fbpx

Այն, ինչ պետք է իմանալ Յանուշ Կորչակի մասին

Այսօր ազգությամբ հրեա բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ և պարզապես Մեծ Մարդ Յանուշ Կորչակի հիշատակի օրն է:

1. 1878 թ. հուլիսի 22-ին Վարշավայում ապրող մի հրեական ընտանիքում լույս աշխարհ է գալիս Հիրշ Գոլդշմիտը, նույն ինքը՝ Յանուշ Կորչակը: Հիրշ անունը տղան ժառանգել էր պապիկից, որը Վարշավայում հայտնի բժիշկ էր:

Տղայի հայրը, սակայն, բժշկության հետ ոչ մի կապ չուներ. նա մասնագիտությամբ իրավաբան էր:

Հիրշի երկրորդ անունը Հենրիկ էր:

2. Լեհաստանը Ռուսական կայսրության մաս էր կազմում, հրեաներին շատ վատ էին վերաբերվում, գիմնազիայում էլ գործում էին անմարդկային օրենքները և ուսուցիչներն անգութ էին և դաժան: Այնտեղ տիրող անառողջ մթնոլորտն անդրադարձավ նաև Հենրիկի վրա: Իրավիճակն ավելի է սրվում, երբ 11-ամյա  տղայի հայրը հոգեկան խանգարում է ձեռք բերում:

Իրականությունից Հենրիկը փախչում էր ընթերցանության միջոցավ. որպես էսկապիզմի միջոց նա ընտրեց գրականությունը և իրեն դրան նվիրեց, բայց…

…շատ շուտով ընտանիքի անմխիթար վիճակը սրվում է, և քանի որ հոր բուժումն ահռելի գումարներ էր պահանջում, տղան ստիպված է լինում հրաժեշտ տալ «անհոգ» մանկությանը և աշխատանք գտնել:

 

Սիրի՛ր երեխայիդ անգամ եթե նա անտաղանդ է, անգամ եթե անհաջողակ է, սիրի՛ր նրան անկախ նրանից՝փոքր է, թե՝ մեծ: Նրա հետ շփվելիս, ուրախացի, քանի որ երեխան տոն է, որը դեռ քեզ հետ է:

 

3. 15-ամյա Հենրիկը զբաղվում էր մանկավարժությամբ: Նա ամենաձանձրալի պատմություններն աշակերտներին ներկայացնում էր ամենապատկերավոր և գեղեցիկ ձևով և վերջիններիս մեջ սեր սերմանում գրականության հանդեպ:

Պարզից էլ պարզ էր՝ տղան գտել էր իր տեղը: 18 տարեկանում նա հրապարակում է իր առաջին հոդվածն այն մասին, թե արդյոք կգա մի օր, երբ ծնողները կդադարեն մտածել հաճույքների և անիմաստ ծախսումների մասին և կզբաղվեն իրենց երեխաների դաստիարակությամբ և չեն վստահի այդ պատասխանատու գործը դայակներին և ուսուցիչներին: Այս հարցը մինչ օրս էլ ակտուալ է, այնպես չէ՞…

Հոդվածն այնքան է դուր գալիս թերթի խմբագրին, որ նա տղային առաջարկում է պարբերաբար գրել թերթի համար: Հենրիկը, սակայն այս լուրը մեծ ոգևորվածությամբ չի ընդունում: Ընտանիքին նեղ վիճակից հանելու համար նա ընդունվում է Վարշավայի համալսարանի բժշկության ֆակուլտետ:

4. Տղան շարունակում է ստեղծագործել: Այս անգամ նա հրապարակում է «Ի՞նչ ճանապարհով» պիեսը: Հոր հիվանդության, դրա կործանարար ազդեցության, դժվարությունների մասին իր ընթերցողին նա պատմում է այս գործի միջոցով: Պիեսը հրապարակվում է Յանուշ Կորչակ մականունով: Տաղանդավոր գրող և ուսուցիչ Կորչակը բժշկության մեջ հայտնի էր Հենրիկ Գոլդշմիտ, իսկ գրական ասպարեզում՝ Յանուշ Կորչակ անունով:

5. Կյանքն իր հունով էր ընթանում. Կորչակը ճանապարհորդում է Եվրոպա, տարբեր ուսումնասիրություններ անում, որոնց մասին էլ ավելի ուշ պատմում է իր հոդվածներում:

 

Ամենակոպիտ սխալներից մեկն այն է, որ մարդիկ կարծում են, թե մանկավարժությունը գիտություն է երեխայի, այլ ոչ թե մարդու մասին:

 

6. 1905 թ. ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Հենրիկին խնդրում են բժշկել զինվորներին: Նա հոգ է տանում վիրավորների մասին, օգնում մարդկանց հաղթահարել այն ամբողջ սարսափը, որին ականատես են եղել և փորձել շարժվել առաջ, նա բուժում էր մարդկանց հոգիները, նա հույս էր ներշնչում, նա ստիպում էր վաղվա օրվա հանդեպ հավատով լցվել:

Պատերազմի ավարտից հետո Կորչակը վերադառնում է հարազատ Լեհաստան, և շարունակում է զբաղվել բժշկությամբ:

7. Ավելի ուշ՝ 1907-1908 թթ. Յանուշը ճանապարհորդում է Բեռլին, Ֆրանսիա և Անգլիա, որտեղ էլ կատարելագործում է իր գիտելիքները:

1910 թ. Հենրիկը դադարում է բժշկությամբ զբաղվել և նշանակվում է որբ հրեա երեխաների համար բացված դպրոցի տնօրեն: Այստեղ էլ Հենրիկ Գոլդշմիտը, որն առավել հայտնի էր Յանուշ Կորչակ անունով, կյանքի է կոչում իր մանկավարժական գաղափարները, զբաղվում երեխաների դաստիարակությամբ և պարուրում նրանց իր անծայրածիր սիրով և ջերմությամբ:
Լեհաստանում, սակայն, ատելությունը հրեա երեխաների նկատմամբ գլուխ է բարձրացնում և Յանուշն ամեն կերպ փորձում է դուրս գալ այդ անարդարության դեմ:

Կորչակը սեփական ապաստանն է կառուցում երեխաների համար. 1912 թ. շինությունը պատրաստ էր: Այստեղ հազարավոր փոքրիկներ ստանում էին սնունդ, քնում էին և լավ դաստիարակություն ստանում:

 

Մի՛ սպասիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես, կամ ինչպիսին դու ես ցանկանում նրան տեսնել: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ լինել անհատականություն:

 

8. Երեխաների դաստիարակության հարցում Կորչակին օգնում էր Ստեֆանիա Վիլչինսկայան: Նրանք 16-18 ժամ էին աշխատում՝ երեխաներին սովորեցնելով բարոյականություն և ծանոթացնելով արժեքներին: Յանուշը վստահ էր, որ այս կառույցը ստեղծում է մի միջավայր, որտեղ երեխաներին սովորեցնում են հարգել և սիրել դիմացինին, լինել արդար, խիզախ և պատասխանատու:

9. Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Կորչակը նորից ճակատում էր: Նա գրում է  «Ինչպես սիրել երեխային» գիրքը: Գրքի հիմնաքարն այն միտքն է, որ մարդը չի կարող սիրել իր սեփական և հարևանի երեխային, եթե նրան որպես ինքնուրույն անհատականություն չի դիտարկում:

10. Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին Յանուշ Կորչակը հիվանդանում է տիֆով, սակայն հաղթահարում է հիվանդությունը և վերադառնում «Որբերի տուն»: Այստեղ նա թերթ է հիմնում, որի լրագրողները երեխաներն էին: Նրանցից շատերը գրել և կարդալ չգիտեին, սակայն հոգ չէ՝ նրանք գալիս էին խմբագրություն և պատմում այն ամենի մասին, ինչն իրենց մտահոգում էր, իսկ մյուսները դրանք գրի էին առնում:

11. Դժվար ժամանակներ էին…

Բարերարների թիվը, որոնց օգնությամբ էլ «Որբերի տունը» ոտքի կանգնեց, գնալով կրճատվում էր, և սա պայմանավորված էր տնտեսությունում ճգնաժամով:

Կորչակը տեղափոխվում է Պաղեստին և այստեղ 1934 թ. ներկայացնում երեխաների դաստիարակության 5 պատվիրանները:
Դրանք են.

-Սիրի՛ր երեխային՝ անկախ նրանից քոնն է, թե՝ հարևանինդ: 
-Հետևի՛ր երեխային: 
-Մի՛ ճնշիր նրան: 
-Արդար եղի՛ր ինքդ քո հանդեպ, որ արդար լինես երեխայիդ հանդեպ:
-Ճանաչի՛ր ինքդ քեզ, որ չինքնահաստատվես անպաշտպան երեխայիդ վրա:

12. Յանուշ Կորչակը, որն իրեն Ծեր բժիշկ էր անվանում, ռադիոհաղորդում էր վարում և սովորեցնում մեծահասակներին, թե ինչպես պետք է վարվել երեխայի հետ: Նրա աշխատությունները մեծ պահանջարկ ունեին, Կորչակի մեթոդներին շատերն էին հետևում, սակայն Լեհաստանում մարդիկ կարծում էին, որ հրեան իրավունք չունի իրենց սովորեցնել, թե ինչպես պետք է դաստիարակել երեխաներին:

 

Հարգեք ընթացիկ ժամը, հարգեք այս օրը: Հարգեք ամեն մի րոպեն, քանի որ այն հոսելու է և երբեք, երբեք չի կրկնվելու:

 

13. 1937 թ. հակասեմականությունը (հակասեմիտիզմ) Լեհաստանում հասավ իր գագաթնակետին, Կորչակի ռադիոհաղորդումը փակեցին: Գործի նվիրյալ Կորչակը գիտակցում էր, որ պետք է տեղափոխվել Պաղեստին, սակայն սրտի խորքում նա այնքան էր սիրում Լեհաստանը, որ չէր ցանկանում հրաժարվել ծննդավայրից:

1939 թ. Գերմանիան հարձակվում է Լեհաստանի վրա. սկսվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմը: Կորչակը ցանկանում էր ուղևորվել ճակատ, սակայն նրան մերժում են:
Բժիշկը շարունակում է պայքարել երեխաների կյանքի համար, հոգ տանել վիրավորների մասին, բայց վիճակն անմխիթար էր, շատ անմխիթար: Նացիստները շրջափակում են Վարշավան և անգութաբար ոչնչացնում հրեա մանուկներին:

1940 թ. ամռանը Կորչակին հաջողվում է երեխաներին տեղափոխել ամառային ճամբար, որտեղ նրանք ժամանակավորապես մոռանում են այն մղձավանջի մասին, որում ապրում էին:

14. Գերմանացի զինվորականներն արգելում են երեխաների համար նախատեսված կարտոֆիլի մուտքը գետտո և Կորչակը բողոքում է նրանց դեմ: Արդյունքում նա հայտնվում է ճաղերի ետևում…

Մեկ ամիս անց նրան ազատ են արձակում, և թեպետ վերջինիս առողջական վիճակը շատ վատ էր, նա շարունակում է ինքնամոռաց օգնել փոքրիկներին. Յանուշը հուսահատ էր…

15. 1941 թ. նա խնդրում է իշխանություններին թույլ տալ ստեղծել մի վայր, որտեղ քաղցից և հիվանդություններից մահացող երեխաները կկարողանան անցկացնել իրենց կյանքի վերջին ժամերը, տանելի կդարձնեն դրանք և պատվով հրաժեշտ կտան կյանքին:

16. Վարշավայի գետտոները փակվում էին, բնակիչներին ոչնչացնում էին ոչ մի արժեք չներկայացնող աղբի պես: Անգամ այս պայմաններում Կորչակը շարունակում էր հոգ տանել իր երեխաների մասին, կրթել և դաստիարակել նրանց, հոգին ցավից ոռնում էր, բայց նա կուլ էր տալիս ցավը և շարունակում հույս ներշնչել փոքրիկներին:

1942 թ. հայտնի դարձավ, որ Յանուշ Կորչակի որբուկները արտաքսվելու են, սակայն ոչ ոք չգիտեր՝ թե ուր: Սիրաշատ Կորչակը չէր ցանկանում հանձնվել և առաջարկում է գործարան բացել, որտեղ երեխաները զինվորական հագուստ կկարեն: Այսպես նա ցանկանում էր ցույց տալ, որ երեխաները կարող են պիտանի լինել, այսպես նա ցանկանում էր փրկել նրանց:

17. 1942 թ. օգոստոսի 6-ին մանկատան երեխաներին տեղափոխեցին Տրեբլինկա՝ համակենտրոնացման ճամբար: Նրանց հետ էր իրենց սիրելի բժիշկ Յանուշ Կորչակը, Ստեֆանիա Վիլչինսկայան և մի քանի այլ մեծահասակներ:
Կորչակին կյանք են շնորհում, սակայն նա հրաժարվում է՝ իր սիրելի երեխաների և կոլեգաների հետ դիմավորելով մահը:

1942 թ. օգոստոսի 6-ին Յանուշ Կորչակը, նրա կոլեգաներն ու որբուկները սպանվում են…

 

Նախքան պատերազմ սկսելը, դուք պետք է մի պահ կանգ առնեք և մտածեք անմեղ երեխաների մասին, որոնք ցավ կապրեն, կմահանան կամ կորբանան: