Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Այս անգամ զրուցել ենք հայտնի ու սիրելի «ԲԱԼԿՈՆ»-ի տեր ու տիրակալ, ստեղծագործ ու մտածող մարդ, «Սաղսարա» նախագծի պրոդյուսեր Անուշ Քոչարյանի հետ: Խոսել ենք ինքնամեկուսացման, անձի ու գիտակցության գտնել-կորցնելու,«որակյալ» ձանձրույթ հասկացության և առհասարակ շատ բաների մասին…

 

  • Ողջույն, Անուշ ջան, լա՞վ եք… Ինչպե՞ս է ընթանում հայտնի Բալկոնի Անուշի ինքնամեկուսացումը:

Հենց այդ բալկոնում էլ օրերը դանդաղ, իրենց ողջ հմայքով, զգայական շերտերի բացվածքով ու երբեմն հրելով հաջորդում են մեկը մյուսին։

Բարեւ, լավ եմ։

Տրամադիր։

Բացված եւ փակված միաժամանակ։ Քանդված ու հավաքվելու պատրաստ։ Գործողության մեջ, եւ շարժումս էլ շատ է, քանի որ տարածքն ինձ համար ֆիզիկական նշանակություն չունի, եւ այդ իմաստով ինքնամեկուսացման գործնական կողմը չի ճնշում․ տեսականորեն այն նույն լրահոսի մեջ եմ, ինչ Դուք, այն նույն վիճակագրությանն եմ հետեւում, ինչ Դուք, եւ այն նույն ճառերն եմ լսում, ինչ Դուք, ուղղակի կիսատ (չգիտեմ՝ Դուք ամբողջական լսում եք, թե չէ)։ Այսքանը երեւի։

Հա՛, նաեւ կարդում եմ, աշխատում, ամեն օր ծաղիկ եմ առնում, հավասարեցնում ցողունները, Մորֆիի՝ կատվիս հետ կատարում պարտադիր մեդիտացիան եւ մի շարք այլ ծեսեր, որոնք արդեն մարդու հետ են՝ ընթերցողի, լսողի, զրուցողի, քայլողի, սիրողի, հարազատի ․․․ Ինքնամեկուսացածի։

  • Բալկոնը չի՞ կորցրել իր նշանակությունն այս օրերին, չի՞ կարոտում իրանց անձի մասին երրորդ դեմքով պատմող հետաքրքիր մարդկանց:

Մարդը միշտ է պատմում։ Մարդը սիրում  է պատմել: Ես լսողն եմ։ Ես վավերագրողն եմ նաեւ։ Այդ պատմելու ընթացքի վավերագրողն ու արխիվացնողն եմ։

Բոլոր նրանք, ովքեր եղել են Բալկոնում, «մնացել» են այստեղ, որովհետեւ ես լսել եմ նրանց ձայնի թրթիռը, տեսել եմ հուզմունքը, զարմացել եմ վերադասավոր(վ)ելու կարողությունից։

Այդպես Արտոյի հետ Թունչբոյաջյան «հասել» եմ Ստամբուլ, Դիլաքյանների հետ իրենց մանկության բակ, Նաիրա Մուրադյանի հետ՝ Ֆիրդուս, Վահրամ Զարյանի հետ՝ Մարսել Մարսոյի դասին, Թեքյոզյանի հետ կիլոմետրեր եմ կրճատել, Սամվել Թադեւոսյանի հետ՝ մանկություն, Նարէ Հայկազյանի հետ՝ կեսօր ու երեկո, Էդիկ Պողոսյանի հետ՝ պատում, Արեգ Բալայանի հետ՝ Ապրիլյանը․․․

Էսքանից հետո եւ նաեւ սրանց արանքում եղած բազմաթիվ այլ զրույցներից այն կողմ այլեւս անհետացումը, մեղմ ասած, անհնարին է, Բալկոնն այլեւս չեզոք տեղ չէ, ավելին՝ խիստ սուբյեկտիվ է, եւ խիստ զգայական։

