Արթուր Միլլեր. Բոլոր իմ որդիները [հատված պիեսից] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Արթուր Միլլեր. Բոլոր իմ որդիները [հատված պիեսից]

Արթուր Միլլեր

Բոլոր իմ որդիները, 1947

Հատված պիեսից (առաջին գործողություն)

«Զանգակ» հրատարակչություն, 2018

Թարգմանությունը՝ Հասմիկ Սեյմուրի

 

***

ՔԵԼԼԵՐ — Խնդիրն այն է, որ շատ աղջիկների չես հանդիպել։ Երբեք էլ ոչ մեկին չես հանդիպել։

ՔՐԻՍ — Հետո՞ ինչ։ Ես աղջիկների հետևից չեմ վազում։

ՔԵԼԼԵՐ — Չեմ հասկանում, թե ինչու հենց Աննին պետք է լինի…

ՔՐԻՍ — Որովհետև այդպես է։

ՔԵԼԼԵՐ — Դա լավ պատասխան է, բայց ի՞նչ է նշանակում։ Դու նրան պատերազ­մից ի վեր չես տեսել, արդեն հինգ տարի է անցել։

ՔՐԻՍ — Ես անզոր եմ։ Ես նրան բոլորից լավ եմ ճանաչում։ Ես մեծացել եմ նրա տան կողքին։ Այս բոլոր տարիներին, երբ մտածում էի իմ ապագա կնոջ մա­սին՝ Աննիին էի պատկերացնում։ Ինչ է, գծագի՞ր ես ուզում։

ՔԵԼԼԵՐ — Գծագիր չեմ ուզում… Ես… Ես… Նա կարծում է, որ Լարին վերա­դառնալու է, Քրի՛ս։ Եթե ամուսնանաս այդ աղջկա հետ, դու եղբորդ մահն ես դրանով ընդունում։ Հիմա ասա՛՝ ի՞նչ կլինի մորդ հետ։ Գիտե՞ս։ Ես չեմ իմանում։

(Դադար)։

ՔՐԻՍ — Դե լավ, հայրի՛կ։

ՔԵԼԼԵՐ — (Կարծելով, թե ՔՐԻՍԸ նահանջում է)։ Մի քիչ էլ մտածի՛ր։

ՔՐԻՍ — Երեք տարի մտածել եմ։ Հույս ունեի, որ եթե սպասեմ՝ մայրիկը կմոռա­նա Լարիին, և հետո մենք օրինավոր հարսանիք կանեինք և բոլորը երջանիկ կլինեին։ Բայց եթե դա հնարավոր չէ այստեղ անել, ուրեմն այստեղից պետք է հեռանամ։

ՔԵԼԼԵՐ — Էդ ինչե՞ր ես դուրս տալիս։

ՔՐԻՍ — Ես կհեռանամ։ Կամուսնանամ և կապրեմ մի ուրիշ տեղ։ Միգուցե Նյու Յորքում։

ՔԵԼԼԵՐ — Դու խելքդ թռցրե՞լ ես։

ՔՐԻՍ — Ես շատ երկար տարիներ լավ զավակ եմ եղել: Միշտ ենթարկվել եմ։ Բայց հիմա փոխվել եմ։

ՔԵԼԼԵՐ — Այստեղ գործարան ունեմ, ի՞նչ ես խոսում։

ՔՐԻՍ — Գործարա՜ն։ Գործարանը ինձ չի ոգևորում։

ՔԵԼԼԵՐ — Իսկ քեզ ոգևորվե՞լ է պետք։

ՔՐԻՍ — Այո՛։ Գոնե օրը մի ժամ։ Եթե ամբողջ օրը պետք է աշխատեմ, երեկոները գոնե կցանկանայի իմ ուզած ձևով ապրել։ Ես ընտանիք եմ ուզում, երեխաներ, ուզում եմ մեկին նվիրվել։ Աննին այդ ամեն ինչի կենտրոնն է։ Հիմա… ինչպե՞ս անեմ։

