Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին - VNews

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Կանադահայ ռեժիսոր և սցենարիստ Ատոմ Էգոյանի նոր՝ «Պատվավոր հյուր» լարված ու երակարձիգ դրաման վախճանական զղջումների, բազմաշերտ մեղադրանքների, կուտակված թյուրիմացությունների շղթա է, որն ավարտվում է ապաշխարությամբ:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին՝ պատվավոր Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցութային ծրագրի շրջանակներում, որտեղ Էգոյանը ներկայացված էր Ռոման Պոլանսկու, Հիրոկաձու Կորեեդայի, Սթիվեն Սոդերբերգի, Թոդ Ֆիլիփսի, Օլիվյե Ասայասի, Նոա Բոումբակի, Ռոյ Անդերսոնի և մի շարք այլ կարևորագույն, համաշխարհային կինոգործիչների կողքին։

Էգոյանի հետ անցած տարվա վենետիկյան հանդիպումն ու հարցազրույցը տեղադրում ենք այս՝ ամբողջ աշխարհի հայերի համար խրթին և դժվարին ժամանակաշրջանում. իբրև համեստ հայկական ներկայություն և ապացույց սակավաթիվ և հատուկենտ առիթների, որոնք երբեմներբեմն տեղի են ունենում համաշխարհային կինոարվեստի անհուն օվկիանոսում, երբ հայոց լեզուն, թեկուզև էպիզոդիկ դերերում, այնուամենայնիվ հնչում է կարկառուն, անվանի և հնագույն մշակութային հարթակից։ Կարծում ենք՝ խիստ անհրաժեշտ և կարևոր է այս անորոշ և մթին ժամանակահատվածում չկորցնել նմանատիպ փարոսներն առկայծող ճրագները։

Սյուժե

Ջիմը (Դևիդ Թյուլիս) հանրային վայրերի սննդի տեսուչ է, ապրում է Տորոնտոյում, նախկինում ռեստորան ուներ և նախատեսում էր ընդլայնվել տարբեր քաղաքներում: Սակայն նրա սիրելի կինը մահանում է քաղցկեղից, իսկ դուստրը՝ Վերոնիկան, մեծանում և օտարանում է հորից: Վերոնիկան ավագ երաժշտական դպրոցում ուսուցիչ է, գրավիչ է, գործունյա և ինքնուրույն. մինչ Ջիմը զբաղված է ռեստորաններում և ճաշարաններում խավարասերների և անցանկալի մազերի որոնմամբ, նրա աղջկան մեղադրում են աշակերտների նկատմամբ ոտնձգությունների մեջ:

Վենետիկյան զրույց Ատոմ Էգոյանի հետ

– Եկեք խոսենք ֆիլմի բուն, կենտրոնական պատմությունից, գործ ունենք մի ընտանիքի պատմության հետ։ Ի՞նչու հենց այս ընտանիքն ու այս տեսակ խնդիրները։ 

– Այսպես ասեմ՝ ընտանիքը արքետիպ է, բոլորս էլ ունենք քույրեր և եղբայրներ, ծնողներ, տատիկպապիկներ, կառչած ենք այդ ամենից, սակայն միշտ չէ, որ ծնվում ենք ճիշտ ընտանիքում, այդպես չէ՞։ Շատերն էլ աներևակայելիորեն տպավորված ու կապված են իրենց ընտանիքներից։ Սա մի ընտանիքի պատմություն է, որը կարող էր ճիշտ ընտանիք լինել, սակայն փոխարենը կոտրված է, այսպես ասած՝ բնականոն չի աշխատում, տեղի են ունեցել երկու ողբերգություններ, որոնք փոխել են այս մարդկանց, բայց միևնույն է՝ հերոսները չեն դադարում հայր և դուստր մնալ, հետևանքների շուրջ մտահոգվել։ Ուզում էի քննել այս տեսակ անսովոր պատմություն:

