fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Շարլոտ Բրոնտե՝ «Ջեյն Էյր». Հատված

Տիրեց լռություն: Նա հանեց գլանակն ու սկսեց ծխել՝ ներս քաշելով ու բերանից դուրս հանելով սիգարի անուշահոտ ծխի շիթը սառն ու անարև օդի մեջ, շարունակեց.

– Այդ օրերին ես սիրում էի նաև քաղցրավենիք, օրիո՛րդ Էյր, չփչփացնելով ուտում էի (ներեցե՛ք բարբարոսությանս), չփչփացնելով ուտում էի շոկոլադի կոնֆետներ ու միաժամանակ ծխելով դիտում էի կառքերը, որոնք անցնում էին շքեղ փողոցներով, օպերայի ուղղությամբ, երբ նկատեցի մի գեղեցիկ կառք, որին լծված էին անգլիական երկու հիանալի ձի: Կառքը պարզորոշ կերպով երևում էր գիշերային քաղաքի պայծառ լույսերի ֆոնին, և ես ճանաչեցի այն կառքը, որը նվիրել էի Սելինին: Նա վերադառնում էր. իհարկե, անհամբերությունից սիրտս սկսել էր խփել երկաթե ձողերին, որոնց վրա հենվել էի: Կառքը կանգ առավ, ինչպես և ենթադրում էի, հյուրանոցի առաջ: Իմ սերը (դա ամենահարմար բառն է օպերային սիրուհու համար) ցած իջավ: Նա փաթաթված էր թիկնոցի մեջ՝ անտեղի մի բեռ հունիսյան այդ տաք երեկոյին: Փոքր ոտքից, որը երևաց զգեստի տակից, երբ կառքի աստիճանից ցատկեց, ես իսկույն ճանաչեցի նրան: Կռացած պատշգամբի բազրիքի վրա՝ պատրաստվում էի շշնջալ՝ mon ange (իմ հրեշտակ), անշուշտ, մեղմորեն, որ միմիայն իմ սիրածը լսեր, երբ նրա հետևից կառքից դուրս ցատկեց մի ինչ-որ մարդ՝ նույնպես փաթաթված թիկնոցի մեջ: Բայց այս անգամ սալարկի վրա հնչեց խթանների ձայնը, և մուտքի կամարների տակից ներս անցավ տղամարդու գլխարկ:

– Դուք երբեք չեք զգացել, թե ինչ բան է խանդը, այնպես չէ՞, օրիո՛րդ Էյր: Իհարկե ո՛չ: Կարիք էլ չկա հարցնելու, որովհետև Դուք երբեք չեք զգացել, թե ինչ բան է սերը: Դուք այդ երկու զգացմունքները դեռ պետք է փորձեք: Ձեր հոգին քնած է: Հարկավոր է մի ցնցում, որ արթնանա: Դուք կարծում եք, որ Ձեր ամբողջ կյանքը հանգիստ առաջ կընթանա ճիշտ այն հոսանքի պես, որով մինչև այժմ սահել, անցել է Ձեր պատանեկությունը: Լող տալով Դուք կշարունակեք առաջ գնալ փակ աչքերով ու փակ ականջներով՝ առանց տեսնելու գետի մեջ բարձրացող մռայլ ժայռերը, առանց լսելու նրանց շուրջը եռացող հսկա ալիքները: Բայց ես Ձեզ ասում եմ, և ուշադրությո՛ւն դարձրեք իմ խոսքերին, կգա մի օր, երբ դեմ կառնեք ժայռոտ գետին, որտեղից կյանքի ամբողջ հոսանքը կփոխվի և կդառնա փրփրադեզ, շառաչող ու աղմկալից ջրապտույտ: Եվ կա՛մ Դուք կդիպչեք ժայռերին ու կջախջախվեք, կա՛մ մի որևէ հուսատու ալիք Ձեզ վեր կբարձրացնի, կտանի ու կնետի մի ավելի խաղաղ հորձանքի մեջ, ինչպես ինձ տարավ… Ինձ դուր է գալիս այսօրվա օրը, դուր է գալիս այս պողպատե երկինքը, դուր է գալիս սառնամանիքից կաշկանդված աշխարհի դաժանությունն ու լռությունը: Դուր է գալիս Թորնֆիլդը, նրա հնությունը, մեկուսացած դիրքը, սերմնագռավների բներով լի հնամենի ծառերը և սզնիները, տան գորշ ճակատը և մռայլ լուսամուտների շարանը, որոնց մեջ արտացոլվում է մետաղյա երկինքը: Եվ, այնուամենայնիվ, նրա մասին մտածելն անգամ զզվանք է պատճառել ինձ: Խուսափել եմ այս տնից. կարծես ժանտախտով վարակված լիներ: Ինչպես զզվում եմ և այժմ…

