[Berlinale-2021]. «Մավրիտանացին» և փառատոնի մյուս՝ պակաս աստղային ֆիլմերը - VNews

[Berlinale-2021]. «Մավրիտանացին» և փառատոնի մյուս՝ պակաս աստղային ֆիլմերը

95F8EE10 5AAB 4105 8148 563A96AA5A07 - [Berlinale-2021]. «Մավրիտանացին» և փառատոնի մյուս՝ պակաս աստղային ֆիլմերը

Բեռլինալեն աշխարհագրական առումով հիմնականում կենտրոնանում է Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Սկանդինավյան երկրների վրա։ Սակայն լայն լսարանի համար քիչ հայտնի կամ անգամ գրեթե անհայտ դերասանների ու ռեժիսորների անունները, որոնք, սովորաբար, փառք ու պատիվ են վայելում նեղ մասնագիտական շրջանակներում, ինչպես շաքարը թեյի մեջ լուծվում են նաև հոլիվուդյան կամ բրիտանական կինո-աստղերի անուններով։ Կարճ ասած՝ Բեռլինալեն արտամրցութային ծրագրերում հաճախ ներկայացնում է մեծ բլոքբասթերներ կամ հնչեղ ու սպասված անուններ։ Այդպես, օրինակ, 2017-ին Բեռլինալեում տեղի ունեցավ Հյու Ջեքմանի մասնակցությամբ «Լոգան»-ի միջազգային պրեմիերան, իսկ 2019-ին Ադամ ՄքՔեյի կենսագրական «Իշխանությունը»՝ գլխավոր դերում ներկայացնելով Քրիսթիան Բեյլին։ Երբեք չկենտրոնանալով Հոլիվուդի վրա՝ արջերի կինոփառատոնն այնուամենայնիվ կարկառուն կամ գերհայտնի դեմքերով ուշադրություն է գրավում իր շուրջ՝ ապահովելով ակտիվություն և խոշոտ լուսաբանում։ Այս տարի էլ արտամրցութային ֆիլմացանկում առկա է Ջոդի Ֆոսթերի, Բենեդիկտ Քամբերբեթչի, Շեյլին Վուդլիի և ֆրանս-ալժիրցի Թահար Րահիմի մասնակցությամբ «Մավրիտանացին», որը նկարահանել է օսկարակիր շոտլանդացի Քևին ՄքԴոնալդը։ Պատմում ենք, ինչպիսին են առաջին տպավորությունները 2021-ի ամենասպասված մեյնսթրիմային ֆիլմերից մեկի մասին և թե այլ ինչ ֆիլմեր կան ներկայացված օնլայն կինոփառատոնի վերջին օրը։

 

D8C2EDC0 9226 43E3 8943 01A2BC2B18C5 960x540 - [Berlinale-2021]. «Մավրիտանացին» և փառատոնի մյուս՝ պակաս աստղային ֆիլմերըՋոդի Ֆոսթերը «Մավրիտանացին» ֆիլմում

 

2001 թվական, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից երկու ամիս անց իր հորական տնից անհետանում է երիտասարդ Մոհամեդու Ուլդ Սլահին (Ժակ Օդիյարի «Մարգարե» ֆիլմի աստղ Թահար Րահիմ)։ Ավելի շուտ իրեն այցելում են ընտանեկան խնջույքի ժամանակ և հարգալից խնդրում մեկնել հարցմունքի՝ Ուսամա բեն Լադենի հեռախոսից զանգ է կատարվել Մոհամեդուին, ինչն առիթ է տալիս ամերիկյան կառավարությանը տեղափոխել մավրիտանացուն Գուանտանամոյի բանտ՝ տարիներով կալանքի տակ պահելով առանց իրավաբանի օգնության և ուղիղ մեղադրանքների։ Վերջիվերջո քննչական գործը տեղից շարժվում է՝ միաժամանակ ի վնաս և ի օգուտ մեղադրյալի։ Իրավապաշտպանի (Ջոդի Ֆոսթեր) և դատախազի (Բենեդիկտ Քամբերբեթչ) ակտիվ և վճռական գործողությունների շնորհիվ, որոնք, իհարկե, իջել են իրենց ուսերին վերևներից, կանգնած սայլը տեղից սկսվում է շարժվել, որպեսզի մի փոքր լույս սփռվի մեղադրյալի գործի վրա, որը կապված է վերջին տարիների ամենաաղմկահարույց և ողբերգական ահաբեկչություններից մեկի հետ։

 

