Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան - VNews

Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

fonstola.ru 288124 1300x675 1 - Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

Նա ապրեց ընդամենը 37 տարի, երկար փնտրեց ինքն իրեն ու գտավ, երբ արդեն 22 ամյա էր, մեկ ու կես տասնամյակ հուզեց, մեկ ու կես տասնամյակ զվարճացրեց: Սիրեց ու լքվեց, սիրեց ու թողեց: Նա Լեոնիդ Ենգիբարյանն է՝ հանճարեղ ու նուրբ հոգին:

Լեոնիդը

3c293e285048966be12738a6aadd99e5 1 - Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

Նրան կյանքն անմիջապես կրկես չտարավ: Ձկնային տնտեսության ինստիտուտից մինչև ֆիզկուլտուրայի ինստիտուտ ու բռնցքամարտ: Հետո միայն՝ 1955 թվականին Լեոնիդն ընդունվում է Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի կլոունադայի բաժին, ավարտում, գալիս Երևան ու ընդունվում հայկական կրկեսախումբ: Այնուհետև Լեոնիդի առաջ իր դռներն է բացում նաև կինոն. Մալյանի «Ճանապարհ դեպի կրկես»-ում Լեոնիդին բարդ գործ է բաժին հասնում. խաղալ ինքն իրեն: Ենգիբարյանը հայտնվում է շատ խոշոր կինոգործիչների կադրերում՝ Փարաջանով, Բիկով, Շուկշին, բացի դերասանից նաև ֆիլմերի թեմա ու նյութ է դառնում «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2» ֆիլմերում:

«Ծնվել եմ Մոսկվայում: Ինը տարի անցկացրել եմ ռինգում: «Ապտակել են աջ այտդ, դեմ տուր ձախը» պատվիրանը համարում եմ արմատապես սխալ: Փոխել եմ բազմաթիվ մասնագիտություններ: Քսաներկու տարեկանում ինձ մնում էր միայն դերասան դառնալ: Գրել սկսել եմ նույն ժամանակ, ակամա:

Հեղինակներից ոչ ոք չէր ցանկանում աշխատել ինձ հետ. ստիպված էի ինքս սցենարիստ դառնալ: Դուր եկավ: Այժմ սարսափով մտածում եմ` իսկ եթե հանկարծ հայտնվի՞ իսկական սցենարիստը…»:

1d9ebe49f - Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

Սակայն նա առավել ամբողջական էր կրկեսում. նա  ինքն էր գրում իր սցենարները, ինքն էր բեմադրում և ինքն էլ կատարում էր: Ենգիբարյանը  ստեղծեց  մնջախաղի  էստրադային թատրոն, որտեղ խաղաց իր հեղինակած «Աստղային անձրև» և «Ծաղրածուի տարօրինակությունները»  ներկայացումները: Նա հեղինակեց շուրջ 100 նովել, որոնք լավագույնս արտացոլեցին ծաղրածուի զգայուն ու տեղ-տեղ տխուր հոգին:

Ենգիբարյանը սիրում էր Երևանը, Մոսկվան, Պրահան ու աշունը, վերջինիս մասին նա ասում էր՝ «Բոլոր ժամանակների ծաղրածուն»:

«Վախենում եմ բարեկեցությունից: Սիրում եմ ծովը, աշունը… Վինսեթ Վան Գոգին»:

Սերեր. իհարկե, սերեր

6230ac55797a6d434b03f655237f84848c5cb588 - Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

«Նրանք, ում սիրում են, միշտ այնքան արտակարգ են, արտասովոր ու չտեսնված»…

Բուռն է դերասանի կյանքը. գեղեցիկ սեռի հանդիսատես, երկրպագուհիներ: Լեոնիդին համակրում էին շատերը, տոմսեր գնում և նայում ծաղրածուին… ու տղամարդուն, տոմսի հետ ծաղիկներ գնում ու նվիրում ծաղրածուին… կամ, ուղղակի, տղամարդուն:

Ադան

Սիրելիի ետևից թեկուզ թատրոնից՝ կրկես

79829443 574818293308657 6919917596393340928 n 960x720 - Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

Լեոնիդի առաջին սերը դերասանուհի Ադա Շերեմետիվան էր: Դա լենինգրադյան սիրավեպ էր. ձմեռային մի երեկո Ադան քայլում էր դեպի կրկես, իսկ Լեոնիդը, ցուրտը բանի տեղ չդնելով, սիրելիի ճանապարհին ծաղիկներ էր շաղ տալիս: Արդյունքում դերասանուհին փոխադարձությամբ պատասխանեց ծաղրածուի սիրուն: Լեոնիդն Ադային հորդորում էր թողնել թատրոնը, թողնել ու գնալ կրկես՝ իր ետևից, իր հետ…խոստանում էր դառնալ կնոջ «ամենահավատարիմ ծաղրածուն»:

Շուտով Ադան՝ թողնելով թատրոնի գլխավոր դերերը մուտք գործեց կրկես՝ Լեոնիդի տարածք: Այստեղ դերասանուհին ուղղակի խաղընկերուհի էր, ում գործն էր՝ նստել մանեժում ու սիրելիին ուղղված ծափահարությունների լուռ ականատեսը լինել. այս տեսակ շրջադարձի աղջիկը պատրաստ չէր: Իրավիճակն ավելի լարվեց, երբ Լեոնիդն Ադային առավ ու տեղափոխվեց մոր մոտ մշտական բնակության: Դա մի խեղճ տնակ էր, որտեղ ապրուստի ու կարգին կենցաղավարության համար հարմար պայմաններ չկաին:

Ադան հեռացավ:

«Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ ու երջանիկ:
Ես գրեթե երջանիկ եմ:
Միայն, ափսոս, ոչ ոք սիրտը գրպանում չի պահում»:

Յարմիլա Գալամկովա

Պրահան, լրագրողը, Բարբարան…

80336733 1239711232886565 798341009082679296 n 960x720 - Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

Յարմիլան ու Լեոնիդը հանդիպեցին Պրահայում, ուր ծաղրածուն հանդես էր գալիս ամենամեծ բեմերում: Գալամկովան նկարչուհի էր ու լրագրող, շատերը նրա անունը կապում են հակախորհրդային կազմակերպության հետ, նույն «շատերը» պնդում են, որ հենց այդ վտագավոր գործունեությունն է պատճառ դարձել, որ սիրահարներն այդպես էլ չեն օրինականացրել իրենց հարաբերությունները:

Յարմիլան լուրջ էր տրամադրված. նա ուզում էր իր ողջ կյանքը կապել Լեոնիդի հետ ու Լեոնիդին հավետ կապել իրեն: Այդ կապն օրինական ուժ չստացավ, սակայն ամրագրվեց 1965 թվականին՝ դստեր ծննդով: Պրահայում ծնված աղջկան ծնողներն անվանեցին Բարբարա: Ցավոք, աղջկան վիճակված էր հորից հեռու մեծանալ. Լեոնիդին ընտանիքից խլեցին կրկեսն ու արվեստը:

80555740 460665411308282 2793925884459876352 n 960x710 - Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

«Հանդիսատեսը կնոջ պես է: Երբ պահանջում է սիրաշահել իրեն, երբ հիստերիա է բարձրացնում ու անկանխատեսելի քմահաճույքներ է առաջ մղում, նմանվում է այն միակ, ցանկալի ու տանջամահ անող էակին, որը լիակատար տնօրինում է պոետի սիրտը»:

1972թ. հուլիսի 25-ին  Լեոնիդը մահացավ: Հուղարկավորության ընթացքում ներկաների հայացքները կանգ էին առնում մի սևազգեստ կնոջ վրա, ում գրկում երեխա կար. նա Յարմիլա Գալամկովան էր դստեր՝ Բարբարայի հետ:

 

 

 

 

 


Մի սիրո պատմություն. Մերիլին Մոնրո և Արթուր Միլլեր

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Վիսոցկու և Ենգիբարյանի ընկերությունը…

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…