[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը - VNews

[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

580D9128 FA39 4221 8D09 F7DCF58E7970 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

Ահա և ավարտվեց 71-րդ Բեռլինի կինոփառատոնը, որն այս անգամ կազմակերպված էր հատուկ և արտակարգ՝ օնլայն ձևաչափով։ Մենք արդեն մանրամասն անդրադարձել ենք գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո» սոցիալական սատիրային, որի ռեժիսորն ու սցենարիստն է Ռադու Ժուդեն՝ ժամանակակից ռումինական կինեմատոգրաֆի կարևորագույն ֆիգուրներից մեկը։ Այժմ ուզում ենք ներկայացնել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի առանձնացրած ֆիլմացանկը, որը հասանելի էր կինոփառատոնի կայքում մասնագիտացված մամուլի համար։ Կարդանք և սպասենք, թե երբ այս ֆիլմերը հասանելի կլինեն մեր էկրաններին՝ կինոթատրոններում կամ սթրիմինգային հարթակներում։

 

 

2B4E8933 14BC 4460 B02C 550A91D7BABD 960x551 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերըBabardeala cu bucluc sau porno balamu / «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո», Ռադու Ժուդե

 

Սյուժեի կենտրոնում է մասնավոր և էլիտար դպրոցի պատմության ուսուցչուհու շուրջ ծավալվող աղմկոտ սկանդալը՝ կնոջ ընտանեկան home-video-ն հայտնվել է համացանցում։ Ծնողները՝ արդի ռումինական սոցիումի ամենատարբեր ներկայացուցիչները (որտեղ նաև Ժուդեիի երկրից դուրս ապրողները, օրինակ՝ հայերը, հեշտությամբ կտեսնեն իրենց) դատավճիռ հիշեցնող ժողովի ժամանակ պետք է որոշեն ուսուցչուհու ճակատագիրը։ Ժուդեն ֆիլմի մեջտեղում 26 րոպեով մի փոքր շեղվում է հիմնական սյուժեից՝ ներկայացնելով հանդիսատեսին տարրատեսակ երևույթներ ծաղրող կարճ սքեչեր։

 

Ի՞նչով է ֆիլմը հուշագրավ. ժամանակակից ռումինական կինոն խոսում է երգիծանքի, երբեմն աբսուրդի և գրոտեսկի լեզվով, անում է դա հմտորեն, վստահ և տպավորիչ։ Ժուդեի ֆիլմը խտացրած էսենցիա է, որը սուր և կտրուկ հոտերով ուշքի է բերում երկակի ստանդարտների, անհիմն կարծրատիպերի և կեղծ բարեպաշտության  ջատագովներին։

 

77230C04 64D1 4905 A0C5 986E9DD67E86 960x578 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերըRas vkhedavt, rodesac cas vukurebt? / «Ի՞նչ ենք տեսնում, երբ նայում ենք երկնքին», Ալեքսանդր Կոբերիձե

 

Դեղագետ Լիզան և ֆուտբոլիստ Գեորգին պատահաբար հանդիպում են իրար ամառային Քութաիսում. երիտասարդները հասկանում են, որ համակրում են իրար և որոշում հաջորդ իսկ օրը հանդիպել արդեն պլանավորված՝ կամրջի կողքի այգու նորաբաց սրճարանում։ Սակայն, ինչպես խորհրդավոր ձայնով հայտնում է կադրի ետևում գտնվող ձայնը, Լիզային և Գեորգիին անիծում է անհայտ մոգական ուժ, և առավոտյան նրանք զարթնում են բացարձակապես նոր մարմիններով։ Եվ քանի որ երկուսի արտաքինն էլ փոխվել է՝ ժամադրությունը տեղի չի ունենում։

 

