Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները…

Հայաստանի գողտրիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում ծնվեց Ալեքսանդր Ստեփանի Թևոսյանը, հետագայում միայն նա ձեռք բերեց Ակսել Բակունց կեղծանունը. բանն այն է, որ գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո:

Բակունցի կինն ու սրտակից ընկերը՝ Վարվառան

Բակունցը  Վարվառայի հետ ծանոթացել է Խարկովում՝ 1923 թվականին: Տեղի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուն պես Բակունցը Վարվառային առաջարկում է ամուսնանալ իր հետ և միասին մեկնել Հայաստան, բայց Վարվառան պատրաստվում էր բարձրագույն կրթություն ստանալ. այդպիսով նա մերժում է Բակունցի առաջարկը։ 1923 թվականին Բակունցն, այնուամենայնիվ գալիս է Հայաստան, իսկ իր սիրո՝ Վարվառայի հետ նամակագրական կապ է պահպանում։ Ավելի ուշ պարզվում է, որ Վարվառային մերժել են մասնակցել ընդունելության քննություններին, և Բակունցը՝ օգտվելով առիթից, առաջարկում է իր սիրելիին գալ Հայաստան և այստեղ շարունակել ուսումը։ 1923 թվականի դեկտեմբերին Վարվառան գալիս է Երևան և ընդունվում Պետական համալսարան, սակայն՝ հայերենի վատ իմացության պատճառով շուտով ստիպված է լինում կիսատ թողնել ուսումը։ Փոխարենը մեկ տարի անց՝ 1924-ին Վարվառան ընդունում է Բակունցի ամուսնության առաջարկությունն ու դառնում նրա կինը։

Զույգը որդի է ունենում՝ Սևադան, վերջինս առողջական խնդիրներ ուներ։ Ականատեսները վկայում են, որ Վարվառան սրտակից ընկեր էր Բակունցի համար, հավատարիմ ու սիրող կին։

Բակունցի ձերբակալությունը

Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել նաև Բակունցին: Այսպիսով 1936 թվականի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է: Մեղադրանքը ՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»: Բակունցի դատական նիստը տևում է ընդամենը 25 րոպե և կայացվում գնդակահարման որոշում: 1937 թվականի հուլիսի 8-ին գրողը գնդակահարվում է Ստալինի ցուցումով:

«Ծա՜նր է, շա՜տ ծանր…Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում…Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս…Ի՞նչ է լինելու ինձ հետ…Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու եւ կարդալու հնարավորությու՜ն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք»…

Հատված Բակունցի՝ բանտում գրված նամակից

1937 թվականի սեպտեմբերի 17-ին կալանավորում են նաև Վարվառային, իսկ որդուն՝ Սևադային հանձնում են Բակունցի եղբորը: Հայտնի է, որ Բակունցի կնոջը 8 ամիս  պահում են բանտում՝ հատուկ խորհրդակցության որոշմամբ, որպես հայրենիքի դավաճանի կին։ Այնուհետև Վարվառային ութ տարով աքսորում են Տեմինկովյան ճամբար, որտեղից նա վերադառնում է 1945-ի աշնանը:

Մեզ են հասել Բակունցի կնոջ վկայությունները՝ իր և աքսորյալ ամուսնու վերջին տեսակցությունների մասին…

Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները

«Կալանքի ժամանակ Բակունցի հետ ունեցել եմ երեք տեսակցություն: … Առաջին տեսակցության ժամանակ նա քիչ էր փոխվել: Նրա տրամադրությունը համեմատաբար առույգ էր, զգացվում էր, որ իր ձերբակալությունը համարում էր ինչ-որ թյուրիմացության հետևանք, որը շատ շուտ պիտի բացահայտվեր: Հոկտեմբերին ես նրան տվեցի հերթական սննդամթերքը և ստացա նրա կեղտոտ սպիտակեղենը: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիների ընթացքում: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի:
«Իմացի՛ր,-այն Ամենը, ինչ ասում եմ քեզ, պատահական մտքեր չեն, այլ արդյունք են երկար անքուն գիշերների»:
Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ ու մեծացնեմ երեխային:
«Որդիս, այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»:
Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցվում իր հեղինակային իրավունքը:
Հաջորդ օր ես մտա ՆԳԺԿ, տարա նրա համար ընթերցելու գրքեր, և ես ստացա այն գրքերը, որոնք նա արդեն կարդացել էր: … Տուն վերադառնալով ես մեքենայաբար թերթատեցի գրքերը, որ նա վերադարձրել էր: Այդ գրքերի մեջ էր Գի դը Մոպասանի պատմվածքների ժողովածուն: Գրքի ցանկում «Պարան» պատմվածքի տակ ես նկատեցի մատիտով դրված փոքր կետեր:
… Բացեցի պատմվածքը, որի լուսանցքներն ամբողջովին սեղված-ընդգծված էին եղունգով: Պատմվածքի բովանդակությունը բացահայտեց նրա բարոյական ծանր կացությունը: Նոյեմբեր ամսին ինձ թույլատրեցին վերջին տեսակցությունը: Նա իրեն պահում էր հանդարտ:
… Նա ասաց, որ հարցաքննությունն ավարտված է, սպասում է դատին:
«Հավանական է, պետք է մեկնել, բայց դեռ կտեսնենք։ Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»։
… Դիմելով որդուն, որ ներկա էր նաև այդ տեսակցությանը, Բակունցն ասաց.
«Դու շա՞տ կամաչես, եթե քո հորը Երևանի փողոցներով տանեն դատարան:
-Ո՛չ, հայրի՛կ. – Ճիշտ է, զավա՛կս, դու մի՛ ամաչիր քո հոր համար, հիշի՛ր, հայրդ այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պետք է կարմրես»
Վարվառա Բակունց (Չիվիջյան)
15.09.1954 թ.»

Նամակի աղբյուրը՝  Facebook/Հայագիտարան Հայաստան