Չգիտեմ՝ արժե արդյոք նշանակությունից խոսել․․․ Երեւի չէ, չարժե՛։

Լուսանկարը՝ Դըրք Սքիբայի
  •  Վերջերս խոսում էիք որակյալ ձանձրույթի մասին: Կկիսվե՞ք ձեր փորձով: Եվ վերջիվերջո ձանձրույթի որակյալը ո՞րն է…

«Որակյալ» ձանձրանալու այդ ձեւակերպումը իմ սիրելի ընկեր, հրաշալի արտիստ Վահրամ Զարյանին է պատկանում։ Այս օրերին տեսազանգի միջոցով առավոտներ ենք կիսել իրար հետ, հետո կիսել ենք միտք, լուսանկար, գործողություն, միչեւ հասանք Մարգըրիտ Դյուրասի «Նյութական կյանք»-ին, կանգ առանք ու անցանք առաջ․․․

Վահրամը նամակ գրեց ինձ։ Հենց այդ տեքստում էր, որ ձանձրանալու «որակյալ» ընթացքին էր անդրադարձել՝ կերպավորելով այն որպես վերադարձի ճանապարհ դեպի մանկություն, որտեղ մենք արագ եւ հեշտ էինք ձանձրանում, որտեղ մեր գործողությունը հենց այդ էր, որ կար։

Գիտե՞ք՝ մենք անընդհատ հորինում ենք, եւ՛ աշխարհն էլ իր հերթին ոգեւորվում է մեր այդ կարողությունից։ Մեզ համար հորինված այս ահռելի սպառողական դաշտը, խաղերը, ձեւակերպումները, կարգախոսները, կոչերն ու ճառերը, պարտավորություններն ու պարտականությունները, գն(վ)ելու ու վաճառ(վ)ելու մեր այդ «շնորհը», նաեւ հնարավորությունը, ազատ տեղեր չթողեցին։ Բուքովսկին լավ է ասում, ավելին կդժվարանամ․

․․․մենք բոլորս գերի ենք

տարօրինակ մի

ճակատագրի

երբեք ոչ ոք չի գտնում

այն միակին

քաղաքի աղբանոցները լցվում են

գժանոցները լցվում են

հիվանդանոցները լցվում են

գերեզմանոցները լցվում են

հիվանդանոցները լցվում են

էլ ուրիշ ոչ մի բան

չի լցվում

 

 («Միայնակ բոլորի հետ», Չ․ Բուքովսկի, թարգմ․՝ Սամվել Մկրտչյանի)

Անընդհատության, ընթացքից մի կողմ քաշվելու անկարողության (առհասարակ անկարողութան) ձեւերը մեզ մեխում են այն նույն պատերին, որոնց վրա ժամանակին էլ մեխվածներ կային․․․ Եթե միայն այդ խելահեղ հոսքից դուրս գալու կերպը գտնվում է, ապա մյուս սենյակում, որտեղ դատարկ պատերն են, միայն ձանձրանալու, «որակյալ» ձանձրանալու լավագույն հնարավորությունն է պտտվում օդում։

 

  • Արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ ամեն օր բաց բալկոնից օնլայն թողարկումներ եք իրականացնում ամբողջ ֆեյսբուքով հայտնի դարձրած ձեր կատվի հետ: Ո՞րն է այդ ձևաչափի նպատակը:

#բացբալկոն-ը հենց այն է, ինչ կա իրականում։ Առանց ուղիղ եթերի էլ, գրեթե նույն ստատիկ պատկերն է, նույն գույներն են, նույն տրամադրվածությունն է։ Ամեն օր, անկախ այս իրավիճակից, ես ու Մորֆին բալկոնը տեսքի բերելու գործին ենք․ խնամում ենք մեզ համար սահմանված այս տարածքը, որտեղ ընդունում եւ ճանապարհում ենք բոլոր նրանց, ովքեր ուզեցին լինել այստեղ, մեզ հետ։