Ինչո՞վ է ֆիլմը հուշագրավ. Երկուս ու կես ժամանոց անշտապ, լիրիկական, մոգեկան ռեալիզմի և ուրբանիստական ռոմանտիզի ելևեջներով մելոդրաման ավելի շուտ սիրո խոստովանություն է առ վրացական ամենահին քաղաքներից մեկը՝ Քութաիսը։ Առանց յուրահատուկ սյուժետային վայրիվերումների (չհաշված երիտասարդների կերպարանափոխումը) Կոբերիձեի ֆիլմը պարուրում է նրբագեղ և շոյող, անգամ տեղ-տեղ միամիտ հմայքով։ Մենք ծանոթանում ենք քաղաքի բնակիչների հետ, լինեն դրանք պաղպաղակ գնող դեռահասներ, անտուն շունիկներ թե սրճարանների տնօրեններ, և դիտումից հետո տենչում նմանատիպ ամառային անդորրի՝ հին այգու պլաստմասե աթոռներին կամ փողոցի վրա գտնվող կոլորիտային բիստրոյում՝ տեղացիների հետ ֆուտբոլ նայելիս։

 

42020000 132E 4D4F AC95 AAD25EC2E28F 960x540 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերըInteurodeoksyeon /«Ներածություն», Հոն Սանսու

 

Հարավկորեացի մաեստրոյի հերթական անշտապ, մինիմալիստիկ և տողատակերով լի սև ու սպիտակ կտավը, որտեղ ամենաառօրեական դեկորացիաներն ու երկխոսությունները մերկացնում են մարդկանց վախերը, տենչանքն ու ներքինը։ Երիտասարդ Են Հոն և Ջու Վոնը փորձում են կողմնորոշվել մասնագիտական ոլորտներում. կասկածներով և անորոշություններով լի աղջիկն ու տղան դնում են իրենց անվստահ քայլերը հասուն կյանքի արահետին՝ ինքնուրույն և կայացած մարդ դառնալու ակնկալիքով։

 

Ինչո՞վ է ֆիլմը հուշագրավ. Հոն Սանսուն ստեղծում է իր ֆիլմերը, կարծես, օդից։ Այստեղ չկան անսպասելի կամ կտրուկ գործողություններ, շոկային կամ ռադիկալ կինոլեզու։ Սանսուի կինեմատոգրաֆը զուսպ է և միաժամանակ լեցուն, ինչպես ասիական կենցաղն ու ապրելակերպը։ Հերոսները խոսում են ընդգձված պարզ, երբեմն միամիտ և շատ անխորամանկ ձևակերպումներով։ Ռեժիսորի սև ու սպիտակ լակոնիկ աշխարհը հենց այն վայրն է, որտեղ կարելի է պատսպարվել կեղտից և ագրեսիայից՝ մի շունչ թարմ, ծովային օդ քաշելու համար։

 

BE1703A4 6406 4081 A295 3D67323601C7 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

Guzen to sozo/ «Հաջողության և երևակայության անիվը», Րյուսուկե Համագուտի

 

Ինչպես այս տարվա Բեռլինալեի հիմնական մրցույթի մի քանի ֆիլմ, «Հաջողության և երևակայության անիվը» ևս բաղկացած է մի քանի պատումներից։ Ավելի ստույգ՝ այն եռապատում է, որն ոչ մի կերպ չի կապվում իրար հետ ուղիղ, անմիջական ձևով։ Պատմված հիշողությունների հիման վրա կարելի է տեսնել կամ ենթադրել հերոսների բեքգրաունդն ու արարքների տրամաբանությունն ու ենթատեքստը, կարեկցել և տխրել իրենց հետ միասին։ Առաջին պատումը սիրո եռանկյունի է՝ մոտիկ ընկերուհիներից մեկը սկսում է հանդիպել ընկերուհու նախկին բոյֆրենդի հետ՝ չիմանալով այդ մասին։ Երկրորդում ուսանողները փորձում են վատ լույսի ներքո ներկայացնել իրենց դասախոսին, իսկ երրորդը պատմություն-ուրվական է՝ առաջին սիրո և չիրականցված իղձերի մասին։

 