«Մավրիտանացին» իրական դեպքերի հիման վրա ստեղծված քննչական դրամա է մի մարդու մասին, ով մեկ ու կես տասնամյակ անց է կացրել բանտում և հենց այդտեղ էլ գրել է իր ինքնակենսագրականը, որի հիման վրա էլ ՄքԴոնալդը ստեղծել է ֆիլմը։ Լարված սյուժեն կառուցվում է մի քանի դիտակետի և անկյան շուրջ՝ ներկայացնելով թե՛ պատահաբար ներգրավվածներին, թե՛ պետական մեքենայի կտրուկ դիրքորոշումները։ Գերմանիայում սովորած և հայրենիք վերադարձած խոստումնալից երիտասարդը կարող է 14 տարի ազատազրկվել միայն եղբոր մեկ զանգի պատճառով, ինչն արդեն բավարար, թեկուզ անարդար պատճառ է, որպեսզի մեղադրվես ուսման համար մեկնած նույն Գերմանիայում ահաբեկչական հավաքագրման մեջ։ Հոլիվուդյան չափանիշներով ստեղծված դատա-բանտախցիկային դրաման արտասովոր կամ յուրահատուր ռեժիսորական կամ օպերատորական հնարքներով առանձնապես աչքի չի ընկնում, հանդիսատեսը միայն կարող է նույնականցնել իրեն գլխավոր հերոսի հետ, երբ կցկտուր ֆլեշբեքերի շնորհիվ տեսնում է մավրիտանացու ոչ այդքան հաճելի առօրյան կամ էլ թե ինչ է եղել դրանից առաջ՝ Աֆղանստանում։ Այստեղ կարելի է կանգ առնել, որպեսզի երկու ժամանոց սյուժեից ոչ մի ակնարկ չփչացնի հնարավոր տպավորությունները, և հանդիսատեսը ինքնուրույն ծանոթանա «Շոտլանդիայի վերջին թագավորը» աղմկահարույց ֆիլմի ռեժիսորի նոր ֆիլմի հետ, թեև երևում է, որ ՄքԴոնալդը առանձնապես ազատ տեղաշարժվելու հնարավորություն այս սեմի-պատրիոտիկ ֆիլմում չի ունեցել։

 

45486B39 FBCF 4B33 B513 13CCA7CA40A0 960x519 - [Berlinale-2021]. «Մավրիտանացին» և փառատոնի մյուս՝ պակաս աստղային ֆիլմերըՌեժիսոր Րյուսուկի Համագուչիի “Wheel of fortune and fantasy” / «Բախտի և ֆանտազիայի անիվ» մրցութային ֆիլմը

 

Բեռլինալեի մրցույթում ներկայացված է լայն ընտրանի՝ վրացական, գերմանական, ռումինական, հունգարական, հարավկորեական, ճապոնական, ֆրանսիական, իրանական և մեքսիկական ֆիլմեր, և սա դեռ չհաշված համարտադրող երկրների անունները։ Ճապոնական ֆիլմի ռեժիսորը՝ Րյուսուկի Համագուչին ստեղծել է իր ֆիլմը եռապատման հիման վրա, երեք կաէճ պատմությունների, որոնք ոչ մի ձև չեն կապվում իրար հետ։ Առաջին պատմությունը սիրային եռանկյունու հիման վրա է: Ժամադրությունից վերադարձած աղջիկը մանրամասն պատմում է ընկերուհուն երիտասարդի մասին, ում հետ ծանոթացել է։ Մեջբերելով երիտասարդի ասածներն ու նկարագրելով ամեն մի դետալ՝ սիրահարված աղջիկը չի էլ կռահում, որ խոսում է ընկերուհու նախկինի մասին։ Երկրորդ պատմությունն ուսանողների և իրենց դասավանդող պրոֆեսորի մասին է։ Վերջինս պատվավոր մրցանակ է ստանում՝ երկարատև գրական դադարից հետո վերջապես հրատարակելով իր նոր գիրքը։ Ուսանողներից մեկն ուզում է վրեժ լուծել դասախոսից և համոզում է ընկերուհուն հրապուրել պրոֆեսորին, ով, իրականում, շատ է հարգում դասախոսին։ Վերջին՝ երրորդ պատումը Տոկիոյից փոքր քաղաք վերադարձած երիտասարդ կնոջ մասին է, ով ժամանել է համադասարանցիների հանդիպմանը իր նախկին ընկերուհուն տեսնելու համար։ Միջոցառմանը չգտնելով ընկերուհին՝ կինը պատահաբար հանդիպում է նրան կայարանում՝ մեկնելուց րոպեներ առաջ։


[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

[Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջի

[Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժները

[Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրա

[Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ

Բեռլինի կինոփառատոն. ինչպիսին է տարեսկզբի կարևորագույն եվրոպական կինոտոնը

Պատերազմող թիկունք. «Նմանակման խաղի» հետքերով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

6 ֆիլմ,որ դուր կգա պոկեր սիրողներին

7 հայտնի աստղ, որ մեծացել է համասեռական ընտանիքում