Այս օրերին իմ ու Մորֆիի առանձնությունը գրեթե միջամտության չի ենթարկվում։ Պահը եկավ, որ այդ միջամտության կարիքը բառիս բուն իմաստով զգացի, ուզեցի տեսնել մարդուն, ուզեցի լսել այդ մարդու պատմությունը, բայց իրավիճակն, ինչպես ասում են, «արտակարգ» է, եւ ֆիզիկական ներկայության հնարավորությունը՝ սահմանափակ ․․․ Այդ միջամտության անհնարինության եւ ինչ-որ մեկի պատմությունը այս պահին լսելու բացակայությունն էր, որ ինձ «խոսեցրեց»։ Այդպես սկսեցի խոսել ամեն առավոտ, բայց ուրիշների տեքստերով, այն տեքստերով, որոնցից չեմ էլ կտրվում։

  • Այս արատակարգ դրության «շրջանակներում» շատերս ենք կորցրել կամ մոռացել ենք իրական քնելու և արթնանալու ժամային գոտիները: Ձեզ մոտ է՞լ է գիշերը օրվա սկիզբ դարձել:

O՜հ, այդ մի հարցում ես պահպանողական եմ … Ֆիզիկապես չեմ կարողանում տանել քնիս ժամային խախտումները, չեմ կարողանում ինձ լիարժեք զգալ, երբ սահմանածս ժամերից ուշ կամ շուտ եմ քնում։ Առհասարակ վաղ եմ արթնանում (զանգում է մայրս․ ամեն առավոտ)։

․․․Ու արդեն 3 տարի է` կատվիս ռեժիմով եմ ապրում։ Պիտի արեւի առաջին շողի հետ թարմացնեմ իր ջրի ամանը, կերակրեմ, շոյեմ, խոսենք ու սկսենք օրը։

Էնպես որ լուսնի բարձրանալու հետ քնում եմ, արեւի հետ արթնանում։ Սիրում եմ ռիթմն առհասարակ․ այն, ինչ խախտելու է, խախտում եմ, բայց կան սահմանված գործողություններ, որոնց ռիթմիկ կանոնիկությունն ինձ փրկում է եւ օգնում հասկանալ նոր օրվա, նոր սկզբի, նոր մի տեքստի, նոր պատկերի կենսական անհրաժեշտությունը։

  • Խոսենք մի փոքր մի հրաշալի նախագծի մասին, որ կոչվում է «Սաղսարա»: Կպատմե՞ք գաղափարի մասին, նախագծի նպատակի մասին, որն ինչպես խոստանում եք, դեռ երկար է պտտվելու… Եվ ինչու՞ հենց ՍԱՂՍԱՐԱ…

Ա՜խ, Սաղսարան․․․ Սաղսարան սաղ սեր ա։

Նախագիծ բառն անգամ դժվարանում եմ ասել, որովհետեւ, անկախ իր գծված, կանոնակարգած, տեմպ տված ձեւաչափից, Սաղսարան այն տեղն է, որտեղ բոլորս սնվում ենք միատեսակ, զգում ենք իրար հաջորդական միացման սկզբունքով, մեկի միտքը մյուսի համար դառնում է գործողություն, մեկի գործողությունը՝ մյուսի համար նոր մի միտք։

Սաղսարան պատմելու մասին է, պատմելու կերպի եւ ձեւի, պատմելու արտահայտչամիջոցի մասին է։  Սաղսարան նաեւ էն մարդիկ են, ովքեր հայտնվում են այդ պատումի շերտերում՝ իրենց կենցաղավարությամբ, իրենց երգով, իրենց մտահոգությամբ, հուզումներով եւ զգայուն ոգեւորությամբ։