Նա կրճտացրեց ատամները և լռեց, հետո կանգ առավ և ոտքը հարվածեց կոշտ գետնին: Կարծես մի ատելի միտք տիրել ու ամուր բռնել էր նրան, և նա չէր կարողանում առաջ շարժվել:

Մենք ծառուղով բարձրանում էինք վերև, երբ նա կանգ առավ: Տունը մեր դիմաց էր: Բարձրացնելով աչքերը՝ նա այնպիսի հայացք գցեց տան վրա, որպիսին երբեք չէի տեսել ո՛չ առաջ և ո՛չ էլ հետո: Մի պահ թվաց, թե սև հոնքերի տակ՝ այդ մեծ բիբերում, հուսահատ պայքար էին մղում վիշտը, ամոթը, զայրույթը, անհամբերությունը, հիասթափությունն ու զզվանքը: Պայքարը մոլեգին էր, և պետք է վճռական լիներ, բայց ահա առաջացավ մի նոր զգացում ու հաղթեց: Ինչ-որ դաժան ու ցինիկ, համառ ու վճռական բան մեղմացրեց նրա կրքերը և խստացրեց դեմքի արտահայտությունը: Նա շարունակեց.

– Լռության պահին, օրիո՛րդ Էյր, ես վիճում էի բախտիս հետ: Նա կանգնած էր այնտեղ՝ ծառաբնի մոտ, այն վհուկի պես, որ Ֆորեսի տափաստանում երևաց Մակբեթին: «Դու սիրում ես Թորնֆիլդը,- ասաց նա՝ բարձրացնելով մատը, հետո օդում գծեց ինչ-որ նշան, որը խորհրդավոր հիերոգլիֆի պես ձգվում էր ամբողջ տան երկարությամբ՝ լուսամուտների վերևի շարքից սկսած մինչև ներքևի շարքը:- Սիրի՜ր, եթե համարձակվում ես»:

«Եվ կսիրեմ,- ասացի ես,- կհամարձակվեմ սիրել,- և վճռականությամբ ավելացրի,- կկատարեմ իմ խոստումը՝ կոչնչացնեմ դեպի երջանկությունը, դեպի բարին, այո՛, դեպի բարին տանող ճանապարհի բոլոր խոչընդոտները, ուզում եմ դառնալ ավելի լավ մարդ, քան եղել եմ, քան եմ այժմ: Ինչպես Լևիաթանը կոտրեց Եհովայի նիզակը, տեգն ու օղազրահը, այնպես էլ բոլոր արգելքները, որոնք ուրիշներին թվում են երկաթ ու արույր, ինձ համար կդառնան ծղոտ և փտած փայտեր»:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Հեղինակային իրավունքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության

Հատվածը բացառիկ իրավունքով տրվել է VNews-ին՝ կայքում տեղադրելու համար

Հատվածի պատճենահանումն ու տարածումը խստիվ արգելվում է


Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Պիեռ Դանինոս՝ «Մայոր Թոմսոնի հուշատետրը». Ֆրանսիացիներին բնութագրող հումորային հատված

Օնորե դը Բալզակ` «Հայր Գորիո». Հատված

Ալիս Մանրո. Կյանքի սիրույն [հատված «Ամունդսեն» պատվածքից]

Դավիթ Սամվելյան՝ «Արտագաղթած կարոտ». Հատված

Օսկար Ուայլդ՝ «Դորիան Գրեյի դիմանկարը». Հատված

Էրիխ Ֆրոմ` «Սիրելու արվեստը». Հատված

Հայ ժողովրդական հեքիաթներ. Հաստ ու բարակ մի գին են

Անդրեյ Բիտով. Դուռը

#mustread. 5 ժամանակակից հայ արձակագիր, որոնց պետք է կարդալ [կրտսեր սերունդ]

Ջեյն Էյր [հատված]