Ինչո՞վ է ֆիլմը հուշագրավ. երեք պատմությունն էլ որոշ չափով ափսոսանքի, սխալ կամ չմտածված արարքների և կարոտի մասին են։ Գլխավոր հերոսների հետ առանձնապես ոչ մի աներևակայելի բան տեղի չի ունենում, սակայն պահի տակ անցյալի արձագանքը խլացնում է նրանց գիտակցությունը։ Համագուտին պատկերել է իր տրիպտիխը մի փոքր փիլիսոփայական, պոետիկ և զսպված լեզվով, որը տեղափոխում է հանդիսատեսին կիսադատարկ և մինիմալիստական Ճապոնիա՝ ռեալիստիկ և մթնոլորտային։

 

1B99DB46 F646 4F0C 9CAA A100A91E1F00 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

Una película de policías / «Ոստիկանական ֆիլմ», Ալոնսո Ռուիսպալաշիոս

 

Մրցույթի մեքսիկական ֆիլմը խաղարկայինի և վավերագրականի խառնուրդ է, որը նախ սկսվում է որպես խաղարկային, իսկ վերջին մոտ ցույց է տալիս բուն ֆիլմի ստեղծման ընթացքն ու այնուհետև վերածվում դոկումենտալի։ Այլ կերպ ռեժիսոր Ռուիսպալաշիոսը ներկայացնում է ֆիլմի իրական հերոսներին, որոնք հիման վրա էլ ստեղծվել է սցենարը։ Ֆիլմի սկսվում է գիշերային Մեխիկոյի փողոցներից, կանչ ընդունած ոստիկանական մեքենան հասնում է քաղաքացիներին, որտեղ, իրականում, սպասում էին շտապ օգնության ժամանմանը։ Կին ոստիկան Թերեզան այնուամենայնիվ օգնում է քաղաքացուն՝ կյանքում առաջին անգամ ընդունելով ծննդաբերություն։ Նմանատիպ գերռեալիստիկ, անգամ նատուրալիստիկ առաջաբանից հետո Թերեզան սկսում է պատմել հանդիսատեսին իր ոստիկան դառնալու որոշման և բարդ ճանապարհի մասին, որի ընթացքում բախվել է բազմաթիվ խնդիրների հետ՝ նախևառաջ իր ոստիկան հոր կողմից։

 

Ինչո՞վ է ֆիլմը հուշագրավ. Առաջին տեղում պետք է առանձնացնել գլխավոր հերոսուհու դերակարարուհուն (Մոնիկա Դել Կարմեն), ով ռեժիսորական հնարքի՝ «չորրորդ պատը կոտրելու» շնորհիվ անմիջական և հարազատավարի շփվում է հանդիսատեսի հետ։ Հետո շատ ազնիվ, բազմակողմանի և ամբողջական կարելի է կառուցել ժամանակակից և տեղ-տեղ խիստ անհրապույր Մեխիկոյի պատկերը ազնիվ և կոռումպացված ոստիկանների շնորհիվ, որոնք փազլի պես հավաքում են սոցիումի աղյուսիկները։ «Ոստիկանական ֆիլմը» թեթև է, հմայիչ և ընկերական, խոսում է իր դիտորդի հետ շատ պարզ և հաճելի լեզվով, չի ծանրաբեռնում սոցիալական խնդիրներով, թեև դրանք ֆիլմում, ինչպես և ամբողջ Մեքսիկայում բազմազան են և տարրատեսակ։ Կարելի է չսպասել մինչ ֆիլմը կհայտնվի հեռուստաէկրաններին և փնտրել այն Netflix-ում։


Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

[Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջի

[Berlinale-2021]. «Մավրիտանացին» և փառատոնի մյուս՝ պակաս աստղային ֆիլմերը

[Berlinale-2021]. իրանա-ֆրանսիական դրաման և մրցութային կարճամետրաժները

[Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրա

[Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ

Բեռլինի կինոփառատոն. ինչպիսին է տարեսկզբի կարևորագույն եվրոպական կինոտոնը

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

«Հարբեցություն». 2020-ի գլխավոր ալկո-դրաման՝ Մադս Միկելսենի գլխավորությամբ

Կիմ Կի Դուկ. հարաբերություններ Աստծո հետ

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»