Չարենցը նրան համարում էր «մեր ողջ դարաշրջանի մեծագույն դերասանուհին » - VNews

Չարենցը նրան համարում էր «մեր ողջ դարաշրջանի մեծագույն դերասանուհին »

 

1889թ ապրիլի 28-ին  Պոլսում ծնվել է  Արուս Ոսկանյանը։ Չարենցը նրան համարում էր  «ոչ միայն նաիրյան երկրի, այլ մեր ողջ դարաշրջանի մեծագույն դերասանուհին »։ Դերասանուհուն լավագույնը ներկայացնում են իր գործընկերները, որոնցից ընտրել ենք երեք հուշ ։

 

Գուրգեն Ջանիբեկյան

«Իսկապես որ «խնդություն էր սփռում» իր շուրջը պայծառություն պարգևելով բեմին, կյանքին: Գեղեցիկ էր, հրապուրիչ, խելոք, զգայուն և անմնացորդ նվիրված էր ասպարեզին: Խստապահանջ էր հատկապես իր նկատմամբ: Գտնում էր, որ թատրոնը դերասանից պահանջում է ներքին և արտաքին անթերի արժանահատկություններ: Շարունակ դժգոհում էր իր մարմնական տվյալներից, համարելով որ համաչափ չեն դրանք՝ կուրծքը մեծ է, ոտքերի բթամատերը ոսկրացած, պարանոցի մաշկն ակոսված: Մարմնական արատներ նրա մոտ մենք չէինք նկատում, իսկ ինքը հայտնում էր ի լուր ամենի, որ պատրաստվում է գնալ լուրջ վիրահատման: Եվ, իրոք, հյուրախաղերի մեկնելու պատրվակով մեզանից թաքուն պառկեց հիվանդանոցում: Որոշ ժամանակ անց երևաց թատրոնում, ուրախ ու զվարթ ողջագուրվեց բոլորիս ու բացականչեց:
– Օ լա-լա… Տեսեք,- բալետային մի պտույտ կատարեց, – հիմա ինչպիսի՞ն եմ…
Մեր առջև կանգնած էր կուսական կրծքով մի դիցուհի:
Զարմացած նայեցինք նրան.
– Այդ ի՞նչ ես արել, Արուս…
– Այ, ոտքերս էլ տեսեք…
Այլևս այն դուրս ցցված ոսկորները չկային:
– Սղոցել տվի…, –  բացատրեց նա:
Այնպես ասաց այդ մասին, կարծես ոսկրի փոխարեն փայտ էր տվել սղոցելու:
Այդպիսին էր Արուսը: Հանուն բեմի և իր արվեստին նա կարող էր ինչի ասես գնալ: Միաժամանակ և պարզ, անկեղծ, խոցելիության աստիճան անօգնական ու դյուրահավատ մարդ էր կյանքում»:

 

 

 

Վաղարշ Վաղարշյան

Մեծ արտիստուհուն առաջին անգամ ես տեսել եմ 1914 թվին Բաքվում: Տեսել եմ թատրոնում, բայց ոչ խաղալիս, այլ դահլիճում, հասարակության մեջ: Հիշում եմ, հանդիսականները փսփսում էին իրար ականջի. «Ահա Արուս Ոսկանյանը, ահա Արուս Ոսկանյանը» և ցույց էին տալիս մի գեղեցկուհու:

Իրոք Արուսը բարեկազմ, նուրբ դիմագծերով մի գեղեցկուհի էր: Նրա լայն ու համարձակ դեկոլտեի միջից պատանեկան թարմությամբ գծագրվում էին ճերմակ ուսերը, որոնք իրենց վրա պահում էին Արուսի ձիգ, էլաստիկ պարանոցն ու ոսկեթել, ալեծուփ վարսերով պսակազարդված գլուխը: Նրա դեմքին խաղաղությամբ ժպտում էին մի զույգ ծավի աչեր, որոնք հմայում էին տեսնողին: Նրա դեմքի պրոֆիլը, որը գծում էր լայն ճակատից մինչև կուրծք տանող ռելյեֆը, ամեն մի նկարչի համար երազած բարեկարգություն կարող էր համարվել:

Այսքանը բավական էր արդեն հասկանալու համար այն շշուկները, որ տեղում էին ապագա մեծ արտիստուհու շուրջը:

Ես չէի կարող անտարբեր մնալ:

Երիտասարդ արտիստուհին ֆոեում շրջում էր ազնվադեմ մի քաղաքացում հետ: Ինձ անսահման հետաքրքրում էր Արուս Ոսկանյանի ձայնը, որ այնքան անհրաժեշտ է արտիստին: Ես ճեմասրահի աղմուկի և ժխորի միջից որսացի այն:

Հիշում եմ կարծես հենց հիմա, թե ինչպես շոյում էին իմ լսելիքը Արուս Ոսկանյանի կախարդիչ ձայնն ու պոլսահայ կնոջ բարեհնչուն առոգանությունը, ասես բարակ աղբյուր անուշ կարկաչ:

Իհարկե, հենց այդ երեկո ծանոթացա իմ ապագա լավ ընկեր ու մեծ արվեստակից Արուսի հետ»:

 

 

Ռուբեն Զարյան

«Շատերը գիտեին, որ Արուս Ոսկանյանը հիվանդ է, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, թե հիվանդությունը կարող է նրան այս աշխարհից տանել։ Դրա մասին չէին մտածում նաև այն ժամանակ, երբ քաղաքում լուր տարածվեց,  թե նրան սխալ են բուժել, չեն իմացել, որ նրան բծավոր տիֆն է գամել անկողնուն, իսկ բուժել են այլ չունեցած հիվանդությունից։ Երբ պարզվեց դա բժիշկները շտապեցին ուղղել իրենց սխալը։ Բոլորը կարծում էին, թե նա դեռ երիտասարդ է և ուժ կունենա դիմադրելու։

Նրա մտերմուհին` Արուս Մանասյանը, արվեստագետին խորապես նվիրված մարդ, որ խնամել է անվանակցին հիվանդանոցում, պատմեց, թե դերասանուհին, բարձր տաքություն ունենալով ու ենթարկված լինելով հալյուցինացիայի, մի երկու անգամ իրեն լուսամուտից դուրս նետելու փորձ է արել։ Ասաց նաև, որ բարձր տաքության մեջ մոտեցել է լուսամուտին և գոռացել.

-Մարդի՛կ, մեռնում է ձեր դերասանուհին, փրկեցե՛ք, խնդրում եմ, փրկեցե՛ք…

Մարդիկ, թատրոնի ու նրա երկրպագուն լինելով, չէին մտածում, թե իրենց սիրելի դերասանուհու համար մահ կա, որ նա այս աշխարհից կարող է գնալ իրենցից շուտ։ Կարծում էին, ո՛չ հավատացած էին,թե եղել է ու պիտի լինի, զարդարել է իրենց կյանքը, զարդարելու է իրենց որդիների ու թոռների կյանքը նույնպես։ Տարօրինակ է, բայց այդպես է,  մարդիկ, իսկապես, չէին կարծում, թե նա տարիք է առնելու։ Բոլորին այնպես էր թվում է, թե նա գարուն է, եկել է մարտին, բայց չի գնալու մայիսի հետ և միշտ խաղալու է Ռաուտենդըլայն…»։