«Բոհեմը» բացեց իր դռները արցախցի ու հայաստանցի երեխաների համար - VNews

«Բոհեմը» բացեց իր դռները արցախցի ու հայաստանցի երեխաների համար

dark 15 min - «Բոհեմը» բացեց իր դռները արցախցի ու հայաստանցի երեխաների համար

«Տիկնիկների խանութ» մանկամեծական երաժշտական ներկայացմամբ Նարեկ Դուրյանի հիմնադրած «Բոհեմ» թատրոնի արտիստները խախտեցին համավարակի, հետո նաև պատերազմի թելադրած ստեղծագործական իննամսյա դադարը։ «Բոհեմը» բացեց իր դռները։ «Տիկնիկների խանութը» մեկ օրում բեմ բարձրացավ երկու անգամ։ «Ներկայացումները բարեգործական բնույթ ունեին։ Հրավիրված արցախցի և հայաստանցի երեխաների (զոհված զինծառայողների, սոցիալական որոշակի խնդիրներ ունեցող ընտանիքների երեխաների) համար մուտքն անվճար էր։Մեր մոսկվաբնակ ընկերները հոգ էին տարել, որ երեխաները դահլիճից հեռանան նվերներով»,- մեզ հետ զրույցում ասաց «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ կապ չունի, թե որտեղից են երեխաները՝ Արցախից, Նոյեմբերյանից, թե Երևանից. երբ դահլիճում այդ փոքրիկները մեկ ժամ շարունակդիտում էին ներկայացումը, ծիծաղում, ծափահարում, երգում, դրանից մեծ պարգև լինել չի կարող, հատկապես՝ դերասանների համար, որ 9 ամիս բեմ չէին բարձրացել, բեմի լույսերը չէին վառվել։ Այս օրերին դժվար է հաղթահարել պատերազմի թողած հետքերն ու տխրությունը, բայց այն միտքը, որ երեխաներին կարող են ուրախություն պարգևել, արդեն իսկ խթան է՝բեմ բարձրանալու։ Երկար մտորումներից հետո որոշել են` Ամանորյա ներկայացումներ լինելու են։ Հունվարից,հավանաբար,կսկսեն մեծահասակների համար նախատեսված ներկայացումների փորձերը։

«Բոհեմն» իր ուղղակի մասնակցությունն ունի նաև պատերազմին։ «Դերասաններից մեկը ժամկետային զինծառայող էր, մինչև հիմա ծառայության մեջ է, Գարիկ Միրզոյանը, որ մարմնավորում էր երեխաների սիրելի հերոսներից մեկին՝ շանը, կամավոր էր մեկնել առաջնագիծ, Ադամ Խալաթյանը՝նույնպես կամավորական, հերոսաբար զոհվել է, նրա բալիկը դահլիճում էր։ Զավեն Աբրահամյանն օրեր առաջ կյանքից հեռացավ՝ քովիդի պատճառով։ Ծանր օրեր են, հուսով եմ, որ կպայքարենք ու ոտքի կկանգնենք»,- ասաց Քրիստինե Հովհաննիսյանը։ «Տիկնիկների խանութը» արդիական է բոլոր ժամանակների համար։ Թվում էր՝ գրվել է հենց այսօր, ու հավասարապես հետաքրքիր է և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար։ Երեխաներին հեքիաթների աշխարհ տեղափոխելուց զատ, այն նաև կրթում է՝ ուսուցանելով գրագետ խոսք ու ազգային արժանապատվություն։ «Եթե նկատեցիք՝ օտար տիկնիկին ոչ ոք չի ընդունում, ասելով՝որքան էլ ունենք ներքին խնդիրներ, չենք ընդունում օտար տիկնիկին։ Կարող ես վերցնել դրսից ինչ-որ լավ բաներ, բայց մենք ունենք մեր ազգայինը, մեր գաղափարները, մեր արժեքները, մեր տիկնիկները»,- ասաց թատրոնի պրոդյուսերը։ Բեմում էին Թելման Առաքելյանը,Արթուր Ղալումյանը, Գարիկ Միրզոյանը, Վահան Միրաքյանը, Արմինե Հովսեփյանը, Տաթև Միրումյանը, ՍիրանուշԵրիկյանը։ Ներկայացման փոքրիկ արտիստներն էին Էվա Բլեյանը (Քրիստինե Հովհաննիսյանի դուստրը) և Արման Մուրադյանը։ Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Դուրյանի։