Արցախի 19-ամյա հերոսը. Ռոբերտ Աբաջյան - VNews

Արցախի 19-ամյա հերոսը. Ռոբերտ Աբաջյան

ռօբեեռտ min - Արցախի 19-ամյա հերոսը. Ռոբերտ Աբաջյան

1996 թվականի նոյեմբերի 16-ինն է ծնվել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը։ Վերջինս պարտադիր ժամկետային զինծառայության է կանչվել 2014 թվականի երկրորդ զորակոչով՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ նա ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

Ռոբերտ Աբաջյանի սխրանքը

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ վեց զինծառայողից բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ մղելով հակառակորդի հարձակումները ու խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին նահանջում է և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի…

Այդպիսով, իր անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին…

Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: 16 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվում է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։

Աբաջյանը դառնում է թվով 24-րդը, ով արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը. նա ընդամենը 19 տարեկան էր…


Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան