fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Աշխարհով մեկ». 5 ամենավտանգավոր վայրերը

Vnews-ը ներկայացնում է նոր շարք՝ «Աշխարհով մեկ»: Այս շարքով մենք միասին  կճանապարհորդենք: Ով տանը՝ բազմոցին նստած, ով աշխատավայրում՝ ընդմիջումների ժամանակ, կամ ոչ միայն, ով «գազելներով» կամ  ավտոբուսներով դասի գնալիս և այլն…

Կկարդանք ամենաանհավանական ու հետքաքրքիր երկրների ու քաղաքների մասին: Կծանոթանանք նրանց սովորություններին ու մշակութային արժեքներին:  Բայց ի հավելումն վերը նշվածի՝ Vnews-ը դուրս կգա հատուկ ստեղծված  կարծրատիպերից, «ստանդարտներից» ու կներկայացնի  «Աշխարհով մեկի»  վտանգավոր ու վատ կողմերը: Իսկ որպեսզի հենց առաջին իսկ հոդվածով ապացուցենք մեր ծրագրերի ամբողջ  «վտանգը», այսօր ձեզ կներկայացնենք աշխարհի 5 ամենավտանգավոր վայրերը, որոնք գուցե դուք չեք  ցանկանա այցելել, բայց ծանոթանալ ու գաղափար կազմել՝  վստահ ենք՝ կուզեք:

Զբոսաշրջային սեզոնը դեռ  ընթացքի մեջ է, այնպես որ, եթե էքստրեմալ  ճանապարհորդություն եք ուզում, զգուշացնում ենք՝  միայն ՈՉ այստեղ:

Սոմալի

Աշխարհում կան շատ ու շատ վտանգավոր քաղաքներ, որոնք հանցագործության ամենաբարձր մակարդակն ունեն: Օրինակ ՝ Մեքսիկայի  Սիուդադ Հուարես քաղաքը, որը վերջին տարիներին համարվում  է Երկրի մոլորակի թերևս ամենակրիմինալ քաղաքներից մեկը:

Ի՞նչ կարելի է ասել,  նույնիսկ տրոպիկական Ռիո դե Ժանեյրոն կամ համաշխարհային նորաձևության մեքքան՝ Փարիզը,  խորհուրդ չի տրվում այցելել միայնակ՝  հատկապես կանանց: Իսկ այս դեպքում մի ամբողջ երկիր կարող է լինել  ամենավտանգավոր վայրերի ցանկում, ինչպիսին հանդիսանում է  մեր առաջին տեղը զբաղեցրած Սոմալին:

Ժամանակակից ծովահենների հայրենիքը` Արևելյան Աֆրիկայի Սոմալի հանրապետությունն  այլ կերպ անվանում են նաև  մեր մոլորակի  «արյունոտ թարախ»: Տհաճ է, իհարկե:

Դժվար է, իհարկե,  այն անվանել պետություն, քանի որ այն որպես այդպիսին այդպես էլ  չի ձևավորվել,  իսկ տեղի բնակչությանը մինչ այժմ հաջողվում  է միայն ի  կատար ածել ամենաթողությունը՝  հանցագործություն, սով, ծայրահեղ աղքատություն:  Նույնիսկ Սոմալիի ափերին  պետք չէ  մոտենալ, քանի որ  այնտեղ  հայտնի  ծովահեններն են, որոնց զոհերը  դառնում են նույնիսկ  ափերից զգալիորեն  հեռու նավարկող նավերը: Պետության  հյուսիսը գտնվում է քրոնիկ ներքին պատերազմի մեջ, իսկ Մոգադիշու ռոմանտիկ անվանումով  մայրաքաղաքը վաղուց արդեն դարձել է տարատեսակ կլանների և հանցավոր խմբերի  կռվախնձորը, որը  փորձում են բաժանել իրար միջև : Սպանություններ, բռնաբարություններ,  կողոպուտ՝ օրը ցերեկով, դիակների ապամոնտաժում և ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ, և այս  ամենը  ասոցացվում է Սոմալիի հետ:

Սոմալիի Դաշնային հանրապետությունում այլ «պետական կազմավորումներից» բացի, կա նաև Սոմալիի` այսպես կոչված իսլամական էմիրության «Աջամաաթ Ալ-Շաբաբ» արմատական իսլամիստական շարժումը, որը կապեր ունի Ալ-Քաիդայի հետ, սերտ համագործակցում է նաև  հարևան պետության՝  Եմենի   իսլամական արմատականների հետ: Եվ մեղմ ասած այս ամբողջ  «ախպերությունը» վերահսկում է Հարավ-Արևմտյան և Կենտրոնական Սոմալիի բավականին տպավորիչ տարածքները:

Կեյմադա Գրանդի կամ Օձի կղզի

Իսկ այս՝  առաջին հայացքից դրախտը,  (պակասում են միայն Եվան ու խնձորը) որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում և տեղավորված է  Սան Պաուլոյի (Բրազիլիա) ափերից ընդամենը 35 կմ հեռավորության վրա, բարեբախտաբար, որոշ ժամանակով  փակ է ոչ միայն զբոսաշրջիկների, այլև ընդհանրապես այցելուների համար: Չնայած, իհարկե, եթե ցանկությունն  անհնար է զսպել, միգուցե և ձեզ թույլ տան  մտնել դրախտ, բայց մուտքից  առաջ, հավանաբար, դուք պետք է ստորագրեք համապատասխան փաստաթուղթ ՝ նշելով, որ ոչ ոքի չեք մեղադրում  ձեր վաղաժամ մահվան համար… Իսկ կղզիաբնակ ՝ Botrops insularis-ը  աշխարհի ամենավտանգավոր օձերից մեկը, այդ հարցով շատ հեշտ ու հանգիստ կզբաղվի : Այս սողունի  խայթոցը առաջացնում է հյուսվածքների արագ նեկրոզ: Եվ ոչ միայն նեկրոզ, այլ  նաև քայքայում՝ ընդհուպ մինչև  ոսկորները :  Նման խայթոցից  առաջացած ցավերի մասին խոսելու ու ձեզ էլ ավելի ահաբեկելու կարիք  չկա.  հետևանքը  միշտ նույնն է՝ անխուսափելի մահ: Այդ իսկ պատճառով էլ  պարզ է, թե ինչու է   Botrops insularis- ը համարվում է Երկրի մոլորակի   ամենասարսափելի օձերից մեկը:

Ասում են, որ ժամանակին կղզու վրա փարոս  կար, որը սպասարկում էին մարդիկ, բայց մի գիշեր, երբ օձերը բարձրացան նրա վրա և հարձակվեցին աշխատակազմի վրա, փարոսը փոխարինվեց ինքնաշարժով: Այն գործում է մինչ  այսօր:  1985 թվականից Բրազիլիայի իշխանությունները կղզին վերցրեցին  իրենց պաշտպանության տակ և հայտարարեցին այն եզակի արգելոց, որը գրեթե ամբողջովին անմշակ է մարդու կողմից և համարվում է Երկրի ամենամեծ բնական օձաբուծարանը:

Կղզու մեկ քառակուսի մետրի համար, միջին հաշվով  կան 1-5 մահացու թունավոր օձ, իսկ ծառերի ճյուղերը պարզապես «զարդարված» են   այս սարսափելի սողուններով: Կղզու տերուտիրականները սնվում են  նաև թռչուններով, որոնք, ոչինչ  չկասկածելով, նստում են ճյուղերի վրա և օձերի բաժին դառնում:

Կեյմադա Գրանդին  մոլորակի միակ վայրն է, որտեղից օձերը կարողացան ամբողջությամբ տեղահան անել  մարդկանց…

Մահվան ճանապարհ

Հյուսիսային Յունգաս ճանապարհը կամ  «ճակատագրի, մահվան ճանապարհը»  մեր ցուցակի երրորդ տեղն է գրավում և հանդիսանում է աշխարհի ամենավտանգավոր ճանապարհներից մեկը: Այն տեղակայված է Բոլիվիայում և ընկած է անդունդի եզրին, որի խորությունը միջինը կազմում է մոտ 600 մետր: Ճանապարհի երկարությունը գրեթե 70 կմ է, լայնությունը՝ 3.2 մ է:

Այս ճանապարհից ամենաշատը օգտվում են բեռնատարներն ու ավտոբուսները: Իսկ որոշ տեղերում ճանապարհը նույնիսկ այնքան է  նեղանում, որ միայն մեկ ավտոբուս կարող է անցնել, և նույնիսկ այդ դեպքում ասում են, որ  ավտոբուսի մի անիվը կախված է  լինում անդունդից: Ավաղ, սա միակ ճանապարհն է, որը կապում է Կորոյկո քաղաքը (արևադարձային Ամազոնի շրջան) և Բոլիվիայի մայրաքաղաք  Լա Պասը:

Այլ ճանապարհ  ուղղակի  չկա…

Եվ առանց դրա  էլ  ծայրահեղ նեղ ճանապարհը մշտապես էլ ավելի է անանցանելի դառնում  արևադարձային հեղեղներից, որոնք սկսում են   նոյեմբերից  և տևում են մինչև մարտ ամիս: Այս սարսափ ֆիլմի իդեալական կադրն համալրվում  է խիտ մառախուղներով ՝ տեսանելիությունը սահմանափակելով զրոյի:

Ամեն տարի մոտ 200-300 մարդ է մահանում Հյուսիսային Յունգաս ճանապարհին: Չնայած այս ամենին ՝ «Մահվան ճանապարհը»  սիրված զբոսաշրջային ​​վայրերից մեկն է հանդիսանում: Ճիշտ է՝  զբոսաշրջիկները ավտոբուսներին  և ավտոմեքենաներին նախընտրում են  հեծանիվները, բայց «Մահվան ճանապարհը»  ոչ մեկին չի խնայում. միայն 1998-ին այստեղ 18 հեծանվորդ է  մահացել:

Վաշինգտոն լեռ

Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան Վաշինգտոն լեռան բարձրությունը կազմում է ընդամենը 1917 մ, և չնայած որ այն ամենաբարձրն է Միացյալ Նահանգների այս շրջանում՝ այնուամենայնիվ  նրա եզակիությունն բոլորովին դրա մեջ չէ: Վաշինգտոն լեռը վաղուց պահպանում է  աշխարհի ռեկորդը քամու արագության մեջ, որը երբևէ գրանցվել է երկրի մակերևույթին (քամու արագությունն, օրինակ, տորնադոյի մեջ հնարավոր չէ ճշգրիտ չափել երկրից, հետևաբար այն չափվում է արբանյակների միջոցով, իսկ  քամու առավելագույն արագությունը, որը չափվում է հենց երկրի վրա, պատկանում է Վաշինգտոն լեռան տվյալներին): 1934-ի ապրիլն ամենաքամոտն է գրանցվել այստեղ՝  օդային հոսանքների  արագությունը հասել է  372 կմ / ժամ (103.3 մ / վ):

Ի դեպ լեռան վրա տեղակայված են եղանակային կայաններ և աստղադիտարաններ, որոնք, սակայն, կարողանում են դիմակայել մինչև 500 կմ / ժամ արագությամբ քամու ուժգնությանը: Մարտից ապրիլ ամիսներին այստեղ քամի է փչում՝  միջինը 24-ից 16 ժամ: Ի հավելումն այս ամենի՝ այստեղ ցուրտ է, և շատ: 2004 թ. հունվարին գրանցվել է  -42 ° C, իսկ  քամին ՝ 39.1 մ / վ:  Այս պայմաններում ջերմաստիճանն զգացվում ոչ թե  -42° C,  այլ արդեն -75 ° C:

Զարմանալի չէ, որ տեղի աստղադիտարանը  լեռը անվանել է՝ «Աշխարհի ամենավատ եղանակով վայրը»,  այնուամենայնիվ տեղի բնությունը  գրավում է  զբոսաշրջիկներին, թերևս միայն էքստրեմալ…

 Դանաքիլ անապատ

Այս վայրը կոչվում է նաև «Դժոխք երկրի վրա»: Սա ծայրահեղ  բարձր ջերմության (50 ° C) և թունավոր գազերի տեղանք է:  Իսկ  հրաբուխների պատճառով քայլ  անգամ չես կարող անել: Բայց լանդշաֆտն այստեղ այնքան զարմանալի է, որ թվում է, թե  հայտվել ես մեկ այլ մոլորակի վրա: Գուցե դա մասամբ ճիշտ է. քիչ թթվածին,  բարձր «կրակոտ» ջերմություն, թունավոր գազեր և ծծմբի մի ամբողջ լիճ:

Գեղեցիկ է՞, գուցե,  վտանգավո՞ր՝  հաստա՜տ:  Եվ կրկնակի վտանգավոր  առողջության համար.  ծծումբային գոլորշին  շնչելով՝  ստեղծվում են  կյանքը կարճեցնելու բոլոր «հնարավորությունները»:

Իսկ անապատում  բնակվող եթովպիական  վարի ցեղերը ՝ «կարծրացած»  կոշտ կլիմայից, պատրաստ են   հանուն մի կտոր հացի և մի քանի դոլարի  սպանել ցանկացածին:

Հետ եկեք այս սարսափազդու տպավորություններից:

Դուք ապահով տեղում եք…

Բարի՜ գալուստ տուն…