ՔԵԼԼԵՐ — Դու ուզում ես ասել… (Մոտենում է նրան)։ Ինձ մի բա՛ն ասա։ Դու պատ­ րա՞ստ ես գործարանը թողնելու։

ՔՐԻՍ — Նրա պատճառով՝ այո՛։

ՔԵԼԼԵՐ — (Դադար) Դե լավ… այդպես չպիտի մտածես։

ՔՐԻՍ — Ուրեմն օգնի՛ր ինձ, որ մնամ այստեղ։

ՔԵԼԼԵՐ — Դե լավ։ Բայց… բայց այդպես մի՛ մտածիր։ Որովհետև էլ ինչի՞ համար եմ աշխատել, գրո՛ղը տանի։ Այդ ամենը քե՛զ համար է, Քրի՛ս, ողջ ընկերու­թյունը քո՛նն է։

ՔՐԻՍ — Ես դա գիտեմ, հայրի՛կ։ Միայն ինձ օգնի՛ր, որ այստեղ մնամ։

ՔԵԼԼԵՐ — (Բռունցքը պահելով ՔՐԻՍԻ ծնոտի մոտ) Բայց այդպես չմտածես, լսո՞ւմ ես ինձ։

ՔՐԻՍ — Ես այդպես եմ մտածում։

ՔԵԼԼԵՐ — (Ձեռքն իջեցնելով) Քեզ չեմ հասկանում, չէ՞։

ՔՐԻՍ — Չէ՛, չես հասկանում։ Ես բավականին համառ մարդ եմ։

ՔԵԼԼԵՐ — Հա՛, ես դա տեսնում եմ։

(ՄԱՅՐԸ հայտնվում է դռան շեմին։ Նա հիսունն անց կին է՝ անզուսպ ոգևորություններով և սիրելու անսահման կարողությամբ)։

ՄԱՅՐ — Ջո՞։

ՔՐԻՍ — (Քայլելով դեպի շեմքը) Բարև՛, մա՛մ։

ՄԱՅՐ — (Ցույց տալով իր հետևի տունը։ ՔԵԼԼԵՐԻՆ) Դու լվացարանի տակից պա­յուսակը վերցրե՞լ ես։

ՔԵԼԼԵՐ — Այո՛, դրել եմ աղբի դույլի մեջ։

ՄԱՅՐ — Դե ուրեմն հանի՛ր դույլից։ Այնտեղ իմ գետնախնձորներն են։

(ՔՐԻՍԸ հռհռում է՝ քայլելով դեպի ծառուղին)։

ՔԵԼԼԵՐ — (Ծիծաղելով) Կարծեցի՝ աղբ էր։

ՄԱՅՐ — Ինձ մի լավություն կանե՞ս, Ջո՛։ Մի՛ փորձիր ինձ օգնել։

ՔԵԼԼԵՐ — Ես կարող եմ մի ուրիշ տոպրակ գետնախնձոր գնել։

ՄԱՅՐ — Միննին անցած գիշեր աղբամանը եռացրած ջրով լվացել է։ Այն քո ատամներից էլ մաքուր է։

ՔԵԼԼԵՐ — Բայց չեմ հասկանում, թե ինչու քառասուն տարի աշխատելուց հետո և այն դեպքում, որ աղախին ունեմ, ինքս եմ աղբը դուրս տանում։

ՄԱՅՐ — Եթե հասկանայիր, որ խոհանոցի ամեն մի տոպրակ աղբ չէ, իմ բանջա­րեղենը չէիր թափի։ Անցյալ անգամ էլ սոխն էիր թափել։

(ՔՐԻՍԸ մոտենում է նրան, տալիս տոպրակը)։

ՔԵԼԼԵՐ — Ես տան մեջ աղբ չեմ սիրում։

ՄԱՅՐ — Դե ուրեմն մի՛ կեր։ (Նա խոհանոց է գնում տոպրակը ձեռքին)։

ՔՐԻՍ — Քո օրն էլ այսպես վերջացավ։

ՔԵԼԼԵՐ — Այո՛, ես միշտ վերջին տեղն եմ գրավել նրա ցուցակում։ Ես չեմ հասկա­նում։ Մի ժամանակ մտածում էի, որ երբ դրամ ունենամ, աղախին կվարձեմ, և կինս մի փոքր կհանգստանա։ Այժմ, երբ դրամ ունեմ և աղախին ունեմ, կինս աշխատում է աղախնի համար։ (Նա նստում է աթոռներից մեկին։ Իր վեր­ջին բառերի վրա՝ կինը բեմ է մտնում։ Նրա ձեռքին կանաչ լոբով մի աման կա)։

ՄԱՅՐ — Այսօր նրա հանգստյան օրն է։ Ինչո՞ւ ես չարալեզու դարձել։

ՔՐԻՍ — (ՄՈՐԸ) Աննին նախաճաշը չի՞ վերջացրել։

ՄԱՅՐ — (Մտահոգված պարտեզի շուրջը նայելով) Նա շուտով դուրս կգա։ (Քայլե­լով) Քամին իր գործն է արել այստեղ։ (Ծառին նայելով) Սա էլ ծառի վերջը, Աստծուց շնորհակալ եմ։

ՔԵԼԼԵՐ — (Ցույց տալով իր կողքի աթոռը) Նստի՛ր, մի՛ վրդովվիր։

ՄԱՅՐ — (Նա ձեռքը սեղմում է ճակատին) Սուր ցավ եմ զգում գլխիս վերևի մասում։

ՔՐԻՍ — Ասպիրին բերե՞մ։

ՄԱՅՐ — (Գետնից վերցնում է մի բուռ հող, հոտ քաշում, հետո շաղ տալիս բույսերի վրա)։ Այլևս ոչ մի վարդ։ Այնքան զարմանալի է… ամեն ինչ պատահում է նույն ժամանակ։ Այս ամիս նրա տարեդարձն է, նրա ծառը արմատախիլ է եղել, Աննին եկել է։ Ամեն ինչ կարծես հետ է գնացել։ Ես հենց նոր նկու­ղում էի, և ոտքս ինչի՞ն կպավ։ Նրա բեյսբոլի ձեռնոցին։ Հարյուր տարի չէի տեսել դա։

ՔՐԻՍ — Չե՞ս կարծում, որ Աննին գեղեցկացել է։

ՄԱՅՐ — Այո՛։ Հաստատ։ Նա կատարյալ գեղեցկուհի է։ Դեռ չեմ հասկացել, թե ինչն է նրան այստեղ բերել։ Ես, իհարկե, ուրախ եմ նրան տեսնել, բայց…

ՔՐԻՍ — Մտածեցի, որ բոլորս էլ իրար կուզենայինք տեսնել։ (ՄԱՅՐԸ նայում է որ­դուն՝ գլխի աննշան շարժումով նրան հավանություն տալով, համարյա ինչ–որ բա­ նի հետ կարծես համակերպվելով) Ես ինքս ցանկություն ունեի նրան տեսնելու, բայց…

ՄԱՅՐ — (Այլևս գլուխը չի շարժում։ ՔԵԼԼԵՐԻՆ)։ Միայն կարծում եմ նրա քիթը մի քիչ երկարել է։ Բայց միշտ սիրելու եմ այդ աղջկան։ Նա այն աղջիկներից է, որ իսկույն անկողին չմտավ ուրիշի հետ, երբ իր նշանածն անհետ կորել էր։

ՔԵԼԼԵՐ — (Կարծես թե նման բան հնարավոր չէր սպասել ԱՆՆԻԻՑ) Վա՜հ, ի՞նչ ես դու…

ՄԱՅՐ — Դե ի՞նչ։ Մեծ մասը նույնիսկ չսպասեցին հեռագիրը բացելուն։ Ես այն­քա՜ն ուրախ եմ, որ նա եկել է, և հիմա ինքներդ կհամոզվեք, որ խելքս չեմ թռցրել։ (Նստում է և արագորեն սկսում է լոբին մաքրել և լցնել ամանի մեջ)։

