[Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջի - VNews

[Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջի

7C139333 00DA 47F6 B1FF D02D52820699 scaled - [Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջի

Ահա և ավարտվեց թվով 71-րդ և պատմության մեջ առաջին անգամ օնլայն կազմակերպված Բեռլինալեն։ Հետևի թաթերի վրա կանգնած արջուկների կինոփառատոնը բաժանեց արձանիկները, իսկ գլխավոր մրցանակը՝ Ոսկե արջը, բաժին հասավ ժամանակակից եվրոպական (հատկապես ռումինական) կինեմատոգրաֆի ակնառու կինոգործիչ, ռեժիսոր և սցենարիստ 43-ամյա Ռադու Ժուդեին՝ իր «Babardeala cu bucluc sau porno balamuc» սատիրայով, որն անգլերեն թարգմանվել է որպես «Bad luck banging or loony porn»։

Սոցիալական երգիծականն երիտասարդ ուսուցչուհու՝ Էմիի մասին է, ով դասավանդում է պատմություն առարկան էլիտար (տպավորություն ստեղծող) դպրոցում։ Ընտանեկան հոգսերի և կենցաղի առօրյան բազմազանեցնելու նպատակով կինն իր ամուսնու հետ տեսանկարում է իրենց սեքսուալ կյանքը։ Տեսանյութը հայտնվում է համացանցում և հասնում է աշակերտներին և նրանց ծնողներին։ Մինչ նշանակված ծնողական ժողովը, Էմին չափչփում է Բուխարեստի փողոցները, փորձում ձեռբազատվել գլխացավից և ջնջել տեղադրված վիդեոն, իսկ երեկոյան նրան սպասվում է դատավճիռ հիշեցնող էքսցենտրիկ և երկակի չափանիշների ու սաստիկ հետաքրքասիրության տեսանկյունից հայկական իրականությունը հիշեցնող տպավորիչ հավաքույթ-ժողով։

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը կիսվում է տպավորություններով՝ բացատրելով, թե ինչու է արդի հեղինակային ռումինական կինոն այդքան հետաքրքիր։

 

Էմին և Եվժենը ամուսիններ են, ովքեր վերջիվերջո կենցաղի, երեխայի, տատիկի և աշխատանքի արանքում ժամանակ են կորզում, որպեսզի միայնակ փակվեն ննջայենսակում և զբաղվեն սեքսով։ Մինետ, դերախաղ, սադրիչ կեղծամ, dirty-talk և doggy style. այդ ամենի արանքում կարելի է լսել, թե ինչպես է կինը մի սենյակից մյուսը պատասխանում տատիկին՝ աղջկա խաղալիքների հետ կապված։ Պոռնոգրաֆիկ բացման տեսարանը նատուրալիզմից զատ կատաստրոֆիկ զավեշտալի է և անգամ անհեթեթ, չէ որ ներկայացնում է մեծ ընտանիքով ապրելու պայմաններում սեռական կյանքից հաճույք ստանալու բարդությունները։ Այսպիսի, հավանաբար, անպատրաստի հանդիսատեսի համար շոկային (թեև հեղինակային կինեմատոգրաֆում հաճախ կարելի է տեսնել սեռական օրգանները) բացման տեսարանից հետո մենք մեկ ժամից ավել կքայլենք Էմիի հետ Բուխարեստի փողոցներով ու անցումներով, կմտնենք դեղատուն, գրախանութ և սրճարան, կլսենք քաղաքացիների բուռն վիճաբանություններն ու անհամաձայնությունները Covid-19-ի և ճանապարհային կարգուկանոնի վերաբերյալ։

