Աշոտ Բագրատունի - VNews

Աշոտ Բագրատունի

Հայաստանը ունեցել է ականավոր թագավորներ, որոնք իրենց գործով առավել խորն են ամրագրվել պատմության էջերում: Այդ արքաներից մեկին է այսօր անդրադարձել Vnews-ը:

Աշոտ 3-րդ արքան գահ բարձրացավ Կարսում 953 թվականին: Նրա օրոք Հայաստանն ապրում էր մշակութային և տնտեսական վերելք: Երբ 961 թվականին նրա թագավորանիստ պալատը տեղափոխվում է Անի, Աշոտ արքան պարսպապատել է տալիս քաղաքը, կառուցում  պալատներ և այլ շինություններ՝ Անին հռչակելով Հայաստանի մայրաքաղաք…

Բացի տնտեսական աճից՝ նրան հաջողվում է նաև Հայաստանում խաղաղություն սահմանել՝ հաջողությամբ ետ մղելով Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ Իսկ  973 թվականին 80 հազարանոց բանակով նա դուրս է գալիս Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը: Հաշտություն է կնքում նաև Հայաստանի և Բյուզանդիայի միջև։

Նրա շնորհիվ Հայաստանում զարգացել է քաղաքաշինությունը: Իսկ նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, ետ չմնալով ամուսնուց՝ իր հերթին 966 թվականին հիմնել է Սանահինի, իսկ 976 թվականին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։

Նրանց ընտանիքի թագավորության տարիներին երկրի գլխավոր քաղաքներում բացվել են դպրոցներ, հիվանդանոցներ, որոնց պահպանման համար Աշոտ արքան հատկացրել է որոշ եկամուտներ, ինչը բացառիկ երևույթ էր այդ ժամանակների համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Աշոտ Ողորմածի արձանը Գյումրիում

Բայց Ողորմած պատվանունը կապված է նաև մի  լեգենդի հետ, ըստ որի մի անգամ աղքատության մեջ ապրող ժողովուրդը դիմում է Աշոտ Բագրատունուն՝ նրա վերակացուի միջոցով: Արքան վերակացուին տալիս է 500 ոսկի, որ տանի ու բոլորին հավասար բաժանի: Եվ ավելացնում է.

«Գիտեմ, որ դու ագահություն պիտի անես և մեծ մասը քեզ կպահես: Ահա հենց քեզ համար 100 ոսկի, միայն թե ժողովրդին իր հասանելիք 500 ոսկին կբաժանես»։

Վերակացուն, գնալով չքավոր ժողովրդի մոտ, ասում է.

«Իմացած եղեք՝ թագավորը շատ բարկացավ ձեզ վրա: Ասաց՝ ուզում է թող բոլորն էլ սովից կոտորվեն, իմ ի՜նչ գործն է»:

Բայց լուրը հասնում է թագավորին, որը ոչ միայն պատժում է վերակացուին, այլ նաև վերցնում է նրանից ամբողջ 600 ոսկին և բաժանում իր ժողովրդին:

Ահա և այս արդարացի արարքի համար Աշոտ 3-րդը կնքվել է Աշոտ Ողորմած…

Ճանաչե՛նք մեր պատմությունը:

Աղբյուրը՝ Հ1, Վիկիպեդիա

Կարդացեք նաև՝