– Եվ իրենց անդադար ուղեկցում է մեղքի զգացումը։

– Այո, ես կարող եմ հասկանալ աղջկա մեղքը, հոր պարագայում իրավիճակն այլ էր, քանի որ նա մեղավոր էր, երբ աղջիկը դեռ 10 տարեկան էր, չէր կարող բացատրել։ Այո՛, կա մեղք, որի հետ միասին նաև առկա է ժխտում, դա այն պաշտպանողական ժխտող մեխանիզմն է, որը մարդիկ սովորաբար ունենում են։ Իսկ մեղքն ունի մի քանի ճանապարհ, կարևորն այն է, թե ուր է այն տանում։ Օրինակ, այն կարող է տանել դեպի զղջում, ապաշխարանք, կամ, օրինակ, կարող ես պարզապես ազատվել նրանից՝ սթափ գիտակցելով, թե ինչու ես այդպես գործել։ Դա կարող է բարդացնել ու գրգռել կողքիններիդ հետ հարաբերություններդ, և դա հենց այն է, ինչ մարդիկ սովորաբար անում են։ Իսկ մեղքի զգացումը ձգանի պես է, այն նաև նման է պարտականության, որից շատերը հաճույք են ստանում։ Մի խոսքով, դիտանկյունները կարող են զանազան լինել։

 

– Ջիմն ուներ խիստ և հստակ չափանիշներ, որոնցով առաջնորդվում էր իր աշխատանքում․ զննում էր ռեստորանները, դա իր կյանքի գործն էր, իր էությունը։ Իսկ  աղջկա հետ հարաբերություններն ի՞նչ «չափանիշներով» էին առաջնորդվում։ Ուզում եմ զուգահեռներ անցկացնենք։

– Այո, ճիշտ է։ Նայեք, կային բաներ, որոնց վրա նա ֆիքսվում էր, իսկ որոշների վրա աչք էր փակում։ Այսինքն, ինքն ուներ այդ գրված ու չգրված կանոնները:

 

Ճագարի դիլեման․ այն ուտելի՞ք է, թե՞ ընկեր. երկակի չափանիշների հե՞տ գործ ունենք։

– Այո, այո, ճիշտ եք։ Կախված է, թե այն ինչպես կմեկնաբանվի։ (մտածում է) Հարցը գուցե նաև մսի սպառման մասին է, մարմնի խոցելիության խնդիրն է։ Նաև կա որոշակի այլաբանական պահ, նա տեղափոխում է իր պարտականությունները մեկ այլ դաշտ։ Այս ամենի մեջ կա գաղտնիք, պատմությունն իրականում այն չէ, ինչ ակնկալում ես իրենց։ Կտորները փազլի պես հավաքվում են, կառուցվածքը մի քիչ այլ է, տարբերվում է շատ ֆիլմերից, բայց պետք է վստահել շարադրանքին։ Ճագարն իր՝ Ջիմի համար իմաստալից էր, դրա հետ մեկտեղ նա նաև հավատացյալ մարդ էր, եկեք հիշենք խնջույքի ժամանակ հնչեցրած կենացը՝ «արյան համար»։ Պահել մոտդ կենդանու մասունք գուցե տարօրինակ արարք է, սակայն նրա համար շատ կարևոր մի բան էր դա, քանի որ իրենից շատ բաներ խլել են ու դեռ շարունակում են խլել, պահել, թեկուզ այդպես։ Խոսքը նաև նորածին՝ նոր կապի մասին է։ Քանի որ ճագարը նախևառաջ իր աղջկա համար էր․ այն ասոցացվում է դստեր հետ, և ակնհայտ է նաև այդ կապը, կապն աղջկա հետ ճագարի միջոցով, որն իր համար մեծ նշանակություն ունի։

 

– Դա, իհարկե, ակնհայտ է, բայց պատմության մեջ կան նաև այլ նյուանսներ, էլեմենտներ, որոնք, կարծես, կախված են օդում, և դրանց պատասխանն ոչ ոք չունի։

– Գրելուց բոլոր պատասխանները կարող են չլինեն, բայց, երբ արդեն սկսում ես աշխատել դերասանների հետ, պետք է հստակ բացատրես՝ ինչն ինչոց է։ Օրինակ, ֆիլմի՝ եկեղեցում թաղման արարողության տեսարանը, երբ քահանան սկսում է պատմել Ջիմի պատմությունը. դա իսկապե՞ս այն էր, ինչ իրեն խնդրել էին անել, պե՞տք է արդյոք ունենանք այդ հարցի պատախանը։ Չգիտեմ։ Ջիմը լավ հարաբերությունների մեջ էր այդ քահանայի հետ, համակրում էր նրան, դրանու՞մ է հարցի՝ իր արարքի պատասխանըՊլանավորե՞լ էր արդյոք դա…

Ուզում եմ խոսենք հիանալի Դևիդ Թյուլիսի խաղի և դերի մասին։ Սկզբում նա ներկայանում է իբրև սրամտող ցինիկ, ինքնավատահ մասնագետ, կատակերգական էպիզոդներ ենք տեսնում, իսկ դեպի վերջ՝ սփյուռքահայերի խնջույքի ժամանակ, նա բացարաձակապես այլ հոգեվիճակում է, հարբած, ներքուստ ջախջախված։

– Այո, այո, դա էլ հենց իր դերակատարման և հերոսի բանալին է։ Նա շատ բան, բազում զգացմունքներ պահում է ներսում, իր մեջ, իսկ պահի տակ տեսնում ենք, թե ինչպես է ազատ արձակում դրանք։ Խնջույքի ժամանակ նա բացվում է՝ զգալով, որ այդ սենյակում կա ինչոր բան, երևույթ, որն իր հանդեպ անչափ մեծահոգի է եղելընդունել է և երախտապարտ է իրեն։ Կարծում եմ, նա այնքան միայնակ է, որ անգամ այդտեղ է բացվում, անծանոթների մեջ, բայց, մյուս կողմից, չէ՞ որ այդ խնջույքը, բոլոր հավաքվածները, կարծես, իր շնորհիվ էին այդտեղ, նա՛ էր պատվավոր հյուրը։ Չնայած, իրենք չգիտեին էլ՝ կհայտնվի նա, թե ոչ, ամեն դեպքում այդտեղ էին լինելու։

Հետաքրքիր է ռեստորանում ներկա բժիշկը, այդ թեման առհասարակ, և թե ինչպես է Ջիմը խոսում քաղցկեղից՝ գուցե իր սեփական ախտորոշումից։ Այո՛, որոշ հարցեր այդպես էլ մնում են անպատասխան, կամ մեզ մեկ ու կես ժամ է անհրաժեշտ՝ մինչև հասկանանք, թե ով է վերնագրի պատվավոր հյուրը, դա, կարծում եմ, ավելի գրական, քան կինեմատոգրաֆիկ հիմք ունի. իմ անձնական ընթերողական փորձից ելնելով՝ ասեմ, որ բազմաթիվ վեպերում եմ հանդիպել նման բան․ ինչու՞ չանել նույնը կինեմատոգրաֆում։ Կարող ենք դրանք շերտեր անվանել։ Այո՛, բարդ է դիտվում, բայց եթե դու արդեն մեկ ու կես ժամ այդ պատմության հետ ես և վստահում ես ընթացքին, արդյունքում դյուրին կլինի ամենն իրար հավաքել։

Լինու՞մ է, երբ տպավորիչ գրքից որևէ դրվագ եք ուզում էկրանավորել, «տեղադրել» ֆիլմում։

– Շատ հաճախ. ինքս ինձ բռնում է այն մտքին, որ հաճախակի ինձ ավելի շատ է հետաքրքրում և հուզում ընթերցանությունը, քան բազմաթիվ ֆիլմերի դիտումը։ Ուշագրավ  և ոգևորող է տեսնել, թե ինչպես են գրողները լուծում իրենց առջև դրված խնդիրներն ու ռիսկի գնում։

– Այս ֆիլմը մտքի լիիրավ ազատություն մե՞ջ է ստեղծվել։

– Այո՛, իմ պարագայում կախված է բյուջեից, սցենարից։ Օրինակ, երբ ինքս եմ իմ ֆիլմի սցենարի հեղինակը՝ մի բան է, եթե նկարահանում են մեկ այլ կինոգործչի սցենարի հիման վրա՝ սպասելիքները, իհարկե, ուրիշ են։ Այստեղ նաև ֆիլմի պրոդյուսերն եմ, բացի դա՝ բյուջեն փոքր է, ինչի շնորհիվ կար որոշակի ազատություն, կարող էի շատ բան անել այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում։ Եվ դա հրաշալի է։ Ես գիտեմ, որ դա արտոնություն է, չնայած, «Պատվավոր հյուր»-ը նկարահանել ենք քսան օրում՝ շատ արագ։ Օրինակ, «Հիշիր»-ի սցենարի նախագիծը երբ ստացա (ֆիլմ, որտեղ գլխավոր դերում նկարահանվեց Քրիսթոֆեր Փլամերը), շատ ոգևորվեցի, նույնը՝ «Քլոե» ֆիլմի հետ կապված, երբ իմացա, որ այն «Նատալի» ֆրանսիական ֆիլմի րիմեյքն է լինելու, տեսա դերասանական կազմը, մտածեցի, որ հիանալի գաղափար է, շատ ոգևորիչ։ Սակայն այդ երկու ֆիլմի պարագայում էլ եղել են հստակ սցենարներ, նման դեպքերում դու չես կարող շեղվել ու այլ բան ստեղծել։ Բայց «Պատվավոր հյուր»-ի պարագայում թեսթային ցուցադրմանն անգամ պարտադրված չէի զգում ինձ, ամենաառաջին՝ անդրանիկ ցուցադրությունն այսօր էր, այստեղ, դուք առաջինն եք այն դիտել։

Այսօր բոլորս ներկա ենք մի աննախադեպ մրցութային ծրագրի, որի մի մասը նաև դուք եք. կան 100 %-անոց մեյնսթրիմային ֆիլմեր՝ լայն լսարանի համար նախատեսված «Ջոքեր»-ն ու նույն ծրագրում է ներկայացված շվեդ աբսուրդիստ Ռոյ Անդերսոնի վերջին ֆիլմը, կան ֆիլմեր Netflix-ից։ Որտե՞ղ է մեզ տանում այս ուղին։

– Կարող եմ ասել, որ հիանալի զգացում է, որ մրցում ես այս տեսակ մեծ ֆիլմերի հետ, որոնք ես դեռևս չեմ տեսել, բայց անպայման կնայեմ։ Նշանավոր շաբաթ էր, և մենք այս հիասքանչ կինոփառատոնում ենք։ Ներկայացված են 3 հայ ռեժիսոր, 2-ը՝ մրցութային ծրագրում։ Սա, կարծես, առաջին անգամ է, նման բան Վենետիկի պատմության մեջ դեռևս չէր եղել… 

Մենք ապրում ենք համակարգիչների և հեռախոսների դարաշրջանում, սակայն որոշ ֆիլմեր ստեղծված չեն այդ փոքր էկրանների համար, դրանք պետք է դիտվեն մեծ էկրանին։ Չեմ կարծում, որ հեռախոսով նայողը 10 րոպե դիտելով կկպնի իմ նկարած պատմությունը։ Ժամանակին ես հեռուստաֆիլմեր էի նկարում, որպեսզի այդ կերպ աջակցեմ իմ հեղինակային նախագծերին։ Բայց ինձ անձամբ դուր է գալիս մի տարածության մեջ մեկ ու կես ժամով փակված լինելու գաղափարը, ինձ դուր է գալիս այս տեսակ պարտավորությունը։ Որքան շփոթեցնող էլ որ լինի, դու կհասնես նպատակակետին, անգամ եթե այն լինի անսպասելի․ ֆրուստրացիայի զգացողությունն այս պարագայում ինձ համար խորհրդավոր նշանակություն ունի։

 

Զրուցեց Դիանա Մարտիրոսյանը


Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

5 ամենահմայիչ/ամենատպավորիչ Հռոմի պապերը կինոյում

10 սիրուն ֆիլմ էսթետների համար

«Մալմկրոգ». Կրիստի Պույուն ազնվականների, քրիստոնեության և պատերազմների մասին

«Կնոջ մասնիկները». Netflix-ի ու Վենետիկի կինոփառատոնի ամենամեծ պրեմիերաներից

Մի քանի փաստ կինոյի մասին

Հիշու՞մ ես «Տանը մենակ» ֆիլմը. հիմա կստուգենք

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Կիմ Կի Դուկ. հարաբերություններ Աստծո հետ

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում

Հաղթահարելով սեփական անշարժ մարմինը. «Սկաֆանդրն ու թիթեռնիկը»

Փրկելով սեփական կյանքը և մոտիվացնելով ուրիշներինը. «127 ժամ»