Ռեժիսոր Ռադու Ժուդեն ստեղծել է ֆիլմը նոր՝ մի իրականությունից մյուսը տեղափոխվելու ժամանակ, երբ մեզ շրջապատող աշխարհը, կարծես թե, մասնակի փուլ եկավ՝ տեղ տալով նորին՝ պարտադրված դիմակահանդեսին։ Ռադիկալ, սրամիտ և պրովոկատիվ կինոգործիչը կուտակում է սոցիալական, մշակութային, ուրբանիստիկ և ինչու չէ՝ նաև քաղաքական խնդիրները, որոնք մեծացող ձնագնդի պես գլորվում են ռումինական մայրաքաղաքի փողոցներով։ Բեռլինյան թեկուզ և օնլայն համաշխարհային պրեմիերան ապահովում է Ժուդեի երգիծական դատավճիռ-ուրբանիստիկ փերֆորմանսին լայն լսարան. Երևանում կամ Հռոմում նստած կինոքննադատներն իրենց տան համակարգիչների էկրաններին տեսնում են անհրապուրիչ, ոչ տուրիստիկ, այլ վառ ընդգծված թերություններով աուտենտիկ և էկլեկտիկ Բուխարեստը։ Ահա ներքևի սպիտակ շապիկով, կիսատաբատով և ամառային հողաթափերով տղամարդը կայանեց իր հսկա մեքենան ուղիղ հետիոտնի անցումի մեջտեղում։ Մեկ այլ դրվագում կարելի է տեսնել երևանցիներիս համար ուրիշ՝ մինչև սրտի խորքը ծանոթ պատկեր՝ վարորդը չի զիջում հետիոտնին կանաչի տակ, երկուսն էլ բղավում են իրար վրա, վարորդը պարզապես ուզում է գցել իր իրավուքների մասին խոսող հետիոտնին մեքենայի տակ։

FA0F44FA E337 466C 9A7D BC9AA6B0887D 960x640 - [Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջիԿադր «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո» ֆիլմից

 

Էմիի զբոսանքի ամեն կիլոմետրի հետ միասին պարզ է դառնում, որ հին մայրաքաղաքային ճարտարապետությունը միայն մեզ մոտ չէ, որ անմխիթար վիճակում է՝ պատմական բուխարեստյան ցածրահարկերը ողողված են անորակ և էժանատեսք պաստառներով և գովազդային վահանակներով։ Սակայն նմանատիպ ազգային մերկացումը դեռ ամենը չէ. ֆիլմը հասնում է իր առաջին տպավորիչ և բեկումնային կետին, երբ Ժուդեն ներկայացնում է իր սեփական՝ սոցիալմշակութային և պատմական այբուբենը՝ ամեն տառի հետ ներկայացնելով պարադոքսալ կամ խիստ քննադատական երևույթներ։ Հնարամիտ սուպերկարճ (մի քանի վայրկյան տևողությամբ) իրար հաջորդող մինի-սքեչերը փոխում են մեկ մեկու. այստեղ և՛ Չաուշեսկուն է, և՛ կարծրատիպային հումորը, և՛ անհամեստ, սակայն ահավոր հրապուրիչ սեքսի թեման: Հայաստանցիները կտեսնեն տասնյակ ծանոթ՝ կեղծ բարեպաշտություն կամ ցուցադրական բարոյականություն քարոզող թեզեր, որոնք առկա են բոլոր անազատ և կարծրացած սոցիումներում։ Ժուդեի բառարանում ամեն տառին համապատասխան պատկերի, բառի և դրա բացատրության միջև միշտ կա որոշակի հեգնական անհամատեղելիություն, որով ռեժիսորն ընդգծում է որոշ երևույթների զուտ ֆիկտիվ առկայությունը՝ լինեն դա ընտանեկան դաստիարակության մասին պատկերացումները, եկեղեցին թե բանակը։ Օրինակ՝ «Ընտանիք» բառի հետ մեկտեղ էկրանին կարելի է տեսնել կապտուկներով փոքր տղայի այտուցված մեջքը և գրություն՝ Ռումինիայում տասն ընտանիքներից վեցում առկա է ընտանեկան բռնություն։ Կամ մեկ այլը՝ ֆոտոսեսիային մասնակցող հարսին տեսնելու հետ մեկտեղ կիմանանք, որ ըստ ռումինական օրենսդրության այն կանայք, որոնք ուզում են զանգել ոստիկանություն, քանի որ ենթարկվում են դաժան վերաբերմունքի՝ պետք է սպասեն մինչև առավոտ։ Պարզապես իրավունք չունեն նմանատիպ հարցերով անհանգատացնել ոստիկաններին գիշերը։

