Բարեկենդան, կամ հազրեք եղն ու բրինձը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բարեկենդան, կամ հազրեք եղն ու բրինձը…

«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն…

Տոնը…

Խորհրդանշել է գարնանամուտը: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդն ունեին, որոնք մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծից փոքր: Մի քանի օր առաջ կանայք և տղամարդիկ էլ չէին աշխատում, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բուն Բարեկենդանը…

Բացի խրախճանքից և կերուխումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Վերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով բանան։ Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային, ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:

Մեծից ու փոքր…

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր էին քսում կամ ածուխով ներկում:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր էին փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:

Փաթիլան պատրաստել են հետևյալ կերպ. լավաշի հաստությամբ խմորի վրա քսել են պանիր կամ ղավուրմա, բարակ հացով ծածկել են, տապակել, ապա իրար վրա դարսելով կտրատել են, վրան լցրել հալած յուղ:

Բխբխիկը ալյուրով, ձվի դեղնուցով ու կաթով եփել են յուղի մեջ: Մատուցելուց առաջ վրան լցրել են մեղր:

Սըռոն բարակ բացված հացը կտրտել են, լցրել սխտորած մածնաթանի մեջ, հետո հանել են, վրան յուղ լցրել ու կերել:

Բարեկենդանն հիրավի այն տոնն էր, որ տարիքային սահմանափակում չէր ճանաչում ծիսական Հայաստանում: Ափսոս, որ այն ժամանակի ընթացքում կորցրել է իր բուն ուրախությունը…

Աղբյուրներ՝

Հրանուշ Խառատյան «Հայ ժողովրդական տոներ»

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան «Հայ եկեղեցու տոները»

Լուսանկարները՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից

Կրադացեք նաև՝