ՔՐԻՍ — Միայն այն պատճառով, որ նա չի ամուսնացել, չի նշանակում, որ դեռ ողբում է Լարիի համար։

ՄԱՅՐ — (Խոր դիտողականությամբ) Ինչո՞ւ ուրեմն չի ամուսնացել։

ՔՐԻՍ — (Մի փոքր հուզված) Դե… բազմաթիվ պատճառներ կարող էին լինել։

ՄԱՅՐ — (Կտրուկ նրան դիմելով) Օրինակ՝ ի՞նչ։

ՔՐԻՍ — (Ամաչելով, բայց իր կարծիքը պաշտպանելով) Չգիտեմ։ Ինչ որ է։ Կարո՞ղ եմ քեզ ասպիրին բերել։ (ՄԱՅՐԸ ձեռքը գլխին է դնում)։

ՄԱՅՐ — (Նա բարձրանում է և աննպատակ քայլում դեպի հետևի ծառերը) Սա գլխա­ցավի նման չէ։

ՔԵԼԼԵՐ — Դու չես քնում, դա՛ է պատճառը։ (ՔՐԻՍԻՆ) Նա օրվա մեծ մասը ննջա­րանի հողաթափերով է, ո՛չ կոշիկներով։

ՄԱՅՐ — Ես ահավոր գիշեր եմ անցկացրել։ (Նա կանգ է առնում)։ Այսպիսի գիշեր երբեք չէի ունեցել։

ՔՐԻՍ — (Նայում է ՔԵԼԼԵՐԻՆ) Ի՞նչ պատահեց, մա՛մ։ Դու երա՞զ տեսար։

ՄԱՅՐ — Ավելին, ավելին, քան երազ։

ՔՐԻՍ — (Տատանվելով) Լարիի մասի՞ն։

ՄԱՅՐ — Ես խոր քնած էի, և… (Ձեռքը բարձրացնելով դեպի հանդիսատեսը) Հիշո՞ւմ եք, երբ նա սովորում էր օդանավ քշել, սովորություն ուներ տների վրայով ցածր թռչելու։ Ինչպես էինք տեսնում նրա դեմքը օդաչուի խցիկում, երբ նա փողոցի վրայով էր թռչում։ Հե՛նց այդպես նրան տեսա։ Միայն թե՝ ավելի վերևում։ Շատ, շա՜տ ավելի վեր՝ ամպերի մեջ։ Նա այնքա՜ն իրական էր, որ ես կարող էի ձգվել և նրան հպվել։ Բայց հանկարծ օդանավը սկսեց վայր ընկնել։ Եվ ինձ կանչելով, կանչելով «Մա՜մ… Մա՜մ, մա՜մ»։ Ես նրան այնքա՜ն պարզ էի լսում, կարծես թե նա սենյակում լիներ։ Մա՜մ… դա նրա ձայնն էր։ (Նա սկսում է հեկեկալ, իր պարզած ձեռքը ցած է ընկնում)։ Ես արթնացա, և այնքան տարօրինակ էր… Քամին… դա կարծես նրա օդանավի շարժիչը լի­ ներ։ Ես դուրս եկա այստեղ… հավանաբար կես քուն, կես արթուն էի։ Ես լսում էի շարժիչի աղմուկը, կարծես թե նա սավառնում էր իմ գլխավերևում։ Ծառը աչքիս առաջ տապալվեց… և ես… արթնացա։ (Նա ծառին է նայում։ Հանկարծ մի բան է նկատում, շրջվում և ցուցամատը նախատինքով թեթևակի թափ տալիս ՔԵԼԼԵՐԻ վրա) Տեսնո՞ւմ ես։ Մենք երբեք այդ ծառը չպիտի տնկե­ինք։ Ես դա հենց սկզբից էի ասում. շատ շուտ էր նրա հիշատակին ծառ տնկել։