0ED5E54F A4C6 4E1A A306 AC5EC23934C2 960x640 - [Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջիՖիլմի ռեժիսոր՝ ռումինացի Ռադու Ժուդեն

 

Նմանատիպ կծողական, անգամ խայթող մեկնաբանություններով Ժուդեն բացում է իր երկրի թարախակալած վերքերը, խոսում ամենացավոտի մասին։ Իհարկե, սեքսի թեման Ռումինիայում, ինչպես և գրեթե ցանկացած Արևելյան Եվրոպայի կամ սոցիալիստիկ ճամբարի երկրում, լակմուսե թղթի պես բան է, որի շնորհիվ կարելի է զգալ հասարակության բարդույթները, ֆրուստրացիայի ու հիստերիայի պատճառները։ Միաժամանակ ռազմական տրիբունալ և մանկական դիմակահանդես հիշեցնող ծնողական ժողովը մերկացնում է Ժուդեի երկիրը մինչև վերջ՝ արդացնելով ռեժիսորի սկեպսիսը և սարկազմը, որը մենք տեսանք մինչ այդ հնարամիտ այբուբենի էջերում։ Կատաղի ամբոխը մեկ մեղադրում է Էմիին անբարոյականության մեջ՝ ցիտելով ազգի պաթոսային հիմնաքարերը, մեկ պապանձվում, երբ լսում է ուսուցչուհու ռացիոնալ պարզաբանումները։ Ի՞նչ կապ ունի, թե որքան բազմազան է մեր սեռական կյանքը և հետո՝ ո՞վ ասած, որ կինն իրավունք չունի իր սեփական ամուսնու հետ զբաղվել սեքսով բոլոր այն դիրքերով, որոնք որ նախընտրում է։ Ի՞նչպես այդ տարրատեսակ, որոշ ծնողների համար անընդունելի սեռական դիրքերը սեփական օրինավոր զուգընկերոջ հետ կարող են խանգարել երեխաներին սերտել, օրինակ՝ ազգային գրող Միխայ Էմինեսկուի ստեղծագործությունները։ «Կարո՛ղ են»-պնդում են ծնողներից ոմանք, «Նմանատիպ բաներով զբաղվում են միայն պոռնիկները»։ Դրան ի պատասխան Էմին կարդում է վերոհիշյալ գրողի էրոտիկ բանաստեղծություններից մեկը՝ ապշեցնելով և լռեցնելով ընդդիմադիրներին։ Հետո սկսվում են մեզ համար այլ խիստ ծանոթ մեղադրանքներ՝ հրեաների և Սորոսի հասցեին, իսկ ներկա բողոքողներն ու պաշտպանները արդեն մոռանում են, թե ինչի համար են հավաքվել՝ փորձելով լուծել երկրի բոլոր արդի, ճահճացած, հոգնեցրած և սրացած հարցերը։

Իրականում Ռադու Ժուդեի ֆիլմը միաժամանակ զավեշտալի է և տխրեցնող. սև կատակերգության, սոցիալ-քաղաքան երգիծանքի և պատմամշակութային էքսկուրսի ժամանակ մենք ոչ միայն կքայլենք մեզ համար նորովի բացահայտվող Բուխարեստով, այլ ամեն մի խաչմերուկին կտեսնենք ինքներս մեզ և մեր համաքաղաքացիներին, որոնք այդքան շատ են սիրում զբաղեցնել դատավորների աթոռները՝ բոլորի մեջ անվերջ փնտրելով մեղադրյալներին։

 

Ֆիլմի թրեյլերը՝


[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

[Berlinale-2021]. «Մավրիտանացին» և փառատոնի մյուս՝ պակաս աստղային ֆիլմերը

[Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժները

[Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրա

[Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ

Բեռլինի կինոփառատոն. ինչպիսին է տարեսկզբի կարևորագույն եվրոպական կինոտոնը

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Դոգմեն»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Ժառանգորդները»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Անհետացած քաղաքների հավաքածու»