Այսօր հարմար օր է մեռնելու համար. [էսսե] - VNews

Այսօր հարմար օր է մեռնելու համար. [էսսե]

Այսօր հարմար օր է մեռնելու համար։ Ցուրտ է սովորականի պես, ցուրտ է՝ ինչպես միշտ՝ իմ ունեցած պարզ հագուստի համեմատ։ Ցուրտ է բայց արևը թեթև լույս է գցել դիմացի մայթի շենքերի վերևի հարկերին։ Գիտե՞ս, երբ դու ծնվել ես այդ նույն արևը ծանր լույս է գցել քո աչքերին ու այդ պահից ի վեր դու դրանք կկոցում ես ՝ լույսի ծանրությունից, ապրելու ծանրությունից, ծանրությունից քո աշխատանքային ուսապարկի։

Այսօր շատ լավ օր է մեռնելու համար ու մեռնելուց առաջ ինձ մի պահ կհետաքրքրի, թե ինչ տեսք ունի BBC֊ի հեռուստաաշտարակը, ես կմտածեմ այն ձկների մասին, որոնք լողում են գետի ընթացքին հակառակ ու, թե ինչ էր ծխել աստված նրանց ստեղծելից։ Ես նաև կփորձեմ հասկանալ՝ այնուամենայնիվ Եսենինն ինքնասպան եղավ, թե նրան սպանեցին, իսկ ինձ.. իսկ ես… ես դեռ ոչոքի չեմ ցավեցրել ինձ սպանելու չափ, կամ ապրեցնելու… ես ոչ կմեռնեմ, ոչ ինքնասպան կլինեմ.

ես կցնդվեմ քո օծանելիքի բույրի մեջ, որով բուրում են հայրյուրավոր մարդիկ քեզնից բացի։

Իմ բակն ինձ կճանապարհի անտարբերությամբ, իսկ դուք ինձ ճանապարհեք մանր ծաղկանկար հագուստներով, տիրություն արեք կատվիս, կատուներ պահեք և թույլ տվեք նրանց՝ ձեզ տիրություն անել։
Այսօր հարմար օր է մեռնելու համար, գարունը դեռ չի եկել՝ իր սիրաշատությամբ, իր սիրահարվելու պարտադրանքով։ Գարունը՝ քրոջ պես, բոլոր քույրերի՝ հոգատար ու մի քիչ կեղծավոր քեզ սիրելու հարցում, քեզ հասկանալու հարցում՝ անկարող ու սուտասան՝ քեզ հուսադրելու մեջ։ Գարունը դեռ չի եկել, բայց ձմեռը գնացել է…գնացել ծառս է եղել Գյումրու նեղ փողոցներին, կպել ու պոկ չի գալիս Գյումրու երեքհարկանի շենքերի տանիքներից՝ այս լեն ու բոլ մայրաքաղաքը թողած, այս լեն ու բոլ մայրաքաղաից հոգնած։

Ու մեզ մնացել է անհասկանալի մի եղանակ՝ հեռացող ձմռան կորստի ու դեռ չեկած գարնան գտնելիքների բույրով՝ քո օծենիլիքի բույրով։

Իմ մեռնելուց առաջ ՝… թքա՜ծ, բայց իմ մեռնելուց հետո արգելեք այդ բույրը, որ այն ինձ չստիպի հետ գալ ու որսորդական շների պես քայլել հողը հոտոտելով։ Արգելեք այն, որ ես գնամ ուժեղ կանանց պես՝ սև զուգագուլպաներով ու բարձրակրունկների ականջ ծակող կտկտոցներով։

Եվ ձեռքի ծանր շարժումով մի փակեք աչքերս, որ ես տեսնեմ բոլոր նրանց հրաժեշտները, ում երբևէ ողջունել եմ կյանքում։

և որ այն նույն ուժեղ կանանց նման հայացքս փախցնեմ քո հրաժեշտից։