Այծեմնիկ [Անիի քաջ պաշտպանը] այսպիսի հայուհիներ են եղել - VNews

Այծեմնիկ [Անիի քաջ պաշտպանը] այսպիսի հայուհիներ են եղել

 

Դարեր առաջ Հայստանի սքանչելի մայրաքաղաք Անիում ապրում էր մի գեղանի աղջիկ՝ Այծեմնիկ անունով։  Նշանավոր դարբնի՝ Մլեհի դուստրն էր նա:

Այծեմնիկը սիրում էր հոր պատրաստած նուրբ զենքերով զինված շրջել հայրենի բնաշխարհում: Սակայն նրա նետերից ոչ մի թռչուն ու կենդանի չէր վնասվում: Ավելին, Այծեմնիկին տեսնելով՝ մոտ էին գալիս համեղ մի պատառ ստանալու կամ մի բուռ հատիկ կտցելու:

Այծեմնիկի համար նշանակետ էին դառնում հաստաբուն կաղնիներն ու օդ նետված փայտի տաշեղները, կամ խեցու կտորները:

Մի քանի տարի էր արդեն, որ Այծեմնիկը մասնակցում էր նետաձգության մրցումներին:

Այս անգամ էլ էր նա հրապարակ դուրս եկել՝ իր նետաձգության արվեստը ցուցադրելու:

Վիճակահանությամբ նա պիտի հանդես գար ամենից վերջում:  Սրաթռիչ թռավ Այծեմնիկի նետը և ցցվեց թիրախի ուղիղ կենտրոնում: Երջանիկ էր Մլեհը ու հպարտ իր գեղանի, ոսկեվարս դստեր փառքով: Այս անգամ էլ դուստրը հաղթեց շատ անվանի ռազմիկ-մրցակիցների:

Շուտով Այծեմնիկի շուրջը հավաքվեցին ավագանու մի խումբ աղջիկներ, նրանից զինավարժության դասեր առնելու: Աղջիկները Այծեմնիկից սովորում էին նետաձգություն և նիզակամարտի, սրամարտելու արվեստ:

Ախուրյան գետի ափին գտնվող անտառակի բացատը դարձավ նրանց ամենօրյա վարժանքի վայրը: Սակայն նրանց զվարթ ժամանցը մի օր հանկարծակի ընդհատվեց:

Վայրի թաթարների մի հսկայական բանակ հարձակվել էր Հայաստանի վրա: Նրա անցած ճանապարհին ամեն ինչ հրո ճարակ էր դառնում, ավերվում ու ոչնչանում: Անխիղճ վայրագությամբ թաթարներն սպանում էին ծերերին, կանանց ու երեխաներին, ավերում ու թալանում շեներն ու քաղաքները: Գերության էին քշում հատկապես առույգ ու ուժեղ մարդկանց, ջահել ու գեղեցիկ պատանիների ու աղջիկների:  Թշնամին շտապում էր դեպի հայոց ու փառաբանված ու հարուստ մայրաքաղաքը՝ Անի: Թաթարական արյունարբու ոհմակները մոտեցան Անիին ու շրջապատեցին այն: Հայերի ուժերը պակաս էին թշնամուց, բայց նրանք հերոսաբար պաշտպանում էին իրենց հայրենի քաղաքը, ետ վանում դաժան ոսոխին: Թշնամին մի ամբողջ տարի պաշարեց, սակայն չկարողացավ մտնել Անի: Գազազած թշնամին վճռական մարտի նետեց իր բոլոր ուժերը օգնության հասած թարմ զորքերի հետ: Կռվի ծանր պահին միջնաբերդի վրա հայտնվեց Այծեմնիկն` աղջիկների իր ջոկատով: Սկզբում նրանք վիրակապում, զենք էին հասցնում հայ ռազմիկներին:

Տեսնելով, որ քաղաքի պաշտպանների շարքերը խիստ նվազել են, աղջիկները Այծեմնիկի կոչով նետվեցին կռվի մեջ: Այծեմնիկի ջոկատը մարտնչում էր պաշտպան հայ ռազմիկների հետ հավասար քաջությամբ: Հայերի վիճակն աստճանաբար դժվարանում է. նրանց շարքերը նոսրանում են: Կռվում են անգամ վիրավորները:  Նրանք հսկայական վնաս էին պատճռում թշնամուն, սակայն իրենք ևս կորուստներ էին ունենում:

Թշնամին անթիվ էր և անընդհատ ավելանում էր:  Թշնամու նետերը տեղում էին կարկտի պես, խոցում աղջիկներին ու հատուկենտ մնացած հայ ռազմիկներին: Սակայն նրանցից ոչ ոք չէր նահանջում: Մոռացած ցավ ու մահ, Այծեմնիկը իր մարմնից հանում է թշնամու նետերն ու դրանք արձակում նրանց վրա: Նրա հերոսական արարքը զարմացրեց նույնիսկ թաթարներին և կատաղեցրեց նրանց: Նրանք սրահար արեցին բոլոր վիրավորներին: Վախեցած  հերարձակ ազջկա անօրինակ քաջությունից թաթարները մի պահ նույնիսկ ընկրկեցին: Նրանք որոշեցին հեռվից նետահար անել նրան:

Գլխից ու իրանից մի քանի վերք ստացած Այծեմնիկը մահացու հարված հասցրեց ևս մի թշնամու: Նրա ուժերն սպառվում էին: Նա դանդաղ, պաշտպանվելով մոտեցավ պարսպի եզրին:  Թշնամիները տեսնելով, որ վիրավոր հայ գեղեցկուհի-ռազմիկը ուժասպառ է, որոշեցին կենդանի գերել նրան և դուրս հանեցին օղապարանները:   Զգալով վերահաս վտանգը` անարգ ու արյունարբու թշնամու ձեռքը չընկնելու համար, Այծեմնիկը ցած նետվեց բարձրաբերձ պարսպից:

Ծերունի մի պատմիչ` Սամվել Անեցին, գրեց ոսկեծամ պարմանուհու պատմությունը, ով ամեն ինչից շատ սիրում էր իր հայրենիքն ու հիասքանչ քաղաքը:

… Այս պատերազմում քաջությամբ աչքի ընկավ մի կին. պարսպի վրա, որ ետ էր մղում թշնամիներին… առ ոչինչ համարելով նետերի խոցվածքները… և նրա անունը իր արագաշարժությանը վայել` Այծյամն էր կոչվում:

Անցան տարիներ…

Հայ ժողովուրդը չմոռացավ իր հայրենասեր, գեղանի դստերը՝ Ածեմնիկին:

 

աղբյուր՝

Հայկական ավանդապատումներ, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն