFTA 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Նոր կանոններ բաց տեսարանների համար

Ջուր ծախող տղան. Հովհաննես Շիրազ

Օսկարի հավակնորդները հայտարարված են

Հոլիվուդյան տղամարդիկ, որ նման են Disney-ի հերոսներին