Ամեն ինչ սկսվեց գրեթե մեկ տարի առաջ։ Սկսվեց հրաշալի, ազնիվ, գործին նուրբ ու կոկիկ վերաբերող մարդկանց մտահղացմամբ ու ջանքերով։ Շարունակվեց, քարտեզագրվեց, անցանք Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերով, եղանք գյուղացու տանը, լսեցինք ու տեսանք նրան, ապրեցինք իր հետ, գիշերները սառեցինք նկարահանումների ժամանակ, ցերեկները՝ քրտինք կապեցինք։ Ու սիրով, սիրով ու էլի սիրով։

Ինքնամեկուսացման այս շրջանում մերոնք էլի իրար հետ են՝ Ձորաղբյուրում գտնվող մեր երկու սաղսարեցիների՝ Էրիկի ու Լելոյի տանը, որին կից նաեւ ձայնագրման ստուդիան է։ Ընթանում են չորրորդ ֆիլմի եւ չորրորդ հիմնական երգի հետարտադրական աշխատանքները։ Թիմի մյուս մասն էլ հեռահար կապի մեջ է, աշխատում է տնից, որպեսզի շուտով ներկայացնենք Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղը, որտեղ մերոնք ապրեցին մինչ արտակարգ դրության սկիզբը։

Տե՛ս, ոգեւորվեցի (կարոտում եմ) ու մոռացա ասել, որ ՍԱՂՍԱՐԱ անվանումը մեր Րաֆֆիի՝ Սաղսարայի ֆրանսահայ գործող անձի, երաժիշտի միտքն է․ հենց բառի մեջ առանձնացում դնես, կտեսնես իմաստը՝ ՍԱՂ- ՍԱՐ – Ա (ամենը սար է, շուրջը սարեր են)․․․

  • Գիրք, երաժշտություն և ֆիլմ, որ յուրաքանչյուր ոք պետք է իմանա:

Այն հարցն է, որին միշտ եմ դժվարանում պատասխանել: Կարծում եմ՝ կերպը, փորձառությունը, փորձությունները, ընտանեկան ազդեցությունները, կրթությունը, միջավայրը, անգամ կերածն ու խմածն են ձեւավորում մեզ որպես դիտող, որպես ունկնդիր, որպես ընթերցող։

Առանձնացումն իսկապես դժվար է, որովհետեւ տրամադրության եւ տրամադրվածության հարց էլ կա։ Հոլանդացի մտածող, մշակույթի տեսաբան Յոհան Հայզինգան իր «Homo Ludens» («Խաղացող մարդը»)․ աշխատությունում նշում է, որ մեր գիտակցության մեջ խաղը հակադիր է լրջությանը։ Ինքնամեկուսացման այս ընթացքի մեջ հատկապես «խաղում» եմ․․․ Խաղում եմ տեքստի, երաժշտության եւ նաեւ ֆիլմի հետ, ուստի խնդրում եմ մի ստիպիր, որ հիմա լրջանամ ու հակադրվեմ ներկայի վիճակիս։

  • Այսքան ժամանակ հարցարզրույցներ եք վերցնում, զրուցում եք տարբեր բնագավառի գործիչների հետ, դժվար չէ արդյո՞ք նրանց համար հարցեր գտնել:

Եթե հարցը դիտարկենք «գտնելու» կոնտեքստում, գուցեեւ դժվար լիներ, բայց Բալկոնում հայտնվում է այն մարդը, ով իմ ուշադրության կենտրոնում է եղել առնվազն ամիսներ, եթե ոչ տարիներ, այն մեկը, ում ես տեսել եմ այս քաղաքում՝ իր երեւալու կերպի եւ իր գործողության մեջ։ Դժվա՞ր է այդ մարդուն հարցեր ուղղել․․․ Իհարկե՝ ոչ։ Դժվա՞ր է հարցը վերաձեւակերպել այնքան, մինչեւ ուղղելու պահը գա․․․ Իհարկե՝ այո։

  • Եվ կա՞ այդպիսի մի հարց, որ Ձեզ երբեք չեն տվել, բայց կուզեիք, որ տային: Եվ եթե այո, ո՞րն է այդ հարցը, եթե գաղտնիք չէ, իհարկե:

Կարո՞ղ եք պատասխանել Ռեմբոյի բանաստեղծական այս հարցադրմանը․ «Ա՜խ ո՞նց անել, ո՞նց ապրել բռնաբարված այս սրտով», կարո՞ղ եք շարունակել Բրոդսկուն ու հիշել այն տարին, երբ «հունվարի 2-ը նորից երեքշաբթի» էր, կարո՞ղ եք պատասխանել Բլանշոյի՝ Բատային կրկնելու ու հարցադրում անելու այս փորձին․ «ինչների՞ս է պետք ընկերակցությունը»․․․

Ստացվում է՝ նորից հարց տվողն եմ։

Ինձ ուղղված հարցերի պատասխանները վերը նշվածների հաջորդական ձեւակերպումների մեջ են։ Այսինքն իմ պատասխանները տեքստերն են, որոնք համակարգս են փոխել, բայց քանի չի հնչել հարցը, այդ համակարգը չի գործում։ Ինքս ինձ ուղղված հարցերն արդեն լրիվ ուրիշ պատմություն են, որին չարժե անդրադառնալ, քանի որ այդ դիալոգը արժեք չունի․․․ Համենայնդեպս, երբ բացվում է

  • Եվ վերջում՝ կյանքն այլևս ա՞յլ է լինելու համաճարակից հետո: Ի՞նչ է քաղելու իր համար Անուշը, գտնելու՞ է մի բան՝ կորցնելով մեկ այլ բան…

Համաճարակը երբեք էլ չի դադարել, հիմա նշանավորվել է, կոդ է ստացել, անուն ունի (հրաշալի անուն), տեմպ է մտցրել, ծածկել է հերթականությունն ու հերթականը եւ ի վերջո վտանագավորության աստիճան ունի․․․ Իսկ հետո՞ն․․․ Հետոն Պաստեռնակի «Բացատրությունն» է․

Կյանքը ետ եկավ նույնքան ակամա,

Ինչպես ակամա մի օր բաժանվեց։

Նույն փողոցում եմ ես ահա կանգնած,

Ասես ամառվա նույն օրն ու ժամն է։

Նույնն են ամենը, հոգսերն ու մարդիկ,

Եվ մայրամուտի տենդը չի մեռել,

Ինչպես այն օրը Մանեժի պատին

Մահվան երեկոն նրան բեւեռեց։

․․․․․․․․․․․․․․․․

․․․․․․․․․․․․․․․․

Եվ անտարբեր եմ ես առաջվա պես,

Եվ դա նույն պատրաստ պատճառներն ունի։

Եվ ետնաբակը շրջանցելով, մեզ

Մենակ է թողնում հարեւանուհին։

 

(Բ․Պաստեռնակ, «Բացատրություն», հատված, թարգմ՝ Հ․ Թամրազյանի)

 

Սա 72 տարի առաջ եւ սա 72 տարի հետո էլ․․․

Իսկ հիմա․․․ Ես հետեւում եմ այդ հարեւանուհուս․ նա հանգիստ է, Մորֆին էլ է հանգիստ։ Եվ երկուսի շարժումներն էլ շեշտակի են, բայց նուրբ։ Երկուսն էլ գիտեն՝ ինչպես չվնաս(վ)ել։ Այս է։

Կարդացեք նաև՝


Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Անահիտ Կիրակոսյանը

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Իննա Խոջամիրյանը

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Նարեկ Մարգարյանը

Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ

Դիալոգ. Ծով alizé Բանուչյանի հետ

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Չաթ անե՞նք Էվա Ոսկանյանի հետ [երաշտության ու Երևանի մասին]

Գոռ Սուջյան. Does God Listen…

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Ուզում եմ նորից ծանոթանալ Հայաստանի հետ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Ժակլին Բաղդասարյանի հետ [LADANIVA]

Իմ դեղին, մի քիչ հեթանոսական ու գյումրիաշատ կոլաժները. Կրիստինա Ավագի