ՔՐԻՍ — (Ահազանգով) Շա՜տ շուտ։

ՄԱՅՐ — (Զայրանալով) Մենք շատ շտապեցինք։ Բոլորն այնքան էին շտապում նրան թաղել։ Ես ասացի, որ առայժմ չտնկենք։ (ՔԵԼԼԵՐԻՆ) Քեզ ասացի…

ՔՐԻՍ — Մայրի՛կ, մայրի՛կ։ (ԿԻՆԸ նայում է նրան)։ Քամի՛ն է պոկել։ Ի՞նչ նշանակու­թյուն ունի։ Մայրի՛կ, խնդրում եմ… Նորից չսկսենք այդ ամենը, լա՞վ։ Դա լավ չէ, դա ոչնչի չի ծառայում։ Ես մտածում էի, գիտե՞ս, միգուցե մենք բոլորս նրան պետք է մեր գլխից հանենք։

ՄԱՅՐ — Այս շաբաթ երրորդ անգամն է, որ դա ասում ես։

ՔՐԻՍ — Որովհետև այսպես ճիշտ չէ։ Մեր կյանքը կարծես կանգ է առել։ Մենք բոլորս կարծես գնացքի կայարանում ենք և սպասում ենք մի գնացքի, որը երբեք չի գալու։

ՄԱՅՐ — Ինձ համար ասպիրի՛ն բեր, լա՞վ։

ՔՐԻՍ — Իհարկե, եկ այս վիճակից դուրս գանք, հա՞, մա՛մ։ Մտածում էի, որ մենք մի երկու անգամ չորսով գուցե ճաշի գնայինք, գուցե պարելու գնայինք ծո­վեզերքին։

ՄԱՅՐ — Լա՛վ։ (ՔԵԼԼԵՐԻՆ) Մենք այս իրիկուն կարող ենք գնալ։

ՔԵԼԼԵՐ — Գրո՛ղը տանի։

ՔՐԻՍ — Իհարկե, եկեք մի քիչ զվարճանանք։ (ՄՈՐԸ դիմելով) Դու ասպիրինից կսկսես։ (Նա գնում է տուն՝ մի նոր ոգևորությամբ։ ՄՈՐ ժպիտն անհետանում է)։

ՄԱՅՐ — (Մի մեղադրական տոնով) Ինչո՞ւ է աղջկան հրավիրել այստեղ։

ՔԵԼԼԵՐ — Ինչո՞ւ է դա քեզ մտահոգում։

ՄԱՅՐ — Նա երեքուկես տարի Նյու Յորքում էր, ինչո՞ւ հանկարծ անսպասելիո­ րեն հիմա…

ՔԵԼԼԵՐ — Դե, միգուցե… նա միայն ուզում էր աղջկան տեսնել…

ՄԱՅՐ — Ոչ ոք յոթ հարյուր մղոն չի կտրում միայն տեսնելու համար…

ՔԵԼԼԵՐ — Ի՞նչ ես ուզում ասել։ Նա ողջ կյանքը աղջկա հետ կողք կողքի է ապ­րել, ինչո՞ւ չի ուզենա նրան տեսնել։ (ՄԱՅՐԸ կասկածանքով ամուսնուն է նա­ յում)։ Ինձ այդպես մի՛ նայիր։ Նա ինձ ավելին չի ասել, քան քեզ։

ՄԱՅՐ — (Միաժամանակ որպես նախազգուշացում և հարց) Նա չի՞ ամուսնանալու այդ աղջկա հետ։

ՔԵԼԼԵՐ — Ի՞նչ գիտես, որ դրա մասին է մտածում։

ՄԱՅՐ — Այդպես է երևում։

ՔԵԼԼԵՐ — (Զննելով կնոջ ռեակցիան) Դե լավ, հետո՞ ինչ։

ՄԱՅՐ — (Տագնապահար) Ի՞նչ է այստեղ կատարվում, Ջո՞։

ՔԵԼԼԵՐ — Հիմա լսի՛ր, փոքրի՛կս…

ՄԱՅՐ — Դե ուրեմն ինչո՞ւ է միայնակ։ Նյու Յորքը լիքն է տղամարդկանցով, ուրեմն ինչո՞ւ նա չի ամուսնացել։ Միգուցե հարյուրավոր մարդիկ նրան ասել են, որ հիմարություն է անում, բայց նա սպասել է։

ՔԵԼԼԵՐ — Ի՞նչ գիտես, թե նա ինչու է սպասել։

ՄԱՅՐ — Նա գիտի, ինչ որ ե՛ս գիտեմ, ահա՛, թե ինչու։ Նա սարի պես կանգուն է և հավատարիմ։ Իմ ամենադժվար պահերին մտածում եմ հավատարմության մասին, և նորից հասկանում եմ, որ ճիշտ եմ։

ՔԵԼԼԵՐ — Տե՛ս՝ ինչ հիանալի օր է, ինչի՞ համար ենք մենք վիճում։

ՄԱՅՐ — (Զգուշացնելով) Այս տան մեջ ոչ ոք իրավունք չունի նրա հավատը ոտնա­կոխ անելու, Ջո՛։ Օտարները՝ գուցե, բայց ո՛չ իր հայրը, ո՛չ իր եղբայրը։

ՔԵԼԼԵՐ — (Համբերությունը կորցնելով) Ի՞նչ ես ուզում, որ անեմ։ Ի՞նչ ես ուզում։

ՄԱՅՐ — Ուզում եմ, որ դուք երկուսդ էլ ձեզ պահեք այնպես, կարծես նա հետ է գալու։ Երկուսդ էլ։ Մի՛ ձևացրու, թե չեմ նկատել ձեր պահվածքը, ինչ Քրիսը նրան հրավիրել է։ Ես ոչ մի հիմարության հետ չեմ հաշտվի։

ՔԵԼԼԵՐ — Բայց, Քե՛յթ…

ՄԱՅՐ — Որովհետև եթե նա չի վերադառնալու, ես ինքնասպան կլինեմ։ Ծիծա­ղի՛ր։ Ծիծաղի՛ր վրաս։ (Նա ցույց է տալիս ծառը) Բայց ինչո՞ւ սա պատահեց հենց այն գիշեր, երբ նա եկավ։ Ծիծաղի՛ր, բայց այս դեպքերի մեջ իմաստ կա։ Նա գալիս է իմ որդու սենյակում քնելու, և իր ծառը տապալվում է։ Այս­ տե՛ղ նայիր։ Նայի՛ր։ (Նա նստում է նստարանին՝ ամուսնու ձախ կողմում) Ջո՛…

ՔԵԼԼԵՐ — Հանգստացի՜ր։

ՄԱՅՐ — Անցյալ շաբաթ նույնիսկ Դեթրոյթում հայտնվեց մեկը, ով անհետ կո­րել էր Լարիից էլ ավելի երկար տարիներ։ Դու ի՛նքդ կարդացիր։

ՔԵԼԼԵՐ — Դե լավ, դե լավ։ Հանգստացի՜ր։

ՄԱՅՐ — Դու բոլորից շատ պետք է հավատաս, դու…

ՔԵԼԼԵՐ — (Վեր կենալով) Ինչո՞ւ ես՝ բոլորից շատ։

ՄԱՅՐ — Միայն մի՛ դադարիր հավատալ…

ՔԵԼԼԵՐ — Ի՞նչ է դա նշանակում՝ ես՝ բոլորից շատ։

 

Արթուր Միլլեր
«Բոլոր իմ որդիները», 1947
Հատված պիեսից (առաջին գործողություն)
«Զանգակ» հրատարակչություն, 2018
Թարգմանությունը՝ Հասմիկ Սեյմորի

 

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Շիրվանզադե. «Պատվի Համար»

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

Մերիլին Մոնրո

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