fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ճանաչենք նրանց. Կոլյա Գևորգյանը հայկական ասույթները դարձնում է իլուստրացիաներ

Երբևէ պատկերացրե՞լ եք Երևանն ուտելիքի տեսքով… կամ հայկական ասույթները՝ վիզուալիզացված: Մեր «Ճանաչենք նրանց» երիտասարդական շարքի հերթական հերոսի երևակայությունն այնքան վառ է, որ նա ոչ միայն պատկերացրել, այլև «իրականացրել» է դա:

19-ամյա Կոլյա Գևորգյանը սովորում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, սակայն այսօր արդեն աշխատում է որպես գրաֆիկ դիզայներ: Մեզ հետ զրույցում Կոլյան նշեց, որ գրաֆիկական դիզայնով սկսել է զբաղվել ինքնուրույն և սկզբում այն ուղղակի ծառայում էր որպես հոբբի:

«Սկզբում ուղղակի ազատ ժամանակ էի զբաղվում դրանով: Սակայն շուտով հոբբիս դարձավ աշխատանք: Հիշում եմ, առաջին անգամ արածս կոլաժն ընկերոջինսն էր: Տեսա, որ համացանցում այն լավ արձագանք է գտնում ու որոշեցի շարունակել զբաղվել կոլաժներ ստեղծելով: Սկսեցի ստեղծել հայտնի և ոչ  հայտնի մարդկանց/ անծանոթների կոլաժներ»: 

Կոլյայի առավել հայտնի շարքերն են «Կեր Երևանը» կամ «Կերևանը» և «Հայկական ասույթները»: 

«Անհատական գործերից հետո որոշեցի անել նաև այնպիսի բան, որի միջոցով կկարողանայի վեր հանել նաև հայկականը: Քանի որ այս տարի Երևանը տոնում  է իր 2800-ամյակը, որոշեցի հենց դրանով էլ սկսել: Արեցի մի շարք, որտեղ Երևանի տարբեր հուշարձանները ներկայանում էին որպես ուտելիք: Շարքն անվանեցի «Կեր Երևանը» կամ պարզապես՝ «Կերևանը»: 

««Հայկական ասույթներ» շարքում ընդգրկել եմ տիպիկ հայկական արտահայտություններ և դրանք դարձրել «տեսանելի»: Այսինքն այդ արտահայտությունները պատկերել եմ լռիվ ուղղակի տեսքով: Շարքում ընդամենը 6 աշխատանք կա, դեռ չգիտեմ կշարունակեմ, թե ոչ: Ժամանակը ցույց կտա»: 

Կոլյան իր ոճը նկարագրեց 3 բառով՝ գունավոր, երևակայական, թեթև: 

«Գունավոր, որովհետև սիրում եմ գույների հետ աշխատել, երևակայական, որովհետև իրականությունը փորձում եմ ձուլել անիրականի հետ, և թեթև, որովհետև ձգտում եմ անել այնպես, որ ընկալելի լինի»: 

Կոլյայի աշխատանքները կարող եք գտնել այստեղ, իսկ նրա ինստագրամի էջին հետևել՝ այստեղ: